«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Չարենցի վիճահարույց «անտիպները»` ժամանակի բնութագիր

Չարենցի վիճահարույց «անտիպները»` ժամանակի բնութագիր
20.12.2012 | 20:21

«Անտարես» հրատարակչությունը Եղիշե Չարենցի ծննդյան 115-ամյակի առիթով հրատարակել է մեծ բանաստեղծի եռահատոր «Ընտիր երկերը»:

Մոտ երկուսուկես տարի առաջ «Անտարեսը»` չարենցագետ Դավիթ Գասպարյանի հետ, նախաձեռնել էր հրատարակել Չարենցի ընտիր երկերի երեքհատորյակը: Առաջին երկու հատորներն ընդգրկում են Չարենցի ժառանգության հանրահայտ ընտիր կտորները: Մի փոքր խնդրահարույց էր երրորդ հատորը, որը պետք է ընդգրկեր Չարենցի արդարացումից հետո (1954 թ.) հայտնաբերված ձեռագրերի ընտրանին, այսինքն` 1934-1937 թթ. ստեղծագործությունները:
«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ տեղեկացմամբ` դրանցում ընդգրկված էին գործեր 1983-ին Անահիտ Չարենցի տպագրած «Անտիպ և չհավաքված երկեր»-ից, 1996-ին` Դավիթ Գասպարյանի աշխատասիրությամբ լույս տեսած «Նորահայտ էջեր»-ից, 2007-ին` Ալբերտ Իսոյանի և Անահիտ Չարենցի աշխատասիրությամբ լույս տեսած «Վերջին խոսքը» ժողովածուից և մամուլում տպագրված, տարբեր պահոցներում պահվող Չարենցի տարբեր ձեռագրերի վերծանումից:
«Այս հատորի պարագայում առաջացավ նույն վեճը, որ Չարենցի ընտանիքն ուներ Դավիթ Գասպարյանի` այս տարի կազմած և «Նաիրի» հրատարակչության լույս ընծայած «Գիրք մնացորդաց» վերնագրով գրքի առնչությամբ,- ասաց նա:- Ամբողջ խնդիրն այն էր, որ անտիպ ձեռագրերում կան էրոտիկ, պաթոլոգիկ, պոռնոգրաֆիկ, հոմոսեքսուալ շերտեր ու ակնարկներ, ինչը Չարենցի դուստրը հարկ չի համարում գոնե այս շրջանում լույս տեսնող գրքերում ներառել: Վեճը հասավ նրան, որ Անահիտ Չարենցը նամակ գրեց հանրապետության նախագահին, և «Գիրք մնացորդացը» արգելվեց»:
Քանի որ նոր լույս տեսած հատորը ներառում էր ինչ-որ մաս «Գիրք մնացորդաց»-ից, ծագել է նույն խնդիրը` ո՞ր գործերը պետք է թողնել, ո՞րը հանել, ինչն էլ ուշացրել է գրքի տպագրությունը: Բանակցությունների ընթացքում որոշվել է, որ անոտացիայից պետք է հանվի «Գիրք մնացորդաց» վերնագիրը, իսկ գրքի այն բաժինը, որ վերնագրված է «Գիրք մնացորդաց», վերնագրվել է «Անտիպ ժառանգություն»: Ժառանգների խնդրանքով հրատարակությունից դուրս է մնացել նաև Ստալինին նվիրված մեկ բանաստեղծություն:
«Սա անձնական վեճ չէ, նուրբ խնդիր կա. Չարենցի այդ գործերում հայհոյանքներ կան մարդկանց հասցեին, որոնց ժառանգներն այսօր կենդանի են, ինչի համար, բնականաբար Անահիտ Չարենցը մարդկայնորեն էլ կարող է վատ զգալ»,- ասաց Ա. Նիկողոսյանը, ընդգծելով, որ գիրքը տպագրվել է ժառանգների համաձայնությունը ստանալուց հետո միայն, այսինքն, արգելքի խնդիր չկա, և այն արդեն վաճառվում է գրախանութներում:
Խոսակցություններն ու բանավեճերը, իհարկե, կշարունակվեն: Զրուցակիցս վստահ է, որ, բացի անձնական վեճերից, այս կամ այն գործը տպագրելու-չտպագրելու զրույցներից, կլինեն նաև տեքստաբանական խոսակցություններ, որովհետև բարդ պրոցես է ձեռագիր վերծանելը, և շատ հնարավոր է, որ Դավիթ Գասպարյանն իր աշխատանքի ընթացքում որևէ տառ սխալ կարդացած լինի, ինչ-որ մեկը կարդա, վերծանի և հայտարարի, որ նա սխալ է արել:
«Չարենցն այն գրողն է, որի անվան շուրջ շատերն իրենց իրավատեր են համարում, անկախ այն բանից ինչքան են աշխատել նրա բնագրերի վրա կամ չեն աշխատել: Մեր գրական դաշտում, երբ մեկը մի բան է անում, մյուսները, որ ոչինչ չեն անում, սկսում են քար գցել նրա վրա: Բայց պետք է հասկանանք, որ Չարենցը, կոպիտ ասած, ոչ մեկիս բոստանը չէ, և եթե մի բան պետք է անենք, ապա ի շահ նրա ու իր բնագրերի»:
Արքմենիկ Նիկողոսյանի կարծիքով` այդ գործերը, ինչպես շատերն են պնդում, չեն աղավաղում Չարենցի կերպարը, ընդհակառակը, օգնում են խորապես ճանաչելու Չարենցին և այն մեծ ողբերգությունը, որ նա ապրել է 34-37 թվականներին: «Չարենցը 25 տարվա ստեղծագործական կյանք է ապրել և ոչ մի հուշագրության մեջ, ոչ մի արխիվային փաստաթղում չկա ակնարկ այն մասին, որ նա, ասենք, 21 թվականին էլ է գրել այդ տեսակի բանաստեղծություններ,- նշեց գրաքննադատը:- Ես կարծում եմ, որ այդ գործերով Չարենցը նաև իր վերաբերմունքն է արտահայտում իր ժամանակի բարքերի նկատմամբ: Դրանք ավելի շատ ժամանակի, «վերխուշկա» կոչվածներում տիրող հոգևոր, բարոյական մթնոլորտի արտացոլումն են»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 9708

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ