Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կայացավ Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի սաների արդեն ավանդույթ դարձած տարեվերջյան հաշվետու համերգը: Ելույթ ունեցան «Նա Նե», «Անահիտ», «Ծիրանի» պարախմբերը: Կենտրոնի «Հեքիաթ» վոկալ ստուդիայի սաների կատարմամբ հնչեցին Ստեֆանի Քոչարյանի հեղինակային երգերը:
Երեկոյի բացումը ազդարարեց «Նա Նե» պարախումբը «Հայաստան» պարով (գեղարվեստական ղեկավար՝ Արշալույս Մելքումյան):
Մշակույթի կենտրոնի վոկալ ստուդիայի տնօրեն Ստեֆանի Քոչարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բոլորովին վերջերս ձայնագրել են մանկական 12 երգից կազմված սկավառակ, համերգի ընթացքում հնչել են հենց այդ երգերը: Ի դեպ, «Անձրև» և «Շուրջպար» երգերը հնչում էին առաջին անգամ:
Ասում են` երեխաների համար պետք է գրել այնպես, ինչպես մեծերի, բայց ավելի լավ, իսկ առհասարակ, շատ քիչ են մանկական երգերը: Ս. Քոչարյանն ավելի քան 60 երգի հեղինակ է, նրա խոսքով՝ հեշտ են ծնվում իր երգերը: «Հեշտ չէ արդեն մեծ հասակում աշխարհին երեխաների աչքերով նայելը: Գրվում են երգեր մանուկների համար, բայց երաժշտությունը, հոգին մանկական չեն,- ասաց նա:- Պետք է նախ հասկանալ երեխաներին, նրանց աշխարհը: Ինձ շատ է օգնում շփումը նրանց հետ: Մոտ 20 տարի այս ոլորտում եմ աշխատում, շատ եմ սիրում փոքրիկներին: Եթե մանկությունը չես կորցրել, կարող ես ստեղծագործել»:
Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնում գործում են տարբեր խմբակներ՝ նկարչության, դիզայնի, պարի, երգի: Երեխաները մասնակցում են մրցույթների, շրջագայում են: Այստեղ աշխատում են բարձրակարգ մասնագետներ: Կենտրոնի այս ձեռքբերումներում, Ստեֆանի Քոչարյանի խոսքով, մեծ է տնօրենի՝ Ալվինա Հարությունյանի դերը:
«Մեր կենտրոնը 3000 երեխայի դրսից կտրում է: Նրանք զարգանում են բազմակողմանի, ինքնարտահայտվում են: Արվեստը՝ երգը, պարը, կերպարվեստը, օգնում է երեխաներին արտահայտելու իրենց ներքին աշխարհը, ազատվելու սթրեսներից: Հոգեբանության մեջ նույնպես կիրառվում է արվեստաբուժությունը»,- նկատեց Ս. Քոչարյանը:
Երեխաներն ու նրանց մասին երգերն արդյո՞ք ենթարկվում են ժամանակի փոփոխություններին:
«Երեխաները չեն փոխվում, պարզապես այսօր երեխաներն ավելի տաղանդավոր են, լավ սերունդ է մեծանում՝ զարգացած, առանց բարդույթների,- համոզված է երգուսույցը:- Թեման սերն է: Մենք բոլորս սիրո մեջ ենք ծնվում, եթե կարողանում ես երեխա մնալ հոգու խորքում, կյանքում լինում ես երջանիկ: Մարդկության ողբերգությունն այն է, որ կորցնում է իր ներսի երեխային»:
Երբեմն հենց փոքր տարիքից պարզ է, թե ինչ ապագա է սպասում երեխային: Համերգին մասնակից փոքրիկներից ո՞ւմ մեջ է նկատելի այդ պոտենցիալը: «Դժվարանում եմ առանձնացնել,- ասաց Ս. Քոչարյանը,- այսօր երգում էին իմ լավագույն երեխաները՝ Արփի Սիմոնյանը, Դավիթ Բոյաջյանը, Մարինե Սարգսյանը: Արփի Սիմոնյանը հինգ տարի բեմի վրա է, շատ շնորհալի է, գուցե շարունակի երգել: Բայց չեմ ընդունում, երբ փոքր տարիքից երեխային աստղ են դարձնում կամ ասում են՝ պետք է դառնաս երգիչ: Ամեն մարդ իր ուղին ինքն է ընտրում, շատ գործոններ են ազդում, բայց, կարծում եմ, հատկապես Արփին մեծ պոտենցիալ ունի»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ