Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Այն, ինչ փորձում են մատուցել սոցցանցերով, խայտառակ հերյուրանք է»

«Այն, ինչ փորձում են մատուցել սոցցանցերով,  խայտառակ հերյուրանք է»
15.04.2016 | 09:46

Երուսաղեմի «Ժառանգավորաց» վարժարանի նախկին ուսուցիչ ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ երեք տարի իմաստասիրություն, բարոյագիտություն և գրաբար է դասավանդել, և, որպես վանքի, վարժարանի և նրա հոգևորականության վարքին և բարոյական նկարագրին «ներսից» ծանոթ անձ, «Իրատեսի» էջերից իր խոսքն է ուղղում Facebook-յան մի խումբ օգտատերերի:


-Սկսեմ նրանից, որ երեք տարի աշխատել եմ Երուսաղեմում, ուսումնասիրել հոգևորականների կյանքը, նաև մասնագիտորեն հոգեբանությամբ զբաղվել և, բնականաբար, շփվելով հոգևորականների և ուսանողների հետ, պատկերացում եմ կազմել նրանց թե՛ կենցաղավարության, թե՛ ընդհանրապես նպատակադրության մասին: Ճիշտ է, դժգոհություն կա այնտեղ, որ վանական համակարգը, որը համարվում է եկեղեցու շնչառությունը բացող թոքերը, չի կարող այս պայմաններում զարգանալ: Բայց այն, ինչ վերաբերում է մարդկային սովորական պատշաճ ապրելակերպին, վարքաձևերին, շատ բարձր մակարդակի վրա է: Ասել է՝ Facebook-ում շրջանառվողը հերյուրանք է: Ասեմ նաև, հայ եկեղեցին քրիստոնեական համաշխարհային եկեղեցու մեջ ունի իր պատվավոր և շատ բարձր տեղը, ինչն առաջին հայացքից ասես հակասում է իրողությանը. նկատի ունեմ մեր ազգի փոքրությունը և այն, որ մեր պետությունը հզոր չէ:
-Փաստենք, քրիստոնեական աշխարհում հայ եկեղեցու գրաված պատվավոր և բարձր (ինչպես Դուք եք նշում) տեղն էլ հենց շարժում է օտարների նախանձն ու տարբեր միջադեպերի առիթ հանդիսանում:
-Այո, շատերի նախանձն է շարժում, և հակասությունները, որ լինում են մեր և հունաց եկեղեցիների միջև, հաճախ ուռճացված են ներկայացվում:
-Այժմ անդրադառնանք խնդրին, որը և Ձեզ բերեց «Իրատեսի» խմբագրություն:
-Եթե պղծության իրական փաստեր լինեին, ինչպես պնդում են Facebook-յան որոշ օգտատերեր, հնարավոր չէր լինի կոծկել, այն էլ տարիներ շարունակ: Անմիջապես նման բանը կդրվեր շրջանառության մեջ և ավելի կուռճացվեր: «Ժառանգավորաց» վարժարանը ազգասեր ու հայրենապաշտ հոգևորականներ ունի: Շատերին, առանց այլևայլության, կարելի է քրիստոնյա հոգևորականի տիպար համարել: Այնտեղ աշխատում են պատվարժան մարդիկ, ու ամեն մեկը զբաղված է իր գործով: Որպեսզի բառերս չհնչեն որպես ձայն բարբառո հանապատի, հավելեմ՝ քաղաքական որոշ հարցերի վերաբերյալ հակասություններ ունեցա, ինչի պատճառով էլ հեռացա Երուսաղեմից: Նույնիսկ վիրավորված եմ: Բայց ճշմարտությունը մեկն է ու ամեն ինչից բարձր է՝ այնտեղ տիրում է բարոյական մթնոլորտ:
Եկեղեցին մեզ համար սրբություն է: Եվ եկեղեցին միայն հոգևորականները չեն: Եկեղեցին նախ և առաջ մեր հավատացյալ ժողովուրդն է, հետո նրանից ծնվող, ընտրվող հոգևորականներն են, դավանաբանությունն է: Եկեղեցին նաև երկնային հաղթական եկեղեցին է, այստեղ մենք զինվորյալ եկեղեցու մեջ ենք՝ յուրաքանչյուրս մեր չափով: Կրկնում եմ՝ այն, ինչ փորձում են մատուցել սոցցանցերով, խայտառակ հերյուրանք է:


Ճեպազրույցը՝
Գայանե ԱԹԱՆՅԱՆԻ

Դիտվել է՝ 17617

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ