«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Գիրքը` անտեսված

Գիրքը` անտեսված
12.12.2012 | 18:46

Երևանը գրքի մայրաքաղաք էլ հայտարարեցին, ավտոբուսներին, շենքերի պատերին գիրքը գովազդող վահանակներ էլ փակցցին, բայց գիրքը մնաց անտեսված, «Երիտասարդականի» անցումներում փոշու մեջ ընկած: Լավագույն դեպքում` «Բուկինիստի» անկյուններում մի քանի հարյուր դրամով (խոսքը հին հրատարակությունների մասին է) կուչ եկած-ծվարած: Գրքին այսօր փող չեն տալիս և՛ չունևորները, և՛ ունևորները: Չնայած ունենք լավ հրատարակչություններ, որոնք նախաձեռնել, թարգմանաբար տպագրում-հրատարակում են ինչպես գեղարվեստական, այնպես էլ արվեստին, փիլիսոփայությանը, լեզվաբանությանը վերաբերող արժեքավոր գրքեր: Ձեռքի հետ էլ վերահրատարակում են հայ գրականության մոռացված, տասնամյակներ առաջ միայն լույս տեսած գրքերը: Բայց միևնույն է, այդ ամենը կաթիլ է ծովում, որովհետև մենք շատ ու շատ այլ արժեքավոր գործերի, եթե չգիտենք եվրոպական լեզուներ, ծանոթանում ենք ռուսերենի միջոցով: Դե, ռուսներն, ի պատիվ իրենց, ոչ թե բաժակաճառերով են միայն մշակութասեր, այլ իրականում: Նախանձախնդիր են, և այդ նախանձախնդրությունն էլ արտահայտել են համաշխարհային գրականության գլուխգործոցները թարգմանելով, իրենց մշակույթի բաղկացուցիչ մասը դարձնելով: Իսկ մեր թարգմանիչներին մնում է միայն կա՛մ պետական աջակցությանն ապավինել, կա՛մ այս ու այն մեծահարուստից գումար հայթայթել` համաշխարհային դասականներին թարգմանելու և հայ հանրությանը լուսավորելու համար: Իսկ մեկ-երկու գրախանութով, որտեղ հիմնականում սպսռվում են դասագրքերը, բառարանները, որտեղ «առյուծի բաժին» է կազմում ռուսալեզու և անգլիալեզու գրականությունը, ո՛չ գրականություն կարող ես զարգացնել, ո՛չ թարգմանչական արվեստ: Աշխարհը շարունակում է առաջ ընթանալ, իսկ մենք պարփակվել ենք մեր կեղևում: Ի՞նչ են այսօր գրում չեխ, լեհ, սերբ, վրացի, շվեդ և այլ ազգերի գրողները տեղյակ չենք (ռուս, անգլիացի, ֆրանսիացի, գերմանացի` չեմ նշում, որովհետև սովետական տարիներից ունենք այդ լեզուներով լավ թարգմանիչներ)։ Կամ էլ տեղյակ ենք միայն ռուսերենի միջոցով: Իսկ մեր գիտելիքասեր, գիտելիքահեն կառավարությունը մտածո՞ւմ է նաև այդ լեզուներով մասնագետներ հրավիրելու, Հայաստանում տարբեր լեզուներով թարգմանիչներ պատրաստելու մասին: Թե՞ շատ «մանր» հարց է:


Թագուհի Հակոբյան

Դիտվել է՝ 3413

Մեկնաբանություններ