«Երբ ինձ հարցնում են` ինչպե՞ս ներկայացնեմ քեզ` ռեժիսոր, գրող, դերասան, ես հիշում եմ 77-ամյա Ռոդենին, որ մտնում էր իր արվեստանոց, նայում հարյուրավոր աշխատանքներն ու ասում. «Երբ մարդ վերջապես սկսում է հասկանալ իրերի իմաստը, նրա ուժերը սպառվում են, և նա գնում է դեպի անէություն»,- այս նախաբանով սկսվեց մեր զրույցը ԳԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ (ԳԱՐՍՈՒ) հետ, ի լրումն որի նա հավելեց. «Գրում եմ, որոշ ժամանակ թատրոնում եմ եղել` որպես բեմադրող և դերասան, ուժերս փորձում եմ նաև կինոյում»:
-ԵՊԲՀ-ում բեմադրեցիք «Լաո…» տրագիկոմեդիա կինոներկայացումը, որ «Սասնա ծռեր» էպոսի յուրօրինակ մեկնաբանության փորձ էր: Դերերում բժշկականի ուսանողներն էին: Համարձակ քայլ չէ՞ էպոսը տրագիկոմեդիայի վերածելը:
-Դա ոչ թե համարձակ, այլ անկեղծ քայլ է: Ամեն դեպքում, խնդիր չենք ունեցել այնպիսի մի բան անելու, որ տարբերվենք:
-Բեմադրությունն ի՞նչ ճանապարհ է անցնելու: Կցուցադրվի՞ ավելի լայն լսարանի համար:
-Դեռևս չգիտեմ:
-«Լաո…»-ն համադրված էր վավերագրական-խաղարկային ֆիլմով, որտեղ հարցուպատասխանի ձևով հնչում էին մասնակիցների կարծիքները էպոսի վերաբերյալ: Համամի՞տ էիք հնչող պատասխաններին:
-Շատ տարբեր պատասխաններ են տրվել, և կային պատասխաններ, որ ինձ շատ են դուր եկել: ՈՒրախալի է, որ նոր սերունդն ունի իր համոզմունքը նման հարցերի շուրջ, թեկուզ և սխալ, բայց այս սխալը ասվում է շատ անկեղծ:
-Հետաքրքիր է` ինքներդ ինչպե՞ս կպատասխանեիք այդ հարցերին:
-Մենք մտածում էինք նման մի բան անել, որ ներկայացման վերջում ինձ ուղղվեին հարցերը:
-Փորձենք հիմա. «Ձեր կարծիքով` կապ կա՞ «Մատյան ողբերգության» պոեմի և էպոսի միջև»:
-Իհարկե` կա: Հետաքրքիր է գտնել արտաքինից իրար հետ կապ չունեցող երևույթների կապը: «Մատյանի» ստեղծման պատմությունը գիտենք, ստեղծողին էլ: Գաղափարական իմաստով էպոսն ավելի հին է և շատ ավելի վիճելի, որովհետև անհատ ստեղծագործողի հետ չենք առնչվում:
-«Մհերի` Ագռավաքարում փակվելը կարո՞ղ էր պատճառ լինել ցեղասպանության»: Այս հարցին ուսանողներից մեկը հետաքրքիր պատասխան տվեց: «Ագռավաքարում Մհերի փակվելը կարող էր պատճառ հանդիսանալ ցեղասպանության, և ցեղասպանությունը կարող էր պատճառ հանդիսանալ Մհերի փակվելուն»:
-Ինձ ևս դուր եկավ այդ պատասխանը, որովհետև, վերացական լինելով հանդերձ, նաև շատ հստակություն ունի իր մեջ: Մհերը մի դեպքում ընդհանրական կերպար է, մի ուրիշ դեպքում կարող է լինել Կոմիտաս, Քրիստոս, Նժդեհ: Ներկայացման մեջ ուղղակի ու անուղղակի ասվել է սրանց մասին: Մեր զրույցի ժամանակ ավելին չեմ ասելու:
-Կարծիքները երբեմն կրկնվում էին, երբեմն` հակադրվում, երբեմն էլ` փակուղի տանում, այնուամենայնիվ, «Ո՞վ էր Դավիթը», «Դավթի սխալը ո՞րն էր»:
-Դավթին ճանաչելու համար, նախ, ինքս ինձ պետք է ճանաչեմ: Եթե այլաբանությունները մի կողմ դնենք ու խոսենք կոնկրետ քայլերի մասին, Դավիթը քաղաքական լուրջ գործիչ էր: Խանդութի հետ ամուսնանում է և չի մոռանում, որ 40 ուզող ուներ, ի՞նչ է լինելու հետո: Նրանց համար քավոր է դառնում, հարսնեղբայր, բարեկամանում է պոտենցիալ թշնամիների հետ: Ընդ որում, պատվով է անում, ոչ թե փոխզիջումային տարբերակով: Էպոսը տարբեր խմբագրումներով է հանձնվել ընթերցողին` հիմնված տվյալ ժամանակաշրջանի քաղաքական և ռազմավարական պահանջների վրա: Խնդիրը մոտեցման մեջ է, ինչպե՞ս ենք դիտարկում Դավթին` իբրև հերոսի, ժողովրդական մարդո՞ւ, աստվածային կերպարի, ղեկավարի՞: Դավիթը սրանց բոլորի հավաքական կերպարն է:
-Ներկայացման մեջ նաև գենոֆոնդի մասին է խոսվում:
-Այո, եթե գենոֆոնդի նկատմամբ անտարբեր ես, դա քո դեմ է ուղղվելու: Գենի խնդիրը շատ կարևոր է, եթե ուզում ես տեսակդ պահել գլոբալիզացիային միտվող աշխարհում: Դա հայտնագործություն չէ: Բնության օրենք է:
-Ինչպե՞ս տարբերել գլոբալիզացիան և մշակութային երկխոսությունը: Հիմա մի տեսակ շփոթ կա սրանում:
-Մշակութային երկխոսությունը թատերական դիմակ է: Որ աշխարհը գաղտնի կառավարվում է, բոլորը գիտեն, իսկ հինգ հոգուն ավելի հեշտ կառավարելու համար պետք է այդ հինգ հոգին մտածի նույն ձևով: Եթե նրանցից մեկը փորձում է ավելին իմանալ, նրան դժվար է ղեկավարել: Ես չեմ ուզում միահավասարվել և, կարծում եմ, շատ մարդիկ չեն ուզում: Սա աշխարհի զարգացման բնականոն ընթացքն է, անցումային պահեր են: Մարդիկ էլ կյանքի ինչ-ինչ փուլերում շատ խնդիրներ, դեպրեսիա են ունենում, վատ երազներ են տեսնում:
-Գարիկ, Ձեզ շատերը ճանաչում են «Կյանքի կարուսելից»: Սա սիրված աշխատանքի մա՞ս է, թե՞ ապրելու միջոց:
-Աշխատանքի մի մաս չէ, ուրիշ աշխատանք է: Իմ սիրած աշխատանքը ոչ մի կապ չունի հեռուստատեսության հետ, այս պահին իմ սիրած աշխատանքի մասին գիտեն մի քանի հոգի և իմ համակարգիչը:
-Պատահե՞լ է, որ հրաժարվեք այս կամ այն դերից, ասենք, վատ սցենարի պատճառով:
-Դեռ չի եղել նման բան, ինչը չի նշանակում, թե բոլոր սցենարները լավն են: Մեր աշխատանքային խումբը շատ եմ սիրում, առողջ մթնոլորտ է տիրում: Բոլորն էլ հասկանում են, որ կարելի է շատ ավելի լավը անել` դերասանները, սցենարիստը, ռեժիսորը, նախագծի ղեկավարները, բայց հեռուստատեսային աշխատանքի այսօրվա ռիթմը դա թույլ չի տալիս: Հեռուստատեսությունը, ի տարբերություն կինոյի, նախ և առաջ շուկա է, այստեղ օրենքներն ու կանոններն ուրիշ են:
-Հեռուստատեսությունը նաև քարոզչության միջոց է:
-Այո, և հեռուստատեսությամբ կարելի է հասարակությանը դեգրադացնել, կարելի է դարձնել մտածող հասարակություն: Հարցն այն է` ի՞նչ է պետք այս երկրին:
-Դուք խոսում եք մի բնագավառի մասին, որտեղ աշխատում եք:
-Այո, խոսում եմ մի բնագավառի մասին, որտեղ աշխատում եմ: Այն իմ կամ մյուսների աշխատել-չաշխատելուց կախում չունի. մի պահ չէի աշխատում, չկա՞ր այդ նախագիծը: Կա՛ր: Ես, ինչպես շատերը, կատարում եմ դերասանի իմ աշխատանքը` հնարավորինս բարեխղճորեն: Սա է իրականությունը: Եկեք կոչ անենք բոլոր դերասաններին` միաժամանակ հրաժարվել սերիալում նկարահանվելուց, պատկերացնո՞ւմ եք` ինչ կկատարվի. կա՛մ վիճակը մի քանի անգամ ավելի կվատանա, կա՛մ կվերադառնանք լատինաամերիկյան սերիալների տխուր ժամանակներին: Խնդիրը դերասանների մեջ մի փնտրեք, եթե խոսքը չի վերաբերում դերասանի աշխատանքին: Խնդիրն ուրիշ տեղ է, որովհետև մենք ունենք թե՛ մտքի, թե՛ կատարման մեծ պոտենցիալ: Անձամբ գիտեմ հեռուստատեսությունում աշխատող դերասանների, ովքեր լրիվ անվճար խաղում են երիտասարդ, սկսնակ ռեժիսորների հեղինակային, գեղարվեստական ֆիլմերում: Գիտե՞ք ինչու, որովհետև նրանք ուզում են ստեղծագործել, ուզում են հաճույք ստանալ իրենց հրաշալի աշխատանքից, ուզում են, որ Հայաստանում զարգանա հեղինակային-խաղարկային կինոն, նրանք օգնում են մի ուրիշ ստեղծագործողի: Ապրեն իրենք, անկեղծ, ընկերական եմ ասում: Շատ եմ ուզում, որ կինոն, հեղինակային կինոն զարգանա, ուզում եմ, որ ֆիլմ նկարելուց առաջ հեղինակը չմտածի շուկայի մասին, որ հեղինակը համոզված լինի` իր ֆիլմը ոչ թե մի քանի հարյուր հազար, այլ գոնե մի քանի հարյուր միլիոն մարդ կնայի: Կիմ Կի Դուկը նկարում է կորեացիներին, պատմում է իր պատմությունը, իր ազգային ավանդույթներն է ներկայացնում, բայց ես նույնչափ ազդվում, հուզվում ու ձգտում եմ ինքնամաքրման, որքան ինդոնեզացին, որովհետև Կիմ Կի Դուկը նկարում-պատմում է մարդու հոգու հեքիաթը` իր ողբերգություններով ու երջանկությամբ: Ուզում եմ, որ հայկական կինոն դառնա ներկայանալի, հայ ռեժիսորը հայտնի լինի Կիմ Կի Դուկի կողքի հարևանին այնքան, ինչքան Կիմ Կի Դուկը` մեզ: ՈՒ եթե ինչ-որ մեկն ասի կամ մտածի, որ չկա նման հայ ռեժիսոր, կամ չի կարող լինել, թող դիմի ինձ, ես մի քանիսի հետ կծանոթացնեմ ու կասեմ. «Տուր նրան հենման կետ (տեսախցիկ` նրա շուրջ գտնվող այլ օրգանիզմներով), և նա կշտկի աշխարհը»: Հասկանալի է, որ Կիմ Կի Դուկն էս պահին ծնված օրինակ էր, անուններն ու ստեղծագործությունները շատ են, փառք համացանցի բարոյական ու դրական նկարագրին: Բացի խաղերից, պոռնոկայքերից ու սոցկայքերից, ուրիշ հասցեներ էլ կան էնտեղ:
-Ներկայացման մեջ նույնպես խոսվում է համակարգչային դեգրադացնող խաղերի, պոռնոգրաֆիկ կայքերի մասին: Ասվում է` Աստծուն մոռացել եք, հերոս եք ուզում ծնել:
-Ես հայտնագործություն չեմ անում, կոնկրետ քաղաքականությամբ ավերում են հասարակության միտքը:
-Ե՞րբ է գալու հերոսական ժամանակը: ՈՒրեմն, Մհերը ճիշտ է անում, որ դուրս չի գալիս Ագռավաքարից:
-Իհարկե, ճիշտ է անում, գա ի՞նչ անի, ծիծաղե՞ն իր վրա, նեղանա, էլի փակվի՞: Մհերին կանչելը մեր թուլության նշանն է: ՈՒրեմն, մենք գիտակցում ենք` ինչքան կեղտոտ ենք: Աղբից ենք բողոքում, բայց մոռանում ենք ինքնամաքրման մասին: Սովորական հարբուխը ամենաբնական ազդանշանն է, որ օրգանիզմում թափոններ են հավաքվել, որի պատճառով, իմունիտետն ընկել է: Մարդկանց շատ փոքր մաս կա, որ հարբուխից «բուժվում է» օրգանիզմը բեռնաթափելով, մաքրելով: Հիմնական մասը վազում է դեղատուն` եռօրյա «բուժման» հետևից: Բայց կեղտը մնաց, չէ՞, մարմինդ, մտքում հայհոյելով, որ իրեն չհասկացար, շարունակում է ապրել ավելի կեղտոտ աշխարհում: Նույնն էլ հասարակությունն է, եթե ընդունում ենք այն որպես օրգանիզմ` իր բոլոր հաջող ու անհաջող փոխպատվաստումներով: Մեր հասարակությունն իր հոգին հարբուխից ազատեց 88-ին, դարձավ արժանապատիվ ազգ: Հաջորդ բեռնաթափումը չգիտեմ երբ կլինի, բայց չեմ ուզի, որ դրա դրդապատճառը լինի այն, ինչ 88-ին էր: Մենք ինքներս մեզ և Աստծուն պիտի խոստովանենք մեր մեղքերն ու ազատվենք դրանցից:
-Մեզնից ամեն մեկի մեջ փակված Մհե՞ր կա:
-Իհարկե, կա: Եթե ուժեղ լինենք, Մհերին հանգիստ կթողնենք, որպես սիրուն լեգենդ: Եթե դառնանք օրենքի երկիր, կարճ ժամանակում կունենանք ուրիշ հասարակություն: Կբարձրանա ժողովրդի ինքնագիտակցությունը, ինքնագնահատականը, կհասկանանք, որ, օրինակ, պարսիկները հյուր են այստեղ, և դեռ հարց է` պարսի՞կ են, թե՞ ադրբեջանցի, ու շատ բաներ կհասկանանք: Խնդիրը մեր ներսում է, պիտի մաքրվենք, ու փորձենք… Չէ, փորձերի ժամանակ էլ չկա, պիտի լուծենք խնդիրն ու շարունակենք համաշխարհային պատմության մեր բաժինը: Ազգային էպոսը այն հզոր կառույցն է, որ պիտի օգնի հասկանալու անցյալի սխալները: Սխալը հասկանալուց հետո պիտի արարվի հերոսական մեր ժամանակը` Փոքր Մհերի վերածնման համար:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ