Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«Աշխարհում չկա երեխա, որ թատրոն չսիրի և չուզենա խաղալ»

«Աշխարհում չկա երեխա,  որ թատրոն չսիրի և չուզենա խաղալ»
26.10.2012 | 11:43

«Նռան հատիկ» ամենամյա թատերական փառատոնն այս տարի անցկացվում է 12-րդ անգամ, նվիրվում է հայ գրատպության 500-ամյակին: Կազմակերպիչը «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա ՀԿ-ն է: «Իրատես de facto»-ի հյուրը ասոցիացիայի նախագահ, Անանիա Շիրակացու անվան ճեմարանի թատերախմբի ղեկավար ԳԱՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆՆ է:

-«Նռան հատիկ» փառատոնը գործում է 2001-ից: Ի՞նչ փոփոխություններ են եղել այս տարիների ընթացքում:
-Առաջին տարում միայն երևանյան թատերախմբերն էին մասնակցում փառատոնին: Տարեցտարի ընդլայնվեց աշխարհագրությունը: Ընդգրկվեցին թատերախմբեր սփյուռքից, ԼՂՀ-ից, Ջավախքից, Վրաստանից:
-Մասնակցության առումով ավելի ակտիվ են մայրաքաղաքի՞ թատերախմբերը:
-Բնական է, որ Երևանի թատերախմբերն ավելի շատ ներկայացումներ են տալիս, բայց մարզերը նույնպես ակտիվորեն մասնակցում են:
-«Նռան հատիկը» քանի՞ թատերախմբի է բեմահարթակ տրամադրել:
-12 տարվա ընթացքում` ավելի քան 200 թատերախմբերի:
-Ո՞վ է հանդիսատեսը՝ փոքրահասակնե՞րը, թե՞ մանկական ներկայացումները հետաքրքրում են նաև մեծահասակներին:
-Մենք դասակարգում ենք ներկայացումները փոքր, միջին և ավագ տարիքի երեխաների համար: Իսկ ծնողների հետ երբեմն վեճեր ենք ունենում. տեղերը սահմանափակ են, և երբեմն ստիպված ենք լինում խնդրել, որ ազատեն դահլիճը: Մեր ներկայացումները երեխաների համար են:
-Որո՞նք են ամենից շատ բեմադրվող պիեսները:
-Դժվարանում եմ ասել, որովհետև այս տարիներին չի եղել մի պիես, որ շատ ներկայացվի: Բայց կարելի է ասել, որ ամենաշատը բեմադրվում են Թումանյանի հեքիաթները:
-Նոր գործեր բեմադրվո՞ւմ են: Մեր գրողներն այսօր գրո՞ւմ են փոքրերի համար, և եթե այո, որքա՞ն են հաջողված:
-Վան Արյան ենք բեմադրել, իսկ առհասարակ, ժամանակակից պիեսներ գրեթե չկան: Ավելի շուտ` մենք հին մանկական պիեսները ներկայացնում ենք ժամանակակից լուծումներով: Հավելեմ, որ գրողների միության հետ նպատակ ունենք հայտարարելու մրցույթ` լավագույն մանկական պիեսի համար:
-Այս տարի ի՞նչ է դիտելու «Նռան հատիկի» հանդիսատեսը:
-«Մկների ժողովը», «Պատվի համար»-ը, «Տերն ու ծառան», «Բուրատինոյի արկածները», «Եղեգնուհին», «Ձյունե թագուհին», «Սոֆիկի սխալը»: Փառատոնին մասնակցող 36 թատերախմբերը կներկայացնեն 43 պիես:
-Այս տարի ինչո՞վ է առանձնանում փառատոնը:
-Մենք ի սկզբանե մրցույթ չենք անցկացնում, որ երեխաներն անկաշկանդ լինեն, չմտածեն` ո՞վ առաջին տեղը կգրավի, ով` երկրորդ, և այլն: Այս տարի առաջին անգամ սահմանել ենք չորս անվանակարգ` լավագույն և երկրորդ պլանի աղջիկ դերակատարների համար, լավագույն և երկրորդ պլանի տղայի դերակատարների համար:
-Որքա՞ն գումար է անհրաժեշտ փառատոնը կյանքի կոչելու համար:
-Փառատոնը ֆինանսավորվում է 2004-ից: Մշակույթի նախարարությունը 2 մլն դրամ է հատկացնում, որն այսօր չնչին գումար է: Ցանկալի է, որ երեխաները գոնե աշնանային արձակուրդի օրերին կարողանան միմյանց հետ շփվել, իսկ դրա համար պետք է նրանց ապահովել կացարանով, սննդով: Գումարը բավականացնում է ընդամենը 30 հոգու ծախսի համար, գումարած մյուս ծախսերը` ազդագրերի պատրաստում, գործուղում, որի ընթացքում մենք գնում ենք շրջաններ և ընտրում ներկայացումները:
-Ի՞նչ է տալիս թատրոնը փոքրիկներին: Հավանաբար, նրանցից քչերն են ընտրում բեմական ուղին:
-Շիրակացու անվան ճեմարանի երեխաների օրինակով կարող եմ ասել (թեև ֆիզմաթ թեքումով է), որ բոլորը սիրում են թատրոնը, բոլորն ուզում են խաղալ: 2008-ին դարձել ենք ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի անդամ, Մերձավոր Արևելքի երկրների միջազգային բակալավրիատի ասոցիացիայի անդամ, իսկ միջազգային դպրոցներում արվեստին ավելի շատ ժամեր են տրվում: Այս տարի ավելացել է «Դրամատուրգիա» առարկան, ունենք նաև «Հռետորական արվեստ», ես ուզում եմ, որ ոչ միայն անհատ զեկուցողներ լինեն, այլև խմբակային, այսինքն` խաղան երեխաները, երկխոսության մեջ մտնեն:
Թատրոնն ինքնարտահայտվելու հնարավորություն է տալիս, սովորեցնում է համարձակ լինել բեմում, գեղեցիկ քայլել, գեղեցիկ խոսել: Համոզված եմ, որ աշխարհում չկա երեխա, որ թատրոն չսիրի և չուզենա խաղալ:
-Ձեր ասոցիացիան նպատակ ունի հասնելու նրան, որ «Թատրոն» առարկան ընդգրկվի դպրոցական ծրագրերում: Կա՞ն դպրոցներ, որտեղ արդեն իսկ կիրառվում է այն:
-Մեկ-երկու դպրոցների ծրագրերում ընդգրկվել է «Թատրոնի պատմությունը»: Ա. Շիրակացու անվան ճեմարանում հիմնադրման օրից դասավանդվել է «Բեմարվեստ», հիմա ունենք նաև «Թատրոնի պատմություն», իսկ «Դրամատուրգիան» միայն մեզ մոտ է դասավանդվում:
Նպատակ ունեինք նաև բացելու միջնակարգ մասնագիտական քոլեջ կամ թատրոն-ստուդիա, ինչը, սակայն, մեծ ծախսերի հետ է կապված:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3114

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ