«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

ԷՐԴՈՂԱՆԸ ՆԱև ՔԱՂԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ Է ՏՎԵԼ

ԷՐԴՈՂԱՆԸ ՆԱև ՔԱՂԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ Է ՏՎԵԼ
15.12.2009 | 00:00

Աստծո անցած յոթ օրում պետական-պաշտոնական էր շաբաթը ու մի քիչ էլ ագրեսիվ:
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին Փարիզում կքննարկի ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը` մարտյան իրադարձությունների հետաքննության վերաբերյալ: Հանձնաժողովի նիստի արդյունքները կորոշեն` կքննարկվի՞ հարցը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում: Ակներևաբար` հարցը նստաշրջանի օրակարգ չի մտնի:
Խորհրդարանն աշնանային նստաշրջանի վերջին քառօրյայում 82 կողմ, 16 դեմ ձայներով ընդունեց 2010-ի պետական բյուջեի նախագիծը: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը կողմ էին, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»` դեմ: Բյուջեի ծախսային մասն աճել է 75 միլիարդ դրամով` 20 միլիարդ դրամով գերազանցելով 2009-ի փաստացի բյուջեն: 65,5 միլիարդ դրամով աճել է եկամտային մասը, բյուջեի դեֆիցիտը 193,4 միլիարդ դրամ է` ՀՆԱ-ի 6 տոկոսը: 2010-ին կառավարությունը նախատեսում է ՀՆԱ-ի 1,3 տոկոսի աճ:
Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ լուծարվել է «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը: ՍԴ-ի նախագահ Հաշիմ Քըլըչը հայտարարել է, որ պատճառը կուսակցության կապն է ահաբեկչական կազմակերպության հետ, որը դավանում է պետության և ազգի անբաժանելի միասնությանը հակասող գաղափարներ և Թուրքիայի Սահմանադրության 68, 69 հոդվածների ու քաղաքական կուսակցությունների մասին օրենսգրքի 101,103 հոդվածների համաձայն ենթակա է փակման: ԺՀԿ-ն քրդամետ կուսակցություն է և համարվում է թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևը, մեջլիսում երկրորդ ընդդիմադիր քաղաքական ուժն է, ԺՀԿ-ի պատգամավորներն այսուհետ խորհրդարանում կլինեն անկախ պատգամավորներ: ԺՀԿ-ի ղեկավար Ահմեդ Թյուրքը հայտարարել է, որ ժողովրդավարական քաղաքականության առջև դռները փակելը բացասական հետևանքներ կբերի. «Թուրքիան կուսակցություններ փակելով հարց չի կարող լուծել, միայն երկխոսությամբ է դա հնարավոր»: Եվրամիությունն արդեն իր անհանգստությունն է հայտնել Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշման առիթով. ԵՄ-ում նախագահող Շվեդիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ դատարանի որոշումը խախտում է քուրդ փոքրամասնության իրավունքները: Հայտարարությունը հիշեցնում է, որ ԵՄ-ն դատապարտում է բռնությունն ու ահաբեկչությունը, սակայն քաղաքական կուսակցության փակումը բացառիկ գործողություն է, որն առավելագույն զսպվածությամբ պետք է իրականացնել:
Դեկտեմբերի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Օրինաց երկիրը» հրավիրել էր իր 9-րդ համագումարը: Հետաքրքիր ավանդույթ է ձևավորվում իշխանական կուսակցությունների համագումարներում: Բոլոր որոշումներին բոլորը համաձայն են, ինչ կարգախոս էլ հնչի, գործում է «ադաբրյամսի» օրենքը, կուսակցապետերը բազմաձայն վերընտրվում են, բոլորը միմյանց դիմելով` խոսում են հանդուրժողականության անհրաժեշտության մասին: Ստացվում է զարմանալի պատկեր, հաստատ` իրականությունը բոլորովին չարտացոլող. հանդուրժողականությունն անհրաժեշտություն է մեկ կուսակցության ներսո՞ւմ, ակներևաբար` ոչ, որովհետև, ինչպես ճշգրիտ բացատրեց Հեղինե Բիշարյանը, «նրանք, ովքեր մեզ հետ համաձայն չեն, արդեն մեզ հետ չեն», ուրեմն` հանդուրժողականություն քաղաքական դաշտո՞ւմ: Այդ դեպքում ինչո՞ւ է ընտրվում քաղաքական մենախոսության ժանրը: Հանդուրժողականության այդ ջատագովները ե՞րբ են հասկանալու, որ երկխոսությունը երկու առանձին և տարբեր ժամանակներում ու տեղերում հնչող մենախոսությունների համադրումը չէ, այլ համաժամանակյա գործընթաց է, մեկ տեղում ու` պարտադիր չէ համախոհների հետ: Եթե բոլոր այդ բարձրախոհ կոչերն ուղղվում են ընդդիմությանը, գուցե նախ արժեր նրանց համագումար հրավիրե՞լ: Կգային-չէին գա` այլ հարց է, բայց մի տեսակ շինծու է երկխոսելու տենչը մեկի հետ, ում տեսնել չես ուզում: Եվ այս դեպքում ո՛չ միայն Թումանյանին ցիտելը չի օգնի, այլև Թումանյանն ինքը չէր օգնի: Առավել ևս Թումանյանը, որ սպիտակ դրոշը ձեռքին հայ-թուրքական բախումներն էր փորձում կանխել: Սա` ի դեպ: Իսկ համագումարը գրած-գծած սցենարի կատարումն էր, ինչպես և լինում է բոլոր նման դեպքերում: ՕԵԿ-ի հին ու նոր նախագահ Արթուր Բաղդասարյանը նորից մտավ հռետորի իր սիրելի դերի մեջ` ասելու ճշմարտություններ, որ իրենից առաջ էլ, իրենից հետո էլ բոլորին հայտնի են, օրինակ` «կրավորական կեցվածքով հաջողության հասնել հնարավոր չէ», կամ` «մենք չպետք է վախենանք նայել մեր ապագայի աչքերին», «մենք պետք է ձերբազատվենք զոհի բարդույթից, մենք պետք է ձերբազատվենք սպանվածի ու բռնաբարվածի հետապնդող նախապաշարումներից» և այլն: Ո՞վ է առարկում: Խնդիրը` ինչպե՞ս: Եթե հույսները կոչերն են, էլի մի 100 տարի այդ բարդույթներով կապրեն:
Ռեջեբ Թայիփ Էրդողանը Սպիտակ տանն իր հանդիպումներից կարող է գոհ լինել: Թուրք-ամերիկյան գործընկերության մոդելը սկսում է գործել. ի հավելումն ռազմական ու քաղաքական կապերի` ստեղծվում է տնտեսական հանձնաժողով, որն ապահովելու է տնտեսական կապերի զարգացումը: Օբամա-Էրդողան երկժամանոց հանդիպման ժամանակ իրականում ինչ հարցեր ու ինչպես են քննարկվել, կմնա Սպիտակ տան պատերից ներս կամ կերևա առաջիկա զարգացումներից: «Թուրքիան աշխարհիկ, ժողովրդավարական իրավունքների գերակայությունը հարգող, գլխավորապես մահմեդական պետություն է, այդ պատճառով նշանակալի ջանք է ցուցաբերում ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում փոխըմբռնում, կայունություն և խաղաղություն հաստատելու գործում», ասել է ԱՄՆ-ի նախագահը: Լրագրողներին նա նաև ասել է. «Ես շնորհավորել եմ վարչապետ Էրդողանին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում համարձակ քայլերի կապակցությամբ և այդ ճանապարհին առաջընթաց ունենալու համար աշխատել եմ խրախուսել նրան»: Էրդողանն էլ հայտնել է, որ հանդիպման ժամանակ կարևորել են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման նշանակությունը. «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տեսանկյունից կարևորն այս է. Մինսկի խմբի եռանախագահողները` ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, արագություն հաղորդեն այդ գործընթացին, որը կարող է շատ դրական ազդեցություն թողնել»:
Ամենագետ Վաֆա Գուլուզադեն Թուրքիայի վարչապետի ԱՄՆ-ում արած հայտարարությունները համարում է թուրքական հասարակությանն ուղղված և համոզված է, որ դրանք ինքնին օրինաչափ են` իբրև եղբայր պետության վարչապետի տեսակետներ: Նա նաև չի կարծում, որ Էրդողան-Օբամա հանդիպման ժամանակ առաջընթաց է արձանագրվել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում` համարելով դա «դատարկ խոսակցություն»:
Դեկտեմբերի 10-ի երեկոյան ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զանգահարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և տեղեկացրել Օբամա-Էրդողան հանդիպման մանրամասները: Տիկին Քլինթոնը շեշտել է, որ իր երկիրը շարունակելու է հետևողական աջակցությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների` առանց նախապայմանների և շուտափույթ կարգավորմանը: ՀՀ նախագահն էլ խնդրել է իր երախտագիտությունը հայտնել Օբամային` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հաստատուն աջակցության համար: Նա վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը` հարգելու միջազգային պարտավորությունները և առաջ շարժվելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, հույս հայտնելով, որ նույնպիսի պատրաստակամություն ու պատասխանատվություն կդրսևորի թուրքական կողմը: ԱՄՆ-ի պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորմանը և շեշտել, որ ամերիկյան վարչակազմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը դիտում է միմյանցից անջատ գործընթացներ, որոնցից առանձին վերցրած յուրաքանչյուրի ուղղությամբ առաջընթացը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:
Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետը ելույթ է ունեցել Ջոն Հոպկինսի համալսարանում և ասել, որ իր նախնիները ցեղասպանություն չեն արել. «Կոնկրետ փաստաթղթեր կան հայերի տեղահանությունների մասին, որոնք ես անձամբ տեսել եմ: Դժվար է ասել, թե ինչ փաստերի վրա են հիմնվում մեզ ուղղված մեղադրանքները»: Իսկ «Բլումբերգ» հեռուստաընկերության հարցազրույցում նա ուղղակի ասել է. «Ցեղասպանությունը կատարյալ սուտ է: Ես կոչ եմ արել ապացուցել ցեղասպանության իրողությունը: 2005 թ. ես նամակ հղեցի Հայաստանի այն ժամանակվա նախագահ Քոչարյանին` ասելով, որ սա այն հարցը չէ, որով պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, այս հարցը պետք է թողնել պատմաբանների դատին»: Էրդողանը նաև քաղգրագիտության դաս է տվել. «Մենք բացել ենք մեր ռազմական արխիվները, թեմային վերաբերող բոլոր փաստաթղթերն այնտեղ են: Այդ խնդրին առնչություն ունեցող փաստաթղթերի ընդհանուր թիվը մեր արխիվներում ավելի քան 1 միլիոն է: Ես հայկական կողմին ևս կոչ եմ արել բացել արխիվները` թույլ տալով երրորդ պետությունների ներկայացուցիչներին ծանոթանալու փաստաթղթերին: Սա այն հարցը չէ, որ պետք է լուծվի լոբբիստական աշխատանքի միջոցով, երբ գնում են քաղաքական գործիչների մոտ և խնդրում, որ նրանք այս կամ այն որոշումը կայացնեն»:
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունները հունվարի 12-ին կքննարկվեն ՀՀ Սահմանադրական դատարանում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն և Ռոբերտ Բրադկեն Բաքվում դեկտեմբերի 11-ին հանդիպել են Ադրբեջանի նախագահին և ներկայացրել մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը: Հայաստան նրանք կայցելեն 2010-ին: Երևի Հայաստանն արդեն տվել է իր համաձայնությունը: Հանդիպումից հետո նրանք հայտարարել են, որ հույս ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնել 2010 թվականին:
Մոսկվայում եվրոպական և ասիական ԶԼՄ-ների համաժողովում լրագրողների հարցերին պատասխանող ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է. «Մենք ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը համարում ենք խելամիտ և արդար»: Ոչ առանց ենթատեքստի ՌԴ նախագահն ասել է նաև. «Կարևոր է, որ բոլոր մյուս պետությունները հասկանան, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումն ուղղված չէ ինչ-որ մեկի դեմ, այլ հենց Հայաստանի համար է, Թուրքիայի համար է, բոլոր հարևան պետությունների համար է»:
Բրյուսելում Եվրամիության խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի մակարդակով Հայաստան-ԵՄ խորհրդակցություններում բացառելով հարցի ռազմական լուծումը` ԵՄ-ն վերահաստատեց աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով և մադրիդյան առաջարկությունների հիման վրա: Ողջունելով Աթենքում կայացած ԵԱՀԿ նախարարական համաժողովի հայտարարությունը` ԵՄ-ն համոզված է, որ հակամարտության կարգավորմանը նպաստելու համար անհրաժեշտ է խուսափել ռազմատենչ հայտարարություններից և ձեռնարկել վստահության ամրապնդման միջոցառումներ: ԵՄ-ն նաև վերահաստատեց իր աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` կարևորելով արձանագրությունների արագ վավերացումը:
Պետական այցով Հայաստանում էր Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը: Այցի արդյունքներն ամփոփող մամլո ասուլիսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վաշինգտոնյան հայտարարություններին ի պատասխան ասել է. «Մենք միանշանակ դատապարտված ենք համարում Թուրքիայի այն փորձերը, որ արվում են: Թուրքիայի նպատակն է հայ-թուրքական հարաբերությունները փոխշաղկապել Լեռնային Ղարաբաղի խնդրին: Մեկ անգամ ևս պիտի կրկնեմ, որ այդ փորձերը դատապարտված են ձախողման»: «Բոլորը պետք է հասկանան, որ ինչքան ձգձգվում է վավերացումը, այնքան ավելանում են խոչընդոտները: Քաղաքական իրադարձությունները հետագայում կարող են խոչընդոտ լինել»: ՀՀ նախագահը նաև այրել է կամուրջները. «Ես հանձնարարել եմ պետական համապատասխան մարմիններին, որ նախապատրաստեն լրացումներ օրենսդրության այն մասով, որն առնչվում է միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանը և չեղյալ հայտարարելուն»: Դե, թող հիմա Գուլուզադեն բացատրի` այս հայտարարությունը ներքի՞ն, արտաքի՞ն, թե որևէ այլ օգտագործման համար է:
Իսկ իտալացիները մնում են իտալացիներ` սիրո մեջ էլ, խելահեղության մեջ էլ: Մինչ մյուս ազգերի ներկայացուցիչներն իրենց ու այլ պետությունների ղեկավարների վրա կոշիկ են շպրտում, ծաղիկներով են նրանց դեմքին հարվածում, իտալացիք խփում են իրենց լավագույն տաճարների մետաղե մանրակերտով: Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Միլանում 50-րոպեանոց ելույթից հետո, ինչպես միշտ, ունկնդիրների հետ անձնական այս շփումը կհիշի կոտրված երկու ատամով ու քթով... Ամեն օր ու ամեն տեղ չէ, որ պետության ղեկավարներն իրենց ժողովրդի հետ հանդիպումից հեռանում են արյունոտ դեմքով: Ասում են` հարձակվողը հոգեկան հիվանդ է եղել: Իսկ թիկնապահնե՞րը: Իսկ թիկնապահներն այս պարագայում իսկապես նույնքան անօգնական էին, որքան իրենց պահպանած անձը: Ծանր է Մոնոմախի գլխարկը:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1597

Մեկնաբանություններ