ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Հավաքել էիր, որ ի՞նչ անես

Հավաքել էիր,  որ ի՞նչ անես
16.05.2014 | 00:58

Օրվա թոփը, անշուշտ, նախ «Դեմ եմ»-ի, ապա նույնքան աննկատ ոչիշխանական քառյակի մեջ հայտնվելուց հետո, հարյուր գործարարների շրջանում կատարած Հովիկ Աբրահամյանի «հայտնությունն» էր:
Ո՛չ: Չենք ասելու՝ պոպուլիզմը «նուրբ գործ է, Պետրուխա», դրանից կարելի է ընդամենը մեկ, մաքսիմում` երկու անգամ օգտվել, թե չէ` ֆարսը կրկնվելիս, գիտենք ինչ է լինում:
Չենք երկրորդելու նաև, թե Հովիկ Աբրահամյանի կողքին իսկապես կանգնած են ոչ պրոֆեսիոնալներ, կարելի է անգամ կարծել` մարդիկ, ովքեր նրան պարզապես «պաստավա» են անում: Այլապես ի՞նչ ասել է. հավաքել հարյուր գործարարների, որոնց գերակշիռ մասը ոչ միայն իրավունք չունի գործարարությամբ զբաղվելու, այլև ասելու` վե՛րջ, հարկերը հետայսու հավաքում ենք… բա մինչև հիմա ի՞նչ էիք անում, ժողովրդի՞ն էիք կեղեքում: Որպես երկրի երկրորդ դեմք` ԱԺ նախագահ, ինչո՞ւ չէիք ԱԺ ամբիոնից հայտարարում՝ տղանե՜ր, ինչո՞ւ չեք վճարում հարկերը, չէ՞ որ այդ նույն «տղաների», կրկնում եմ, գերակշիռ մասը, որ երեկ հավաքվել էր Կառավարության նիստերի դահլիճում, ամեն օր օվալաձևում էր… Հանած-գումարած հարգարժան «խնամուն», որը որևէ դահլիճում, բացի Սերժ Սարգսյանին դիմավորել-ճանապարհելուց, կենացը հոտնկայս խմելուց, ներկա չի լինում:
Պետք է ձգել պաուզան՝ ասելու նաև, որ շատերս գիտենք, որ երկրի թիվ մեկ օլիգարխի խնամի, համատեղությամբ գործարար, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր մերձավոր (ԲՀԿ-ական, ՀՀԿ-ական և ո՛չ միայն) բոլոր գործարարներին անցնող վեց տարիներին հարատև ու «թաքուն» հորդորում էր` «ոչ մի ներդրում չանեք Տիկոյի կառավարությունում»: Իսկ հիմա հավաքել նրանց, հորդորում է` աշխատում ենք միասին, աշխատում ենք «նորովի», հարկերը տալիս ենք, թե չէ ստուգումներ կանցկացնեմ բոլորիդ մոտ:
Հաջորդիվ. հնարավո՞ր է հարյուր գործարարի հավաքել մեկտեղ ու խաղի կանոններ «մշակել»: Երբե՛ք: Այդպես հնարավոր է միայն հրամայել, վախեցնել, իրեն ցույց տալ: Ժամանակին պետք էր պարզապես օրենքներն աշխատեցնել ու խոստումի համաձայն` «սկսել» սեփական անձից, սեփական խնամուց, սեփական որդուց ու եղբորից, հասնել այլոց եղբայր-որդիներին: Եվ` վերջ: Գործնական-պրագմատիկ քայլերով, ինչի իմիջն ինքն ունի: Ակնհայտ է նաև. վերջապես վարչապետի աթոռին տիրացած Հովիկ Աբրահամյանը, բացի պոպուլիզմից, նաև ցուգցվանգի մեջ է: Միջազգային կազմակերպությունները փող չեն տալիս, գանձանակը, ինչպես ասացինք, դատարկ է, մնում է երեսուն արծաթը «քերել» տեղական գործարարներից: Իսկ «քերելու» բան առանձնապես չկա, որովհետև այդ գործարարներն առանց այն էլ լավ օրեր չեն ապրում, և հանդիպումից հետո շատերը չէին էլ թաքցնում իրենց դժգոհությունն ու հիասթափությունը. իրենք ցանկանում էին՝ Հովիկը գա, որ վիճակը լավանա, «ինքը հլը չեկած` ստուգումներից ու քերելուց է խոսում, ինչն էլ կհանգեցնի նրան, որ կփակենք մեր բիզնեսը, եղած քիչումիչ ակտիվները դուրս կտանենք, որովհետև եթե անգամ Հովիկին հաջողվի հարյուր գործարարից մի կերպ քերել մեկ միլիարդ, բա հետո՞. երկրին այս պահին երեք միլիարդ փող է պետք, ի՞նչ են անելու հետո»,- զարմացած հարցնում էր հանդիպմանը մասնակցած մեր զրուցակիցը:
Մի խոսքով` Հովիկ Աբրահամյանը ցանկանում է լավ, ստացվում է` ինչպես միշտ: Եվ սա դեռ բոլորը չէ: Մեծ փորձությունը առաջիկա քառօրյայում սպասվող կառավարության ծրագրի «ներկայացումը» կլինի: Որպես սրտացավ մարդ, խորհուրդ մեր «բազմադարյան» օպոնենտին. Հովի՛կ Արգամիչ, գոնե այս անգամ զերծ մնացեք պոպուլիզմից, եղեք առավելագույնս անկեղծ ու ազնիվ, որքան էլ դժվար է, հաղթահարեք ինքներդ Ձեզ։ Դուք և երկիրն իսկապես աննախանձելի վիճակում եք. թույլ մի՛ տվեք Ձեզ խաղեր, մի՛ թողեք խորհրդարանում եղող ուժերը նույնպես խաղեր տան, իմիտացիաներ, թատրոն սարքեն Ձեր գլխին, իբր «սրտացավությունից» մղված: Մի քանի իսկապես կարևոր, ոչ ստանդարտ` «շոկային թերապիայի» քայլեր արեք։ (Կանչեք Ձեզ մոտ Բագրատյանին` խնդրեք խորհուրդ տա, մի՛ վախեցեք):
Սկզբի համար` գոնե այսքանը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1302

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ