«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

ՕՍԵԵ

ՕՍԵԵ
17.11.2009 | 00:00

Դարձի՛ր, Իսրայե՛լ, դեպի քո Տեր Աստվածը,
քանի որ տկարացար քո անօրենությունների մեջ։
Առե՛ք այս խոսքերը ձեզ հետ,
դարձե՛ք ձեր Տեր Աստծուն և ասացե՛ք Նրան.
«Դու կարո՛ղ ես ներել մեր մեղքերը,
որ անիրավություն չանենք,
այլ բարին ընդունենք և հատուցենք Քեզ
մեր շրթունքների պտուղը»,

և ձեր սրտերը բարության մեջ կգտնվեն (14. 2, 3)։

Անկասկած, Օսեեն ամենահին «մատենագիր» հեղինակներից է, այսինքն՝ նրանցից, որոնց անունները առնչվում են Սուրբ գրքի հետ: Մարգարեն ի հայտ է եկել Ամոս մարգարեից քիչ ժամանակ անց: Նա ապրել ու խոսել է հյուսիսային թագավորությունում՝ Իսրայելում (որն անվանում է նաև Հակոբ) և, մեծավ մասամբ, Եփրեմում, ութերորդ դարի երրորդ քառորդում: Գրքի առաջին համարը հիշատակում է Իսրայելի մի թագավորի անունը՝ Հովասի որդի Հերոբովամին: Վերջինս, որ այս անունը կրող երկրորդ անձնավորությունն է, ապրել է երկար ու ճոխ կյանքով, նախորդել է Հեուի (841-814 թթ.) տան վերջին ներկայացուցչին. Օսեեն մարգարեացել էր այս տոհմի մոտալուտ անհետացման մասին (Դ «Թագավորությունների» գրքում հատվածներ կան այդ ժամանակներում Օսեեի ծավալած գործունեության վերաբերյալ):

ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Նրանք իրենց արոտավայրերի չափ հագեցան և զմայլվեցին,
գոռոզացան իրենց սրտերով, դրա համար էլ մոռացան Ինձ (13. 6)։

Անկայունության վրա հիմնված հյուսիսային թագավորության ներքին քաղաքականությունը հար և նման էր արտաքին քաղաքականության մեջ իշխող երերուն վիճակին: Ասորեստանը վճռել էր դառնալ մերձավորարևելյան առաջին պետությունը: Հանգամանքները թելադրում են Թիգլատպալասար Երրորդին (747-728 թթ.), նրա հետնորդներ Սալմանասարին (727-722 թթ.) և Սարգոնին (722-705 թթ.) բազմապատկել իրենց արշավանքները դեպի Արևմուտք, իսկ Ասորիքի արամեական թագավորությունները, փյունիկյան քաղաքները, Իսրայելի թագավորությունը և պաղեստինյան քաղաքները իրենց վրա պետք է կրեին այս զավթողական ընդարձակման հետևանքները: Հուդայի թագավորությունը ևս չի փրկվելու (Եսայու (որը գրեթե Օսեեի ժամանակակիցն էր) գրքում հանդիպում ենք այդ ողբերգության արձագանքներին), բայց նա իր հյուսիսային հակառակորդի անհետացումից հետո դեռ գոյատևելու էր ավելի քան մեկ դար: Այդ օրերին Եգիպտոսը՝ մերձավորարևելյան մյուս հզոր պետությունը, թուլացած էր, բայց Ասորեստանին ենթակա շրջաններում խռովություններ էր հրահրում: Օսեեի գիրքը մեզ ցույց է տալիս, որ Եփրեմ-Իսրայելը տատանվում էր երկու մեծ տերությունների միջև (Է 11) և մտնում էր քաղաքական խաղերի մեջ, որոնց սարսափելի հետևանքները չէին վրիպում մարգարեի հեռատես աչքից. ասորեստանյան պետությունն ասպատակելու և ոչնչացնելու է նրան, նաև ճնշելու ու տեղահանելու է նրա բնակչության սերուցքը: Ընդ որում, սա նվաճողների՝ գրաված երկիրը վերջնականապես յուրացնելու քաղաքականությունն էր (Ը 8): Իսկ մազապուրծ եղածներն ապաստան էին փնտրելու Եգիպտոսում (Թ 6):

ԿՐՈՆԱԿԱՆ ՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
Չկա ճշմարտություն, չկա ողորմություն,
և չկա Աստծու ճանաչում երկրի վրա։
Անեծք, ստություն, սպանություն,
գողություն և շնություն ողողել են երկիրը
և արյունն արյանն են խառնում։
Իմ ժողովուրդը նմանվեց նրան, ով իմացություն չունի.
քանի որ դու մերժեցիր իմացությունը,
Ես էլ քեզ կմերժեմ (4. 1,2,6)։

Ներքին ու արտաքին քաղաքականությունը մարգարեի քննադատության և Աստծու անունով կայացրած դատավճռի միակ խնդրո առարկան չէր: Նա պարսավում է Իսրայելի բարոյական մեծ անկումն (Դ 1-2, Զ 7-10, Է 1) ու ամենայն ընկերային արդարության վերացումը և հայտարարում ժողովրդի վերնախավի պատասխանատվության մասին: Նա հատկապես դավաճանության մեջ էր տեսնում ամեն տեսակի անբարոյականության արմատը և բոլոր չարիքների պատճառը: Օսեեն առաջին մարգարեն չէր Իսրայելում, որը խոսում էր կրոնական դավադրությունների մասին ու բացարձակ մաքրություն պահանջում Տիրոջ օրենքների նկատմամբ, Տիրոջ, Ով Իսրայելը դուրս բերեց Եգիպտոսից, և Ով գործընկեր չի ընդունում: Քանանական չաստվածներով գայթակղվելն ամենահիմար գայթակղություններից էր: Ոչ թե Տիրոջ տեղը, այլ Նրա կողքին ընդունում էին ազգային չաստվածներ, որոնք իբր թե նախատեսված էին գյուղական կյանքի կարիքները հոգալու համար. դրանք բնության ուժերի, անձրևների, մրրիկների ու հողի պտղաբերության չաստվածներն էին: Դրանցով գայթակղվողները կարծում էին, թե չեն թողնում հայրերի Աստծուն, այլ հայցում են նաև այդ երկրի չաստվածների բարեհաճությունը. ընդ որում, նրանք ձեռք էին առնում բոլոր նախազգուշական միջոցները: Այս գայթակղությանն ի հակակշիռ (Դ 12-13)՝ Օսեեն համարձակությամբ առաջարկում է այն «գայթակղությունը», որ Տերը իրականացնելու է Իր ժողովրդի հետ շփվելու ընթացքում (Բ 16-25): Մարգարեն այս եղանակով շատ հեռու է գնալու. նա հերքելու է քանանական կրոնի կողմնակիցների բուն փաստարկները: Արդյո՞ք Ինքը՝ Տերը չէ, բայց ոչ՝ Քանանի չաստվածները, Նա, Ով ապահովում է հողի պտղաբերությունն Իր ժողովրդի համար (Բ 7-11, 23-25, ԺԴ 6-9):

ՄԱՐԳԱՐԵԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ
Տերն ասաց Օսեեին. «Դու գնա՛ և
քեզ համար մի պոռնիկ կին ա՛ռ» (Ա 2)։
Օսեե մարգարեի խիզախությունը զարմանք է առաջացնում. նա իր սեփական կյանքով խորհրդանշաբար մարմնավորում է Աստծու և Նրա ուրացող ժողովրդի միջև առկա հարաբերությունները: Մենք կարող ենք ասել, որ մարգարեն իր անձը դնում է Աստծու տեղը և իրեն վերագրում այն, ինչ Նա զգում է։ Այդուհանդերձ, աննշան բան չէ այն, որ Օսեեն, իրոք, իր ամուսնության մեջ ծանր մարդկային փորձություն է վերապրել, և ըստ ամենայնի սա պարզապես փոխաբերություն չէ: Օսեեի ամուսնությունը նաև երևակայություն չէ, այլ խորհրդանիշ: Օսեեի գրքի կապակցությամբ կարելի է նշել, որ բովանդակ գրվածքը առաջին երեք գլուխներում հիշատակված մարգարեական գործի մեկնությունն է: Երկար են բանավիճել պարզելու համար, թե Օսեեն Գ գլխում նո՞ր ամուսնություն նկատի ունի մի ուրիշ կնոջ հետ, թե՞ ոչ: Թվում է հավանական, որ նա նկատի ունի իր կնոջը` Գոմերին, իսկ մենք դրանում կարող ենք Օսեեի՝ Գոմերի նկատմամբ տածած սիրո խորացում տեսնել, այսինքն՝ Տիրոջ՝ Իր ժողովրդի նկատմամբ տածած սիրո խորացում: Օսեեի համար գաղտնիք չէր, որ Գոմերը դավաճանում է, հավանաբար, հուսահատություն առաջացնելու չափ։ «Պոռնիկ կին» արտահայտությունն ինքնին խորհրդանշական արտահայտություն է, բայց չի բացառվում, որ այդ կինն առնչություն ունենար քանանական ծագում ունեցող պտղաբերության պաշտամունքների հետ և մասնակցեր դրանց տռփական ծեսերին (տե՛ս որոշ հատվածների բովանդակությունը, ինչպես՝ Բ 2 և 13, Դ 13-14): Նման ամուսնությունը այդ տեսակ կնոջ հետ խենթություն է... Անկասկած, նրան երկրորդ անգամ ընդունելն ու նրան կառչելը մերժված սիրո պայմաններում՝ սիրո մեծ խորացման ապացույց է: Անհրաժեշտ էր նրան կատարյալ մեկուսացման փորձությանը ենթարկել, այդ թվում նաև` իր իսկ ամուսնուց՝ խորհրդածության ու ապաշխարության մղելու համար: Պետք էր նաև բոլորովին զրկել բարիքներից, այդ թվում նաև` կրոնական բարիքներից ու Աստծու հետ հաղորդվելուց՝ Իսրայելը դեպի իրեն և դեպի Աստծուն դարձնելու համար: Սակայն Գ գլխում Գոմերը չի վռնդվում նույնիսկ դավաճանությունից հետո, որովհետև այդպիսին է նա: Աստված կառչում է Իր ժողովրդին անգամ նրա մեղքերի մեջ, չնայած չի կարողանում արմատախիլ անել այդ մեղքը, որովհետև միայն Աստծու՝ ժողովրդի նկատմամբ տածած սերը կարող է փրկել նրան դրանից:
Օսեեի տարօրինակ ամուսնական կյանքի արկածի մեջ մարդու համար բացահայտվում է Աստծու սրտի մեծությունը. երբ ժամանակը իր լրումը գտնի ի Քրիստոս, այս մասին Պողոսը ասելու է. «Արդարև, մինչդեռ տկար էինք, Քրիստոս ճիշտ ժամանակին մեզ՝ մեղավորներիս համար մեռավ. որովհետև արդար մարդու համար հազիվ թե մեկը մեռնի, բայց բարի մարդու համար թերևս մեկը համարձակվի մեռնել: Աստված իր սերը մեր հանդեպ հայտնեց նրանով, որ մինչդեռ մեղավոր էինք, Քրիստոս մեզ համար մեռավ» (Հռոմ. Ե 6-8): Երբ Օսեեն սիրեց իր կնոջը այնպիսին, ինչպիսին նա կար, հասկացավ և իմացավ, թե ինչպես է արտահայտում Աստված Իր սերը Իր ժողովրդի հանդեպ` այնպիսին, ինչպիսին նա կա: ՈՒստի և սերը Օսեեի գրքում հաղթում է զայրույթին ու վրդովմունքին, բայց այս սերը զգացմունքային սեր չէ, ոչ էլ՝ անմիտ, այլ տառապանքով ուժգնացած սեր է, որը պահանջում է չընկրկել անհաջողության առաջ:
Ինչպիսին էլ իրականում լիներ Օսեեի փորձությունը, մեծապես կարևոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ այս փորձությունը հառնում է մեր առաջ ոչ թե ինքնին կամ իբրև Օսեեի ու նրա դավաճան կնոջ միջև տեղի ունեցած մի միջադեպ, այլ Տիրոջ ու Նրա ընտրած ժողովրդի միջև առկա հարաբերության խորհրդանիշ: Ասենք, որ մեզ համար նկարագրվող այս ցավալի պատումը նախատեսված չէ մեր հետաքրքրասիրությունը բավարարելու, այլ «որպես խրատ գրվեց մեզ համար» (Ա Կորնթ. Ժ 11, Օսեե ԺԴ 10):

ԳՐՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
Իսկ Հիսուս, երբ լսեց, նրանց ասաց.
«Առողջներին բժիշկ պետք չէ, այլ` հիվանդներին։
Գնացե՛ք, սովորեցե՛ք, թե ինչ է նշանակում`
ողորմություն եմ կամենում և ոչ` զոհ.
քանզի Ես արդարներին կանչելու չեմ եկել,
այլ` մեղավորներին (տե՛ս Օսեե 6. 6) (Մատթ. 9. 12,13)։
Օսեեի գիրքը մեծ ազդեցություն է ունեցել Սուրբ գրքի բոլոր էջերի վրա: Անկասկած, դրան Հին Կտակարանում բոլորից շատ ենթարկվել է Երեմիան: Նա նորից է արծարծում անապատի (Երեմ. Բ 2-3 և Օսեե Բ 15) ու պարզաբանում նոր ՈՒխտի թեմաները: Օսեեի գրքի ամենահաջող փոխաբերությունն Աստծու ու Նրա ժողովրդի հարաբերությունները մատնանշող ամուսնության փոխաբերությունն է և դրան ուղեկցող անհավատարմությունը, շնությունն ու անառակությունը: Այս փոխաբերությանը մենք հանդիպում ենք Երեմիայի մոտ (Բ 23-24, Գ 1, Լ 14, ԼԱ 22), Եզեկիելի գրքում (ԺԶ և ԻԳ գլուխներ), Եսայու գրքի երկրորդ մասում (Ծ 1, ԾԴ 4-7, ԿԲ 4-5)։ Ինչևէ, այս փոխաբերությունը Նոր Կտակարանում խորհրդանշում է Քրիստոսի և Եկեղեցու միջև հաստատված, ինչպես Հին Կտակարանում՝ Տիրոջ և Իր ժողովրդի միջև առկա միությունը (Մարկ. Բ 19-20, Եփես. Ե 25 և այլն): Նոր Կտակարանը տասնյոթ անգամ վկայակոչում է Օսեեի գիրքը, սակայն նրա ազդեցությունը չի չափվում միայն նույն փոխառությունների կրկնությամբ ու որոշակի հղումների թվով: Օսեեի գրքի աստվածաբանական մտածողությունն Աստծու սերն է: Այն արտահայտվում է հոգատարությամբ ու խանդաղատանքով՝ հոր՝ որդու նկատմամբ տածած սիրո տեսքով և օգտագործում մարդկային սիրո լեզուն՝ տղամարդու՝ կնոջ հանդեպ տածած սիրո տեսքով: Քանի որ Օսեեն համարձակորեն ասել է, որ Տերը սիրով առլեցուն Աստված է, մենք էլ նրանից հետո պնդում ենք դա: Օսեեն խոսում է Աստծու կարոտի, Նրա հիասթափության, սրտմտության և զայրույթի, բայց նաև Նրա գորովանքի մասին. Նա միշտ Ամենազոր է, քանզի վերջինը զայրույթի ու պատժի խոսքը չէ, այլ երջանկության խոսքն է այսուհետև հավատարմությամբ ապրող միության մեջ, որն անցնում է անխուսափելի փորձություններով: Խանդաղատանքը տկարության հակոտնյան է. այս խանդաղատանքը Աստծու զորությունն է, որի նպատակն է վերափոխել մարդու սիրտը և ջնջել նույնիսկ մեղքի հիշատակը: Հարկ է նաև ասել, որ Աստված չի սպասում մեղավորի դարձի գալուն, որպեսզի հանդիպի նրան, այլ նախքան նրա ապաշխարելն է գնում նրան փնտրելու: Այսպիսով, Օսեեի գիրքը հասնում է աստվածաբանական մտածողության ու բարեպաշտության խորքերին, որովհետև իր՝ աստվածային խանդաղատանքի բացահայտմամբ բացահայտում է Իրեն՝ Աստծուն այնպիսին, ինչպիսին Նա կա, այսինքն՝ սիրո Աստծուն: Այո՛, սիրո խոսքը այստեղ հստակ չէ, ինչպես Հովհաննեսի մոտ, բայց նրա առկայությունն Օսեեի գրքում անվիճելի փաստ է:
Օսեեի գիրքն իր առաքելության խորությամբ ու միաժամանակ խստությամբ ուղղված է էությանը, և այսօր էլ, ինչպես երեկ, Իր եկեղեցուն և Իր ժողովրդին հասցեագրված Աստծու խոսք է: Գրքի վերջին համարն ընթերցողի ուշադրությունը հրավիրում է Աստծու խոսքի վրա. «Ով իմաստուն է, կհասկանա այս բաները», կամ` ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն է ասելու` «Ով լսելու ականջ ունի, թող լսի» (Մատթ. ԺԱ 15): Պատմության մեջ ընդգրկված այս սուրբգրային հայտնությունը Աստծու խոսքն է և նրանց համար է, ովքեր լսում են, և նրանց համար, ովքեր բացում են սույն գիրքը. Աստված այսօր Օսեեի շուրթերով Իր ժողովրդին ու Իր եկեղեցուն է հղում Իր՝ միաժամանակ սիրո և խստության խոսքը: Աստծու սերը պահանջում է, որ մենք վանենք մեզանից ամեն անօրենություն և զգուշանանք կուռքերի խաբկանքից: Այս պահանջը բացարձակ է ու անդառնալի, բայց իր էությամբ սիրո պահանջ է. եթե Աստված կամենում է միայնակ լինել մարդու սրտում, ապա նրա համար, որ իրականում միայն Նա է էություն, քանզի կուռքերը ոչինչ են, և այն, ինչը միայն մարդու սրտից է բխում, ոչ այլ ինչ է, եթե ոչ պատրանք Աստծու ընտրյալների համար, քանզի երջանկությունն ու կյանքը միայն Աստծուց են: Այս խոսքով ավարտվում է Օսեեի գիրքը, և դա խոսք է, որի վրա է հիմնվում հավատքի հույսը: Անտարակույս, Օսեեի գիրքը չի պարունակում բովանդակ սուրբգրային հայտնությունը, բայց նա հեռու է գնում, հասնում խորքին, այնպես որ Աստծու ժողովուրդը չի կարող այսօր այս գիրքը կարդալ առանց հույսի խայտանք ապրելու և իր հավատքի անեղծության մասին միմյանց հարցեր տալու:
Ով իմաստուն է, կհասկանա այս բաները,
ով հանճարեղ է, կիմանա սրանք, քանի որ ուղիղ են Տիրոջ ճանապարհները.
արդարները դրանցով կանցնեն, իսկ ամբարիշտները կսայթաքեն դրանց մեջ (14. 10)։
Ձեզ համար արդարության սերմեր ցանեցե՛ք և կենաց պտուղ քաղեցե՛ք.
վառեցե՛ք ձեզ համար գիտության լույսը, փնտրեցե՛ք Տիրոջը,
մինչև որ արդարության պտուղները հասնեն ձեզ (10. 12)։
Տպագրության պատրաստեց Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1992

Մեկնաբանություններ