ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ԻՆՔԸ ԼՅՈԽ ԳՅՈՒԴՈՒՄ Ա»

«ԻՆՔԸ ԼՅՈԽ ԳՅՈՒԴՈՒՄ Ա»
09.10.2009 | 00:00

Այն, որ Քոչարյանը լռում է, դեռ չի նշանակում, թե Քոչարյանը չի խոսում: Լռության այդ գեներացիան վաղ թե ուշ պայթյունով դուրս է հորդելու, որովհետև ազդակները, որ քոչարյանական թիմից ստացվում և ներկա իշխանությունների կողմից արժանանում են նույնատիպ հակաազդակների, բավականին էկզոտիկ են:
Բայց նախ` առավել էկզոտիկի մասին։ Երբ «նախկինները» որոշում են, որ Քոչարյանին Ղարաբաղից բերում են Հայաստան` վարչապետության, լիքը գրքեր են ուղարկում Ստեփանակերտ` Մաքիավելի, Չերչիլ... որ կարդա-զարգանա, կարողանա Հայաստանում պաշտոնավարել: Սեդրակիչը գրքերը նույնքան անաղարտ հետ է ուղարկում Երևան` հետգրությամբ. «Ես լյոխ գյուդում եմ»:
Իսկ էս մի «հալեպը» պատմել են իր այսօրվա մերձավորները։ «Քոչարյանին իսկապես թվում է, թե ինքն ամեն ինչ գիտի, ամեն ինչին շատ փայլուն տիրապետում է։ Աստվածաշունչը գիտի (ուրեմն, էլ «ալբանացի» չէ, ու «Հայր մերը» սովորել է- հեղ.), քիմիայից «աս է», գլոբալ զարգացումները հինգ մատի պես է պատկերացնում...»:
Դե, իսկ սերֆինգի ու «մասանդրագիտության» մասին ավելորդ է խոսելը:
Բայց այս ողջ «էկզոտիկան» առ ոչինչ է այն ամենի համեմատ, ինչին ականատես եղանք վերջին օրերին։ Քոչարյանի խոսնակը (էն, որ մանկահասակ էր ու մեզ հետ չէր խոսում) ոչ ավելի, ոչ պակաս, և այն էլ` Ռուսաստանից, ի լուր աշխարհի ավետեց` «ախր, ինքն էլ ա լյոխ գյուդում»:
Պարզվում է` «գյուդումիստ» Վիկտոր Սողոմոնյանը դարչնագույն կազմով «ուչեբնիկ» է թողարկել առ այն, թե ինչպես պետք է խոսնակվել պրեզիդենտին (դե լա՜վ, զսպեք «քահ-քահ ծիծաղելը», ջահել է, դեռ կհասցնի տեղեկացվել, որ ժողովրդավարական հասարակությունները վաղո՜ւց խնդրո առնչությամբ հորինել են խիստ կատարյալ հեծանիվներ և լավ էլ քշում են):
Եվ ուրեմն, իր «բոսի», ով սիրում է բացառապես «որսորդվել» աֆրիկաներում, ով այդպես էլ չհասցրեց «բան» ասել «Առագաստում»` սեփական թիկնապահներից սպանված մարդուն, ով հոկտեմբերի 27-ին սափրված չէր, իսկ մարտի 1-ին շտաբ էր ձևավորում նախագահականում` հենց մանկահասակ մամլո խոսնակի բաց աչքերի առաջ, սեփական ժողովրդի ու երեխաների վրա կրակելու համար, ով... Վերջը, ՀՀ երկրորդ նախագահի կողքին ռաբունի դարձած Վիկտոր Սողոմոնյանը «գտել» և «մշակել» է խոսնակային մեխանիզմներ և դրանք ավանդել սերունդներին որպես հոգևոր մասունք` «ինչ պետք է արվի, ինչպես և երբ» (նկատում ե՞ք, «ումովի» մասին` քար լռություն):
Ասենք` «ումով»։ Մայր Ռուսաստանով: Այո, հայ նախագահի հայ խոսնակը գիրք է գրել: Ռուսերեն: Խոսնակն իր գրքի պրեզենտացիայի մասին խոսափողել է, ոչ ավելի, ոչ պակաս, PTP-ի «Վեստի» ծրագրի ստուդիայում նստած, համակրելի հաղորդավարուհու կողքին` «գոսպոդին-գոսպոդին Սոգոմոնյան Վիկտոր Էռնեստովիչ» մտքեր հայտնելով, ներկայացնելով իր և իր «բոսի» աշխատանքի իրապես անմոռաց «պրելեստները» (հիմա ժամանակը չէ անդրադառնալու բուն «պրելեստներին», դեռ կհասցնենք, եթե ցանկություն լինի գիրքն ընթերցել և լատենտ «վերլուծությամբ» այն համադրել զմիմյանս հետ):
Եվ ուրեմն, դեռ չէինք հասցրել հասկանալ, թե ինչու պարոն Վիկտորը Հայաստանը թողել հասել է Ռուսաստանի դռները` էն էլ հայ-թուրքականի էս նեղ մաջալին, ինչո՞ւ է պարոն Ռուսաստանն իր այդքան հայտնի լուրերի թողարկման ուղիղ 15 րոպեն տրամադրել «դարչնագույն» կազմով գրքին, Քոչարյանի խոսնակին նստեցրել սեփական մայրաքաղաքի կենտրոնում, ու իբր լուրջ-լուրջ խոսում է հայոց ջահելի հետ, տիրաժավորում վերջինիս խորախորհուրդ դիտարկումները` «գազեթից-բանից», չնայած, կարելի է և պատկերացնել, թե «Վեստիի» համապատասխան 15 րոպեն և մեր երիտասարդի, իրականում` նրա «բոսի» ֆինանսական հնարավորություններն ինչպես են համադրվել այդ հաղորդման ընթացքում («բոսը» երևի շատ հաջող որս է արել Տանզանիայում):
Բայց, դե, հասկանալի է, չէ՞, նաև, որ այդ ամենը հենց այնպես չէր կարող լինել, տողատակում առկա էին նաև քաղաքական նպատակն ու մեսիջները. ա) Քոչարյանին գովազդելու ազնիվ մղումով առլեցուն (պարզ է` Ռուսաստանին մեր Վիկտորը` մանկահասակ, հաստատ պետք չէր), բ) ռուսական և հայկական «աուդիտորիաներին» հասկացնել, որ Քոչարյանը Ռուսաստանի համար դեռ ակտուալ է, և Ռուսաստանը «Վեստիի» բարձր աշտարակից սատարում և հիշում է նրան (այս ֆոնին հետաքրքիր էր, չէ՞, որ Ռուսաստանի հայերի միության Սոչիի մասնաճյուղի ղեկավարը հրաժարվեց Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը մասնակցելուց):
Ընդ որում, քոչարյանա-էռնեստովիչա-վեստիական այս «պրոյեկտը» մի շատ կոնկրետ հասցեատեր էլ ուներ` այսօրվա նախագահականը և այնտեղի խոսնակությունները (հասկանալի է, չէ՞, որ Վիկտոր «Սոգոմոնիչը» իր սողոմոնյան իմաստնություններն «ունայնություն ունայնությանց»-ի մասին շատ կցանկար, որ ասվեին նաև տեղական հեռուստաընկերություններով։ Բայց ո՜վ տար «մատանիների երբեմնի տիրակալին» «զվազելն եղջերվաց, զվարգելն եղաց», երբ հեռուստաընկերություններն այլևս հսկվում են այլ տիրոջ կողմից. ընդ որում, դա հենց այն «մեխանիզմն ու սկզբունքն» է, որն ստեղծել և որով առաջնորդվել է ինքը` պարոն Սողոմոնյանը, իր իմաստնության տարիներին, երբ տնօրինում էր այդ ոլորտը):
Հա, էն էինք ասում, որ դեռ չէինք հասցրել հասկանալ, թե ինչու է Քոչարյանը Ռուսաստանից խոսնակվում «աշխըրքի» հետ, որի ուշադրությունը գամված էր Սերժ Սարգսյանի սփյուռքյան տորպեդահարվող (չէ, հո չե՞նք ասում` դրանում նաև Քոչարյանի մատն էր խառը) այցին, երբ Օբաման Հիլարիի ու Բայդենի ձեռից առել հեռախոսն ու արագ-արագ` «Սերժ, հո՞ւնց ես, լավ ես, չէ՞, մտածիլ մի, մունք քեզ հետ ենք»։ Եվ ուրեմն, ուզում էինք հասկանալ, թե դարչնագույն կազմով այդ «ուչեբնիկն» ինչո՞ւ է այդքան կարևորվում, երբ տեղի ունեցավ գրքի պրեզենտացիան` Մոսկվայում (մի հարցնող լինի` «Սիվիլիթասն» ինչ բանի է, որ գնացիք հասաք` «ՄԳԻՄՕ»` Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ` պրեզենտացվելու):
Մի խոսքով, նույն օրը լռակյաց Քոչարյանի թիմից զուգահեռ ազդակներ հղվեցին, Մոսկովում գրքի գինեձոնի տեսքով հիշեցին մեր Վոյինին, իսկ մայր հայրենիքում նրա և Ռուսաստանի «բեկորները» ստեղծեցին «ազգային ճակատ»` մայր-Ռուսաստանի և Քոչարյանի համար մանևրի դաշտ ապահովելու համար:
Ավարտելով «գյուդումիստների» մասին մեր պատումը` հիշեցնենք, որ սույն դարչնագույն կազմով գիրքը գրվել է Պուտին-նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գրոմովի հետ։ Նկատո՞ւմ եք, ո՜նց է Քոչարյանն սպասում Պուտինի վերադարձին։ Չի՛ վերադառնա` միաբերան կրկնում են բոլոր միջազգային և ռուս փորձագետները, բացի «ԿաԳեԲե»-ի «դիլխոր» փորձագետներից։ Ի դեպ, նույնիսկ Եվրոպայի վերջին «բռնապետ» Բատկան` Լուկաշենկոն, այլևս վերջացած «էրա» է համարում Պուտինին (տե՛ս նրա վերջին հարցազրույցը, ուր նա Պուտին Վլադիմիրովիչին մեղադրում է բոլոր հնարավոր ու անհնար մեղքերի մեջ)։ Հիշենք, որ Բատկան վերջերս շատ է հանդիպում Բերեզովսկուն, իսկ Բերեզովսկու և Պուտին Վլադիմիրի հարաբերությունների մասին «հիշատակումն» ավելորդ է։ Մինչդեռ մերոնք` քոչարյանենք, չէ՜, աչքները ջուր առած սպասում են, որ Պուտինը գա, ասի` էդ ի՞նչ եք անում էդ հայ-թուրքական սահմանին, «արմյաններ»:
Բոլոր դեպքերում, թե՛ Վիկտորի բուռն պրեզենտացիան, թե՛ ընդհանրապես ստեղծված շա՜տ «ազգային ճակատը», թե՛ Էռնեստովիչի հոր «Բարգավաճ» կուսակցությունում տեղի ունեցող խմորումները բավականին հեռուն գնացող եզրակացությունների առիթ են տալիս:
ԲՀԿ-ի մասով էլ նկատենք, որ Կարո Կարապետյանի «շուրջ» տեղի ունեցածի էլեկտրոնային արձագանքը նույնպես բավականին հետաքրքիր էր` հակազդեցության առումով։ Ինչ-որ շատ միահամուռ և կազմակերպված էր դրա լուսաբանումը։ Մեսիջ կա՞ր «հարկավորներին» ուղղված:
Ո՜չ մի բանից տեղյակ չենք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1808

Մեկնաբանություններ