«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               

ՍՈՒՐԲ ՍՈՖԻԱ ՏԱՃԱՐԸ

ՍՈՒՐԲ ՍՈՖԻԱ ՏԱՃԱՐԸ
13.11.2009 | 00:00

ՈՒղղափառ քրիստոնեական դավանության ամենամեծ ու ամենավեհաշուք տաճարն է սուրբ Սոֆիա տաճարը, որը, դժբախտաբար, առայժմ գտնվում է մահմեդական այլադավանների գերության մեջ։
Հ
իմա պատմական մի հետընթաց հայացք ուղղենք այդ տաճարի հիմնադրման և ճակատագրի վրա, քանզի այն լի է բազմաթիվ ուսանելի, հոգեշահ և խրատական վկայություններով ու նաև հայորդիներիս հետ հեռավոր աղերսներով։
«Սոֆիա»-ն հունարեն բառ է, որ նշանակում է «իմաստություն», բայց ոչ մարդկային ու երկրային, այլ Աստծո վերերկրային իմաստություն, կարելի է ասել` գերիմաստություն։ Եվ այդ վերերկրային իմաստությունը հենց Ինքը` անձամբ Հիսուսն է, ինչպես աղոթում է Ներսես Շնորհալին. «Հոր Իմաստությո՛ւն Հիսուս, տո՛ւր ինձ իմաստություն ամեն ժամ Քո առջև բարին խորհելու, խոսելու և գործելու…»։
Տաճարի պատմությունը սկսենք ավելի վաղ ժամանակներից, որպեսզի առավել ընկալելի լինեն դրա հետ կապված դիպվածները։
Երբ հռոմեական կայսրությունը դեռևս միասնական էր, այդ ժամանակ նրա մայրաքաղաքը Հռոմն էր, որտեղ և կայսրերն էին նստում ու այնտեղից կառավարում աշխարհի մեծ մասը, այսինքն` իրենց գրաված պետություններն ու տարածքները, այդ թվում և` Հայաստանի մի մասը։ Բայց, ինչպես միշտ, վերելքից հետո գալիս է վայրէջքի ժամանակը, և այս պետությունն էլ սկսեց թուլանալ ու եկավ մի պահ, որ պառակտվեց հենց ներսից։ Դա ամենասարսափելի ու կործանարար ուժն է, երբ քայքայումը սկսվում է ներսից, լինի ընտանիք, քաղաք, թե պետություն։ Այդ մասին նաև մեր Տեր Հիսուս Քրիստոսը զգուշացրեց, ասելով. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա» (Մատթ. 12.25)։
Երբ դեռ հեթանոս Կոստանդինը, մյուս կայսերական թեկնածուներին իր երազում տեսած սուրբ Խաչի նշանով հաղթելուց հետո, դարձավ քրիստոնյա, Հռոմեական պետության մայրաքաղաքը հաստատեց Բոսֆորի ափին, այն կոչեց իր անունով՝ Կոստանդնուպոլիս և ապագա տաճարի տեղում բազիլիկ ոճի մի եկեղեցի կառուցել տվեց։ Նրա որդին՝ Կոստանդը, այնուհետև որոշեց առավել մեծ անուն վաստակել ու, 360 թ. օծել տալով այդ տեղը, այն հայտարարեց Գլխավոր տաճար։ Դարերի ընթացքում տաճարը քանդվեց, և ահա Հուստինիանոս կայսրը որոշեց կառուցել մի տաճար, որը չի ունեցել իր նմանը։ Հայտնի ճարտարապետներ հրավիրելով իր հսկայական կայսրության տարբեր ծայրերից` բերել տվեց նախկին հեթանոսական կիսավեր տաճարների անգերազանցելի գլուխգործոցները, այդ թվում և` յոթ հրաշալիքներից մեկը համարվող Եփեսոսի Արտեմիսի տաճարի բաց կանաչավուն հսկայածավալ սյուները։ 537 թվականին սկսվեց այդ ժամանակվա քրիստոնեական ամենամեծ տաճարի կառուցումը։ Տասը հազար բանվորներ ու հմուտ ճարտարապետներ կարճ ժամանակում կառուցեցին աշխարհի ութերորդ հրաշալիքը, որն ահա կանգուն է 1500 տարի։
Սիմեոն Լեհացին, սուրբ Սոֆիա տաճարը տեսնելուց հետո, գրում է. «Մարդ պիտի հազար աչք ունենա այդ արվեստը դիտելու և սքանչանալու համար»։
Իսկ տասներորդ դարի մատենագիր Ստեփանոս Տարոնեցի Ասողիկի «Պատմություն» մատյանը մեզ տեղեկացնում է, որ «989 թ. ահավոր երկրաշարժ պատահեց աշխարհին, ինչի պատճառով կործանվեցին բազում քաղաքներ, գյուղեր և գավառներ…
Թագավորական Կոստանդնուպոլիս քաղաքում փլուզվեցին մեծամեծ եկեղեցիների հրաշք սյուների և սրբապատկերների մեծաշուք և բազմապայծառ զարդերը, և նույն ինքը Սոֆիան, որ կաթողիկեն է, ճեղքվածք տվեց վերից վար»։
Այդ ավերիչ երկրաշարժը հիմնովին փլում է երեսունմեկ մետր տրամագծով հռչակավոր հսկայածավալ գմբեթը, որն այդ ժամանակ համարվում էր մի նոր հրաշալիք։
Բյուզանդացի հայտնի ճարտարապետներ են հանձն առնում վերականգնելու այդ երկրի փառքը հանդիսացող տաճարի գմբեթը, բայց ապարդյուն։ Հսկայական շրջանաձև խոռոչը ոչ մի կերպ չեն կարողանում փակել։ Այդ ժամանակ Բյուզանդիայի գիտունները հիշում են Հայաստանի հռչակավոր ճարտարապետ Տրդատի մասին, ով Անիի գերազանց եկեղեցիների հեղինակն է, մանավանդ սքանչելի Մայր տաճարինը (որի կրկնօրինակը հետագայում կառուցեցին Գյումրիում, որը 1988-ի երկրաշարժի ժամանակ փլուզվեց հիմնովին և այժմ վերականգնվում է)։
Ճարտարապետ, քարագործ Տրդատը, նախ, սուրբ Սոֆիա տաճարի հրաշալի մանրակերտը պատրաստեց, ապա դրա հիման վրա սկսեց բուն կառույցի վերանորոգումը և, մեծ ջանք ու հանճար ներդնելով, հասավ նպատակին, ամբողջովին վերականգնելով այն ու նույնիսկ առավել մեծ վեհաշուքություն տվեց սուրբ տաճարին։
1054-ին, երբ քաղկեդոնական դավանանքի եկեղեցին բաժանվեց երկու մասի` կաթոլիկների և ուղղափառների, Այա Սոֆիան դարձավ ուղղափառության կենտրոնը և այդպիսին է մինչ այսօր։
Մի քանի անգամ երկրաշարժերից վնասվելով, տաճարը նորից է վերականգնվել, իսկ երբ 1204-ին խաչակիրները գրավեցին Կոստանդնուպոլիսը, տաճարը լիովին թալանեցին «քրիստոնյա» դավանակիցները։
1453-ի մայիսի 30-ին թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը, ու հենց հաջորդ օրն այդ սքանչելի տաճարը վերածվեց մզկիթի և մնաց այդպիսին մինչև 1935-ը, երբ վերածվեց թանգարանի։
Թուրքիայի տարածքում գտնվող Աստվածաշնչային Հայտնության յոթ եկեղեցիներ ուխտագնացությունից առաջ մի քանի օր մնացինք Ստամբուլում։ Բնական էր, նախ և առաջ գնացինք սուրբ Սոֆիայի տաճարը դիտելու։ Ասեմ, որ այն վեհաշուքությունը, ինչը նկարագրել են դարեր առաջ մեր պատմագիրները, արտաքինից չզգացի։ Գուցե պատճառն այն էր, որ տաճարի դիմաց թուրքերը կառուցել էին նման, նույնիսկ առավել հսկայական չափսերով մի մեծ մզկիթ։ Իսկ երկրորդ տհաճ իրականությունն այն էր, որ քրիստոնեական տաճար մտնելու համար յուրաքանչյուրից գանձում էին տասը դոլար, և հարյուրավոր մարդիկ էին կանգնած հերթերում։ Ճշմարիտն ասած` ես ինձ նաև նսեմացած էի զգում, որ քրիստոնյան թուրքին պետք է վճարի` իր նախնիների դավանած հավատի տաճարը մտնելու համար։ Այսինքն, դրանով մենք ևս մեկ անգամ մեր պարտությունն ենք կարծես հաստատում։ Իսկ ութերորդ հրաշալիքը տեսնելու համար այս երկիր հաճախող զբոսաշրջիկներն այնքան առատ են, որ այս պետությունը միայն տաճարի մուտքավճարից օրական տասնյակ հազարավոր դոլարներ է վաստակում։
Բայց երբ երեկոյան հյուրանոցում հանդիպեցինք մեր ուխտավորներից մեկին, որը մտել էր տաճար և մեծ ոգևորությամբ ու հիացմունքով նկարագրում էր տաճարի ներսի գերազանց պահպանված Հիսուսի և Տիրամոր սքանչելի խճանկարները, որոշեցի հանուն Նրանց գնալ և տեսնել դարերով քրիստոնյաների աչքից թաքցրած, սվաղով ծածկված այդ հրաշալի սրբապատկերները։
Հաջորդ օրն իսկ, զինված լուսանկարչական ֆոտո-կինո խցիկով, գնացի տաճար։ Վճարեցի մուտքահարկը և ներս մտա։
Առաջին տպավորությունը շշմեցուցիչ էր, քանզի նման բարձր ու վեհաշուք սրահ երբևէ չէի տեսել։ Մարդու շունչը կտրվելու աստիճան սքանչելիք էր տեսածս։ Տաճարի գմբեթի ամենավերին մասում, արևելյան գոգավորության տակ Տիրամոր անկրկնելի վեհաշուք ու խորհրդավոր խճանկարն էր, որի ոսկե խճասալիկները փայլփլում էին աստղերի նման, առավել շուք հաղորդելով առանց այդ էլ բոլոր մահկանացուներիս մեջ ամենաերանելի Աստվածամորը` երկնքի Թագուհուն, գահի վրա նստած, գրկում` մանուկ Հիսուսը։ Տաճարի մյուս սքանչելիքներից է նաև սրահներից մեկի գմբեթի տակի Հիսուսի խճանկարապատկերը` քրիստոնյա աշխարհին հայտնի Պանտրոկրատոր անունով, որ թարգմանվում է Ամենակալ։
ՈՒղղափառության գլուխ հույները, կորցնելով իրենց այս սրբատեղին, որպես սրտի մխիթարանք, Երուսաղեմի սուրբ Հարության տաճարի սրահներից մեկի գմբեթի տակ ճիշտ այս խճանկարի կրկնապատկերն արեցին, որպես հիշողություն։
Երբ դիտում էի տաճարի անկրկնելի սրբապատկերներն ու վեհաշուք սրահները, մտածում էի, որ քրիստոնյա հավատակից ազգերն իրար հետ կռվեցին, չպահելով Տիրոջ վերջին պատվիրանը` «Սիրեցէք զմիմյանս», դրանից օգտվեցին մեր թշնամիները։ Միշտ այդպես է։
Ընդհանրապես կաթոլիկ և ուղղափառ հսկայածավալ (ինչպես Մոսկվայի Ամենափրկիչ տաճարն է) կառույցները մտնելիս մի տեսակ նսեմանում ես, խեղճանում այդ շինվածքների մեծության ճնշող իշխանության ներքո, բայց երբ մեր հայկական գողտրիկ եկեղեցիներն ես մտնում (բացի Գրիգոր Լուսավորչի նորակառույցից, որը նույնպես իր ահռելի գմբեթով հոգևոր ճնշում ու ներքին սառնություն է հաղորդում), քեզ Աստծո պատկերով մարդ ես զգում, ապա նաև` Աստծո հարազատ զավակ, իսկ եթե Տիրոջ առջև ուղիղ ես քայլում, ու ըստ այդմ էլ մտերմորեն զրուցում, այսինքն` աղոթում ես երկնավոր Հորը։ Բայց սուրբ Սոֆիայի տաճարում այդպես չէր, այլ այնպիսի զգացում էր, կարծես պատերի բոլոր սրբապատկերները հարազատորեն դիմավորում էին քրիստոնյա զավակներին, բայց միաժամանակ հորդորում ուղիղ վարքով ու պատվիրանապահությամբ ապրել, որպեսզի նման տխրահռչակ գերության չգնան։ 1453-ի մայիսի 30-ին գրավելով Կոստանդնուպոլիսը` թուրքերն առաջին հերթին ուղղափառության այս խորհրդանիշ տաճարը դարձրին մզկիթ (ներկայիս անունը` Կախրիե)` խաչը գետնելով ու կիսալուսինը դնելով գմբեթին։ Պատմում են, որ այդ ժամանակվա զորքերի հրամանատարը, երբ ձիով մտնում է տաճար, հիանում է կառույցի վեհաշուքությամբ և համարում, որ այս շինությունը միայն մզկիթին է վայել, ու սվաղով ծածկել տալով բոլոր սրբապատկերները` իրենց նամազի վայրը դարձնում։ ՈՒ դարձյալ կրկնենք որպես հետագայի դաս. այս բոլորը կատարվեց բյուզանդացի և հայ քրիստոնյաների ոչ եղբայրաբար միմյանց հետ վարվելու հետևանքով։ ՈՒ մի՛ զարմացեք, որ այստեղ հայի անունն էլ շեշտվեց։ Եթե մենք միմյանց հետ Աստծո խոսքի համեմատ վարվեինք ու եղբայրաբար միմյանց զորավիգ լինեինք, ապա թուրքի ոտքը ո՛չ Հայաստան, ո՛չ էլ Բյուզանդիա կմտներ։ Դա հաստատ է, քանի որ Տերն է ասել, որ եթե Իր պատվիրանների համեմատ քայլենք, ապա մեկ ճանապարհով եկած թշնամին յոթով պիտի հետ փախչի։
Չնայած թուրքերն արդեն վեց հարյուր տարուց ի վեր ապրում են այս երկրում, բայց, միևնույն է, ամեն առիթով ուզում են հաստատել, որ այս երկիրն իրենցն է։ ՈՒ երբ տարբեր քաղաքներում շրջում էինք, բոլորս նկատեցինք, որ համարյա յուրաքանչյուր տան պատշգամբում կիսալուսնի կարմիր դրոշակն էր ծածանվում։ Եվ դրանցից անպայման քրիստոնեական նախկին սրբավայրերի, այդ թվում` սուրբ Սոֆիայի տաճարի պատի վրա էլ էր կիսալուսինը փողփողում։
Կարծես թե այս տաճարի մասին քիչ թե շատ պատմեցինք, բայց հայկական մի եզր էլ մնաց, որ իմանանք։ Դա կապված է արդեն Հայոց Կիլիկիայի հետ։ Շատերիս համար գաղտնիք չէ, որ այդ փոքրիկ Հայաստանն օտար հողում առաջացավ դարձյալ բյուզանդացիների անհեռանկար ու հայատյաց քաղաքականության հետևանքով, քանի որ շատ զորավոր և հարուստ հայեր կայսրերի բռնությամբ կամ էլ նրանց սին խոստումներին հավատալով, իրենց բաժին հայկական հողատարածքները թողնելով բյուզանդացիներին` գնում էին նրանց երկիրն ու հաստատվում օտար հողում։ Դրանցից ամենանենգամիտը եղավ Բյուզանդիայի կայսր Մոնոմաքոսը, որը 1045-ին բանակցության պատրվակով հայոց Գագիկ Բագրատունի թագավորին հրավիրելով Կոստանդնուպոլիս ու ստորաբար ձերբակալելով նրան, վերացրեց Անիի թագավորությունը, այսինքն` բյուզանդացիների և համայն Եվրոպայի` Արևելքի քոչվոր ու արյունարբու ցեղերի դեմ հզոր պատվարը։ Բայց հայերը, չհանդուրժելով պանդխտության լուծն ու եղկելով հույների խարդավանքներից, որոշում են իրենց սեփական բերդերն ու տարածքներն ունենալ, ու այդպես էլ 1080-ին ծնվում է Հայոց Կիլիկիան, որը հիմնադրվում է Ռուբեն իշխանի ջանքերով ու այդպես էլ կոչվում է՝ Ռուբինյան իշխանություն։ Պատերազմելով մերձակա բերդերի հույն զորականների հետ` հայերը գրավում են դրանցից մի քանիսը, առավել հզորանում ու շուտով հիմնադրում հայոց ազգի հզորության հենքի հիմնաքարերը՝ վանքերը, որոնք մի քանի դար իրենց պարիսպների ներսում առավել պայծառացրին հայոց հավատի կանթեղը։ Հետագայում այդ կանթեղում ամենաառատը Սուրբ Հոգու «յուղ» լցնողներից դարձան իմաստուն ու մեծաշնորհ այրերը՝ Ներսես Լամբրոնացին և Կիլիկիայի կաթողիկոս, անկրկնելի Ներսես Կլայեցին՝ Շնորհալին։ Հետզհետե հզորացող Կիլիկիային դաշնակից ունենալու հեռահար նպատակով, նախ, 1198-ին Հռոմի պապ Կելեստինոսն արքայական թագ է ուղարկում Լևոն Ռուբինյան իշխանին, իսկ հետո նաև` Գերմանիայի կայսր Հենրիկոսը։ 1199-ին` Քրիստոսի ծննդյան ու Աստվածհայտնության օրը, թագավորանիստ Տարսոն քաղաքում Լևոնը դառնում է հայոց նոր թագավոր։
Իսկ հիմա անդրադառնանք մեր բուն թեմային, թե ինչ կապ ունի այս ամենը սուրբ Սոֆիայի տաճարի հետ։ Բանն այն է, որ Կիլիկիայի հայերը, տեղյակ լինելով, որ սուրբ Սոֆիան դարձել է ամբողջ ուղղափառության ուխտատեղի, իսկ Հայաստանը, իր կիսավեր ու թշվառացած տարիներին չունենալով նման սրբավայր, որոշում են Կիլիկիայում նույնպես կառուցել ոչ պակաս գեղեցիկ մեկ այլ տաճար, բայց նույն Սոֆիա անունով։ Այդ տաճարը սկսեց կառուցվել այն բանից հետո, երբ հայերը հայտնաբերեցին Նոյի որդի Հաբեթի սերնդից՝ Տարսիսի գաղտնարանի հղկված կճասալերը։ Սկզբում այն անվանեցին Ճերմակ տուն (հետագայում աշխարհի զորավոր երկրները, «նախանձելով» այդ շինության գեղեցկությանը, իրենց շքեղ պալատները Սպիտակ տուն անվանեցին, որովհետև շատ լեզուներ սպիտակ գույնի ճերմակ նրբերանգով բառ չունեն)։ Իսկ 1072-ին Հայոց կաթողիկոս Գրիգոր Վկայասերը՝ մեծն Գրիգոր Մագիստրոս Պահլավունու որդին, այդ տաճարը օծեց և անվանեց Սուրբ Սոֆիա։ Հենց այս տաճարում էլ մոտ մեկ դար հետո օծեցին Կիլիկիայի առաջին թագավոր Լևոնին։
Իհարկե, այդ տաճարի անզուգական գեղեցկության փառքի ճաճանչները նաև Բյուզանդիա հասան, ինչն «ուղղափառների» նախանձը շարժեց, ու նրանցից երկուսը որոշեցին հրկիզել տաճարը, բայց, ի զարմանս բոլորի, դրա քարերն անկիզելի էին։ Եվ ոչ միայն անկիզելի, այլև այդ ժամանակների պատմիչները վկայում են, որ տաճարի քարին նայողի աչքերը պայծառանում են, անցնում են գլխացավերն ու նույնիսկ իր տեսած ու մոռացած երազներն է մտաբերում։ ՈՒ այդ հրաշալի հատկությունների ու անկրկնելի գեղեցկության շնորհիվ հայոց սուրբ Սոֆիան դառնում է Միջերկրականի ժողովուրդների ուխտատեղի։
ՈՒ դարձյալ ցավով պետք է նշենք, որ Կիլիկիայի անկումից հետո այդ տաճարը հետագայում նույնպես ընկավ թուրքերի տիրապետության տակ և այժմ դարձյալ վերածվել է մզկիթի՝ ՈՒլու ջամի անունով։
Սակայն արևի ներքո ոչինչ հավիտենական չէ, քանզի կգա ժամանակը և ամեն բան Աստծո արդարությամբ կմաքրվի, և ամեն ինչ իր տեղը կդրվի։ Արդարին արդարի վարձքն է սպասում, անօրենին՝ մեղավորի։ Մեզ մնում է քրիստոնյային վայել արդարությամբ քայլել մեր կյանքի այս կարճ արահետը, մինչև կվերադառնա միակ Արդարը, և ամեն բան Իր տնօրինությամբ կկարգավորի և մեր սուրբ հայրերի ժառանգությունն իրենց արժանի զավակներին կվերադարձնի։ Հուսանք և հավատանք։
Նյութը քաղեց Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 11618

Մեկնաբանություններ