Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Ռուս-թուրքական ուժային բալանսն ու Հայաստանի գոյաբանական խնդիրները

Ռուս-թուրքական ուժային բալանսն ու Հայաստանի գոյաբանական խնդիրները
01.05.2024 | 12:55

Ցանկացած իշխանության լրջությունը կարող է գնահատվել ստրատեգիապես հնարավորի, տակտիկապես անհրաժեշտի և նրա իրականացրած-կատարածի դրական ու բացասական արդյունքների հարաբերությամբ։

Այստեղ հատկապես կարևոր է ստրատեգիապես հնարավորի տեսնելը և՛ դրական, և՛ բացասական իմաստներով։
Այս իմաստով, անկախության տարիներին արտակարգ կարևոր էր մեզ շրջապատող հզորությունների շահերի ու կորուստների հնարավոր դինամիկան կանխատեսելը և դրանով կառավարվելը։
Բնական է, որ նման կանխատեսումները, սկզբունքային բնույթի ստրատեգիական անորոշությունների միջավայրում ու արմատական բնույթի ինֆորմացիայի սակավության պայմաններում, ինչպես նաև կանխատեսողների գավառամտության պատճառով, շատ դժվար էին։
Բայց, մյուս կողմից էլ, մեր անկախության 30+ տարիների ընթացքում, մանավանդ, Պուտինի իշխանության գալուց, Արևմուտքի հետ մերձենալու նրա անհաջող փորձերից հետո ու ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք տարածվելու հետ միասին, այդ անորոշությունները սկսեցին աստիճանաբար ցրվել, իսկ հակամարտությունը Արևմուտքի ու Արևելքի միջև սկսեց ավելի ու ավելի բյուրեղանալ։
Պուտինի Մյունխենում ունեցած ելույթը, Վրաստանի հետ կապված իրադարձությունները և, վերջապես, 2014-ի Ուկրաինայի դեպքերը այդ անորոշությունները ավելի նվազեցրին, ու պարզ դարձավ, որ աշխարհը գնում է դեպի հակամարտությունների սրացում։
Այս ամենը և այն հանգամանքը, որ Արցախի ակնհայտ հարցը իր լուծումը չէր ստանում, այն էլ՝ Կոսովոյի դեպքի ֆոնին, պետք է մերոնց զգաստացներ, որը տեղի չունեցավ։
Մերոնց պետք է զգաստացներ մեկ այլ, ոչ այնքան ակնհայտ, բայց մեր անվտանգության տեսանկյունից արտակարգ կարևորության հանգամանք, որը, Արևմուտքի հետ ավելի ու ավելի սրվող հակամարտության և Ռուսաստանի հետ կապերի խզվելու ու սանկցիաների պայմաններում, վերջինից կողմից իր արտաքին քաղաքական բալանսների վերանայումն էր Արևելքի ու Հարավի օգտին։
Մեր շահերի ու կորուստների տեսանկյունից կարևոր էին ռուս-թուրքական ուժային բալանսում և նրանց փոխադարձ շահերի ու կորուստների դաշտում ոչ մեր օգտին տեղի ունեցող տեղաշարժերը։
Եվ այս հարցում, բացի մեզնից, որևէ մեկին մեղադրելը, առաջին հերթին՝ Ռուսաստանին, անիմաստ զբաղմունք է։
Եթե շահերի նման տեղաշարժը կար, ապա առաջինը դրա մասին պետք է զգար ու իմանար մեր իշխանությունը և լրջորեն մտածեր դրա արդյունքում տրամաբանորեն սպասվող պոտենցիալ գոյաբանական կորուստների մասին։
Այդ պայմաններում ակնհայտ էր, որ մեր ապագայի հնարավոր սցենարներից ամենահավանականը թշնամու դեմ միայնակ մնալն է, այն դեպքում, երբ մենք նման սցենարի համար համապատասխան ուժ ունենալուց շատ հեռու էինք։
Նման պայմաններում ակնհայտ կասկածի տակ դրվող մեր գոյատևման հարցը իշխանության կողմից ամենայն սրությամբ պետք է դրվեր հենց դրա առաջին նշանների երևալու հետ միասին, որը դարձյալ տեղի չունեցավ, մինչև որ եկավ 2018-ը՝ իր արդեն մինչև վերջ բացահայտված քաղաքականությամբ։
Լուրջ գոյաբանական հարցերը պետք է լուծվեն ժամանակին և պետական մակարդակով։
Մենք այնքան ենք անտեր կյանքով ապրել և վտանգի դեմ միայնակ պայքարել, երբեմն էլ մազապուրծ լինելով, որ այժմ պրակտիկորեն անկարող ենք միավորվել ու պետական մակարդակի խնդիրներ լուծել։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1544

Մեկնաբանություններ