«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

ՀՍՏԱԿԵՑՈՒՄՆԵՐ ՏԱՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

ՀՍՏԱԿԵՑՈՒՄՆԵՐ ՏԱՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
27.11.2009 | 00:00

Հայաստանի ներքաղաքական կյանքի այս փուլին առավել բնորոշ են ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության դաշտում տեղի ունեցող տարաբաժանումները, տրոհումներն ու անջատումները։ Սոսկ առաջին հայացքից է, որ կարծես ոչինչ տեղի չի ունենում։ Իրականում վերջին մի քանի, թեկուզ ոչ այնքան նշանակալի ու լոկալ իրադարձությունները ցույց են տալիս, որ իշխանության ու ընդդիմության ներսում գնում է հստակեցման գործընթաց։
Առաջին նորությունն արմատական ընդդիմության դաշտում Ժիրայր Սէֆիլյանի հայտարարությունն էր, որ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին գնահատականներն իրենց համար ընդունելի չեն։ Ավելին, «Հայ կամավորականների համախմբման» ղեկավարը կոչ արեց բոլորին, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում, հեռանալ Հայաստանի առաջին նախագահից։ Անշուշտ, «Հայ կամավորականների համախմբման» վերջնական տարանջատումը ՀԱԿ-ից նոր չի սկսվել, այսօր հասարակությունն ականատես է, թերևս, այդ գործընթացի վերջաբանին։ Սակայն նաև փաստ է, որ Տեր-Պետրոսյանին նախագահական ընտրություններում պաշտպանած կազմակերպություններից մեկն արդեն իսկ զատվում է արմատական ընդդիմադիր բևեռից և որդեգրում այլ մոտեցումներ ու մարտավարություն, որոնք, անշուշտ, իշխանամետ չես համարի, բայց միաժամանակ փաստ է, որ համախոհների կորստի գործընթացը Տեր-Պետրոսյանի համար արդեն սկսվել է։ Տվյալ դեպքում, թերևս, այնքան կարևոր չէ, թե ինչ կշիռ ունեին Սէֆիլյանն ու իր կողմնակիցները Տեր-Պետրոսյանին հարող կազմակերպությունների շարքում։ Խնդիրը երևույթն է, եթե նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ նույն Տեր-Պետրոսյանին նախագահական ընտրություններում սատարած «Ժառանգությունն» ու ՆԺԿ-ն արդեն իսկ մասնակցում են 12-ի ձևաչափին։ Այն դեպքում, երբ այդ երկու կուսակցությունները, ինչպես և Սէֆիլյանի «Հայ կամավորականների համախմբումը», ժամանակին այդպես էլ չընդգրկվեցին Հայ ազգային կոնգրեսում` նախընտրելով համագործակցել «կողքից»։ Կողքից էլ հեռացան։
Սա, ի դեպ, վնասակար զարգացում չէ ՀԱԿ-ի համար, որովհետև հիմնական համախոհների կազմը, այնուհանդերձ, մնում է անփոփոխ։ Այսինքն, այն կուսակցությունները, որոնք անդամագրվել են կոնգրեսին, դեռևս շարունակում են գործել նրա կազմում և տրոհման միտում, կարծես թե, չկա։ Եթե, իհարկե, չհաշվենք հնչակյանների ներսում ընթացող խմորումները, որոնք, սակայն, հազիվ թե հանգեցնեն ՀԱԿ-ից այդ կազմակերպության դուրս գալուն։ Այսպիսով, Տեր-Պետրոսյանը սկզբունքորեն չի տուժում. նրանից հեռացել են ի սկզբանե վերապահություններ ունեցող գործընկերները։
Դա ավելի է հստակեցնում ՀԱԿ-ի տեղն ու դերը քաղաքական դաշտում և իշխանության հետ հարաբերություններում։
Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա այստեղ էլ զարգացումները միտված են հստակեցման։ Ամենից առաջ այդ շարքին պետք է դասել Տիգրան Սարգսյանի` ՀՀԿ անդամ դառնալը, ինչը, անշուշտ, հետևանք էր բարձրագույն, այսինքն` հանրապետության նախագահի մակարդակով քաղաքական միջամտության։ Իսկ այդ միջամտության կարիքն առաջացել էր, որովհետև գործնականում այն պահից, երբ ԱԺ ներկայիս նախագահը հայտնվեց ՀՀԿ ղեկավար մարմնում, սկսվեց, այսպես կոչված, «Հովիկ Աբրահամյանի թևի» ձևավորումը։ Սա բավականին ծամծմված թեմա է, բայց բոլորովին էլ չի հերքում իրողությունը։ Չնայած հենց ՀՀԿ ղեկավար կազմի անդամները տարբեր առիթներով բազմիցս հայտարարել են, թե ՀՀԿ-ում թևեր և մասնավորապես Աբրահամյանի թև գոյություն չունեն, բայց, ինչպես ասում են, հերքումը հաճախ փաստի հաստատում է։ Իսկ փաստն այն է, որ ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Հովիկ Աբրահամյանի դիրքերն իշխանության համակարգում աննախադեպ ամրապնդվեցին։ Դա երևում է և՛ նրա պահվածքից, և՛ ակնհայտորեն սեփական քաղաքական թիմը ձևավորելու ձգտումից։ Խնամիական կապերի հաստատումը Գագիկ Ծառուկյանի հետ միայն խթանեց այս հավակնությունները, որոնք, չի բացառվում, նաև հետևանք էին հենց նույն խնամիության։ Ըստ այդմ, ՀՀԿ-ի ներսում վերջին շրջանում բացահայտորեն առաջացել էր երկփեղկվածություն, երբ հանրապետության նախագահը խորհրդարանի խոսնակի հետ կուսակցական առումով հայտնվել էր գործնականում նույն հարթության վրա։ Այսինքն` ՀՀԿ-ում ներքին իրադրությունը, քաղաքական դաշտում շրջանառվող բավականին հավաստի լուրերի համաձայն, սկսել էր բնորոշվել իբրև Աբրահամյանի ու Սերժ Սարգսյանի թևերի հակամարտություն։ Տիգրան Սարգսյանին ՀՀԿ ընդգրկելով` հանրապետության նախագահը, փաստորեն, փորձում է լուծել երկու խնդիր։ Առաջին` բարձրացնել վարչապետի պաշտպանվածության աստիճանն այն իմաստով, որ խորհրդարանական մեծամասնությունն այսուհետ ստիպված է լինելու խորհրդարանում պաշտպանել ոչ թե նախագահի նշանակած անկուսակցական, այլ իր վարչապետին։ Երկրորդ և ավելի կարևոր խնդիրն այն է, որ կուսակցական դառնալով, Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ում կստանձնի Սերժ Սարգսյանի «թևի» փաստացի ղեկավարումը և կուսակցության ներսում իրական հակակշիռ կդառնա ԱԺ նախագահին։ Այսպիսով, Սերժ Սարգսյանը հնարավորություն կստանա ՀՀԿ-ի ներսում հավասարակշռողի գործառույթ ստանձնել խոսնակի ու վարչապետի թևերի միջև, միաժամանակ իրեն վերապահելով «ներկուսակցական արբիտրի» գործառույթները։
Ինչ վերաբերում է վերջին օրերին արձանագրված «օլիգարխամարտին», երբ Ռուբեն Հայրապետյանը, ի պատասխան Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարության, հանդես եկավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի հասցեին բավականին խիստ որակումներով, ապա սա էլ հազիվ թե պատահականություն է։ Որովհետև այդ «պատահականությունը» զուգահեռվեց Երևանի քաղաքային ավագանու կազմում Գագիկ Բեգլարյան-ԲՀԿ խմբակցություն նույնպես բացահայտ հակամարտությամբ։ Ըստ այդմ, անհիմն չեն այն պնդումները, թե ինչպես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, այնպես էլ քաղաքապետը գործում են նախագահականի հրահանգներից ելնելով, ու նրանց գործողությունները միտված են ԲՀԿ-ի ու նրա նախագահի հավակնությունների չափավորմանը, ինչն ուղղակիորեն առնչվում է նաև Ազգային ժողովի խոսնակին։
Եվ վերջապես դաշնակցությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանն ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած մտքերին կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ և միաժամանակ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի տված գնահատականը բավական խոսուն էր։ Արձանագրելով, որ երկրորդ նախագահի պատասխանն իր նախորդին համարժեք չէր, դաշնակցության ներկայացուցիչը դա հիմնավորել էր բավական հետաքրքիր դիտարկումով, թե Քոչարյանի այսպիսի պահվածքը, հավանաբար, արդյունք է քաղաքականությունից նրա կտրվածության, քաղաքական գործունեությամբ չզբաղվելու։ Բայց ամենահետաքրքիրը Հովհաննիսյանի դիտարկման վերջաբանն է. եթե դու քաղաքականությամբ չես զբաղվում, քաղաքականությունը, միևնույն է, զբաղվում է քեզնով։ Մի կողմից սա կարելի է ընկալել որպես քաղաքականություն վերադառնալու կոչ` ուղղված Ռոբերտ Քոչարյանին։ Բայց այդպես է միայն առաջին հայացքից։ Կոալիցիայից դուրս գտնվելով հանդերձ, ՀՅԴ-ն ոչ միայն դուրս չէ քաղաքական գործընթացներից, այլև դրանց ամենաակտիվ մասնակիցներից է։ Հետևաբար, դաշնակցականները նույնպես քաջատեղյակ են կոալիցիայի ներսում տիրող իրավիճակին, ԲՀԿ-ՀՀԿ և հենց ՀՀԿ-ի ներսում արդեն ոչ այնքան լավ քողարկված հակամարտությանը։ Միաժամանակ պետք է նկատել, որ դաշնակցությունը, չնայած ընդդիմադիր դաշտի տարբեր ուժերի սպասելիքներին, ակնկալիքներին և նույնիսկ ճնշումներին, անգամ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, հանդես չեկավ Սերժ Սարգսյանի հրաժարականի թեկուզ ձևական պահանջով` ակնհայտորեն չցանկանալով փչացնել հարաբերությունները գործող նախագահի հետ։ Հետևաբար այն, ինչ ասվեց Քոչարյանի մասին, կարելի է համարել քայլ, որով դաշնակցությունը տարածություն է վերցնում իր նախկին դաշնակցից` դրանով իսկ ցրելով քաղաքական դաշտում դեռևս տարածված այն առասպելը, թե ՀՅԴ-ն Քոչարյանի առաջին իսկ «կանչի» կամ նրա քաղաքական հայտ ներկայացնելու դեպքում կհայտնվի նրա դրոշի տակ։ Բնավ ոչ, դաշնակցությունն ակնհայտորեն ունի իր գիծը և առաջիկայում էլ վարելու է բացառապես իր գաղափարախոսությունից կամ շահերից բխող քաղաքականություն։
Այնուհանդերձ, վերոնշյալ զարգացումները նպաստավոր են ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության դաշտում դիրքորոշումների ճշգրտման համար։ Այն իմաստով, որ կողմերը զբաղված են իրենց ռեսուրսների հաշվառումով, անցկացնում են ձեռքի տակ ունեցած միջոցների «գույքագրում», որպեսզի պարզեն իրենց հնարավորությունների սահմանները և կարողանան նախապատրաստվել նոր քաղաքական զարգացումներին։ Եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ոչ մի բեկումնային բան տեղի չունենա, ասենք, Թուրքիան անսպասելի հրատապությամբ չվերցնի ու չվավերացնի ցյուրիխյան արձանագրությունները, կամ էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման պրոցեսում չստեղծվի Հայաստանի համար անցանկալի ֆորսմաժորային իրավիճակ, ներքաղաքական հիմնական զարգացումները կտեղափոխվեն 2010-ի գարուն։ Քաղաքական սեզոնն ավարտվում է։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1584

Մեկնաբանություններ