Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

«Իմ ամբողջ հոգսն ու ցավը մարդկային հոգու անապատացման դեմ պայքարելն է»

«Իմ ամբողջ հոգսն ու ցավը մարդկային  հոգու անապատացման դեմ պայքարելն է»
24.05.2013 | 11:40

«Իրատես de facto»-ի հյուրն է Հայաստանի գրողների միության նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ:


-Պարոն Անանյան, ապրիլ ամսին Հայաստանում կայացավ պոեզիայի առաջին միջազգային փառատոնը: Մինչ այդ նման փառատոն կազմակերպվել էր Լեռնային Ղարաբաղում: Հետադարձ հայացքով ինչպե՞ս կգնահատեք այս երկու գրական իրադարձությունները` իբրև հայ մարդ և իբրև ՀԳՄ նախագահ:
-Ղարաբաղում կազմակերպված փառատոնը շատ ճիշտ մտածված ու ճիշտ իրականացված քայլ էր, ավելի շատ` քաղաքական: Մենք մեր ոխերիմ հարևանին` Ադրբեջանին, պետք է ցույց տանք, որ թեպետ քաղաքական դաշտում առևտուրը, տարբեր արծարծումները շարունակվում են, բայց գրական դաշտում Ղարաբաղն ընդունվում է իբրև անկախ հայկական հանրապետություն: Եվ իսկապես. այդ կրակոցը տեղ հասավ, դիպավ բոլոր այն թիրախներին, որոնց ուղղված էր: Ինչքա՜ն աղմուկ եղավ այդ առիթով: Ադրբեջանում «persona non grata» հայտարարեցին Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլուն` զավեշտի հասնող հիմնավորմամբ. առանց Բաքվի թույլտվության չէր կարելի ընդունել Ղարաբաղում կազմակերպված փառատոնի հրավերը և մասնակցել դրան: Շատ բուռն արձագանքեց ռուսական մամուլը: Ստեղծվեցին բազմաթիվ կապեր: Փառատոնին մասնակցեցին տասից ավելի երկրներ, ամեն ինչ արվեց բարձր մակարդակով: Դա նաև նախադեպ էր, մի տեսակ փորձաշրջան, փորձաքննություն այն իմաստով, որ մեզ հուշեց, թե ինչպես պիտի կարողանանք նման մի բան` ավելի մեծ ձևաչափով, կազմակերպել Հայաստանում: Այդ մասին արդեն հինգ-վեց տարի մտմտում էի: Մենք պոեզիայի երկիր ենք, հրաշալի պոետներ ունենք, էլ չասեմ, որ հայ գրատպության 500-ամյակ էինք նշում, Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք էր հռչակված: Այս գործոնները հաշվի առնելով` ներկայացրի պոեզիայի միջազգային փառատոնի ծրագիրը` իբրև Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տարվա եզրափակիչ ակորդ, որի հնչյունների ներքո պիտի իրականացվեր բանալիները Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկին հանձնելու արարողակարգը: Արդեն հունվարին հայտնի էր, որ փառատոնը պիտի կայանա: Իհարկե, փառատոնը թանկ հաճույք է մեր աղքատ բյուջեի համար: Թեև այն վաղուց ներառված էր պետբյուջեի միջնաժամկետ ծրագրում, բայց իրականացնելը հնարավոր դարձավ միայն այս տարի` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ջանքերով: Շատ կարճ ժամանակահատվածում կարողացանք անել մի բան, որին նախապատրաստվելու համար առնվազն մեկ տարի էր պետք: Հյուրերն իրենք են հոգացել ճանապարհածախսը, մենք ապահովել ենք միայն սնունդը և գիշերակացը: Աշխարհի 30 երկրից փառատոնին մասնակցեց 50-ից ավելի պատվիրակ: Նրանց թվում էին աշխարհահռչակ արաբ բանաստեղծ Ադոնիսը` Լիբանանից, Կլաուդիո Պոցանին` Իտալիայից, Վերա Պավլովան` ԱՄՆ-ից, Մաղվալա Գոնաշվիլին` Վրաստանից, Ալիռեզա Ղազվեհը` Իրանից, Աթաոլ Բեհրամօղլուն` Թուրքիայից, ինչպես նաև սփյուռքահայ բազմաթիվ պոետներ (Վարանդ, Դայանա Տեր-Հովհաննիսյան, Անուշ Նագգաշյան, Անահիտ Բոստանջյան, Գևորգ Սնխչյան, Սարգիս Կիրակոսյան, Յարվարդ, Տիգրան Գաբոյան, այլք): Նախկինում այսպիսի համաժողովներ կազմակերպելիս, ելնելով ֆինանսական հնարավորություններից, ուշադրության կենտրոնում պահել ենք միայն հյուրերին: Այս տարի կարողացանք փառատոնի ծրագրերում հավասարապես ներգրավել նաև հայաստանցի և արցախցի 50 գրողի: Նրանք մասնակցեցին բոլոր միջոցառումներին` թե՛ Երևանում, թե՛ Գյումրիում, թե՛ Ծաղկաձորում: Մենք պիտի փորձենք ավանդական դարձնել պոեզիայի փառատոնը: Մտադիր ենք 2014-ի աշնանը կազմակերպել փառատոն` նվիրված Ցեղասպանության 100-ամյակին: Արդեն շրջագիծն ավելի մեծ կբացենք, ավելի շատ գրողների կհրավիրենք և նախապես էլ աշխատանք կտանենք, որ եկողները ոչ թե գան ձեռնունայն, այլ ցեղասպանության թեմային անդրադարձող իրենց ստեղծագործություններով: Ավելին ասեմ. ունենք նպատակ մեր մատաղ սերնդին ներգրավելու այս նախաձեռնության մեջ: Սեպտեմբեր ամսից հայկական և գերմանական դպրոցներում աշակերտները կգրեն շարադրություններ ցեղասպանությանն անդրադարձող թեմայով: Շարադրությունները կհավաքվեն, հանձնաժողովը կընտրի լավագույնները, և կհրատարակվի հայ ու գերմանացի երեխաների շարադրությունների երկլեզու ժողովածու: Շնորհանդեսներ կանենք Հայաստանում և Գերմանիայում: Հիմա ես արդեն աշխատանք եմ տանում, որպեսզի նույն ծրագիրն իրագործենք նաև Վրաստանում` Վրաստանի գրողների միության հետ համատեղ: Շատ կցանկանայի նաև, որ Իսրայելի հետ համանման ծրագիր արվեր, այլ երկրներ ևս ընդգրկվեին այս նախաձեռնության մեջ:
-Ի՞նչ սկզբունքով էին ընտրվել փառատոնի հյուրերը:
-Մենք գրական լայն կապեր ենք ստեղծել աշխարհի տարբեր երկրների հետ` Վրաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մերձավոր Արևելքի երկրների: Քանի որ կային կապերը, առաջին իսկ արձագանքները եղան այդ երկրներից: Մենք հրավիրել էինք մեկական ներկայացուցչի, բայց Իրանը խնդրեց հյուրընկալել երեք, Վրաստանը, Գերմանիան` երկուական գրողի: Մեզ համար դժվար էր շատ ընդլայնել հյուրերի շրջանակը, քանի որ կար նաև անթոլոգիա տպագրելու խնդիրը: Պետք էր թարգմանել բոլոր գործերը, պատրաստել տպագրության, իսկ դրա համար որոշակի ժամանակ, միջոցներ էին հարկավոր:
-Հենց թարգմանչաց արվեստին էի ցանկանում անդրադառնալ: Գրական կապեր ստեղծելու կարևոր նախապայմաններից մեկը լավ թարգմանիչներ ունենալն է: Ինչպիսի՞ն է ընդհանուր պատկերն այս առումով: Վստահ եմ, որ օտար լեզվից հայերեն թարգմանողներ կան, իսկ հայ գրականությունն օտար լեզվով թարգմանելու հարցն ինչպե՞ս է լուծվում:
-Սփյուռքի բոլոր հայահոծ համայնքներում ունենք գրողներ, որոնք մշտապես մասնակցում են օտարագիր գրողների համար կազմակերպվող մեր հավաքներին: Ցավոք, այսօր մեր գրական սփյուռքը դառնում է օտարագիր: Վիճակագրությամբ պարզել ենք, որ սփյուռքում, բացառությամբ Իրանի, 30 տարեկանից բարձր հայագիր գրող չունենք: Հայկական մեր դպրոցները, քոլեջները, լավ թե վատ, սովորեցնում են հայոց լեզու, բայց գեղարվեստական մտածողություն չեն հաղորդում: Սա շատ ցավալի փաստ է: Այսինքն, էդ ուծացում ասվածը մենք արդեն ունենք գրական դաշտում: Այդ գրողներն են թարգմանում հայ հեղինակներին օտար լեզուներով: Եվ այս առումով մենք մեծ բարդություններ չունենք: Արձագանքներն էլ թարգմանական որակի մասին դրական են: Փառատոնի շրջանակներում չորս գիրք տպագրեցինք` «Ի սկզբանե էր բանն» անթոլոգիան` բոլոր մասնակիցների գործերով, Ադոնիսի «Դամասկոսցի Միհիարին երգերը» (ի դեպ, Ադոնիսը փառատոնից հետո գրեց, որ Հայաստանը համարում է իր երկրորդ հայրենիքը), վրացի գրող Դավիթ Շեմոքմեդելիի «Ինչո՞ւ են ձմռանը լալիս թռչունները», սերբ գրող Լյուբիցա Միլետիչի «Արարատի հողմերը»: Պատվիրակները հանդիպումներ ունեցան համալսարաններում, դպրոցներում, տարբեր հաստատություններում: Ստեղծվեց Պոեզիայի պուրակը` գրողների միության բակում, բացվեց «Նոր գիրք» գրախանութը, գործում է «Գրական հանդիպումներ» սրճարանը: Այսինքն, ստեղծվել է գրական մի միջավայր, որը վաղուց մեզ համար բաղձանք էր ու հիմա դարձել է իրականություն:
-Պարոն Անանյան, ասում եք, որ սփյուռքահայ գրողներն անհաղորդ են ազգային գեղարվեստական մտածողությանը: Նույն խնդիրն ունեն, անշուշտ, հայաստանցի գրողները` համաշխարհային գեղարվեստական իրողություններին հաղորդակից լինելու առումով: Այս անջրպետը հաղթահարելու լավագույն միջոցը ճամփորդելն է, այնինչ մեր երկիրն իր գրողին, իր մտավորականին չի ընձեռում կամ շատ քիչ է ընձեռում այդ հնարավորությունը: Տեսնո՞ւմ եք այս հարցի լուծման ինչ-որ տարբերակ:
-Սփյուռքի շփումները Հայաստանի հետ մենք պարբերաբար ապահովում ենք: Օտարագիր հայ գրողների հերթական համագումարը` վեցերորդը, կլինի հուլիսի 11-15-ին: Մենք շեշտը միշտ երիտասարդ գրողների վրա ենք դնում: Նման հանդիպումներն անփոխարինելի երևույթներ են, դրանք հետո դառնում են բանաստեղծություն, պատմվածք, գիրք: Ամենազարմանալին այն է, որ գրեթե բոլոր օտարագիր գրողները, անկախ տարիքից, ստեղծագործության թեմա են դարձնում ցեղասպանությունը, հայկական խնդիրները, Հայաստանի հանդեպ կարոտը: Եվ մենք դա պիտի բերենք-դարձնենք մեր գրականությունը: Պիտի թարգմանենք այդ գործերը, հասցնենք հայաստանցի, հայախոս ընթերցողին: Այդպիսի շփումները, գրական կապերը չափազանց կարևոր են, մենք պիտի ամեն գնով պահպանենք, ամրացնենք դրանք: Ինչ վերաբերում է մեր այստեղի գրողներին ճամփորդելու հնարավորություն տալուն, այդ հարցը մշտապես բարձրացվում է: Մշակույթի, սփյուռքի, կրթության մեր նախարարները հազարումի առիթներով մեկնում են տարբեր երկրներ` իրենց ուղեկցող պատվիրակություններով: Քանի՜ անգամ եմ առաջարկել, որ էդ պատվիրակությունների կազմում գոնե մի գրող ընդգրկեն: Դա մեզ շատ կօգնի: Բայց և պիտի նշեմ, որ մենք աշխարհի 15-20 երկրի գրողների միությունների հետ ունենք ստեղծագործական համագործակցության պայմանագրեր, հուշագրեր: Այս պահին կա պայմանավորվածություն, որ մինչև տարեվերջ երկու հոգի պիտի մեկնի Գերմանիա: Հորդանանից ենք նամակ ստացել: Իհարկե, մեկնելու համար էլ մի շարք նախապայմաններ են հարկավոր. ասելիք պիտի ունենաս, լեզու պիտի իմանաս, շփվել պիտի կարողանաս, առողջությունդ պիտի ների: Բոլոր ծախսերը հրավիրողները վերցնում են իրենց վրա: Վրաստան մենք գնում ենք հոծ պատվիրակությամբ: Ռուսաստանում ենք լինում հաճախ: Մի խոսքով, ստեղծագործական կապերը հնարավորինս պահում ենք: Պոեզիայի փառատոնի օրերին ևս երկու պայմանագիր ստորագրեցինք ՈՒկրաինայի և Մոսկվայի գրողների միությունների հետ, որը ենթադրում է գրողների փոխայցելություններ, ստեղծագործական համագործակցություն: Այսինքն, երբ հետևողական ենք լինում, կարծես թե կամաց-կամաց հաղթահարվում են խոչընդոտները:

-Այս ամբողջ կազմակերպչական, հասարակական, նաև քաղաքական ծանրաբեռնված գործունեությանը զուգահեռ` կարողանում եք մնալ պոետ, գրող, ստեղծագործել և Ձեզ անհանգստացնող խնդիրները վերածել գեղարվեստական գրականության, հրապարակախոսության: Մի փոքր խոսենք նաև այդ մասին: «Ձմեռ, 2006» բանաստեղծության մեջ այսպիսի տողեր ունեք.
«Երբ շուրջդ չկա կարեկից
մի դեմք,
եղանակը դառնում է
մասնիկը կյանքիդ»:
Կարծում եք, որ այսօրվա խելահեղ իրականության, կյանքի անորսալի ռիթմերի մեջ տարուբերվող մարդն իսկապե՞ս կարող է եղանակը կյանքի մասնիկ դարձնելու շքեղությունն իրեն թույլ տալ:
-Դա պահի մեջ ստեղծված բանաստեղծական տող է: Բայց մյուս կողմից ես դեմ եմ, որ անընդհատ ասվում է` վա՛տ է, դժո՛խք է, զարհուրելի՛ է… Թերթերը գրում են` վա՛տ է, հեռուստաէկրանից, կայքէջերից գուժում են` վա՛տ է, ժողովուրդը դժգոհում է` վա՛տ է: Էս ժխտողականության մեջ փորձում եմ գտնել էն փոքրիկ ապաստարանը, որտեղ մարդը կարող է ներդաշնակ լինել: Ընթերցողի մեջ պիտի արթնացնես էն հավատը, որ ամեն ինչ կորած չէ: Ես էնքա՜ն բան եմ տեսել, էնքա՜ն աղբ ու աղետ կա մեր կյանքում, որ միշտ ձգտում եմ գոնե փոքրիկ մի նշույլ, աննշան մի շող մատնանշել, որը կարող է ջերմացնել, դառնալ մի լավ բանի սկիզբ, օգնել, որ չհուսահատվես, անձնատուր չլինես: Ես էդ խրամատում եմ:
-«Սևանի այն մասը, որ ծփում է օդում» չափածոյում դառնորեն հեգնում եք Սևանի փրկությամբ իբր թե մտահոգ եվրոպացի կնոջը` ասելով, թե Սևանը հմայիլ է, զմրուխտե ակ, որը
«Այնպե՜ս կսազի ձեր եվրոպական
պարանոցին`
Իբրև չարխափան,
Վաշինգտոնի չար աչքի դեմ,
Որ բազեդովյան աչք է հիշեցնում
օրեցօր…»:
Կարծում եք` Հայաստանն իսկապե՞ս մեծ աշխարհի կողմից դիտվում է իբրև հմայիլ, ինչ-որ միստիկ երևույթ, դիցապատմական իրողություն:
-Եթե Հայաստանն այդպես չդիտվեր, վաղուց ի վեր լուծված կլինեին մեր ազգային խնդիրները: Դրանք և՛ պատմականորեն, և՛ իրավաբանորեն, և՛ մարդկային խղճի տեսանկյունից էնքա՜ն հիմնավորված են: Չպիտի դառնային էսքան մեծ առուծախի առարկա: Իհարկե, մենք ինքներս չպիտի թույլ տանք, որ շարունակվեն կորուստներն ու ավերները: Հակառակ դեպքում նորից պիտի լինի անապատացում: Եվ էդ անապատացումը կլինի ոչ միայն բնության մեջ. իմ ամբողջ հոգսն ու ցավը մարդկային հոգու անապատացման դեմ պայքարելն է: Չգիտեմ` ինչքան է դա ինձ հաջողվում, բայց հավատացնում եմ, որ օրվա 24 ժամը չի հերիքում այդ պայքարի համար: Շա՛տ բարդ է:
-Ի՞նչ կասեք առաջիկա ծրագրերի մասին:
-Ստեղծագործական ծրագրերիս մասին կասեմ, որ Դայանա Տեր-Հովաննիսյանը թարգմանում է իմ «Քաղաք» բանաստեղծական շարքը` համալրված նոր բանաստեղծություններով: Գիրքը լույս կտեսնի զուգադիր անգլերեն-հայերեն` լուսահոգի Վիգեն Թադևոսյանի գծանկարներով: Յոթ լեզվով տպագրել եմ իմ բաց նամակը` «Նամակ թուրք գրողին», որը հիմա թարգմանվել և գիրք է դառնում ուկրաիներեն: Բեյրութում հրապարակախոսական երկերիս «Ժամանակ և ոգի» ժողովածուն է տպագրվում` Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հովանավորությամբ: Յուրի Պոլյակովի վեպն եմ թարգմանել ռուսերենից: Մի խոսքով, փորձում եմ բացված միջանցքներում նաև հոգու համար ինչ-որ բան անել: Իսկ միության ծրագրերի մասով ասեմ, որ մայիսի վերջին կլինի երիտասարդ գրողների հերթական ծաղկաձորյան հավաք-խորհրդակցությունը` Վրաստանի երիտասարդ գրողների հետ համատեղ: Զուգահեռաբար կանցկացնենք նաև երիտասարդ գրականագետների հավաք Տավուշում կամ Ծաղկաձորում: Ինչպես ասացի, հուլիսի 11-15-ին կգումարվի օտարագիր հայ գրողների 6-րդ համաժողովը: ՈՒզում եմ նաև Ազգային ժողովին դիմել` վերականգնելու ՀԳՄ-ի` ստեղծագործական միության կարգավիճակը: Հիմա հասարակական կազմակերպություն ենք համարվում: Իհարկե, «հերոսաբար» չենք գրանցվում` իբրև այդպիսին, բայց ես հասկանում եմ, որ պիտի կանոնադրությամբ ամեն բան հստակեցվի: Երևի հուլիսին կանենք արտահերթ համագումար և կշարժվենք առաջ:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2304

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ