Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Կանանց ու գեղեցկության տոնից մինչև Սուրբ Զատիկ

Կանանց ու գեղեցկության տոնից մինչև Սուրբ Զատիկ
14.04.2009 | 00:00

ՁԵՎԱԿԱՆՆ ԻՇԽՈՒՄ Է ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆԻ ՎՐԱ
ՀՀ նախագահը հերթական ուրբաթը նշանավորեց այս անգամ ասուլիսով:
Ազգային ժողովն էլի գումարեց հերթական քառօրյան:
Հերթական նիստն արեց կառավարությունը:

...Ծիրանենին ծաղկել է` ինչպես միշտ գեղեցիկ ու բուրումնալից` միայն իր նման: Հրաշալի կլիներ, որ իսկապես տոնացույցում ծաղկած ծիրանենու տոն ավելանար:
...Հայաստանից շատ հեռու Բոլիվիայում հացադուլ է հայտարարել երկրի նախագահ Էվո Մորալեսը` խորհրդարանից պահանջելով օրենք ընդունել, որ 2009-ին ընտրություններ անցկացվեն: Ժողովրդավարության ինչպիսի՜ պոռթկում...
...2008-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Ազգային ժողովը գումարեց հատուկ նիստ ու արտակարգ իրավիճակ մտցրեց երկրում: Հետո մարտի 4-ին խորհրդարան եկավ գլխավոր դատախազն ու արտակարգ իրավիճակում գտնվող երկրի խորհրդարանից պահանջեց 4 պատգամավորների զրկել անձեռնմխելիությունից` զրկեցին: Առանձնապես զարմանալի չէր` խորհրդարանը գլխավոր դատախազին ոչինչ չի մերժում: Ձերբակալությունների համապատկերում պատգամավորներ Խաչիկ Սուքիասյանին, Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին «հանձնելը» սովորական գործ էր: Մի տարի պիտի անցներ, որ պարզվեր` էշ նստելն ամոթ է, իջնելը` խայտառակություն: Քրեական օրենսգրքի 225 և 300 հոդվածների փոփոխությունից հետո գործնականում չկան այն հիմքերը, որոնք թույլ տվեցին պատգամավորներին կալանավորել: Երբ ապրիլի 6-ին օրակարգի հաստատման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները ցանկացան պարզել, թե ինչու օրակարգ չի մտել իրենց համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե խորհրդարանն իր քայլը կատարել է` փոփոխել է Քրեական օրենսգրքի 225 և 300 հոդվածները: Այսինքն` օրենքներն ընդունվում և փոփոխվում են ըստ իրավիճակների և անձերի, ոչ թե ոլորտի կանոնակարգման ու կառավարման համար: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն էլ կարծում է, որ «ԱԺ-ում աշխատող ամենապատասխանատու իրավաբանները» բացատրել են, որ նման որոշում ԱԺ-ն չի կարող կայացնել, որովհետև գործը գտնվում է դատաիրավական համակարգի տիրույթում: Արամ Սաֆարյանը մոռացել է ասել, թե որտեղ էին այդ ամենապատասխանատու իրավաբանները, երբ նման որոշում էր ընդունվում, և ինչու խորհրդարանը Սահմանադրությանը չհակասող որոշ որոշումներ ընդունելու իրավունք ունի, որոշ որոշումներ ընդունելու իրավունք չունի... Նաև հասկանալի չէր, թե ինչու խորհրդարանը չի կարող ընդունել որոշում, որով չեղյալ է հայտարարում իր իսկ ընդունած նախկին որոշումը` ընդամենը այդքանը, ինչո՞վ է դա միջամտություն դատական գործընթացներին: Ինչու չասել, որ դրա համար ԱԺ-ն չունի իր գործունեության ամենակարևոր գործոնը` կոճակ սեղմելու պատվերը:
...Հյուսիսային պողոտան նորից ուզում է քայլել, ոստիկաններն էլ հիշել են, որ իրենց հիմնական գործը քաղաքի այդ հատվածում գտնվող մարդկանց ամեն ինչ արգելելն է` քայլել, հավաքվել, խոսել, նստել, երգել, զրուցել, անձամբ կամ խմբովի ինքնաբախվել... Չի կարելի, որովհետև խանգարում է անդորրը այն բնակիչների, որոնք երբևէ գուցե և ապրեն Հյուսիսայինի շենքերում: Գարնանային սրացումներ են:
...Մայրաքաղաքի սպիտակ տաքսիների հետևից ընկած տրանսպորտի և կապի նախարարությունը հարվածի ուղղությունը փոխելու նոր ձև է գտել` մտադիր է թանկացնել մարզային տրանսպորտի երթևեկության գինը: Ճգնաժամ է, չէ՞...
...Ապրիլի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մամլո ասուլիս էր հրավիրել` ամփոփելու իր աշխատանքային մեկ տարին: Մարզային, մայրաքաղաքային ու միջազգային մասշտաբի լրագրողների 60 հարցերը երկրի արտաքին ու ներքին քաղաքականությանն էին վերաբերում:
...Ոչ թե ասուլիսի, այլ մեր կյանքի մասին. 2008-ից մեկ տարի անց ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ անցած տարիների համեմատ ոչինչ չի փոխվել: Այս ամբողջ ընթացքում մեր բոլոր բարեփոխումները, բարենորոգումները, բեկումները եղել են միայն մի ուղղությամբ` ձևի, իսկ բովանդակության առումով որևէ փոփոխություն մենք չենք էլ ձեռնարկել:
Ճիշտ այդպես են կատարվել մեր բոլոր պարտավորությունները, որ ստանձնել ենք եվրոպական կառույցներում: Ձե՜-վա՜-կա՜ն: Թղթի վրա: Մեր կարծիքով` խաբելով եվրոպացիներին, իսկ իրականում` մենք մեզ, որովհետև եվրոպացիներն ապրում են իրենց երկրներում ու խորապես անտարբեր են, թե այլ երկրներ ինչ մեքենայությունների են դիմում. նրանք ոչինչ չեն կորցնում «խաբվելով»...
Փոփոխել ենք օրենքներ, նոր օրենքներ ենք ընդունել, սահմանադրություն ենք բարեփոխել` րոպեում 45 քվեարկող արագությամբ, և` ոչինչ: Ի վերջո, որևէ երկրի օրենսդրական դաշտն ընդամենն օրենսդրական դաշտ է, ո՞վ է ասում, որ օրենքները պիտի կատարվեն: Ո՞վ է երաշխավորը: Մենք մեր օրենքներին չենք հավատում, որովհետև կատարողները ևս խիստ ձևական ընկալում ունեն, կատարում են` երբ, ում, ինչ ձեռնտու է, օրենքի առաջ ձևականորեն հավասար են բոլորը, իրականության մեջ կան հավասարներ, ավելի հավասարներ, ամենահավասարներ, հավասարագույններ։ Այս նրբերանգներին որևէ օրենք չի կարող բավարարել:
Ընտրություններ ենք կատարել` համապետական ու տեղական, և` ոչինչ: Ժողովրդավարական-բաց-արդար-թափանցիկի մեր ընկալումը չի փոխվել` ձևականորեն ամեն ինչ եվրոպական չափանիշների օրենսդրական համապատասխանության մեջ է, բովանդակությո՞ւնը` ի՞նչ ընտրություն, բոլոր ընտրովի պաշտոններում ընտրություններից շատ առաջ արդեն համապատասխան վճարումներով համապատասխան նշանակումներն արվում-ավարտվում են: Ժողովրդին էլ չեն մոռանում` նրան էլ են տեղ-տեղ վճարում, շուկա է` ինքն էլ իր անունն է ծախում...
Կառավարություններ ենք փոխել, բառացիորեն ոչինչ չփոխելով: Թերևս մի նրբագիծ միայն ավելացնելով` հարգելով օրենքի տառն ու բառը սեփական շահերին ենթարկելու անհրաժեշտությունը` ոլորտի նոր ղեկավար ամեն նախարար նախարարությունը վերածել է իր կուսակցական կառույցի կցորդի` գաղափարական, կադրային, վարչական... Ձևականորեն ամեն ինչ ճիշտ է` այդ ամենը մշտապես ամրագրվել է համապատասխան հուշագրերով, իսկ բովանդակությունը միշտ նույնն է եղել` կուսակցություններն աշխատանքի տեղավորման գործակալություններ են` մեծ ու փոքր հնարավորություններով:
Ճիշտ այդպես ձևական փոփոխությունների տրամաբանությունից թելադրված` ԱԺ նախագահ փոխեցինք` փոխելով ԱԺ-ի հնամաշ գորգերն ու տեղ-տեղ էլ, նոր նախագահի արևելյան ճաշակով, վարագույրները, կահույքը։ Խորհրդարանի ոչ օրենսդրական, ոչ քաղաքական գործունեության մեջ որևէ փոփոխություն` ոչ հետ, ոչ առաջ, չեղավ. նախագահականի թելադրանքով գրվող օրենքները կառավարությունը բերում է, խորհրդարանը` ընդունում, եթե նախագահականում ինչ-որ մեկի քմահաճույքը այլ լուծում է ակնկալում, կառավարությունն օրենքի փոփոխության նոր նախագիծ է բերում, խորհրդարանը նորն է վավերացնում: Հարկավ` ամեն ինչ ի շահ ու հանուն ժողովրդի:
Նույնը տնտեսության մեջ` աճեր, թվեր, տոկոսներ, հարկեր, իրական ու ստվերային: Իրականը` ձևական, ստվերայինը` իրական:
Իսկ երբ խնդիր է առաջանում բովանդակային փոփոխության, իշխանությունը, նույնացնելով իրեն պետության հետ, սկսում է կրակել, որովհետև բովանդակային որևէ փոփոխություն ընդամենը մի քանի քայլից, իր համար խայտառակ արագությամբ, հանգեցնելու է ինքնաոչնչացման: ՈՒստի համակարգի ինքնապահպանման բնազդն օրենքի ուժ է տալիս ձե՜-վա՜-կա՜ն փոփոխությունների անհրաժեշտությանը` բովանդակայինը մերժելով հիմքում ու իսպառ. ի վերջո, ի՜նչ մեղադրես հիվանդին, որ ուզում է ապրել...
Այդպես ձևականն իշխում է բովանդակայինի վրա կյանքի նույնիսկ այն ոլորտներում, որոնք առաջին հայացքից հեռու են քաղաքականությունից: Բայց դա առաջին հայացքից. ճշգրտորեն նույն ձևական հաջողությունների մեջ են գիտությունը, կրթությունը, մշակույթը, սպորտը... Ու եթե հանկարծ ինչ-որ մեկը, սեփական անհեռատես անշրջահայացությունից դրդված, սխալմամբ, մոլորության մեջ ընկնելով, պատահաբար, ինքնաբերաբար բովանդակային որևէ փոփոխության առաջարկ է անում, նրա վրա հարձակվում է ամբողջ համակարգը, որ սովորել է ձևականին, երկրորդ թարմության նորարարությանը, անմակարդակ ու անուղեղ ծառայություններ ստանալուն, որովհետև դա քանիցս փորձարկված է, ո՛չ ժամանակ է պահանջում, ո՛չ ջանք, ո՛չ էլ առանձնապես հետևանք է ունենալու, մինչդեռ բովանդակայինը հաստատապես խարխլելու էր իր հարազատ հիմքերը, իսկ եթե հանկարծ էլի ինչ-որ մեկը մտածի ոչ «հանձնարարված» թեմայով...
Հենց այսպես էլ նշում ենք մեր բոլոր ձևական հաջողությունների ձևական հոբելյանները...
...Սերունդն է ափսոս. այսօր արժեհամակարգի չափանիշ պարտադրում ենք ձևականը, վաղը ստանալու ենք բովանդակազուրկ, սնամեջ ու իր դատարկության մեջ կատարելագործված այն հետևանքը, որին արդեն չես էլ բացատրի` բովանդակությունն ինչ էր...
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2880

Մեկնաբանություններ