Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կներկայացվի Էլդար Շենգելայայի «Սամանիշվիլու խորթ մայրը» ֆիլմը: Վրաց հանրաճանաչ ռեժիսորին այս տարի «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը շնորհեց «Փարաջանովյան թալեր» մրցանակ` համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար, ինչը այս դեպքում ոչ միայն ռեժիսորական ավանդի մեծարում է, այլև հայ-վրացական հարաբերությունների ու, մասնավորապես, Փարաջանովի կենսագրության մեջ Շենգելայայի ունեցած ներդրման գնահատանք:
«Մենք գրեթե ամեն տարի փառատոնի տարբեր ծրագրերում ցուցադրում ենք վրացական նոր կինոն, բայց հին սերունդը սկսում է մոռանալ, նոր սերունդն ընդհանրապես չգիտի, որ ինչ-որ ժամանակ եղել է իրապես մեծ կինո,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:- Եթե թվարկեմ միայն այդ հիանալի դերասանների, ռեժիսորների, օպերատորների անունները, ապա մեր ասուլիսը կվերջանա: Վրացական կինոն միջազգային երևույթ էր, և Էլդար Շենգելայան ուներ իր ուրույն տեղը: Նրա ֆիլմերը առանձնանում էին իրենց բարությամբ, տխրությամբ և, ամենակարևորը, արդեն այն ժամանակ նա, որպես մեծ արվեստագետ, կարողացավ կանխատեսել այն ամենը, ինչը հետո եղավ մեզ հետ, և ոչ միայն Վրաստանի, այլև բոլոր երկրների»:
Էլդար Շենգելայան «Ոսկե ծիրանի» մասին շատ է լսել, ուրախ է, որ կնոջ հետ Երևանում է, որ ցուցադրվում է իր ֆիլմը, և շնորհակալ է մրցանակի համար: Վրաց ռեժիսորը շատ է հավանել փառատոնի բացման ֆիլմը` «Շոր և Շորշորը»: «Հրաշալի ֆիլմ էր, արցունքներն աչքերիս նայում էի»,- ասաց նա:
Նշենք, որ փառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրի շրջանակներում կցուցադրվեն Էլդար Շենգելայայի լավագույն ֆիլմերը` «Արտասովոր ցուցահանդես», «Կապույտ լեռներ կամ անհավանական պատմություն», «Խելառները»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ