ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Աղասի Այվազյանը ապագայի գրող է»

«Աղասի Այվազյանը ապագայի գրող է»
17.04.2015 | 00:23

«Աղասի Այվազյանը արմատներով Էրզրումից է: Նախնիների կանչը և արյան ամբողջ մղումը դեպի հայրենիքի, ցեղի արմատները (ինչպես ինքն է ասում) դրոշմված են նրա և՛ ստեղծագործական կյանքում, և՛ հայացքներում, և՛ աչքերում, և մարդկանց հետ շփումներում»,- երեկ «Իրատես de facto» ակումբում ասաց բանասիրական գիտությունների թեկնածու, այվազյանագետ, գրականագետ ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆԸ, նշելով, որ Աղասի Այվազյանը չի ասում եղեռն, չի ասում ցեղասպանություն, նա ասում է՝ տխուր դեպքեր: Շատ ստեղծագործություններում ուղղակի գրում է եղեռնի հետևանքների մասին, բայց չի նկարագրում ոչ մի սահմռկեցուցիչ դրվագ: «Նրա ստեղծագործության մեջ տեսնում ենք հոգու կսկիծ, հոգու սարսափելի անկում, ապրելու ցանկություն,- հստակեցրեց գրականագետը:- Որովհետև արմատը զգում է հողը, ծառի տերևները զգում են, թե ինչպես է տառապում մայրը. եթե գաղթ է եղել, և հայի որդիները գնացել են Ավստրալիա, Ֆրանսիա, Ամերիկա, չի նշանակում, թե նրանք լավ են այսօր կամ չեն զգում ցեղի ֆիզիոլոգիան»:
Բանախոսը նշեց, որ Աղասի Այվազյան գրողին, մարդուն հանրայնացնելու գործում մեծ դեր են ունեցել լրագրողները։ Գրականագետները գրում են, կարդում, ելույթներ ունենում, բայց լրագրողն անմիջապես տեղ է հասցնում խոսքը. «Եթե շարունակվի նրա գրականության նկատմամբ լուրջ վերաբերմունքը, որ կա այսօր, ապա տասը տարի հետո կդառնա ամենահետաքրքիր գրողներից մեկը: Առաջին հերթին մարդկային հարաբերությունները կփոխվեն: Րաֆֆին ասում էր՝ մի գիրքը կարող է փրկել մի ամբողջ ազգ: ՈՒսումնասիրել գրողի կյանքն ու ստեղծագործությունը չի նշանակում պաշտամունքի հասցնել կամ չափազանցել: Նա իրոք մեծ է: Նրա գրականությունը բազմաձայն է, բազմաշերտ: Աղասի Այվազյանը ապագայի գրող է»:
Այվազյանը թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, պարսկերեն և այլ լեզուներով: «Ռուս մտավորականությունը նրան ճանաչում է, սակայն այստեղ, կարող եմ ասել, մտավորականությունը լավ ծանոթ չէ Աղասի Այվազյանին»,- ասաց գրականագետը:
Դպրոցական ծրագրերում Այվազյանի գրականությունը տեղ չի գտել մինչ օրս: Բանախոսի փոխանցմամբ՝ խորհրդակցություններ են լինում, հետաքրքրվում են, բայց հստակ քայլեր չեն արվում:
Հավելենք, որ շուտով լույս կտեսնի Անի Փաշայանի «Աղասի Այվազյան» մենագրությունը։ Գրականագետի խոսքով՝ վեր է հանելու Աղասի Այվազյանի արձակի արվեստը: Գիրքը նվիրվում է անվանի գրողի 90-ամյակին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 236672

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ