Չտեսնելու չտանք, թե վերջերս Շոյգույին ինչ շուքով ընդունեցին Բաքվում
20.12.2019 | 01:17
Դեռ երեք տարի կա մինչ Վլադիմիր Պուտինի գահակալության ավարտը: Մինչդեռ Ռուսաստանում առանձնակի վստահություն չկա, որ Պուտինը կհրաժարվի երկրի ղեկավարի պաշտոնից. միշտ էլ անհրաժեշտության դեպքում կգտնվեն նպատակն արդարացնող պատշաճ «հանգամանքներ ու պատճառներ»: Այդուհանդերձ ռուսաստանյան լրատվամիջոցներում ամենագետ լրագրողները, քաղաքագետները, փորձագետներն արդեն այսօր փորձում են տալ իրենց կանխագուշակումները, թե ով կլինի Պուտինի ժառանգորդը: Բնական է, վերջինս առայժմ լռում է: Դեռ շուտ է:
Առհասարակ Պուտինին առնչված առանձնանում է պարադոքսալ մի պարագա: Ասել, թե Ռուսաստանում նրան խորապես հարգում կամ սիրում են, չափազանցություն կլինի: Բայց և, մյուս կողմից, բանը չի հասնում հակակրանքի կամ ատելության, ինչը նկատվեց մեր անկախ տառապյալ հայրենիքում, երբ ղեկավարներից և ոչ մեկն այդպես էլ չարժանացավ սեփական ժողովրդի տարրական հարգանքին: Անշուշտ Պուտինին շատերը համեմատում են Ելցինի հետ, որի ժամանակ ռուսաց երկիրը բոլոր առումներով հայտնվել էր կործանման եզրին: Պուտինը կանգնեցրեց այդ քայքայիչ գործընթացը, երկիրը թևակոխեց զարգացման առաջընթաց ուղի: Սակայն փաստ է, որ աշխարհի բնական ռեսուրսներով ամենահարուստ երկրում այսօր էլ մոտ 20 միլիոն մարդ հազիվ գոյություն է քարշ տալիս: Եվ դա պատիվ չի բերում երկրի երկարամյա առաջնորդին:
Եվ այսպես, ովքե՞ր են ռուսաց գահի կանխագուշակյալ հավակնորդներն այսօր: Ավելի հաճախ հիշատակվում են Մեդվեդևի, Լավրովի, Սոբյանինի, Շոյգուի, Սեչինի անունները: Ինչպես ասվեց, զուտ «տեսական» իմաստով: Այս անգամ կուզենայինք մեր հայրենակիցների ուշադրությանը ներկայացնել նրանցից սոսկ մեկին՝ առավել հավանական թեկնածուին՝ Ռուսաստանի պաշտպանության ներկայիս նախարար Սերգեյ Շոյգուին: Եվ ոչ միայն նրա համար, որ ռուս-հայկական ռազմական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է և խիստ կարևոր է պաշտպանական գերատեսչության ու նրա ղեկավարի անմիջական դերը երկու երկրների փոխհարաբերություններում:
Շոյգուի թեկնածության վերաբերյալ խոսակցությունները հատկապես ուժեղացան, երբ Պուտինը վերջերս Սիբիրում անցկացրած արձակուրդային օրերին այնտեղ հրավիրեց նաև բնիկ սիբիրցի Շոյգուին: Ո՞վ է ոչ ռուսական անսովոր ազգանունով այս քաղաքական այրը: Սկսենք կենսագրությունից: Սերգեյ Շոյգուն ծնվել է Տուվայում 1955 թվականին: Հայրը՝ Կուժուգետ Սերէևիչ Շոյգուն (ի ծնե՝ Կուժուգետ Շոյգու Սերէէ օղլու) ազգությամբ տուվացի է: Հայերիս կարող է խրտնեցնել «օղլու» հավելվածը: Բանն այն է, որ տուվացիները թյուրքածին ցեղ են, լեզուն էլ պատկանում է թյուրքալեզվախմբին: Բայց ահա նրանք հավատքով բուդդիստներ են, լամայականներ, շամանականներ: Ընդհանուր թվաքանակը՝ մոտ 300 հազար մարդ: Մարդաբանական կերպարանքով մոնղոլոիդներ են:
Շոյգուի մայրը ռուս է՝ Ալեքսանդրա Յակովլևնա Անտիպինա: Շոյգուների ընտանիքը ապրել է նաև ՈՒւկրաինայում, որտեղ էլ՝ Լուգանսկի մարզի Ստախանով քաղաքի եկեղեցիներից մեկում 5 տարեկան Սերյոժային կնքել ու դարձրել են քրիստոնյա:
Իր աշխատանքային ակտիվ գործունեությունը Սերգեյ Շոյգուն սկսել է դեռևս Գորբաչովի ժամանակ, Ելցինի օրոք Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարն էր և մեծ աշխատանք է կատարել այդ նախարարության ձևավորման գործում: Նա միակն է Ելցինի շրջապատի բարձրաստիճան թիմակիցներից, որ Պուտինի կառավարման տարիներին էլ մնաց որպես նախարար, այնուհետև մի ժամանակահատված ծառայեց որպես Մոսկվայի մարզի նահանգապետ, իսկ 2012 թվականի նոյեմբերի 6-ին նախագահի հրամանագրով գլխավորեց ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Բոլոր նախկին պաշտոններում էլ Շոյգուն աչքի է ընկել մեծ արդյունավետությամբ: Սակայն նրա ծառայությունները հատկապես հսկայական են ռուսական զինված ուժերի զարգացման ասպարեզում:
Որպես երկրի պաշտպանության ու անվտանգության ապահովման գլխավոր գերատեսչության ղեկավար` Շոյգուն առաջնորդվում է այն հնամյա, սակայն ներկայիս անկայուն-հեղհեղուկ միջազգային իրադրության պայմաններում նոր հնչողություն ստացած գաղափարով՝ քեզ հետ հաշվի կնստեն ու քեզանից կվախենան, եթե դու ուժեղ ես, եթե դու ուժեղ բանակ ունես: Չէ՞ որ հարբեցող Ելցինի ժամանակ ռուսական բանակը բոլոր առումներով իջել է մի մակարդակի, երբ այն համեմատում էին «հիվանդ մարդու» հետ: Եվ Շոյգուն բանակայինի կենցաղային, կարգապահական պայմանները շեշտակիորեն բարելավելու հետ մեկտեղ լրջորեն ձեռնամուխ եղավ բանակի արդիականացման ու տեխնիկական հագեցման գլխավոր առաքելությանը: Բանակի վերազինման ցուցանիշն այսօր հասնում է 70 տոկոսի և շարունակում է աճել: Հատկապես ապշեցնում են նորագույն հրթիռային համակարգերի մարտական բնութագրերը: Վլադիմիր Պուտինն ինքը սիրում է հպարտանալ նորագույն զինատեսակներով, չմոռանալով նշել, որ դրանք ներդրվում են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի անմիջական «աչալուրջ» հսկողության ներքո: Դատեցեք ինքներդ: «Սարմատը», օրինակ, 200-տոննանոց միջմայրցամաքային հրթիռ է, գործնականում գրեթե անսահմանափակ թռիչքային հեռահարությամբ: «Կինժալը» ձայնի արագությունը գերազանցում է 10 անգամ: «Ավանգարդը» անթերի է գործում տիեզերական տարածքում: Նույնքան կարևոր է այն պարագան, որ այդ կարգի հրթիռները անորսալի են, ինչը ՆԱՏՕ-ի հակաօդային ուժերի պաշտպանության համակարգերի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահմաններ դարձնում է աննպատակ: Միաժամանակ ստեղծվում են նաև գերժամանակակից այլ զինատեսակներ, որոնց մասին ռուսներն առայժմ չեն տարածվում: Օրինակ, լազերային հրետանին:
Շոյգուն կանոնավոր ու մասշտաբային դարձրեց զորավարժությունները: Բանակը վերածվել է մոբիլ միավորի՝ ընդունակ կարճ ժամկետում ու անկորուստ ուժերը տեղափոխելու հազարավոր կիլոմետրերով հեռու վայրեր: Իսկ ի՞նչ արժե նշանառության ճշգրտությունը: Սիրիան, ի դեպ, անփոխարինելի ստուգադաշտ էր ռուսական նոր զենքերի փորձարկումների համար: Նույնպես Շոյգուի անմիջական ղեկավարությամբ:
Պաշտպանության նախարարի պաշտոնում Շոյգուի արգասավոր գործունեության մասին երկար կարելի է խոսել: Ավելացնենք, որ նա գրեթե անթերի է նաև իր քաղաքական-անձնական բարոյականությամբ, այն էլ կոռուպցիայի մեջ խրված երկրում: Ի տարբերություն, ասենք, նախորդ նախարար Սերդյուկովի, որի անունը համեմված էր բազմաթիվ կոռուպցիոն ու սիրաբանական սկանդալներով:
Կրկին նշենք, որ հախուռն զարգացումներով հարուստ մեր ժամանակներում երեք տարին մեծ ժամկետ է քաղաքական գործչի ապագան կանխորոշելու համար: Սակայն Շոյգուի շանսերը մեծ են, և սա մասնավոր կարծիք չէ: Մեդվեդևի վարկանիշը ցածր է, Լավրովը մոտենում է 70-ին, Սոբյանինը, Սեչինը խարիզմատիկ լիդերներ չեն: Կարո՞ղ է Շոյգուին խանգարել այն հանգամանքը, որ Կուժուգետովիչը արմատներով ռուս չէ: Կարող է, սակայն ռուս չէր Ստալինը (և ոչ միայն նա), որի օրոք Ռուսաստանը վերածվեց մոլորակի հզորագույն պետություններից մեկի:
Մեզ մնում է միայն հնարավորինս ուշադիր լինել այս անձի նկատմամբ, մասնավորապես Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան այցելելիս: Չտեսնելու չտանք, թե վերջերս Շոյգուին ինչ շուքով ընդունեցին Բաքվում:
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ