Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Կարճ պատմություններ

Կարճ պատմություններ
14.09.2018 | 03:44

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ


Շատ տպավորի՜չ էր: ՈՒղղակի ցնցո՜ղ: Բոլոր պերսոնաժները դիմակներով էին: Բոլոր նկարների վրա: Ինչպիսի՜ միստիկ աշխարհ: Ինչպիսի՜ խորհրդավորություն, ինչպիսի՜ կախարդական մթնոլորտ: Հետաքրքիր է, թե ինչն էր դրդել նկարչուհուն բոլորին դիմակ հագցնել: Ո՞րն էր գաղտնիքը: Գուցե ուզում էր ասել, թե մարդիկ թաքցնում են իրենց էությունը դիմակների տակ: Գուցե` որ պետք չէ մարդուն վստահել և հավատալ, որ պետք է նրանից զգույշ մնալ... և այլն, և այլն։ Հազար ու մի պոետիկ ու էկզիստենցիալ հարցեր էին ծնվում այդ խորհրդավոր նկարներին նայելիս:

Միայն մեկ պերսոնաժ կար, որ դիմակ չուներ: Երևի անկեղծ ու նորմալ մարդու խորհրդանիշն էր, սակայն այդ տղամարդը կորչում էր դիմակների բազմության մեջ։ Դա էլ, անշուշտ, տրամաբանված էր և մի առանձնահատուկ իմաստ ու խորհուրդ էր հաղորդում։
Աչքս հանկարծ ընկավ մի այցելուի վրա: Շատ էր նման կտավների տղամարդուն:
-Դու՞ք եք,- ժպտացի ես:
-Այո, ճանչցա՞ք, նկարչուհիին ամուսինն եմ:
-Այդ դեպքում, բացատրեք խնդրեմ, թե ինչու՞ եք միայն Դուք առանց դիմակի, դա ի՞նչ է խորհրդանշում։
-Բան մըն ալ չի խորհրդանշեր, պարզապես միայն ես կրնայի ժամերով անվճար նստիլ կնոջս առջև: Մյուս բնորդներուն վճարել պետք էր: Իսկ մենք ադչափ դրամ չունինք: Ի դեպ, այդ դիմակներու գաղափարը իմըս էր։ Աղվոր է, չէ՞, ի՞նչ կը խորհիք,- իրենից գոհ ժպտաց պարզմիտ ամուսինը:
Ահա՜ թե ինչ, իսկ ես այստեղ կանգնած, ջանում եմ «խորհրդավոր» նկարչուհու ներաշխարհը թափանցել... Ինչպիսի՜ հիասթափություն:

ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ


- Աս մարդը, անշուշտ, պոլիսին հետ կապեր ունի:
- ՈՒրկե՞ գիտցար:
- Երեկ ինք ըսավ. «կը պատահի որ պոլիսին հետ հեռաձայնով կես ժամ խոսիմ, գործ ըլլա նե՝ կը խոսիմ»։ ՈՒրեմն մտերմություն ունի պոլիսին հետ:
- Ջանը՛մ, ինչե՜ր կը խոսիս, մարդը պոլսեցի է, աղջիկը Պոլիս կը բնակի, այսօր ալ հետը խոսեցավ հեռաձայնով։ Պոլի՛ս, ոչ թե՝ պոլիս:

ԱԼ ԿԲԱՎԵ


-Կնիկս իսպառ խելքը թռցուցեր է: Գերեզմանատանը մեզի համար հողաբաժին առեր է:
-Կանուխ չէ՞, տակավին շատ երիտասարդ եք:
-Ի՞նչ գիտնամ, միտքեն ինչե՜ր անցած են: Ատոր ախորժակին նայե, կուզե ան աշխարհին մեջն ալ քովս պառկիլ... Ջանըմ, պրծում չիկա՞ ատկե... Չպիտի կողքին պառկիմ: Ինծի պիտի վառել տամ, մոխիրն ալ Արարատյան դաշտավայրին մեջը սփռեն... Ինքն ալ որու հետ կուզե թող պառկե, ինծի համար միևնույն է... Ալ կը բավե՜:

«ՏԽՈՒՐ ԹԱՏՐՈՆԻ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ»


«Հանճարեղ» թարգմանիչը հավանաբար դրամատիկ թատրոնը նկատի ուներ:

ՖՐԱՆՍԻԱՅՈՒ՞Մ, ԹԵ՞ ՖՐԱՆՍԱՅԵՆ


- Ասոր ոտքը հոս տեղեն պիտի կտրեմ,- հոխորտում էր բժիշկը:
- Ո՞ր տեղեն, վարե՞ն, չէ նե վերեն, - հետաքրքրվեց մյուսը:
- Հո՛ս տեղեն... Ֆրանսայե՛ն: Թող Հայաստան դառնա:
Եվ իրոք համոզեց հիվանդին, թե ոտքի վիրահատումը խիստ անհրաժեշտ է:
Սակայն հիվանդը Հայաստան մեկնեց: Այնտեղ նրա ոտքը չկտրեցին՝ բուժեցին:
Ֆրանսիայում էր, որ պիտի կտրեին, թե Ֆրանսայեն պիտի կտրեին` լավ չհասկացա:

ՄՈԴԱՅԻ ՀԱՐՑ Է, ՄՈԴԱՅԻ


- Ասիկա ապուշ նկարիչ մըն է, ասոր թապլոները աղբանոցին մեջը տեսա նետված:
- Էհ, այնքան մարդիկ կան աշխարհիս երեսին, որ արվեստեն բան չեն հասկնար, իշտե, նետեր են։
- Ոչ, կը սխալիս, ես ալ անոր չեմ հավնիր, պարապ տեղը ակադեմիսիեն դարձուցին, սո՜ւտ փառք մըն է։
- Է, թապլոն աղբանոցեն չառի՞ր:
- Ապու՞շ եմ, ի՞նչ է, հարկավ առի, աղվոր գինով ալ վաճառեցի:
- Հապա ինչու՞ կ’ըսես, որ տաղանդ չունի: Դուն քո նկարներդ կրնա՞ս ադ գինով վաճառել:
- Ջանմ, տաղանդի հարց չէ, կ՚ըսեմ, մոդայի հարց է, մոդայի։ Համենայն դեպս, իմ թապլոներս մարդիկ աղբանոց չեն նետեր։
- Է, առած ունի՞ն, որ նետած ըլլան։


ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՍ ԻՇՈՒ ՊԵՍ ԱՇԽԱՏԵՑԱ, ՈՐ ՎԵՐՋԸ ՄԱՐԴՈՒ ՊԵՍ ԱՊՐԻՄ...


«Այս տարի Հունաստան հավաքվեցանք: Տարբեր երկիրներե եկած էինք` Ամերիկա, Կանատա, Անգլիա, Ֆրանսա, Բեյրութ, մեկ խոսքով, աշխարհի տարբեր ծայրերե, ուր հասած և հաստատված են հայերը: Գրեթե բոլորս մանկության ընկերներ ենք, 30-40 հոգիով կը հավաքվինք, քեֆ կ’ընենք կոր՝ կիներով, էրիկներով, չոճուխներով։ Աթենքի ամենեն սուղ պանդոկը կ’ապրինք, սուղ ռեստորանը կը ճաշենք... կը խոսինք, կը խնդանք, Հայաստանին վրա ա՜խ կը քաշենք, հայկական կ’երգենք, նոր քասեթներ իրարու կը փոխանակենք, կը ձայնագրենք։ Այնքան կուտենք-կխմենք, որ չենք կրնար մարսիլ, ստամոքսներնիս կ’այրի, քուներնիս կը խանգարվի։ Իշտե, գիշերները դուրս կ’ելլանք, աղջիկներու քով կ’երթանք, կամ, ով որ մինակը եկեր է հոս, պանդոկը կը բերե, որ մյուսներն ալ տեսնան համոզվին, որ կյանքը վայելել գիտե։ Ասանկ տեղեր միշտ կ’աշխատիմ մինակս երթալ, կինս տունը կը ձգեմ, որ վայելքս չխանգարե։ Ճիշտ է, ադչափ ուտելե ետք դժվար է աղջիկներու հետ զբաղիլը, սակայն, հոգ չէ, անոնք մեզմով արդեն կը զբաղին, ինչ-որ պետք է կ’ընեն, չէ՞ որ աղվոր կը վճարվին։ Սիգարաս կը վառեմ, փաշային պես կը վայելեմ։
Ետքը տուն կուգամ, տիեթա, ռեժիմ կ’ընեմ, որ քիչ մը փորս մաշեմ, նիհարնամ։ Է, ի՞նչ ըսեմ, հաճո՜ւյք մըն է։
Ետքը դրացիներով, բարեկամներով, ազգականներով կը հավաքվինք, վիտեոները, լուսանկարները ցույց կուտամ, կը պատմեմ, թե որու՞ տեսա-չտեսա. Հակոբին տեսա, Սոնային տեսա, ասոր տեսա, անոր տեսա, ցույց կուտամ, թե ուր գացի, ինչ կերա, ուր կ’ապրեի` ամենեն լյուքս պանդոկը և այլն, և այլն։ Որ ժամանակս շատ աղվոր անցուցի, որ շատ գոհ մնացի։ ՈՒ երբ կը տեսնամ, թե ներկաներու հայացքին մեջը որքան հարգանք կա իմ անձիս հանդեպ, ավելի լավ կը զգամ ինքզինքս: Իրավունք ունիմ անշուշտ վայելելու... Ամբողջ կյանքս իշու պես աշխատեցա, որ վերջը մարդու պես ապրիմ»:

ԲԱՍՏՐՄԱՋԻ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԳԱՂՏՆԻՔԸ


Բաստուրմայի վարպետ Հովհաննեսը Փարիզ էր եկել՝ մշտական բնակության: Եվ քանի որ կյանքում մեծ ծրագրեր ուներ, Երևանից հետը մի կարևոր փաստաթուղթ էր բերել՝ բազմաթիվ կառավարական կնիքներով հաստատված, որ ինքն աշխարհի ամենալավ բաստրմաջին է, և որ Ֆրանսիան չի զղջա նրան իր գիրկն առնելով: Անկարելի էր պատկերացնել, թե ինչպիսի ապրումներով էին ստորագրում այդ երաշխավորագիր-փաստաթուղթը մեր հայրենի նախարարները և որքա՜ն բաստուրմա էին ստացել որպես հատուցում:
Ի վերջո, ճարպիկ բաստրմաջին սեփական գործ է բացում Փարիզում, և առևտուրը բավական լավ է գնում: Սակայն անձնական կյանքում մեծ խնդիրներ են ծագում: Բանն այն է, որ բոլոր կանայք, որոնց նա սիրահետում էր, իսկույն փախչում էին նրանից, քանի որ նրա ամեն ինչից բաստուրմայի հոտ էր գալիս. մեքենայից, տնից, շորերից, մաշկից՝ որքան էլ որ լողանար, մազերից, նույնիսկ համբուրվելուց աղջիկները բաստուրմայի համ ու հոտ էին առնում, իսկ դա անտանելի էր։ Բաստուրման նրա էությունն էր դարձել, նրա միս ու արյունը, թափանցելով մինչև ուղն ու ծուծը: Ուրիշ կերպ չէր էլ կարող լինել՝ նա իր արհեստի, այսինքն` բաստուրմայի նվիրյալն էր:
Սակայն բաստրմաջի Հովհաննեսը չէր հուսահատվում, և բախտը ժպտաց նրան. նա հանդիպեց բեյրութցի Մարալին, որի հայրը Բեյրութում շատ հայտնի բաստրմաջի էր: Նրանք պատերազմից փախել էին Փարիզ, և հանդիպումը «ձախորդ» Հովհաննեսի համար երջանիկ դարձավ: «Երկուքն ալ ոտքից գլուխ բաստրմա կհոտեին»: Ինչպես ասում են, իրար գտան: Եվ շատ երջանիկ էին: Ամուսնացան և բազմաթիվ զավակներ ունեցան, որոնցից նույնպես բաստուրմայի հոտ էր գալիս։ Սակայն դա չէր խանգարում նրանց երջանկությանը, քանի որ նույն հոտն ունեին և ոչինչ չէին զգում: Ինչպես շատերն իրենց արատները։

ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՄՆԱՑ, ԾՈ ԱՊՈՒ՛Շ...


-Է, Օննիկ, դու՞ն ես, ինտո՞ր եք, տղաքը աղե՞կ են: Հերմինն է: Աէրոփորեն թելեֆոն կ’ընեմ կոր: Ամուսինս քովս է: Մեկ ժամեն ավիոն պիտի առնինք: Հայաստան կ’երթանք կոր: Մեկ ամիս հոն պիտի կենանք։ Բարով մնաք հոս։ Պաչիկներ։
-Սաքօ՛, բարև, Հերմինն է։ Շառլ տը Կոլեն կը խոսիմ կոր, մեկ ժամեն ավիոն պիտի նստինք, հինգը ժամեն Հայաստան կ’ըլլանք։ Է, հարկավ, ամուսինիս հետ, քովս կեցած է։ Հայաստան ճիշտ ամիս մը պիտի կենանք։ Անշուշտ պիզնես քլասով, ուրիշ կերպ չ’ըլլար։ Լեզվի սեմփոզիոմի կ’երթամ կոր, նախարարության պատվո հյուրն ենք:
-Տիկին Թութունճյա՞ն... Հերմինն է... Աէրոփորեն թելեֆոն կը բանամ, Հայաստան կ’երթանք կոր։ Ըսի, երթալեն առաջ, մեյ մը տեսնամ ինտո՞ր եք։ Հարկավ ամուսինիս հետ եմ, քովս է։ Մեկ ժամեն ավիոն պիտի առնենք, հինգը ժամեն հոն պիտի ըլլանք` մեր Հայաստան երկիրը։ Հոն տեղեն քեզի նորեն թելեֆոն կը բանամ։ Չէ, ճանըմ, անհոգ եղիր, կառավարության հյուրն ենք։ Հարկավ պիզնես քլասով։ Լա՛վ, առայժմ։
-Ռոզի՞ն, բարի լույս, Հերմինն է, ինտո՞ր ես, աղե՞կ ես: Հայաստան պիտի երթամ, աէրոփորեն կը խոսիմ կոր, ըսի մեյ մը տեսնամ ինտոր ես: Դուն չպիտի՞ երթաս: Ոչ, ի՜նչ կ’ըսես, կառավարության հյուրն եմ, անոնց ծախսով կ’երթամ կոր: Մեկ ժամեն... հինգ ժամեն... մեկ ամիս... պիզնես քլաս... Պաչիկ:
-Թորգո՞մ, կը զարմանա՞ս, ճանչցա՞ր... է, լավ է, լավ է... այո, շատ կուզեի հետդ երկար խոսիլ, սակայն չեմ կրնար, մեկ ժամեն ավիոն... հինգ ժամեն Հայաստան... Լեզվի սեմփոզիոմ... ուղղագրության հարցը պիտի պաշտպանեմ... Ատկե ավելի կարևոր բան կա՞ մեզի համար... Կ’աճապարիմ... ցը...
-Ամմա՜ն, ուշ մնացինք, իշու պես կեցեր ես, ավիոնը փախցուցինք... մերը չէ՞ր... այո՛, թռա՛վ... ինչպե՞ս թե հոգ մ’ըներ, ինչպե՞ս թե մյուսով կ’երթանք... մյուսը երեք օրեն է... ուղղագրության հարցը մնաց, ծո ապո՛ւշ...

«ԱՐԻ՛ ՏՈՒՆ»


Միստր Մ-ն և միսիս Ն-ն, անսալով «Արի՛ տուն» կոչին, ժամանեցին ազատանկախ Հայաստան, որ իրենց արձակուրդը վերջապես հարազատ երկրում անցկացնեն: Ամեն բան վճռված էր և վճարված նախօրոք, ամեն բան կարգադրված, հազար անգամ հեռաձայնով և էմեյլներով ստուգված, հաստատված և վերահաստատված: Սակայն նրանց հանգիստը դարձավ մղձավանջ՝ «շնորհիվ» նոր զարգացող դեմոկրատական երկրի աճող կապիտալիստական հարաբերությունների նորածին աղաների: Ասում են` նախկինում այս հանգստյան տունը գժանոց էր, գժերին բերում էին բուժվելու, այժմ առողջներին են բերում… գժվելու:
Նրանց խոստացել էին լճին նայող ամենալավ սենյակը հատկացնել՝ վերևի հարկում: Սակայն երիտասարդ աղան հանգիստ հայտնեց, որ այդ սենյակը զբաղված է, և որ պետք կլինի երկու օր սպասել: «Իսկ մինչ այդ կապրեք առաջին հարկում»,- հանգիստ կարգադրեց նա:
-Ինչպե՞ս թե: Առաջին հարկի սենյակները շատ ավելի աժան են և հարմարավետ չեն, և լիճը հոնկե չ’երևար, ադանկ էր գրված ռեկլամին գրքույկին մեջ: Մենք երկու անգամ ավել վճարած ենք:
-Նշանակություն չունի, ձեզ վերապահված սենյակում շատ կարևոր մարդիկ են ապրում և ձեզնից ավելի թանկ են վճարում: Այնպես որ, պետք է սպասեք: Անհարմար է նրանց անհանգստացնել:
-Սակայն Դուք գիտեիք, որ մենք այսօր պիտի գանք: Ինչու՞ անոնց չեք հայտնած, որ մեր սենյակն ազատեն:
-Ինչպե՞ս նման բան ասես: Մարդիկ իրենց համար լավ հանգստանում են, դա մարդկություն կլինի՞:
-Դուք կը կարծեք, որ ձեր ըրածը մեր հանդեպ մարդկությու՞ն է, այսինքն` մարդասիրությու՞ն: Գոնե նախօրոք հայտնեիք, որ քանի մը օր ուշ գայինք, չնայած, ի՞նչ կ’ըսեմ, ջանըմ, ինքնաթիռի տոմսակները վաղուց ապսպրված էին, այլևս փոխել հնարավոր չէր, նոր տոմսակ պիտի գնեինք…
-Ինչ կարիք կա շուխուռ գցելու: Էղածը մի բան չի: Երկու օրն ի՞նչ ա, որ չեք ուզում սպասել: Սենյակների տարբերությունը շատ մեծ չի…
-Սակայն գիներուն տարբերությունը բավական մեծ է, ատիկա ինչ-որ նշանակություն պիտի ունենա՞, թե՞ ոչ… Հավանաբար պայմաններն ալ ատոր համապատասխան պիտի ըլլան։ Իսկ ինչու՞ չեք ուզեր անոնց խնդրել, որ վար իջնան, եթե տարբերությունը ադքան ալ մեծ չէ: Ներողություն խնդրեցեք թյուրիմացության համար, բացատրեցեք, որ արտասահմանեն մարդիկ եկեր են` պայմանագիրով, և որ պետք է սենյակն անհապաղ ազատել. թող անոնք վար իջնան։
-Չէ, չի լինի, դրանք շա՜տ կարգին մարդիկ են:
-Պարոն, դուք մեզի կը վիրավորեք կոր, մենք ալ… ինչպե՞ս ըսեմ… կարգին մարդիկ ենք… Դուք, ի՞նչ է, մեզի չճանչցա՞ք, շատ ցավալի է, կ’երևի, թե շատ երիտասարդ եք, մութուցուրտ տարիներուն ծնած, ոչինչ գիտեք։ Ես ձեզ չեմ մեղադրեր, ճիշտ հասկցեք, բայց Ձեր ըրածն ուղղակի, մեղմ ասած, անտրամաբանական է… ապսյու՜րտ։ Դուք, կ’երևի, չեք գիտեր, որ ադպես չի կարելի աշխատիլ, որ նորմալ երկիրի մը մեջ Ձեզի գործեն իսկույն կը հեռացնեին…
-Դե, որ երկիրը դուրներդ չի գալիս, էլ ընչի՞ եք էկել: Ձեր սիրած երկիրը մնայիք: Սրանց նայեք, էկել են երկրի բարիքներից օգտվելու և հըլը պոզ ու պոչ են կպցնում: Է՛ս ա, կուզեք մնացեք, կուզեք գնացեք: ՈՒրիշ վարիանտ չկա: Նայեք տեսեք, մարդիկ գալիս են, Երևանի շոգից ուժասպառ, պատրաստ են միջանցքում, պոլին քնել, ահագին էլ գումար են առաջարկում… Սրանց դու՜րը չի գալիս… Արա, սրանք շատ են զարգացել իրանց արտասահմաններում… Գայիք մի քիչ մեզ հետ ցրտին-մթին նստեիք, տեսնեմ, հըմի ի՞նչ էիք երգելու… Պադումայեշ, արտասահմանցի՜ք… Ես էլ կարայի արտասահմանցի ըլնեի` չուզեցի։ Հենա հորեղբորս տղերքը բոլորն էլ Ամերիկա են գնացել, հետո՞ ինչ, արա… Իմ բիզնեսն էստեղ ա քալում, հասկացեք, հազար արտասահման արժի: Իմ արտասահմա՛նն էլ, իմ հայրենի՛քն էլ` իմ բիզնե՜սն ա:
-Բայց, պարոն, այդպես մի խոսիք, երկիրը միայն ձերը չէ, երկիրը բոլորինն է, ամբողջ հայությանը:
-Դուք էդպես մտածեք, բայց իրականում տենց չի, մենք արդեն սաղ տեղերը բաժանել ենք, արուն ենք թափել էդ տեղերի համար, արու՜ն… Իսկ դուք ինչքան ուզում եք ասեք, թե բոլորինն ա… Մերն ա, մերը` էս աթոռներին նստածներինն ա։
-Պարոն, եթե շարունակեք ատանկ խոսիլ, չեք կարծե՞ր, որ կրնաք զրկվիլ Ձեր այդ աթոռեն ու մեղադրյալի աթոռին հայտնվիլ:
-Արա, էս ի՞նչ ա ասում:
-Մենք աս գործն ասանկ չենք ձգեր: Մարդու իրավունքներու պաշտպանության մարմին կը դիմենք…
-Արա, սրանք խաթա՞ են գլխիս, ասում էի, չէ՞, էս ախպարների հետ գործ չունեք, մեր բիզնեսը տեղի հայերի հետ լավ էլ գնում ա, թե էս ու՞մ խելքին էր փչեց, որ ախպարները հայրենիքի համար պատրաստ են իրանց փողերը շաղ տալ: Արա, մի ժամ ա հասկացնում եմ, որ քեզնից ավելի շատ փող տվող կա, տեղիցդ շարժվիր, այսինքն քսակդ բաց, սրանք իրանց տանձի տեղ են դրել, իբր գլխի չեն ընկնում, թե ինչ նամյոկ եմ անում, մարդու իրավունքների մարմին են դիմում… Տո, դիմեք, դիմե՜ք, կարծում եք վախեցա՞… Ես էլ ուրիշ մարմին կդիմեմ, որ եկել եք էստեղ կապրիզներ եք անում` էստեղ չեմ ուզում, էնտեղ չեմ ուզում… Սրա՛նց նայեք, գլխիս նաչալնիկ են խաղում… Արա, ընձի բռնեք, թե չէ սրանց մի բան կանեմ:
Սկսում է ինքն իրեն բռունցքներով հարվածել:
Երեք անհայտներ են իսկույն հայտնվում, ասես պատի միջով անցան, և աղային զսպելու փորձեր անում: Վերջապես նստեցնում են իր աթոռին, մի բաժակ հանքային ջուր տալիս սառնարանից և ականջին ինչ-որ բան շշնջում: Աղայի դեմքն իսկույն փոխվում է: Ձեռքի հեռախոսը մեկնում են նրան:
-Լավ, լավ, հասկացանք… Շեֆ ջան, կարաս դու համոզի, ինձ չեն լսում, ասում են` միջազգային սկանդալ կդնենք… հեռախոսով ասա, ցավդ տանեմ… ես մեղավոր չեմ, սրանք ուրիշ ֆռուկտ են էրևում, եղա՛վ… փոխանցում եմ…
Հեռախոսը տալիս են պարոնին: Պարոնը լսում է շեֆի մենախոսությունը, հետո անսպասելի ժպտում է և ասում. «Աղեկ, աղեկ, կը հասկնամ, մենք ալ մարդ ենք… միայն մեկ գիշե՞ր…»,- բազմանշանակալից նայում է աղային, հետո, հաղթական` կնոջը:
Հեռախոսը փոխանցում է Աղային, որը թրջված հավի պես լսում է շեֆին:
«Այ տղա, սովորի, էլի, հեչ խելք չունես, տեսնում ես համառ են, դու էլ ուրիշ տակտիկա բանացրու, խաբի, խոստացի, հետո մի արա… Ասել եմ` մի գիշերով ընդամենը, համաձայնվեցին, մնացածը` քեզ տեսնեմ»:
Աղան հեռախոսն անջատելուց հետո, մի քանի վայրկյան լուռ նստել էր` անորոշ արտահայտությամբ:
Տիկինը, որ աչքերը չռել էր ամուսնուն, ֆշշացրեց. «Ինչու՞ համաձայնեցիր»: Ամուսինն արդարանում էր. «Ինծի ըսավ, որ շատ ծանր վիճակին մեջ են, պարտքեր ունին եղեր, պիզնեսը շատ գեշ կը քալե, ատ մեր սենյակին մարդը իբրև թե իրենց դրամական աջակցություն խոստացեր է կամ նման բան մը, աղեկ չը հասկցա, է ես ալ ըսի` մենք ալ մարդ ենք, կը հասկնանք կոր, շա՜տ, շատ շնորհակալություն ըսավ: Անուշիկ մարդ կ’երևի…»:
-Դուն միշտ անանգ եղած ես, քեզի համոզելը դյուրին է, ես պիտի խոսեի,- կատաղել էր տիկինը:
-Կնիկ, վերջ տուր, չէ նե ինծի ջուրը պիտի նետեմ, տեր Աստված, աս ի՞նչ պատուհաս էր: Ետքն ալ կ’ըսեն «Արի՛ տուն»:

Անահիտ ԹՈՓՉՅԱՆ
Փարիզ-Երևան,
1992-2008

Դիտվել է՝ 102127

Մեկնաբանություններ