«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ ԿԱՐԵՎՈՐ Է ԿՅԱՆՔԻ ՈՐՈՇԱԿԻ ԽՆԴԻՐՆԵՐ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԲԱՅՑ, ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ, ԱՅՆ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԳՈՒՄԱՐ Է»

«ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ ԿԱՐԵՎՈՐ Է ԿՅԱՆՔԻ ՈՐՈՇԱԿԻ ԽՆԴԻՐՆԵՐ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԲԱՅՑ, ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ, ԱՅՆ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԳՈՒՄԱՐ Է»
27.11.2009 | 00:00

Գրեթե բոլոր երկրների ճգնաժամային բյուջեների կարևորագույն խնդիրներից մեկը կրթության ոլորտին հատկացվող գումարների առավելագույն պահպանումն է՝ հասկանալով, որ կրթության մեջ ներդրվող ֆինանսական միջոցները հարստություն են վերարտադրում։ Մեր կրթական բյուջեն այս տարի կրճատվեց 12,8 տոկոսով։ Կրճատված բյուջեով հնարավո՞ր է պահպանել ոլորտի զարգացման ծրագրերը և ձգտել մրցունակ, արդիական, բարեփոխվող կրթական համակարգի։ Այս հարցով սկսվեց զրույցը ՀՀ կրթության և գիտության նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ հետ։
-Կրթության ոլորտին հատկացված գումարները տարիներ շարունակ, անգամ տնտեսական աճի պայմաններում, բեկումնային չեն եղել և 2010-ին առավել ևս չեն լինելու,- մանրամասնում է ԿԳ նախարարը։- Ի՞նչ եմ հասկանում` բեկումնային գումար ասելով։ Երբ մեր առջև դնում ենք հավակնոտ նպատակներ և իրականում հասկանում ենք, որ մարդկային ռեսուրսի վրա խարսխված հասարակության ապագան կրթությունն ու մշակույթն է, այդ ոլորտներում պետք է ներդնենք նաև լուրջ ֆինանսներ։ Անգամ ոչ երկնիշ, այլ կրկնապատիկ ավելացումներով, եթե ցանկանում ենք ապահովել արագ և բեկումնային աճ։ Այդ բեկումնային ներդրումները երբեք չեն արվել կրթության բնագավառում, որովհետև պետությունը, այնուհանդերձ, ունի երկու կարևոր խնդիր ևս՝ ազգային անվտանգության (առանց որի անիմաստ է կրթել հասարակությունը) և սոցիալական, որը մեր պետության համար գերակա ծախսային ուղղություններից մեկն է։ Այս երկու ոլորտներից հետո, իհարկե, երրորդը կրթությունն է։ Այդպես էլ արտացոլված է բյուջեում։ Ինչ վերաբերում է եկող տարվա կրթական բյուջեին, ապա այն հիմնականում կրճատվում է կապիտալ ներդրումների հաշվին։ Երկրորդ պատճառն օբյեկտիվ է՝ ժողովրդագրությունը։ Համենայն դեպս, կրճատումները, որոնք նախնական բյուջետային նախագծում եղել են, ինչպես ԱԺ քննարկումների ժամանակ հայտարարեցինք ես և ֆինանսների նախարարը, մի փոքր կշտկվեն։ Մոտ 4 միլիարդ դրամ կուղղվի դպրոցաշինության բնագավառին։ Բյուջեում պահպանված են այն բոլոր բարեփոխումների ուղղությունները, որոնք ֆինանսավորվել են նույնիսկ 2009 թ. ընթացքում։ Մասնավորապես, ընդլայնվել է ավագ դպրոցների ցանցը, որտեղ լրացուցիչ ծախսեր են նախատեսվում առնվազն ուսուցիչների վարձատրության հետ կապված։ Ներառական կրթություն իրականացնող ցանցը նույնպես ընդլայնվել է։ Համակարգչայնացման ծրագրերը, նախադպրոցական կրթության ծրագիրը, որը ներդրվել է 22 համայնքներում, պահպանվել են։ Բավակա՞ն է այս ամենը, իհարկե՝ ոչ։ Ես արդեն նշեցի, որ անգամ տնտեսական աճի պարագայում մենք բեկումնային ներդրումներ այս ոլորտում չենք արել։ Մենք երկար տարիներ վարել ենք ճիշտ քաղաքականություն՝ պահպանելով և ուժեղացնելով հանրակրթական բլոկը։ Եվ այսօր ունենք երաշխիքներ, որ մեր դպրոցական համակարգը, իր բոլոր թերություններով հանդերձ, գործում է։ Սակայն գիտելիքահենք տնտեսության համար մասնագիտական կրթության (թե՛ բուհական, թե՛ միջին մասնագիտական) ոլորտում ներդրումների խնդիր ունենք։ Մասնագիտական կրթության վրա մենք ավելի շատ գումար պետք է ծախսենք։ Իսկ դա ոչ միայն տեխնոլոգիաների ներդրման, այլև կրթության որակի խնդիր է։ Այժմ մենք արատավոր շրջանում ենք, որը գալիս է 90-ական թվականների սկզբներից, երբ պետությունն այլևս իր ուժերով չէր կարողանում պահպանել գործող հզոր կրթական համակարգը, և բուհերին առաջարկվեց խնդիրները սեփական ուժերով լուծել։ Պետական բուհերին թույլատրվեց ունենալ վճարովի կրթական ծառայություն։ Վճարովի համակարգում սովորող ուսանողների հաշվին բուհերը սկսեցին փոխհատուցել պետության կողմից հատկացվող գումարների սղությունը։ Այն տարիներին այդ մեխանիզմն արդարացված էր, որովհետև պետք էր պահպանել բարձրագույն ուսումնական հաստատությունները, և բուհերը պահպանվեցին, վերարտադրվեցին, զարգացան։ Այդ մոդելն արդեն արատավոր է, այն գործել չի կարող, որովհետև եթե պետությունը պետական բուհին չի տալիս անհրաժեշտ գումարը, և բուհերի բյուջեների մոտ 83 տոկոսը գոյանում է վճարովի ծառայություններից, բնականաբար, հնարավոր չէ կրթության որակի խիստ հսկողություն սահմանել, քանի որ այդ պարագայում էապես կնվազեն վճարովի համակարգում սովորող ուսանողների թիվը, ինչպես նաև բյուջետային մուտքերը։ Հետևաբար, բուհը փորձում է գտնել ոսկե միջինը որակի և եկամուտի միջև։ Այս խնդիրն առկա է, և մենք պետք է սկսենք ավելի շատ ուշադրություն դարձնել բարձրագույն կրթության ֆինանսավորմանը, եթե մեզ իրականում պետք են լավ, հմուտ, առաջադեմ, բարձրակարգ մասնագետներ։ Հանրակրթական ասպարեզում ներդրումները պետք է շարունակվեն, բայց շեշտադրումները պետք է ուղղվեն դեպի մասնագիտական կրթություն։
-Պետական կառավարման համակարգում կարևորագույնը կադրերի խնդիրն է։ Կրթական ոլորտում բավականին լայնածավալ բարեփոխումներ են իրականացվում, սակայն կառավարման համակարգում աշխատողների հմտությունների ընդլայնման ուղղությամբ գրեթե ոչինչ չի արվում։ Չբարեփոխված կադրերով հնարավո՞ր է բարելավել աշխատանքները։
-Միջազգային, արտասահմանյան կազմակերպությունների, դեսպանատների ներկայացուցիչների հետ իմ առաջին իսկ հանդիպումներից կարևորել եմ նախարարության կարողություններն ընդլայնելու հարցը։ Աշխատակազմի հմտությունների բարելավման ուղղությամբ ունենք որոշակի պայմանավորվածություններ, և ես շատ ուրախ եմ, որ մեր նախարարությունում կան մեծ թվով երիտասարդ կադրեր, անկախ իրենց քաղաքական պատկանելությունից, որոնք մոտիվացված են աշխատում։ Մեր հանդիպումների ժամանակ բազմիցս ասել եմ՝ ես մարդկանց ազատելու խնդիր չունեմ. ով չի կարող աշխատել, նա չի աշխատի։ Ով չի կարող կատարել ընդամենն իր պաշտոնի անձնագրով ամրագրված պարտականությունները, չունի համապատասխան գիտելիքներ, հմտություններ, նա չի կարող աշխատել մեզ հետ։ Ես որևէ արտառոց բան ո՛չ պահանջել եմ, ո՛չ պահանջելու եմ։ Ինչ հայտով եկել ենք աշխատանքի, ինձնից սկսած, վերջացրած նախարարության առաջին կարգի մասնագետով, այդպես էլ պետք է շարունակենք։ Եթե յուրաքանչյուրն իր տեղում աշխատի, նախարարությունը որևէ խնդիր չի ունենա։ Գուցե ես ռոմանտիկ բաներ եմ ասում, բայց տարիքս ներում է՝ իմ առջև դնելու ռոմանտիկ խնդիրներ՝ դրանց մի քիչ մոտենալու համար։
-Որակյալ կրթություն ունենալու կարևորագույն նախապայմաններից մեկը լավ դասագրքերն են։ Ի՞նչ է արվում աշակերտներին որակյալ դասագիրք մատուցելու ուղղությամբ։
-Դասագրքերը հանրակրթության աքիլլեսյան գարշապարն են։ Թող ինձ ներեն բոլոր այն վաստակաշատ ակադեմիկոսները, պրոֆեսորները, մանկավարժները, ովքեր գրում են մեր այսօրվա դասագրքերը։ Դրանց որակը քանիցս քննադատել եմ նաև ես դեռևս Ազգային ժողովում։ Մենք այստեղ նույնպես արատավոր շրջանում ենք, որովհետև դասագիրք ստեղծելն իրականում գիտություն է։ Կարելի է լինել հրաշալի գիտնական, բայց չտիրապետել համապատասխան դասարանի աշակերտների համար նյութի մատուցման նրբություններին։ Այստեղ և՛ ֆիզիոլոգիական, և՛ հոգեբանական, և՛ մանկավարժական առանձնահատկություններ կան, իսկ մենք ունենք հիմնականում դասագրքեր, որոնք գրել են լավագույն մասնագետները, բայց որոնք հանրակրթության բնագավառի համար չեն։ Ես չեմ խոսում տեխնիկական վրիպակների, սխալների և այլ զավեշտալի իրավիճակների մասին, որոնցում մենք հայտնվում ենք դասագրքերի պատճառով։ Ես խոսում եմ հիմնական խնդրի մասին. դասագիրք գրելը պրոբլեմ է Հայաստանում։ Պրոբլեմ է, որովհետև մենք չենք կարողացել դասագրքերի ստեղծման ուրույն հայկական դպրոց հիմնել։ Իսկ արդյոք դա պե՞տք է. սա էլ է հարց։ Մենք ունենք ռուսերենից թարգմանված դասագրքեր, որոնք մասնակցել և հաղթել են մրցույթներում։ Համենայն դեպս, մյուս տարի մենք փորձելու ենք բարելավել մրցութային կարգը։ Մասնավորապես, տարանջատելու ենք դասախոսական և մանկավարժական հանձնաժողովները, որպեսզի դասախոսների հեղինակավոր ճնշումը չլինի ուսուցիչների վրա։ Չենք ունենալու հանձնաժողովի նախագահներ. բոլորի ձայնը հավասար է լինելու։ Չենք կնքելու պայմանագիր հաղթող հրատարակչության հետ, մինչև գիրքը հարյուր տոկոսով պատրաստ չլինի։ Մենք երբեմն հայտնվում ենք մի իրավիճակում, երբ ստիպված ենք ունենալ վատ գիրք՝ գիրք չունենալու փոխարեն։ Թող ինձ ներեն աշակերտները, ծնողները և ուսուցիչները, բայց եթե մենք կանգնենք այդ երկընտրանքի առջև, ապա, կարծում եմ, ավելի լավ է մեկ-երկու առարկայից չունենանք դասագիրք, քան նորից ընկնենք այդ «շանտաժի» տակ։ Երբ դասագիրքը մտնում է դպրոց, շատ դժվար է դուրս գալիս։ Ես պատրաստ եմ ինձ վրա վերցնելու հարվածը` եկող տարի ստեղծել մրցույթներում հաղթող չունենալու նախադեպ։
-Վերջերս որոշվել է գնահատման և թեստավորման կենտրոնը ԿԳՆ-ից տեղափոխել կառավարության աշխատակազմի ենթակայության տակ։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այս փոփոխության վերաբերյալ։
-Գնահատման և թեստավորման կենտրոնն ունի իր կանոնադրությամբ ամրագրված բազմաթիվ գործառույթներ։ Դրանց մի մասը բխում է «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներից։ Երբ այդ որոշման նախագիծը շրջանառվում էր, մեր նախարարությունը տվել է իր դիտողությունները, բայց կայացվել է այն որոշումը, ինչ կայացվել է։ Ես իրականում շահագրգռված եմ, որ ԳԹԿ-ի նոր կարգավիճակի հետ կապվող հույսերն արդարանան, նախ և առաջ, ընդունելության քննությունների ընթացքում, այն է՝ իրականում նպաստեն օբյեկտիվության, արդարության բարձրացմանը, որովհետև ես, նշանակվելով նախարար բուհական ընդունելության քննությունների ժամանակահատվածում, այդ խնդրով շատ մտահոգ եմ եղել։ Եվ եթե այս նոր կառուցվածքի դեպքում բարձրանան քննությունների որակն ու օբյեկտիվությունը, ուրեմն կարող ենք ասել, որ այդ որոշումն իր նպատակին ծառայել է։ Հուսամ՝ այդպես կլինի։ Իհարկե, դժվար է այս պահին հստակ պատասխանել, թե ինչպիսի աշխատանքային մեխանիզմներով է կրթության և գիտության նախարարությունն աշխատելու կառավարության աշխատակազմի հետ ԳԹԿ-ին վերապահված լիազորությունների իրականացման հարցում։ ԳԹԿ-ն միայն միասնական քննություններ չի անցկացնում։ Նախ և առաջ հանրակրթության որակի ապահովման գործիքներն են դրված այդտեղ։ Թե ինչպես ենք մենք աշխատելու, դեռ դժվարանում եմ ասել, բայց նախարարության մասով կարող եմ հավաստիացնել, որ ամբողջությամբ հետևելու ենք կառավարության որոշմամբ ամրագրված տրամաբանությանն ու փիլիսոփայությանը, այն է՝ տարանջատումների և հավասարակշռումների մեխանիզմին տեր ենք կանգնելու և փորձելու ենք ավելի պահանջկոտ լինել՝ հուսալով, որ դա կնպաստի աշխատանքների բարելավմանը։
-Պարոն Աշոտյան, վերջերս մեծ աղմուկ բարձրացավ ուսանողական կրթաթոշակների հետ կապված։ Խնդրում ենք պարզաբանել հարցը։
-Այսօր սոցիալական բեռը ծանրացել է կրթության բնագավառում, և պետությունն իր սուղ միջոցներից այս պահին գործող ֆինանսական մեխանիզմներով չի կարողանում լիարժեք ապահովել կրթության մատչելիությունը և առավել արդյունավետ ֆինանսավորել անապահով խավերի երեխաների բարձրագույն կրթությունը: ՈՒստի անհրաժեշտություն է առաջացել պետության կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների կենտրոնացման և դրանց արդյունավետ ծախսման միջոցով ստեղծելու բարձրագույն կրթության հավասար հնարավորություններ: Համաձայն Համաշխարհային բանկի տվյալների՝ 2008 թ. դրությամբ ՀՀ-ում աղքատ և խիստ աղքատ սոցիալական պայմաններում գտնվող ընտանիքների` կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը 6 տոկոս է, իսկ միջինից բարձր սոցիալական վիճակում գտնվող ընտանիքների ուսանողներինը` 40 տոկոս: Ըստ այդմ, տրամադրվող գումարը գործող մեխանիզմներով բաշխվում է անհավասարաչափ: Այսօր բարձրագույն կրթության մեջ գործում է ֆինանսական արտոնությունների տրամադրման միայն մեկ` գիտելիքի վրա խարսխված մեխանիզմը: Անհրաժեշտություն է առաջացել սոցիալական բեռը թեթևացնող այլ մեխանիզմներ մշակել: Իհարկե, որոշակի սոցիալական խմբերի կրթության կարիքը պետությունը հոգում է, բայց այն լիարժեք չէ. իրականում կարիք ունեցողների թիվն ավելի մեծ է։
Անդրադառնալով տրամադրվող կրթաթոշակի խնդրին` նշեմ, որ, իհարկե, հինգ հազար դրամ կրթաթոշակը կարևոր է կյանքի որոշակի խնդիրներ լուծելու համար, բայց, խոշոր հաշվով, այն անբավարար գումար է, ինչի մասին տարիներ շարունակ բարձրաձայնում են նաև ուսանողներն իրենք: Հաջորդ տարի պետությունը ֆինանսավորելու է շուրջ 19700 ուսանողի: Համապատասխան հաշվարկների արդյունքում պարզ է դառնում, որ տրամադրվող կրթաթոշակների գումարը շուրջ 125-130 մլն դրամ է: Այս գումարը կարող է ծառայել որպես փոխհատուցում մոտավորապես 300 ուսանողի ուսման վարձի:
Կրթության մատչելիության ապահովման և առկա ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործման տեսանկյունից բարեփոխումները, բարձրագույն կրթության ոլորտի ֆինանսավորման հետ կապված, անխուսափելի են: ՀԲ «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրով նախատեսվում է ոչ առևտրային, այն է` երկարաժամկետ, ցածր տոկոսադրույքներով և աշխատանքի անցնելուց հետո մարման պայմանով ուսանողական վարկերի տրամադրումը: Նշեմ, որ սա դեռևս վերջնական որոշում չէ, այլ գումարների առավել արդյունավետ օգտագործման մտադրություն։ Բացի այդ, 2010-ին այս գործընթացը չի վերաբերելու, որովհետև եկող տարի նախատեսվում է ընդամենը համապատասխան մեթոդաբանության մշակում, բուհերի ընտրություն, վարկերի համար լիազոր մարմնի որոշում և ընթացակարգային այլ մեխանիզմների հստակեցում, 2011-ին ծրագիրը նախատեսվում է փորձարկել որոշ բուհերում, 2012 թ. գնահատել դրա արդյունավետության աստիճանը, և միայն 2013-14 թթ. է նախատեսված վարկային ծրագրի լայնածավալ կիրառումը: Ընդ որում, ուսանողական կրթաթոշակները տրամադրվելու են այնքան ժամանակ, մինչև նոր մեխանիզմները չապացուցեն իրենց արդյունավետությունը: Ներկայումս ՀՀ կրթության և գիտության նախարարությունը փնտրում է այդ վարկային հիմնադրամում ներդրման աղբյուրներ, և դրանցից մեկը կարող է դառնալ 125-130 միլիոն դրամ կազմող կրթաթոշակային ֆոնդը: Տարաբնույթ և թյուր մեկնաբանություններից զերծ մնալու համար հարկ եմ համարում նաև նշել, որ անվճար կրթություն ստանալու իրավունքը չի կարող սահմանափակվել, նախ և առաջ, ՀՀ Սահմանադրության 39 հոդվածի պահանջից ելնելով, ըստ որի՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք` օրենքով սահմանված կարգով:
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2872

Մեկնաբանություններ