ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ստատուս քվո` դեֆակտո ու դեյուրե

Ստատուս քվո`  դեֆակտո ու դեյուրե
16.05.2014 | 01:00

Ի՞նչ է հիշելու Ֆրանսիայի նախագահը Հարավային Կովկաս այցից: Իչերիշահարի պեղումների ժամանակ գտնված «բազմադարյան մշակույթի» նմուշնե՞րը Բաքվում ու հիմնադրվող ֆրանսիական լիցե՞յը, խելահեղ անձրև՞ը Երևանում, որ խանգարեց զբոսանքը, Կարֆուրի հիմնարկեքն ու Միսաք Մանուշյանի անվան պուրա՞կը, գիշերային Թբիլիսին ու Սաակաշվիլու կառուցած Կուրի երկու ափերը միացնող կամո՞ւրջը, որ վրացիներն անվանել են Նապոլեոնի գլխարկ: Թե՞ Ադրբեջանում ստորագրված համաձայնագրերն ու Շառլ Ազնավուրի համերգը, 90-ամյակի առիթով ընթրիքին նրան մատուցված տո՞րթը` մեկ մոմով (փաստորեն, 89 մոմի խնայողությամբ), իրեն շնորհված Փառքի շքանշա՞նը, Վրաստանի տարածքային ամբողջականության խնդի՞րը:
Ֆրանսուա Օլանդն այս ամենը կարող է մոռանալ: Նա եկել էր քաղաքական ու տնտեսական ծրագրով: Քաղաքականը նրա համար առանձնապես հրատապ չէր, ավելի ճիշտ, երեք երկրներից յուրաքանչյուրում այցն ուներ քաղաքական պարտադիր բաղադրիչ, որ նա ֆրանսիական նրբագեղությամբ մատուցեց իբրև այցի գլխավոր նպատակ, մինչդեռ գլխավորը Ֆրանսուա Օլանդի համար տնտեսական հարցերն էին, որ նա լուծեց առաջին կանգառում: Մնացած երկու կանգառները հիմնականում քաղաքական և հավուր պատշաճի տնտեսական էին: Ֆրանսիայի նախագահին ուղեկցում էր բիզնեսմենների պատկառելի պատվիրակություն, նրանց համար ևս առաջին կանգառը բովանդակային էր, հաջորդ երկուսը` ճանաչողական: Պատճա՞ռը: Հարավային Կովկասի երեք պետությունները զարգացման երեք տարբեր ճանապարհներ են ընտրել: Ադրբեջանը որևէ միության անդամակցության շարժումներ չի անում, Հայաստանը գնում է դեպի Եվրասիա, Վրաստանը` Եվրամիություն: Բնականաբար, տնտեսական առումով առավել հետաքրքրություն Ֆրանսիայի համար օբյեկտիվորեն պետք է ներկայացներ Ադրբեջանը, որ նաև տնտեսապես համագործակցության բազմազան ոլորտներ է տրամադրում: Հայաստանն արդեն այլ համակարգում է, Վրաստանով զբաղվում է Եվրամիությունը: Բաքվում ադրբեջանա-ֆրանսիական բիզնես ֆորումի ժամանակ ստորագրվել է 11 փաստաթուղթ` ադրբեջանա-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի հիմնադիր ժողովի որոշումը, ուղևորատար ավտոբուսների հատկացման պայմանագիրը, բեռնատար լոկոմոտիվների գնման պայմանագիրը, բարեկամության և համագործակցության պայմանագրեր Գյանջայի և Յոնի, Թովուզի և Կոնյակի միջև, ծառայությունների ոլորտում փոխըմբռնման հուշագիր Airbus Defence and Space և ОАО «Азеркосмос» ընկերությունների միջև, պրակտիկ թրենինգների, նոու-հաուների փոխանակման և տեխնիկական օգնության համաձայնագիր ОАО «Азерсу»-ի (Ադրբեջանի ջրային օպերատորի) և Suez Environnement ընկերության, Սումգայիթի քիմիական արդյունաբերության պարկի և Air Liquide ընկերության միջև, Buiq Travo Pyublik և ԸԿ «Բաքվի մետրոպոլիտեն» ընկերությունները փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին մետրոյի «Մայիսի 28» կայարանի և «Խաթայ»-«Ազի Ասլանով-2» երկրորդ գծի շինարարության մասին, փոխըմբռնման հուշագիր ուսումնակրթական ոլորտում, ևս մեկ հուշագիր մետրոպոլիտենի մատակարարման ոլորտում և, իհարկե, երկու նախագահների համատեղ հայտարարություն, որն ուրվագծում է պետությունների քաղաքական կապերի զարգացումը: Այցից հետո միայն ոչ պաշտոնական լուր տարածվեց, որ Ֆրանսիան ատոմակայան կկառուցի Ադրբեջանում:
Համեմատեք այս համաձայնագրերի համապատկերում` ի՞նչ ասաց Ֆրանսուա Օլանդը Երևանում` հայ-ֆրանսիական գործարար համաժողովում: Որ Հայաստանին չեն ստիպում ընտրություն կատարել, որը դեմ է իր շահերի՞ն: Որ Հայաստանը կարող է գնալ Ռուսաստանի հետ Մաքսային միությո՞ւն, և Հայաստանի համար կարելի է գտնել խելամիտ մոդել Եվրամիության հետ ասոցացվելու համա՞ր:

«Հատուկ մոդել Հայաստանի համար: Եվրոպան պետք է Հայաստանի հետ ասոցացվելու համաձայնագիր ընդունի: Հայաստանը կարող է գնալ Ռուսաստանի հետ Մաքսային միություն, ես դրանում խնդիր չեմ տեսնում»,- ասաց եվրոպացի նախագահը, բայց նա չգիտի՞, թե՞ չասաց, որ Հայաստանն այդ «հատուկ մոդելն» ընդունել չի կարող, քանի դեռ ո՛չ Մաքսային, ո՛չ Եվրասիական միության անդամ չէ և չգիտի, թե ինչ իրավունքներ ու պարտականություններ է ունենալու, իսկ անդամակցությունից հետո ընդհանրապես չի կարող, որովհետև գործելու են և որոշումներ են ընդունելու վերպետական մարմինները: Նրանց ինչի՞ն է պետք Ֆրանսիան, այն էլ համաարևմտյան պատժամիջոցների ենթատեքստում: Իբրև Ռուսաստանի հետ շրջանցիկ ճանապա՞րհ: ՈՒ հանուն այդ կասկածելի հեռանկարի Հայաստանն ու Եվրամիությունը նոր մոդե՞լ են մշակելու: Բարեկրթությո՞ւնը մղեց Ֆրանսիայի նախագահին նման հայտարարության, թե՞ քաղաքական հաշվարկը: Իհարկե, Հայաստանը սեպտեմբերից հետո էլ կրկնում է, որ պատրաստ է ԵՄ-ի հետ համագործակցության (Տիգրան Սարգսյանն էլ ասաց ու հրաժարական տվեց մի քանի օրից), բայց այդ համագործակցությունը չի ունենալու ո՛չ տնտեսական, ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական բովանդակություն: Հայաստանն այսուհետ այլ լիգայի խաղացող է: Դեռ սեպտեմբերից առաջ Բրյուսելն առաջարկում էր առանց վիզայի երթուդարձի անցնել, երբ Հայաստանն ինքը կվերահսկի իր սահմանները, իսկ Հայաստանը դա չի կարող անել: Հիմա Բրյուսելը Մոսկվայի՞ հետ համաձայնեցնի այդ հարցը: Բնականաբար ոչ, որովհետև Մոսկվան քանի տարի ջանում ու չի ստանում դրական պատասխան իր համար, համաձայնելո՞ւ է Հայաստանի համար: Ակնհայտ է, չէ՞, որ Ռուսաստանի հետ նույն ուղեգծում Հայաստանն ինքնաբերաբար ստանում է բոլոր խնդիրները, որ ունի Ռուսաստանը Արևմուտքի հետ հարաբերություններում: Իբրև փոխհատուցում ստանալով ի՞նչ: Գազի ցածր սակագի՞ն: ՀԱՊԿ-ի շրջագծում անվտանգության ապահովո՞ւմ: Բելառուսի ու Ղազախստանի նախագահների անհամաձայնությո՞ւն նոր անդամներին որևէ արտոնություն տալու վերաբերյալ:
Իրականում Ֆրանսուա Օլանդը հիանալի գիտի, որ Հայաստանի համար ՄՄ-ին անդամակցելը բացարձակապես տնտեսական խնդիր չէ, քաղաքական եղել է ու մնում է, նա նաև գիտի, որ Հայաստանը ՄՄ-ին անդամակցության բանակցություններում չի ստացել ու չի ստանում մաքսատուրքերի նվազումը նշած ապրանքների համար: ՈՒ ի՞նչ: Բայց դա արդեն Հայաստանի, այլ ոչ Ֆրանսիայի ու ԵՄ-ի խնդիրն է: Առաջին հայացքից: Իրականում Հայաստանը ՌԴ-Արևմուտք փոխհարաբերությունների չստացվածության, ավելի ճիշտ` չկայացող փոխըմբռնումի զոհն է, Հայաստանը ոսկե միջինը չկարողացավ պահպանել` ոչ առանց արևմտյան պասիվության ու ռուսական ակտիվության:
Հարավային Կովկաս Ֆրանսիայի նախագահի այցի քաղաքական օրակարգում էր Լեռնային Ղարաբաղի հարցը: Բաքվում Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում նա հաստատել էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկել է Ադրբեջանի նախագահի հետ և մտադիր է քննարկել Հայաստանի նախագահի հետ. «Մեր նպատակն է կոնֆլիկտին լուծում գտնել»: Օլանդը հիշեցրել էր, որ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահ է և երկար ժամանակ կայուն ու վերջնական լուծման որոնումների մեջ է ներգրավված: «Փաստը, որ ես Ադրբեջանում եմ և մեկնում եմ Հայաստան, վկայում է, որ աշխատանքը շարունակվում է: Ֆրանսիան բարեկամական հարաբերություններով է կապված և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ»: Երկու նախագահների հետ իր հանդիպումների նպատակը Օլանդն անվանել է կոնֆլիկտի հաղթահարման առաջընթաց ապահովելը: Նա կարծում է, որ կոնֆլիկտը խանգարում է տարածաշրջանի զարգացմանը և մարդկանց ազատ տեղաշարժին: Բանակցությունների վերսկսումը Օլանդը համարում է իր խնդիրը` իմանալով հանդերձ, որ բանակցությունների հիմքում ընկած մադրիդյան սկզբունքները դեֆակտո չեն ընդունվում: Ադրբեջանը տարածքային ամբողջականությունից դուրս ոչինչ չի ընկալում, Հայաստանը պատերազմում ազատագրված տարածքները վերադարձնել չի երազում, Ղարաբաղը համարում է, որ անցյալին վերադարձ այլևս չկա: Բաքվում Իլհամ Ալիևն ասել էր. «Իհարկե, Ֆրանսիան, իբրև Մինսկի խմբի համանախագահ, ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման համար, և այսօր, բնականաբար, այդ հարցով մենք ունեցանք մտքերի փոխանակություն շատ լայն շրջագծով: Մենք հույս ունենք, որ միջնորդների օգնությամբ այդ կոնֆլիկտը շուտով կգտնի իր լուծումը և խաղաղությունը կգա տարածաշրջան»: Եվ անմիջապես շարունակել էր. «Հայտնի է, որ երկար տարիներ ադրբեջանական հողերը օկուպացված են: Լեռնային Ղարաբաղը և յոթ հարակից շրջանները գտնվում են հայկական օկուպացիայի տակ արդեն 20 տարուց ավելի»: Բնականաբար հավելել էր ՄԱԿ-ի ԱԽ-ի չորս բանաձևերը, որ Հայաստանը չի կատարում, Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ-ի և միջազգային այլ կառույցների որոշումները, որ Հայաստանը նույնպես չի կատարում, ավելին, հողին է հավասարեցրել Ադրբեջանի պատմական, կրոնական հուշարձանները: Իլհամ Ալիևը Ֆրանսուա Օլանդին և այցը լուսաբանող լրագրողներին ասել էր. «Շուտով կոնֆլիկտին վերջ պետք է դրվի: Կոնֆլիկտը պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Մենք հարգանքով ենք վերաբերվում ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, բայց այդ իրավունքը չպետք է խախտի երկրների` միջազգային հանրության կողմից ընդունված սահմանները: Հայ ժողովուրդը մեկ անգամ արդեն ինքնորոշվել է, գոյություն ունի հայկական անկախ պետություն, Ադրբեջանը երբեք թույլ չի տա հայկական երկրորդ պետության ստեղծումը ադրբեջանական հողերի վրա»։ Հետո էլ հույս էր հայտնել, որ շուտով Ադրբեջանի քաղաքացիները կվերադառնան օկուպացված տարածքներ: Այսքանից հետո Ֆրանսուա Օլանդը գալիս է Հայաստան ու ասում. «Այսօր հրադադարի տարելիցն է: Ես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկի նախագահն եմ, և մենք պետք է աշխատենք, որպեսզի լուծում գտնենք, գլոբալ լուծում խնդրի կարգավորման համար: Հակամարտության 20 տարին չափազանց երկար ժամանակ է, մենք պետք է աշխատենք, և դա է պատճառը, որ ես երեկ Ադրբեջանում էի, իսկ այսօր Հայաստանում եմ, որպեսզի աշխատենք: Ես հորդորում եմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հանդիպել, որքան հնարավոր է շուտ, և իրական քննարկում ծավալել վստահության ձևավորման շուրջ»: Ի՞նչ վստահության մասին է խոսքը: Ի՞նչ գլոբալ լուծման: Ի՞նչ հեռանկարի: Անհեռանկար է այլևս մադրիդյան սկզբունքները բանակցությունների հիմք ընդունելը: Փոխզիջման առաջարկվող տարբերակները փոխադարձաբար անընդունելի են: Ֆրանսիայի նախագահը դա գիտի ու ևս մեկ անգամ լսեց` տեղվույն վրա: ՈՒ ի՞նչ: Ստատուս քվոն հարցի ժամանակավո՞ր, թե՞ մեկընդմիշտ գտնված լուծումն է: Ստատուս քվոն, որին դեմ է Ադրբեջանը իր «օկուպացված տարածքների» ռեֆրենով ու տարածքային ամբողջականության պահպանմամբ: Որը փակուղու մեջ է դրել հայ-թուրքական հարաբերությունները ու Հայաստանը դարձրել Ռուսաստանի պատանդ: Որը հաշվվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմությամբ: Ստատուս քվոյի շրջագծում են մնում Հայաստանի շրջափակումն ու միջազգային տնտեսական ծրագրերից մեկուսացումը, արդեն նաև Հայաստանի հարկադրված պասիվությամբ, որովհետև հայ-իրանական քաղաքական ու առևտրատնտեսական կապերի զարգացումը հակասում է Ռուսաստանի շահերին` Իրան-Ռուսաստան գազային մրցակցության և այլ պատճառներով: Ստատուս քվոն, որ չի կարող ունենալ ռազմական լուծում: Հիմա Ֆրանսուա Օլանդի մե՞ղքն էր, որ Հարավային Կովկաս իր եռայցը իրականում տնտեսական այց էր Ադրբեջան, իսկ քաղաքական օրակարգը բոլոր հարցերում դեֆակտո ու դեյուրե գոյություն ունեցող ստատուս քվոյի դիվանագիտական արձանագրումն էր: Այս ամենը, հարկավ, այցի հրապարակային կողմն է, փակ դռների հետևում բոլոր ստատուս քվոները հաճախ են ունենում բոլորովին այլ կարգավիճակ ու զարգացում: ՈՒ հենց դա է, որ պաշտոնական ու, առավել ևս, պետական այցերը դարձնում է ոչ միայն անհրաժեշտ, այլև անխուսափելի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Անդրադառնալով հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների զարգացմանը` Ֆրանսուա Օլանդը ասել է, որ Ֆրանսիայում ապրում է 500 հազար հայ, բայց երկու երկրների տնտեսական արդյունքներից երևում է, որ շատ անելիք կա, պետք է նախ և առաջ Ֆրանսիայի գործարար հանրությանը ծանոթացնել հայաստանյան շուկային: Իսկ Թբիլիսիում նա հանդիպել է նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ ու հերթական տնտեսական ֆորումն է անցկացրել: Եվ հաստատ հասցրել է կարոտել Փարիզն ու Ելիսեյան դաշտերը: Տարին կիսվեց, ո՞վ գիտի, մեկ էլ երբ պետական այցով նախագահ կգա Հայաստան: Հասան Ռուհանին տեղ չի հասնում, եվրոպացիները իմաստ չեն տեսնում, ասիացիները կեսճանապարհին են մնում, Պուտինն էլ արդեն վեց ժամով եղել է:

Դիտվել է՝ 2166

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ