Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Չուղարկված նամակ մամոնայի հայ զավակներին

Չուղարկված նամակ մամոնայի  հայ զավակներին
14.06.2013 | 11:51

(սկիզբը` այստեղ)

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՆԵՐԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ
դ) Դոստոևսկին ասում էր, թե գեղեցկությունը կփրկի աշխարհը: Չգիտեմ՝ գեղեցիկն աշխարհը կփրկի, թե ոչ, բայց համոզված եմ՝ հայությանը կփրկի բարերարությունը:
Աշխարհի ոչ մի երկրում և ոչ մի ժամանակ դրամատերերին, հարուստ մարդկանց չեն սիրել: Որովհետև աղքատների ու կիսաղքատների մեծամասնությունը համարել ու համարում է, որ զորեղ, հաճախ իրեն կառավարող հարուստների փոքրամասնությունն անարդարությամբ, իր հաշվին է ունևորություն ձեռք բերել:
Ի պատասխան, աշխարհի մեծահարուստները չունևորների անարդարության զգացումը, ընդվզումը, ցասումը մեղմելու համար արել և անում են բարեգործություն: Ավելին, մեր օրերում ամերիկացիներ Բաֆեթն ու Գեյթսը՝ տրամադրելով իրենց միլիարդների կեսը, հիմնել են յուրօրինակ մի ակումբ, որին կարող են անդամակցել այն միլիարդատերերը, ովքեր, ի նպաստ հասարակական կարիքների, կհատկացնեն իրենց ունեցվածքի կեսը: Դուք պատկերացնո՞ւմ եք գեթ մեկ հայաստանցի հարուստի, որն իր ունեցվածքի կեսը կամովին տրամադրեր ազգին, հասարակությանը կամ պետությանը: Անհնար է, մեր հարուստները «հոգեկան հիվանդներ» չեն:
Կամ: Ամիսներ առաջ մի կորեացի միլիարդատեր խղճի խայթի զգացումից ինքնասպան եղավ: Պատկերացնո՞ւմ եք մի հայաստանցի հարուստի, որը նման բան աներ:
Եվ կամ: Վերջերս երկու տասնյակ հրեա միլիոնատերեր ոտքով հատեցին անապատը՝ անցան նախնյաց ուղիով, ամբողջ աշխարհին հասկացնելով, որ չեն հրաժարվում իրենց ազգից, հավատարիմ են նրա ավանդույթներին և հանուն Իսրայելի բաղձանքների չեն խնայի իրենց վիթխարի կարողությունները:
Անցյալում ունևոր հայ վաճառականը պարտք էր համարում այցելել Երուսաղեմ, օրհնանքով ստանալ մահտեսի պատվանունը և հետագայում այն դնել իր անվան և ազգանվան արանքում: Պատկերացնո՞ւմ եք, որ հիմա երկու տասնյակ հայաստանցի հարուստ ձեռ ձեռի տված Երուսաղեմ այցելի, արտահայտելով իր նվիրվածությունը ազգային ավանդույթներին: Ավելի շուտ նրանց մեկ առ մեկ կարելի է հանդիպել Էմիրությունների կամ Եվրոպայի ծակուծուկերում՝ շվայտության տրվելիս:
Աշխարհն ընթանում է իր ուղիով, իսկ մեր գնացած ճանապարհը տանում է ոչմիտեղ: Մենք դատապարտված ենք պատասխանելու ևս մեկ հավերժական հարցի՝ հիմնվել ազգային ավանդույթների՞ վրա, թե՞ ընդօրինակել ուրիշներին: Այլոց օրինակելին յուրացնելու և կապկելու միջև նուրբ սահմանագիծ կա, որը մեր անհոգության պատճառով ի վիճակի չենք գիտակցելու և գնահատելու:
1885 թ. Ս. Մ. կեղծանվամբ մեկը «Արձագանք» շաբաթաթերթում բաքվեցի հայ հարուստին նկարագրում էր հետևյալ կերպ. «Բաքվեցին հագնվում է շատ հարուստ, շռայլ, բայց առանց որևէ ճաշակի: Օրինակ, դուք կտեսնեք նրան ահագին քարերով ոսկյա մատանիների վրա ձեռքերին հագած կեղտոտ ձեռնոցներ, փորը շղթայած կեսգրվանքանոց ոսկե ժամացույցի հաստ ոսկյա շղթայով և այլն, և այլն: Պատահում է նույնպես, որ բաքվեցին, չբավականանալով յուր մատների վրա շարած մատանիներով, մի քանիսն էլ գրպանումն է հետը պահում, որ տեղն ընկած ժամանակ յուր շռայլությունը հաստատելու համար ցույց տա սորան ու նորան: Սույնանման ծիծաղելի պատկեր ներկայացնում են նրա շարժվածքը, խոսակցության եղանակը, երբ նա գտնվում է հասարակական շրջանում: Այստեղ ակնհայտ երևում են օտարներից կապիկությամբ գողացած արտաքին ձևերը, որոնք այնքան են սազ գալիս նորան, որքան կարող են սազ գալ ակնոցները խոզին»:
Մեզ սազակա՞ն է ակնոցավոր խոզի նմանվելը:
Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում այսօր իրականում ընթանում է Աստծո ու մամոնայի, բարու ու չարի պայքար, և մենք այդ փորձությանը դիմակայելու բազմադարյա դարման ունենք: Քանիցս գրել եմ՝ քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո, Ներսես Մեծ եպիսկոպոսապետի շնորհիվ, մեր ժողովուրդը հիմնեց իր բարերարությունը, այսինքն՝ մենք մամոնային հաղթելու 17 դարի պատմություն ունենք:
Խորհրդային իշխանության աթեիստական 70 տարիները վերացրին ոչ միայն քրիստոսապաշտությունը, այլև բարեգործության բազմադարյա մշակույթը: Սա՛ է առաջին հերթին անհրաժեշտ վերականգնել, և դրա համար հարկ է պետության, իշխանության միջամտությունը:
Դիցուք, դպրոցներում ու բուհերում, ի թիվս այլ առարկաների, ինչո՞ւ չի կարելի ներառել բարերարության դասընթաց: Եթե մի որևէ այլ ժողովուրդ քուրձի տակ նման ոսկի ունենար, վաղուց հանել և դաստիարակության գործիք էր դարձրել:
Համացանցից մի տվյալ եմ քաղել՝ Հայաստանում կա 94 բարեգործական կազմակերպություն: Պետությունն ստուգե՞լ կամ ստուգո՞ւմ է դրանց գործունեությունը: 1864 թ. հիմնված Բաքվի Մարդասիրականը պահում էր Բաքվի հայությանը և հարակից գավառների ազգակիցներին: 1881 թ. հիմնված ԿՀԲԸ-ն պահում էր ամբողջ կովկասահայությանը: 1906 թ. հիմնված ՀԲԸՄ-ն պահում էր ու պահպանում է սփյուռքի զգալի հատված: Հայաստանի 94-ը ինչո՞վ են զբաղված: Հապա ինչո՞ւ է մեր երկրի և Արցախի անկախության համար արյուն հեղած ազատամարտիկը հացադուլի դիմում:
Երկրի ամենախոշոր բարեգործական կառույցը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ամեն տարի կազմակերպում է դրամահավաք և դրանից առաջ քարոզչության միամսյակ իրականացնում: Ավելին, սովետի «բարի» ժամանակների ոգով, կամավոր-պարտադիր սկզբունքով մարդկանց աղքատավարձերից գումարներ է գանձում: Դա անթույլատրելի, արգահատելի երևույթ է, բարերարությունը չի կարելի պարտադրել: Մեր իմաստուններից մեկն ասում էր. «Բարերարության դուռը բացելը դժվար է, բայց և դժվար է այն փակելը»: Ահա, որպեսզի այդ դուռը բացվի ու չփակվի, ՀՀ-ն պետք է կլոր տարին քարոզչություն իրականացնի, ասենք՝ Հանրային հեռուստատեսությամբ հայ բարերարներին նվիրված հաղորդաշար կազմակերպելով: Կամ թեկուզ՝ մեկ ամսագիր հրատարակելով. մեր բոլոր պատմական բարեգործական ընկերությունները լույս են ընծայել և լույս են ընծայում ոչ միայն տարեկան հաշվետվություններ, այլև թերթեր, ամսագրեր, գրքեր: Այդ ծախսը երիցս հատուցվում էր, երբ գեթ մեկ մարդու սրտում բացվում էր բարերարության դուռը:
Ն. Զորայանը 1847 թ. գրել է. «Վաճառականութեան խիստ մեծ բարեացը մէկը զմարդիկ իրարու կապել ու մէջերնին խաղաղութիւն հաստատելն է»: Պետության գործն է իր մեծահարուստներին հասարականպաստ բարեգործության դրդելը և դրա համար խրախուսելը, որովհետև իրեն է պետք հասարակական խաղաղությունը: Հայ լրագրության ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկը՝ Հրաչ Երվանդը, 1926 թ. գրել է. «Հարստութիւնը անմահանալու ամենէն դիւրին մէկ միջոցն է, եթէ միայն այդ բախտավոր մարդիկ (հարուստները- Խ. Դ.) գիտնան օգտուիլ այդ միջոցէն և խուսափին մոռացութեան և անեծքի այն ահավոր դատավճիռէն, որ հանրային նպատակներու համար քարսիրտ հարուստներու մահուան օրը կ’արձակուի»: Պետությունը սա պիտի հասկացնի հարուստներին, որովհետև դա իրեն է պետք, ոչ՝ դրամատերերին:
Սակայն հույսը դնել ինքնաբավ և ինքնագոհ հարուստների վրա՝ հայտնվելով նրանցից կախման մեջ, չի կարելի: Մեզ անհրաժեշտ է կոլեկտիվ բարերարություն:
Բաքվի Հայոց մարդասիրական ընկերության ատենադպիր, ճարտարագետ Ս. Վարշամյանցը, որ ունեցած 8000 ռուբլին կտակեց Սբ. Էջմիածնին, 1873 թ. գրում էր. «Հասարակութեան պարարտ և կուշտ անդամը մարդկային կյանք չի վարում, եթէ նա անցուցանելով իւր կեանքը բիւրավոր մեղաց տուռունքներով, յուր հոգվոյ աչքը փառամոլութեամբ և հարստահարութեամբ կուրացրած, աշխարհի անելանելի լաբիրինթոսի մեջ մոլորուած ծառայում է միմիայն իւր անձին և նրանից ծնած մի քանի անգործ, լիութեամբ և փարթամութեամբ շռայլացած արձակերեսան որդւոց համար է աշխատում, յայնժամ նա հասարակութեան կամ ազգային գործը հիմարութիւն և ցնորք է համարում:
ՈՒր չկա միաբանութիւն և անձնազոհութիւն, այնտեղ չկա և կատարեալ մարդկութիւն:
Խոհական և քանքարավոր անձինք փոքր բանով շատ մեծ գործեր են կատարում յօգուտ մարդկութեան, քան թէ կոյր բախտի որդիքը իւրեանց հարստութէնով»:
Նրան շարունակել է Մագդա Նեյման կեղծանվամբ գործիչը՝ 1899 թ. ռուսաց լեզվով գրելով. «Մասնավոր ու հասարակական կարիքները, քաղցող ազգակիցների, հաճախ նույնիսկ հարազատ եղբայրների հառաչանքները, լքյալ որբերի երկարող ձեռքերը, հոգևոր հովվի կոչերը՝ օգնելու կարիքավորներին, մի խոսքով` այն ամենը, ինչ առնչվում է մերձավորների ճակատագիրը մեղմելուն՝ ամենևին նրանց չի հուզում, իսկ ոմանց ցինիզմը հասնում է այն աստիճանի, որ նրանք ծաղրուծանակով են վերաբերվում ցանկացած կարիքավորի ու աղքատի և այդպիսիներին համարում «ստորին տեսակի» մարդիկ:
Եթե նրանցից որևէ մեկն էլ հուշ է թողել իր մասին, ապա միայն բարեգործությամբ: Այդպիսիք համեմատաբար փոքրաթիվ էին և այն էլ՝ հին ժամանակներում, երբ այդ մարդիկ ինչ-որ կրոնական զգացում ունեին: Իսկ այժմ, երբ նրանց սրտերից անհետացել են հավատը և բարի կամեցողությունը, անհետացել է նաև բարերարությունը: Իհարկե, կան բացառություններ, ինչպես օազիսը՝ մեռյալ անապատում, բայց հայերի հասարակական ու մասնավոր կարիքները հոգում են ոչ թե այդ բացառությունները, այլ նվազ ունևոր մարդկանց առատաձեռնությունը»:
Այս երկարաշունչ մեջբերումների իմաստը ո՞րն է: Մեր երկրին անհրաժեշտ են ներքին խաղաղություն, համերաշխություն, միաբանություն, հարկ է, որ նվազ ունևոր մարդիկ մասնակցեն մեծ գործերի: Եվ այս առնչությամբ կցանկանայի հետևյալ առաջարկությունն անել:
Աշխարհում ամեն օր պատկանում է ինչ-որ մեկի՝ կանանց, տարեցներին, հանքափորներին, ձկնորսներին և այլոց (վերջերս տեղեկացա, որ գոյություն ունի Սեքսապաթոլոգների օր. միգուցե պաթոլոգաանատոմներն էլ ունեն՝ չգիտեմ): Ինչո՞ւ մենք չունենանք Բարերարության օր, որը կնշվեր ամեն տարի մարտի 3-ին՝ Ալ. Մանթաշյանցի ծննդյան օրը: Բարերարաց հիշատակի օր նշել են Թիֆլիսի հայ քահանաները 1913-ին: Այդպիսի օր տասնամյակներ շարունակ տոնել են Նոր Ջուղայում:
Հայաստանում այդ օրը կարելի էր վերածել ոչ միայն երախտիքի մատուցման, այլև ներազգային համերաշխության յուրատեսակ դրսևորման: Տարվա մեջ մեկ օր՝ հարուստով և աղքատով, իշխանավորով և իրավազուրկով, իշխանության ղեկ ունեցողով և ընդդիմադիրով: Տարվա մեջ գեթ մեկ օր թող բոլորը խորհեն, որ կան անանց արժեքներ՝ ազգ, հայրենիք, պետություն և պարզապես հայ։

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Ես վերին ճշմարտություն բարբառող կամ համադարման մատուցող չեմ, քա՜վ լիցի: Այս ամբողջ հրապարակման նպատակը քարսիրտ, ցեխասիրտ մարդկանց խիղճն արթնացնելն է, խիղճը, որ մարդկային առաքինությունների արքան է: Ես այնքան միամիտ չեմ, որ հավատամ, թե մեկ հոդվածով ինչ-որ բան կփոխվի, բայց որ որոշ մարդկանց գիտակցության մեջ տեղաշարժ կարող է լինել, հուսով եմ:
Սույնն ընթերցողները գուցե չհամաձայնեն տեսակետներիս, հետևություններիս կամ շարադրանքիս շեշտադրումներին, ոճին: Սակայն թող չշտապեն հետևություններ անել, ասելիքս ես դեռ չեմ ավարտել:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3145

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ