Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Եթե պետության քաղաքական օրգանիզմն ախտահարված է, վարակը չի կարող սահմանափակվել միայն իշխանական հատվածով»

«Եթե պետության քաղաքական օրգանիզմն ախտահարված է, վարակը չի կարող սահմանափակվել միայն իշխանական հատվածով»
03.04.2009 | 00:00

«ՀԱՍԵԼ ԵՆՔ ՋՈՒՆԳԼԻՆԵՐԻՆ ԿԱՄ ՔԱՐԵ ԴԱՐԻՆ ԲՆՈՐՈՇ ԳԵՐԴԱՍՏԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ»
«Իրավունքը de facto»-ն նախորդ համարում հայաստանցի ընթերցողի համար արտատպել էր Հայաստանի քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ` Ստեփանակերտում հրատարակվող «Անալիտիկոն» ամսագրի փետրվարյան համարում զետեղված հարցազրույցը, որում նա անդրադարձել էր «հայաստանցի-ղարաբաղցի» բարդույթի ծագման պատճառներին։ Դրանց շարքում քաղաքագետը հատուկ կարևորել է իշխանությունների կադրային քաղաքականության մեջ արմատացած հատվածապաշտական, խնամիաբարեկամական մոտեցումները, որոնք, նրա կարծիքով, խորթ են հայաստանցիների մենթալիտետին և մեր հասարակության մեջ ընկալվում են որպես հետանկախական տարիներին Հայաստան ներմուծված «մոնղոլ-թաթարական բարքերի» դրսևորում։
-Պարոն Հովհաննիսյան, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «ֆավորիտ» քաղաքական ուժերի համամասնական ցուցակները չե՞ն գալիս ապացուցելու, որ Ձեր բնորոշած մոնղոլ-թաթարական մենթալիտետը հավասարապես ընդունելի է ինչպես իշխանական, այնպես էլ ՀԱԿ-ի մեջ մտնող ընդդիմադիր կուսակցությունների համար։
-Միևնույն ազգանուններով մարդկանց առկայությունը ՀԱԿ-ի ցուցակում ինձ շատ զարմացրեց։ Չնայած ռացիոնալ դատողությունն ինձ հուշում է, որ եթե պետության քաղաքական օրգանիզմն ախտահարված է վարակով, էպիդեմիայով (իսկ մոնղոլ-թաթարականությունը հենց այդպիսի ծանր վարակիչ հիվանդություն է), ապա վարակը չի կարող սահմանափակվել քաղաքական դաշտի միայն իշխանական հատվածով։ Ի վերջո, իշխանությունն ու ընդդիմությունը միմյանցից կտրված չեն, գործում են տվյալ երկրում ձևավորված որոշակի քաղաքական մշակույթի շրջանակներում։ Հետանկախական տարիներին մեզանում իսկապես ձևավորվեց կլանային, ռազմաֆեոդալական այն համակարգը, որը դարձավ մոնղոլ-թաթարական մտածելակերպի հենքը, և որն իր զարգացման ընթացքում անխուսափելիորեն հասարակությանը տանում էր տրոհման` ազգային միասնականության խաթարման անդունդ։ Այսօր մենք արդեն գրեթե իջել ենք այդ անդունդի «հատակը», երբ ազգային գիտակցության այլասերումը գավառամտությունից և միայն սեփական մարզահամայնքային կլանը պաշտպանելու հատվածապաշտական մարմաջից է՛լ ավելի է նեղացել և հասել ծայրահեղ կետին` ջունգլիներին կամ քարե դարին բնորոշ գերդաստանային հատվածապաշտության։ Ազգային ինքնանույնացումը, որը նախորդ շրջանում արդեն կուլ էր գնացել գավառական ինքնանույնացման հրեշին, այսօր վերջնականապես ոչնչացվում է «իմ տունն իմ ամրոցն է» և «էրեխեքիս տեղավորելուց և տուն պահելուց զատ, ուրիշ գործ չունեմ» կենցաղային խորամանկությամբ։ Եթե այդ խորամանկությունն ուղղորդում է ոչ միայն կոշկակարներին և խոհարարներին, այլև իրենց «քաղաքական առաջնորդներ» կամ «քաղաքական գործիչներ» հորջորջողներին, այդ հասարակությունը դատապարտված է մահվան։ Առանց քաղաքացիական գիտակցության հասարակությունը չի կարող երկար գոյատևել։
-ՈՒզում եք ասել` ընդդիմադիր կուսակցապետերը չպետք է «պատճենեին» սեփական «բալիկներին» առաջ հրելու իշխանավորների գործելաոճը, այլ անձնական օրինակով նպաստեին, որ մեր իրականությունից դո՞ւրս մղվի ֆեոդալական միջնադարի ժառանգականության սինդրոմը։
-Մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ ժողովրդավարական քաղաքական մշակույթի զարգացումը միշտ հնարավոր է եղել հենց այն ընդդիմադիր դեմքերի և քաղաքական ուժերի շնորհիվ, որոնք կարողացել են թոթափել իշխող ֆեոդալական հաստատությունների և բարքերի ազդեցությունը, կարողացել են անձնական օրինակով արմատավորել նոր` ժողովրդավարական քաղաքական մշակույթին հատուկ արժեքներ։ Սակայն մեզանում այսօր դրսևորվող իշխանության և ընդդիմության «արժեքային հոգեհարազատությունը» նման հնարավորությունը գրեթե բացառում է։ Չէ՞ որ արժեքային այդ հոգեհարազատության հիմքում, ի վերջո, ընկած է ավազակապետական-խանական հասարակարգի կերտման գործում նրանց համատեղ ավանդը, կապիտալի նախնական կուտակման տարիներին ալան-թալանից համատեղ օգտվելու հանգամանքը։ Եվ այսօր պարզվում է, որ ներողություն խնդրելը, իրոք, շատ ավելի հեշտ է, քան սեփական մեղքի համար գործնականում ապաշխարելը։ Պարզվում է` ազգի ձեռքին գործիք ծառայելու մասին խոստումներ տալը շատ ավելի հեշտ է, քան սեփական արքունիքի «գալուստսահակյանների» ու նրանց բալաների ախորժակները սանձելը կամ սեփական կամարիլիայի ձեռքում գործիք դառնալուց հրաժարվելը։
-Ինչպես տեսնում եմ` հիասթափվել եք Լևոն Տեր-Պետրոսյանից և ՀԱԿ-ից։
-Հիասթափվել եմ բոլորից, ընդհանրապես մեր, այսպես կոչված, «քաղաքական ընտրանուց»։ Այն երիտասարդները, ովքեր մեկ տարի առաջ` մարտի 1-ին զոհվեցին, ո՛չ քաղաքական գործիչներ էին, ո՛չ էլ քաղաքական գործիչների զավակներ։ Ի՞նչ խղճով ազգիս «ընտրանին»` այն քաղաքական գործիչները, քաղաքական առաջնորդները, տարբեր կուսակցապետերը, ովքեր պարտավոր էին ամեն գնով, կրկնում եմ, ամեն գնով, նույնիսկ սեփական բոնապարտիստական ամբիցիաները խեղդելու գնով, կանխել երիտասարդ հայորդիների կործանումը, այսօր որդեկորույս ծնողների առջև ապաշխարելու փոխարեն գլխապատառ լծվեցին իրենց զավակներին տարբեր կուսակցական ցուցակներում ընդգրկելու «սուրբ գործին»։ Համարյա քսան տարի է անցել, սակայն հիշողությունիցս չեն ջնջվել 1991-ին թԽճկ-ի երեք անմեղ զոհերի ծնողներին ուղղված Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի սրտառուչ խոսքերը. «Ներեցեք ձեր նախագահին, որ չկարողացա պաշտպանել իմ կողմնակիցներին, չկարողացա փրկել ձեր զավակների երիտասարդ կյանքերը»։ Այդ խոսքերը, որոնք հնչեցին թԽճկ-ի տապալման առիթով Մոսկվայում կազմակերպված հանրահավաքի ժամանակ և հեռարձակվեցին բոլոր ալիքներով, իսկապես արժանի էին քրիստոնյա պետության առաջին նախագահի կոչմանը։ Ես դա ասում եմ, չնայած մեծ վերապահումներով եմ վերաբերվել Ելցինի գործունեությանը նախագահի պաշտոնում և ընդհանրապես նրա դերին Ռուսաստանի ժամանակակից պատմության մեջ։ Ցավոք, առաջին քրիստոնյա ազգ-պետության քաղաքական առաջնորդներից կամ կուսակցապետերից և ոչ մեկի շուրթերից առայսօր ապաշխարանքի նմանատիպ խոսքեր չեմ լսել։
-Բայց, մյուս կողմից էլ, պարոն Հովհաննիսյան, քաղաքական դաշտը «ջահելացնել», թարմացնել է պետք։ Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, օրինակ, ՀԱԿ-ի ցուցակում իր տեղը զիջել է որդուն։ Վա՞տ է։
-Իհարկե, ամենևին էլ օրիգինալ լուծում չէ։ Իրենց տեղերը որդիներին ավանդեցին, օրինակ, նախկին ԿԳԲ-ական Հեյդար Ալիևը կամ էլ հայտնի «իզգոյ պետության» բռնապետ Հաֆեզ Ասադը` իր որդի Բաշար Ասադին։ Բայց ի՞նչ կապ ունի այս գործելակերպը լիբերալիզմի հետ, որը ձևավորվել է Եվրոպայում` ֆեոդալական ժառանգականության սկզբունքի արմատական մերժման հողի վրա։ Հայաստանի քաղաքագետների միության վարչության անդամ պրոֆեսոր Հենրիկ Գրիգորյանը, ով իր մտածելակերպով, իսկապես, ազատական է և եվրոպացի, ինձ միշտ դիմում է միևնույն հարցով. «Ինչո՞ւ է մեզանում երիտասարդությունը քաղաքականապես պասիվ»։ Վկայակոչելով արմատական քաղաքական փոփոխություններում ուսանողության շոգեքարշային դերի մասին Հերբերտ Մարկուզեի տեսությունը, Հենրիկը փորձում է հասկանալ` ինչո՞ւ է հայաստանյան երիտասարդության ճնշող մեծամասնությունն իր ապաքաղաքական կեցվածքով, կարծես, հերքում այդ տեսությունը։ Կարծում եմ` իրեն հուզող հարցի պատասխանը նա արդեն ստացել է։ Այո, եթե ավագները շատ դեպքերում «ըմբռնումով» են մոտենում մեր երկրում ազնիվ մրցակցային դաշտի բացակայությանը, ապա երիտասարդները չափազանց զգայուն են այսօր մեզանում ակնհայտորեն դրսևորվող քաղաքական ընտրանու կաստայացման նկատմամբ։ Այդ կաստայացումը, կուսակցությունների ղեկավարության վերասերումն ընտանեկան-գերդաստանային կապալի հիմունքներով գործող յուրահատուկ ՍՊԸ-ների, գալիս է լրացնելու ամբողջ հասարակության մեջ «սոցիալական վերելակների» և, հետևապես, սոցիալական շարժունության բացակայությունը։ Այդ իսկ պատճառով Հայաստանը երիտասարդության համար դարձել է դժոխային երկիր, ուր և՛ տնտեսական, և՛ քաղաքական ոլորտներում առանց զորեղ պապայի, խնամու, հորեղբոր կամ քեռու հնարավոր չէ քիչ թե շատ արդյունավետ գործունեություն ծավալել։ Երիտասարդին հատուկ ինքնահաստատման և ինքնադրսևորման ձգտումը, բախվելով այս դաժան իրողություններին, անխուսափելիորեն ծնում է հիասթափություն և զզվանք կուսակցությունների, քաղաքական առաջնորդների և, ընդհանրապես, քաղաքական գործունեության հանդեպ։ Եվ այս զզվանքն ու հիասթափությունը կարող են հաղթահարվել միայն բոլոր բնագավառներում, այդ թվում նաև, քաղաքական կյանքում, մասնավորապես, կուսակցություններում, հավասար մրցակցային դաշտի ստեղծմամբ։ Քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանի կողմից խրախուսվող «ոսկե երիտասարդության» բուծումը կամ մերձավորների անարժան զավակներով իշխանական միջանցքների լցոնումը ոչ միայն չեն նպաստում երիտասարդության դերի բարձրացմանը, այլև, հակառակը, նույն մեդալի` մեզանում երիտասարդության դժբախտ կացության հակառակ կողմն են։ Հայ երիտասարդության ճնշող մեծամասնությունն այսօր փայփայում է ոչ թե հայկական, այլ ամերիկյան երազանք` ձգտելով օր կամ նույնիսկ ժամ առաջ մազապուրծ լինել այս «դժոխային երկրից»։ Մի՞թե Սերժ Սարգսյանը, ում ներդրումն արցախյան ազատամարտում, հաղթանակի կերտման գործում անուրանալի է, ինքն իրեն դատապարտել է այդ փառավոր հաղթանակի գերեզմանափորի դերում հայտնվելու ճակատագրին։ Մի՞թե մոռացել է, որ խաղաղ պայմաններում, ինչպես ռազմի դաշտում, պետության ղեկավարի հաղթանակների բանալին նույնն է. ո՛չ մի խնամիականություն, ո՛չ մի հովանավորչություն, յուրաքանչյուր քաղաքացու կողմից պետությանը մատուցած ծառայությունների անաչառ գնահատական։ Այն, ինչը համաշխարհային պատմության մեջ ամենամեծ հաղթանակի առաջնորդն արտահայտել է կարճ և կոնկրետ. «Ես գեներալին զինվորի հետ չեմ փոխանակում»։ Այս մեկ նախադասության մեջ ամփոփվում է պատմականորեն կարճ ժամանակահատվածում հզոր պետության կազմավորման գործում հաջողության հասնելու գաղտնիքը։
Զրուցեց Լիլի ՄԱՐՏՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 2851

Մեկնաբանություններ