ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԸ» ԲԱՑԱՐՁԱԿ ԼՃԱՑՄԱՆ ՄԵՋ Է և ԴԱԴԱՐԵԼ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆՈՒՅՆԻՍԿ ՄԱՍՆԱԿԻՑ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ

«ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԸ» ԲԱՑԱՐՁԱԿ ԼՃԱՑՄԱՆ ՄԵՋ Է և ԴԱԴԱՐԵԼ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆՈՒՅՆԻՍԿ ՄԱՍՆԱԿԻՑ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
13.10.2009 | 00:00

Անկախ Պետությունների Համագործակցությունն իր բովանդակությամբ աստիճանաբար դադարում է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների համար ինտեգրացիոն կառույց լինելուց։ Համենայն դեպս, այս էր տպավորությունը ԱՊՀ ղեկավարների վերջին գագաթաժողովից։ Եթե անգամ ԱՊՀ-ն ժամանակին ստեղծվել է որպես նախկին միութենական հանրապետությունների «քաղաքակիրթ բաժանումը» ավարտին հասցնելու համար նախատեսված կազմակերպություն, ապա այսօր այլևս ոչինչ չի մնացել ոգևորիչ հռետորաբանությունից ու մտադրություններից։ Կազմակերպության գագաթաժողովներն աստիճանաբար, բայց անշեղ, վերածվեցին բարձրագույն էլիտաների «կորպորատիվ ռազբորկաների» հրապարակի։ Եվ թեկուզ Մոլդովայի նախագահի պաշտոնակատար, խորհրդարանի խոսնակ Միխայ Գիմպուն հայտարարեց, թե «ԱՊՀ-ն մահվան սպասման մեջ գտնվող մի պառավ է, որը, սակայն, դեռ ուզում է ապրել», ակնհայտ է, որ մահամերձի երիտասարդացում հազիվ թե տեղի ունենա։
ԱՊՀ ղեկավարների քիշնևյան հավաքը յուրօրինակ իմաստով սահմանագծային էր և, միաժամանակ, ամենասկանդալայինը բոլոր անցածների մեջ։ Եթե դեռ ոչ շատ վաղուց այդ արտաքին քաղաքական բեմադրության հիմնական մասը կազմում էին ժպիտներն ու ձեռքսեղմումները, ապա այժմ տեղի են ունենում իսկական դրամաներ՝ զգացմունքների ու կտրուկ ժեստերի դրսևորումներով։ Ամենից առաջ գագաթաժողովը կարճատևության ռեկորդ սահմանեց այն իմաստով, որ նեղ շրջանակով երկրների ղեկավարների ավանդական հանդիպումը շարունակվեց ընդամենը մեկուկես ժամ, իսկ ընդլայնված կազմերով՝ կես ժամ։ Ընդ որում, պարզ չեղավ, թե կողմերը երբ հասցրին այդ ընթացքում 22 փաստաթուղթ ստորագրել, որոնք առաջին հայացքից շատ կարևոր էին ու ծանրակշիռ։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման համատեղ միջոցառումների ծրագրին, կոլեկտիվ անվտանգության համակարգի ստեղծմանը ԱՊՀ արտաքին սահմաններով մեկ և այլն։
Սակայն, միաժամանակ, ՈՒկրաինան և Բելառուսը քննադատության ենթարկեցին այն փաստը, որ ԱՊՀ շրջանակներում հակաճգնաժամային դիմակայության միջոցառումները քննարկվում են միայն 2009-ի վերջին, իսկ Մոլդովան առհասարակ հրաժարվեց ռազմական բնույթի հարցերի քննարկմանը մասնակցելուց, ներառյալ այն ամենը, ինչ վերաբերում էր սահմանապահ և մաքսային ծառայությունների գործունեությանը։ Այսպիսով, ըստ էության, ոչ մի հարցի շուրջ միանշանակ որոշում կայացնել այդպես էլ չհաջողվեց։ Միակ միավորիչ գաղափարը 2010-ը Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների տարի հռչակելն էր՝ «Մենք հաղթել ենք միասին» կարգախոսով և Հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ տոնական միջոցառումների կազմակերպումը ԱՊՀ երկրներից յուրաքանչյուրում։
Միանգամայն իրավացի է այն դիտարկումը, թե քիշնևյան գագաթաժողովը մասնակիցների համար հիշարժան կդառնա թերևս նրանով, որ հավատարմագրված լրագրողներին մամուլի կենտրոնից այն կողմ գնալ չէին թողնում, իսկ պետությունների ղեկավարներն այդպես էլ միասնական կազմով չհանդիպեցին մամուլի հետ։ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վիկտոր Յուշչենկոն անթաքույց հայհոյում էին Ռուսաստանին ՌԴ նախագահի ներկայությամբ, Իլհամ Ալիևն էլ դժգոհ մնաց Սերժ Սարգսյանի հետ ունեցած շփումից։ Բոլոր «ռազբորկաների» դափնեպսակը կազմեց ավանդական դարձած հանդիսավոր ընդունելությունը չեղյալ համարելը, որը պետք է կայանար Մոլդովայի նշանավոր Կրիկովյան գինու մառաններում, որոնք մինչ օրս համարվում են Մոլդովայի հիմնական այցեքարտը, և ուր պարտադիր կարգով հրավիրվում են երկիր այցելած պետական պատվիրակությունները։ Ժամանակին Վլադիմիր Պուտինը նույնիսկ կատակել էր, թե մոլդովացիները հատուկ մարտավարություն ունեն. սկզբում մառան են հրավիրում, հետո՝ միջպետական բանակցությունների` կառավարական տուն։ Այս անգամ ո՛չ մառան կար, ո՛չ էլ արդյունքներ։
Անգամ Ռուսաստանի նախագահը, ավանդույթի համաձայն դրական գնահատելով գագաթաժողովի արդյունքները, միաժամանակ խոստովանեց, որ փակ դռների հետևում անցկացված բանակցությունները եղել են բարդ։ Ամեն ինչ սկսվել էր ճակատագրական հարցերից, որ բարձրացրել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հետևյալ հարցադրումով. «Ռուսաստանը հարուստ երկիր է, և, ըստ այդմ, ինչո՞վ կարող եք մեզ բոլորիս օգնել»։ Ի պատասխան ռուսական կողմը խոսել էր այն մասին, որ ԱՄՀ-ում իրենք կքվեարկեն օգնություն տրամադրելու օգտին, սակայն, այնուհանդերձ, հրաժարվել էր Բելառուսին տալուց վերջին կայունացման վարկը, թեպետ Մոլդովային նույն վարկը տալ խոստացել են։ (Դա, հավանաբար, «ավանս» է Մոլդովայի նոր ղեկավարությանը, որը հավաստիացրել էր, թե առայժմ դուրս չի գալու ԱՊՀ կազմից)։ Ռուսաստանի նախագահը միաժամանակ պարզաբանել էր, որ ֆինանսական ռեսուրսների ձեռքբերման ամենակարճ ու արդյունավետ ուղին ԵՎՐԱԶԵՍ-ի ֆոնդին միանալն է, ինչին «անսանձ» Լուկաշենկոն պատասխանել էր. «Անհրաժեշտ է ԱՊՀ շրջանակներից դուրս բերել այն հարցերը, որոնք վերաբերում են ԵՎՐԱԶԵՍ-ին, ՀԱՊԿ-ին և մաքսային միությանը։ Դրանք այստեղ քննարկելի հարցեր չեն։ Այդպիսի նախաձեռնությունն ավելի շուտ կլղոզի այդ կազմակերպության շրջանակներում գործադրվող ջանքերը, քան կբարձրացնի ԵՎՐԱԶԵՍ-ի նկատմամբ ԱՊՀ պետությունների հետաքրքրությունը»։ ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն իր հերթին չէր խուսափել հիշեցնելուց. «Միասնական տնտեսական տարածություն ԱՊՀ երկրների միջև գոյություն չունի։ Հացահատիկային ՕՊԵԿ-ի ստեղծման նախաձեռնությունը, որի հետ հույսեր էին կապում ՈՒկրաինան, Ռուսաստանն ու Ղազախստանը, արգելակված է։ Ընդհանուր վալյուտայի անցնելը ԵՎՐԱԶԵՍ-ի շրջանակներում օճառի պղպջակ է, ոչ ավելին։ Իսկ թե ինչ է լինելու Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև իբր ձևավորվող մաքսային միության հետ, առայժմ ոչ ոք չգիտի»։ ՈՒկրաինայի նախագահի ելույթը հանգեց նրան, որ ո՛չ Կիևը, ո՛չ էլ Մինսկը հարկադրված չէին լինի Մոսկվայից վարկեր խնդրել, եթե ԱՊՀ-ում ստեղծված լիներ ազատ առևտրի գոտի, ինչն առաջարկվել է դեռևս 2007 թվականին և, ըստ Յուշչենկոյի, «մենք ինքներս կաշխատեինք այդ փողերը»։ Գագաթաժողովի ավարտից հետո Ալեքսանդր Լուկաշենկոն նշել էր, որ Յուշչենկոյի «սպանիչ» ելույթն արժանացել է Ադրբեջանի և Տաջիկստանի ղեկավարների պաշտպանությանը։ Այն, որ Ռուսաստանի նախագահն իր աշխատանքային գրաֆիկի մեջ այդպես էլ ժամանակ չգտավ Յուշչենկոյի հետ առանձին հանդիպման համար, թերևս, հենց այդ ելույթի պատասխանն էր։
Բայց ամենամեծ սկանդալն այս գագաթաժողովում կենտրոնասիական երկրների ղեկավարների գրեթե միահամուռ բացակայությունն էր։ Քիշնև ժամանելու ժամանակ էր գտել միայն Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիևը, այն էլ, ԶԼՄ-ների պնդմամբ, բացառապես ռուսական վարկի մնացած մասը ստանալու համար։ ՈՒզբեկստանի ու Թուրքմենստանի կողմից որպես նախագահների «փոխարինողներ» ներկայացել էին խորհրդարանի խոսնակն ու փոխվարչապետը։ Տաջիկստանի և Թուրքմենստանի նախագահները Քիշնև ժամանելու փոխարեն նախընտրել էին առանձին հանդիպում անցկացնել, բայց ամենադրամատիկը, այնուհանդերձ, հետխորհրդային պետությունների ինտեգրացիայի հետևողական կողմնակից Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի բացակայությունն էր, ընդ որում՝ ԱՊՀ-ի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ։ Մանավանդ որ Ղազախստանի ղեկավարը որևէ հատուկ նշանակության միջոցառումներ չուներ պլանավորած և տանն էր մնացել Աստանայում Աթաթուրքի արձանի բացման արարողությանը մասնակցելու համար։ Ինչ վերաբերում է ՈՒզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովին, ապա վերջինիս դեմարշներին ԱՊՀ-ում բոլորն արդեն վարժվել են։ Բավական է վերհիշել նրա կողմից «հատուկ դիրքորոշման» ցուցաբերումը ՀԱՊԿ-ի, ԵՎՐԱԶԵՍ-ի և նախկին ԽՍՀՄ հանրապետությունները միավորող այլ կառույցների շրջանակներում։ Այսպիսով, կարելի է արձանագրել, որ լոկալ շահերի շուրջ գործող և ԱՊՀ կոչվող «նախագահական ակումբը» բացարձակ լճացման մեջ է և դադարել է հետաքրքրել նույնիսկ մասնակից նախագահներին։ Ըստ այդմ, չնայած գագաթաժողովի ընթացքում առաջադրված գլոբալ հարցադրումներին, մեկ անգամ ևս ակնհայտ դարձավ, որ Անկախ Պետությունների Համագործակցությունը, իբրև հետխորհրդային երկրներին միավորող կառույց, սպառել է իրեն։
Ավելին, միանգամայն հավանական է, որ այն աստիճանաբար փլուզվելով կվերածվի փոքր դաշինքների հետխորհրդային այն պետությունների միջև, որոնք ունեն համանման պրոբլեմներ։ Գագաթաժողովի ընթացքում Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն ակնարկեց, որ Ռուսաստանի հետ առևտրի ոլորտում առաջացած պրոբլեմների պատճառով Կիևի և Մինսկի դիրքորոշումները միմյանց շատ մոտ են, և հայտարարեց, որ հնարավոր է նոր տրանզիտային առևտրային ուղիների որոնում կամ կազմակերպում ՈՒկրաինայի, Բելառուսի և բալթյան երկրների համատեղ մասնակցությամբ։ ՈՒ թեպետ ԱՊՀ հաջորդ գագաթաժողովը նախատեսված է հաջորդ տարի անցկացնել Մոսկվայում, դատելով ամենից, կառույցի ակտիվացման դեղատոմսեր գործնականում հազիվ թե գտնվեն։ Տարեցտարի հետխորհրդային հասարակությունը դառնում է այն իրողության վկան, որ ԱՊՀ-ում մնացել են միայն առաջնորդների հռչակագրային հայտարարությունները՝ «կողմերը մեծ նշանակություն են տալիս համագործակցության գործունեության արդյունավետության բարձրացմանը» ոճով։ Այդ իմաստով մահամերձ պառավի մասին Գիմպուի բնորոշումը ճշմարտացի է ինչպես երբեք։ Ակնհայտ է, որ Ռուսաստանն իր տնտեսական խնդիրների պատճառով չի կարողանում կրկին վերածվել ԱՊՀ բոլոր երկրներին շաղկապող օղակի, ինչ նախկինում էր։ ՈՒստի միանգամայն հավանական է, որ հեռանկարում ԱՊՀ ամենասենսացիոն ու սկանդալային գագաթաժողովը կդառնա այն, ուր որոշում կկայացվի կազմակերպության լուծարման մասին, կամ էլ այն, որին արդեն չի մասնակցի Ռուսաստանի նախագահը։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1639

Մեկնաբանություններ