ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Չորրորդ Հռոմի մատույցներում

Չորրորդ Հռոմի մատույցներում
04.07.2014 | 00:20

Հուլիսի 4-ն է արդեն, և ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին հայտնի է միայն, որ Եվրասիական միությանն անդամակցելու Հայաստանի պայմանագիրը ուղարկվել է ներպետական համաձայնեցման: «Ոչ ոք չի ասել, որ հուլիսի 1-ին Հայաստանը կստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու համաձայնագիրը: Բարձրագույն մարմինը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որոշում է կայացրել մինչև հուլիսի 1-ը նախապատրաստվել ստորագրմանը: Երեկ Եվրասիական հանձնաժողովը կողմերին է ուղարկել արդեն նախապատրաստած պայմանագիրը ներպետական համաձայնեցման համար: Այդ տեսակետից տեղի է ունենում այն, ինչ նախատեսված էր»,- ասել է Շավարշ Քոչարյանը: Այսինքն, Հայաստանի անդամակցության պայմանագիրը պետք է արժանանա Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի դատին, որից հետո պարզ կլինի անդամակցության ժամկետը: Հայտարարությունն արել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ինչը դիվանագիտական լեզվով նշանակում է, որ հարցը, Հայաստանի համար նախարարից փոխնախարարի հայտարարության մակարդակ իջնելով, կարևորության կարգավիճակի փոփոխություն է ունեցել: Սա` մեկ: Երկրորդ` ներպետական համաձայնեցումները, առաջնորդվելով խորհրդային լավագույն ավանդույթներով, վաղը և մյուս օրը չեն ավարտվի: ՈՒրեմն մինչև աշուն մնալու ենք անկախ ու մեր հույսին: Ներպետական համաձայնեցումը շատ տարողունակ հասկացություն է, որպեսզի կոնկրետ ժամկետ ու նույնիսկ կոնկրետ բովանդակություն ունենա, եթե հաշվի առնենք, որ Ղազախստանն ու Բելառուսը գործնականում նախապայմաններ են դնում` Ղազախստանը Հայաստանի ՄԱԿ-ում ընդունված սահմանները, Բելառուսը` հարցի տնտեսական շահավետությունը: Այսինքն, կան քաղաքական ու տնտեսական չլուծված հարցեր, որոնք, իհարկե, կարող են միանգամից ու միանշանակ վերանալ, եթե Ռուսաստանը միայնակ հանձն առնի Հայաստանի խնդիրը լուծել, որովհետև չի կարողանում գործընկերներին որևէ հարցում այլևս իր տեսակետը պարտադրել` հակառակ ընդունված կարծիքի, թե ՄՄ-ի ու ԵՏՄ-ի տերն ու տնօրենն է: Հիշո՞ւմ եք, որ Ղազախստանն ու Բելառուսը Ռուսաստանի համար անակնկալ հրապարակային հայտարարություններ արեցին, թե դեմ են ՈՒկրաինայի նկատմամբ ռուսական պատժամիջոցներին: Գործնականում նրանք վստահ են, որ ԵՏՄ-ն պետք է Ռուսաստանին, ուրեմն թող Կրեմլն էլ վճարի, իսկ իրենք առանձին վճար կստանան իրենց լոյալության դիմաց: Հակառակ կողմից, որտեղ Արևմուտքն է ու ԱՄՆ-ը:
Իրավիճակ է փոխվել: Ռուսաստանին Հայաստանն այլևս այնքան պետք չէ, որ հարցի ֆինանսատնտեսական կողմը երկրորդական համարվի: Անցյալ տարվա սեպտեմբերի երեքին Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին Ռուսաստանի համար անհրաժեշտ էր իբրև դիդակտիկ պարագա Կիևին օրինակով ցույց տալու` որքան լավ է նրանց կյանքը, ովքեր Կրեմլի հետ են: Համարյա համոզեց: Մինչև նոյեմբեր, երբ սկսվեց Մայդանը: Որքան ավելի Ռուսաստանը կորցնում էր ՈՒկրաինան, այնքան նվազում էր ՄՄ-ին Հայաստանի անդամակցության կարևորությունը: Ի վերջո, Ռուսաստանի քաղաքական շրջանակներում միշտ էլ Հայաստանի անդամակցության անհրաժեշտության վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ են եղել: Ոմանք անիմաստ են համարում անդամակցությունը, ոմանք` Մոսկվային քաղաքականապես ձեռնտու, ոմանք` տնտեսապես վնասաբեր: Ռուսաստանը չափազանց բազմավեկտոր խաղ է խաղում, որպեսզի որոշակիություն դրսևորի իր ցանկությունների ու այդ ցանկությունների կատարման ժամկետների հարցում: Ժամանակ ձգելը հիմա պետք է Կրեմլին, որպեսզի այլևս միայն Հայաստանը չլինի Հարավային Կովկասում իր հենակետը:

Այո, ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումով Ռուսաստանը կորցրեց Վրաստանը, բայց այդ կորուստն ավելի բարձրացրեց Ադրբեջանի դերն ու նշանակությունը: Ադրբեջանը տարբեր պաշտոնյաների մակարդակով հաստատում է, որ որևէ միության անդամակցելու ցանկություն չունի, բայց և նույնքան բազմավեկտոր խաղ է խաղում Ռուսաստանի հետ, Եվրամիության ու Չինաստանի: Հիշեք Իլհամ Ալիևի այցը Շանհայ, Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզուի այցը Բաքու և ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագրերի կնքումը, վերջապես, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու, նախքան Երևան գալը, որ նույնպես դիվանագիտական լեզվով օրակարգի գերակայությունների բաշխում է վկայում: Այս պահին Ադրբեջանը Կրեմլի համար ավելի կարևոր է, քան Երևանը: Նախ, Երևանը Մոսկվան համարում է արդեն իր անդառնալի ձեռքբերումը և ունի բավարար հիմքեր: Ոչ միայն իշխանությունն է պատրաստ «այո»-ի բոլոր դեպքերում ու բոլոր հարցերում, այլև ոչիշխանությունն է բացարձակապես ռուսամետ, բնակչության համարյա կեսն էլ իր տարածքում է, որն ամեն պահի պատանդի կարգավիճակում կարող է դիտարկվել, իսկ Հայաստանի դեմ դառնալ շանտաժի գործուն միջոց: Վերջապես, կա Լեռնային Ղարաբաղի հարցը և շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հաճախացումը, որ Հայաստանի դեմ բացահայտորեն ևս մի գործիք է Ռուսաստանի ձեռքում: Իսկ որպեսզի Երևանը չփորձի դեպի Արևմուտք նայել, ունենալով քաղաքական ու տնտեսական դրդապատճառներ, անձամբ ՌԴ նախագահն է ասում, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ կդառնա ամենամոտ ապագայում` իբրև քաղաքական հավաստիացում, իսկ իբրև տնտեսական` ստորագրում է Հայաստան բնական գազ, նավթամթերք և չմշակված բնական ալմաստներ արտահանելու ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, որով Ռուսաստանից Հայաստան ներմուծվող նման ապրանքների վրա տուրքեր չեն լինելու: Միաժամանակ, սրտանց ժողովրդավար ու ի ծնե արդարամիտ Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ ԵՏՄ-ն բաց է ԱՊՀ այն երկրների համար, որոնք դեռ չեն միացել այս կառույցին. «Հարևանների հետ բարեկամական սերտ կապերի ամրապնդում, փոխշահավետ տնտեսական համագործակցության զարգացումը` սա է Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական ռազմավարական ուղղությունը` հաշվարկված երկարաժամկետ հեռանկարով»: Հայաստանը, եթե հիշում եք, հարևան չէ: Երկրորդ` Ադրբեջանը Պուտինին պետք է ոչ միայն քաղաքական նկատառումներով (ինչպես Հայաստանը, ներառյալ ռազմաբազան), այլև տնտեսական, որքան տարածաշրջանային ծրագրեր իրականացնելու, նույնքան խափանելու համար: Բացի այդ, Ռուսաստանին մուսուլմանական նոր հենակետ է պետք տարածաշրջանի երկրների հետ իր քաղաքականությունը հաստատուն դարձնելու համար, կա նաև միջազգային կառույցներում ևս մեկ յուրային ձայն ունենալու հարցը, երբ խնդրո առարկան են Սիրիան, Իրաքը, Կասպյան ավազանը: Ռուսաստանը հարկադրված է խորանալ Արևելքում, երբ Արևմուտքը փակում է տնտեսական դռները, առայժմ կիսափակում: ՈՒստի Բաքվի հետ խոսակցությունն ավարտված չէ, և Բաքուն էլ վերջնականապես «ոչ» չի ասել, որովհետև անսպասելի ու իր համար հրաշալի հնարավորություն է ստացել Լեռնային Ղարաբաղի համար նոր առևտրի:
Նկատեցի՞ք` ինչ անշուք անցավ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան: Լավրովը եկավ ասելու, որ ոչինչ չունի ասելու, համենայն դեպս, Հայաստանի քաղաքական օրակարգում գտնվող հարցերի վերաբերյալ: Ավելին, նրա այցին նախորդեց փոխվարչապետ Իգոր Շուվալովի անկեղծացումն առ այն, որ Հայաստանը խնդիրներ ունի ոչ միայն ԵՏՄ-ում, այլև Առևտրի համաշխարհային կազմակերպությունում ու մինչև այդ խնդիրները չլուծի, ԵՏՄ-ն չի կարող նոր անդամ ընդունել: Խնդիրը ԵՏՄ-ի` ԱՀԿ-ից բարձր մաքսատուրքերն են, որ Հայաստանում գործում են ԱՀԿ անդամ դառնալուց` 2003-ից հետո: Փաստորեն, իբրև ԵՏՄ մուտքի վճար Հայաստանը պետք է միայնակ լուծի փոխհատուցումների հարցը, մինչդեռ բանակցությունների ընթացքում խոստացել էին, որ Հայաստանը կունենա մաքսադրույքները չբարձրացնելու արտոնություններ, կամ էլ ֆինանսներ կստանա` բարձրացնելու դեպքում սպառողներին ու տնտեսավարողներին պատճառվելիք վնասները փոխհատուցելու համար: Ի՞նչ է ասել Լավրովը այս ամենի մասին, հայտնի չէ, գուցե ոչինչ, որ ավելի վատ է: Ոչ դիվանագիտական լեզվով սա նշանակում է` դուք մեզ այլևս պետք չեք: Որովհետև ոչ մի երաշխիք, որ եթե նույնիսկ Հայաստանը ԱՀԿ-ի հետ բանակցություններում հարցը լուծի իր ցանկացած ձևով, ինչը քիչ հավանական է, ՌԴ մեկ այլ փոխվարչապետ կամ արդեն վարչապետը ևս մեկ պարզաբանում չի անի առ այն, որ խնդիրներ կան: Իսկ մինչ այդ ու դրանից հետո ՀՀ վարչապետին խնդրո առարկայի շուրջ ընդամենը կմնա ասել` «Լավ է ուշ, քան երբեք»: ՈՒ չկասկածեք նրա անկեղծությանը, նա իրոք ավելին չգիտի: Հունիսի 23-ին Երևան ժամանած Սերգեյ Լավրովը ասուլիսում ասաց. «Մենք քննարկել ենք եվրասիական ինտեգրման գործընթացներին Հայաստանի միանալու հարցերը, Ռուսաստանը դա ակտիվորեն պաշտպանում է»: Վե՛րջ: Հրաշալի լակոնիզմ: Քիչ ավելի պերճախոս էր նա ԼՂ հարցում. «Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շահագրգռված է հակամարտության շուտափույթ կարգավորմամբ: Մենք ելնում ենք նրանից, որ լուծման հիմք կա. նկատի ունեմ այն սկզբունքները, որոնք ամրագրված են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների վերջին 4-5 տարիների հայտարարություններում: Այժմ գլխավորն այդ սկզբունքների փաստացի կյանքի կոչման պարամետրերի և այն քայլերի հաջորդականության համաձայնեցումն է, որոնք պետք է ձեռնարկվեն: Հենց այդ ուղղությամբ է աշխատում համանախագահների եռյակը, և ռուսական կողմը, որպես համանախագահներից մեկը, կձգտի նրան, որպեսզի անցած տարեվերջին Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների միջև վերաթարմացված երկխոսությունը շարունակվի, կնպաստի այն հարցերի լուծումը գտնելուն, որոնք դեռևս կարգավորված չեն»: Վերջ: Բնականաբար, վարագույրի հետևում է մնում ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցության նոր որակը, որը դեռ հայտնի չէ ինչ պայմաններ է առաջադրելու Հայաստանին: Հունիսի 18-ին Սերգեյ Լավրովը Բաքվում ընդարձակ օրակարգ էր քննարկել Ադրբեջանի նախագահի ու արտաքին գործերի նախարարի հետ, շատ ավելի ընդարձակ, քան ուներ Երևանում, բացի երկկողմ հարաբերություններից ու ղարաբաղյան հակամարտությունից, ռազմական ու տնտեսական հարաբերությունների սերտացում և հավելեք` իրավիճակը Մերձավոր Արևելքում` Սիրիայում, Իրաքում ու ՈՒկրաինայում: Հավելեք նաև ռուս-թուրքական ջերմ հարաբերությունները, որոնց մասին պարբերաբար կողմերից մեկն ու մեկը առիթ գտնում է բարձրաձայնելու: Ի հակակշիռ էլ հավելեք ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի Մինսկի խմբի անհրաժեշտությունը վերաիմաստավորելու քայլերը և կստանաք մոտավոր պատկերը իրավիճակի: Որո՞նք են ելքերը: Նախ` Հայաստանի համար իրականում երբեք էլ ԵՏՄ-ն կենսական անհրաժեշտություն չի եղել ու հիմա էլ չէ: Եթե Ռուսաստանը լուծեց իր քաղաքական խնդիրը ու տնտեսականի առաջ կանգ առավ, Հայաստանը ոչ միայն նախադրյալներ, այլև հիմքեր ունի, խաղի պայմանները փոխված տեսնելով, չփոխել քաղաքականությունը արմատապես, բայց ձեռնարկել քայլեր, որոնք կշտկեն խախտված հավասարակշռությունը: Քաղաքական կամք է պետք` հնարավորինս արագ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները ԵՄ-ի հետ որոշակիացնելու հարցում: Ելնելով Ռուսաստանի հետ իր ներկա հարաբերություններից` Արևմուտքը հաճույքով դա կանի: Դա նաև միակ լծակն է, որ Ռուսաստանին կհարկադրի ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական հարաբերությունների տարբերությունները ճիշտ գնահատել: Իր նվազագույն խնդիրը Հայաստանը այս փուլում լուծել է` Ռուսաստանից ներկրվող գազի սակագինը պահելով որոշակի մակարդակում: Արևմուտքի հետ հարաբերությունների որոշակիացմանը հաջորդող քայլը պետք է լինի Իրանի հետ հարաբերություններին իսկապես ռազմավարական նոր որակ հաղորդելը` առանց Ռուսաստանին նայելու: Եթե Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները, իսկ Կրեմլը դա անում է բացահայտ ու հաճախակի, Հայաստանին այլ ելք չի մնում, եթե ոչ սերտացնել հարաբերություններն Իրանի հետ, որը հնարավորություն կտա ոչ միայն տնտեսական անկախության հաստատման, այլև քաղաքական անկախության վերականգնման: Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա գազամուղի կառուցումը տարածաշրջանի ռազմական անվտանգության առավել հաստատուն երաշխիք է, քան որևէ երկրի խաղաղարար: Իրականում ամեն ինչ շատ ավելի լավ է, քան կարող է թվալ աշխարհին միայն մեկ անկյունից ու մեկ աչքով նայողներին: ԵՏՄ-ն իր զիգզագներով Հայաստանին քաղաքական ու տնտեսական հարաբերությունների ռեալ դիվերսիֆիկացիայի հնարավորություն է տվել: Եվ դա առավելագույնն է, որ ԵՏՄ-ն ընդհանրապես կարող է անել Հայաստանի համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը որքա՞ն է մնալու թափուր, ե՞րբ և ո՞վ է նշանակվելու: Այս հարցի պատասխանը շատ փակագծեր ունի բացելու:տույցներում

Դիտվել է՝ 1363

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ