ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մոսկվան` «Երրորդ Հռոմ»

Մոսկվան` «Երրորդ Հռոմ»
08.09.2009 | 00:00

ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՅԱՑՔ
988 թվականին Կիևի իշխան Վլադիմիրը քաղաքի ողջ բնակչությանը հավաքեց Դնեպրի ափին ու, համաձայն քրիստոնեական ծիսակարգի, նրանց բոլորին մկրտեցին հենց գետի ջրերում։ Դրա հաջորդ օրը մարդկանց կյանքում ոչինչ չփոխվեց. նրանք բոլորն էլ սովորականի պես զբաղված էին իրենց առօրյա գործերով ու նախօրեին ընդունած «լոգանքը» հիշում էին որպես զվարճալի ժամանց։ Սակայն դարեր անց հենց Ռուսաստանն ու ռուս ժողովուրդը դարձան ուղղափառ քրիստոնեության պատվարն ու հիմնական կրողը` դիմագրավելով անհաշիվ արհավիրքների ու փորձությունների` իրենք էլ այդ ճանապարհին հոգեպես բյուրեղանալով ու վեր հառնելով այն աստիճան, որ ստեղծեցին մարդկության պատմության մեջ երբևէ գոյություն ունեցած լավագույն քաղաքակրթություններից մեկը։ ՈՒ հենց դա էլ հարուցում է միանգամայն այլ քաղաքակրթություն ունեցող Արևմուտքի ուղղակի քարանձավային ատելությունը, ինչը նրանք նույնիսկ չեն էլ փորձում թաքցնել կամ գոնե քողարկել։ Ատելություն, որ գալիս է դարերի խորքից` սերմանվելով դեռևս Բյուզանդական կայսրության ժամանակներում։ «Կոմունիզմի կործանումից հետո որպես Ամերիկայի գլխավոր թշնամի մնաց ռուսական ուղղափառությունը»,- անկեղծանում է ազգությամբ լեհ ամերիկացի Զբիգնև Բժեզինսկին, ու պարզ է դառնում, որ այդ իմաստով ոչինչ չի փոխվել, և Ռուսաստանը շարունակում է մնալ Արևմուտքի գլխավոր թիրախը։ Այն հարցը, թե ինչու էր Հռոմում առաջին քրիստոնյաներին պետությունը ենթարկում դաժան հալածանքների, առանցքայիններից մեկն է։ Ոչ միանգամից, բայց հռոմեական վերնախավին հասու դարձավ այն, ինչը նկատելի չէր հասարակ մարդկանց` քրիստոնեությունը խորտակում է Հռոմի հզորության հիմքը։ Արտաքնապես անվնաս իրողությունն իրականում համաշխարհային այդ կայսրության համար մահացու վտանգ էր։ Հռոմի ու քրիստոնյաների միջև եղած հակասությունը Քրիստոսին ժխտողաբար վերաբերվելու մեջ չէր։ Հռոմը երբեք էլ չի ժխտել քրիստոնեական Աստծուն։ Դեռ ավելին, նրանք պանթեոնում առանձին տեղ էին հատկացրել անգամ իրենց համար անիմանալի Աստծուն։ Միակ բանը, որ Հռոմը պահանջում էր քրիստոնյաներից` ճանաչել կայսեր կրոնական գերակայությունը, ով գերագույն քուրմ էր համարվում։ Ճանաչել, որ միայն նա է իրավասու օրինականացնելու կամ արգելելու ցանկացած ծիսակատարություն, սահմանելու հերետիկոսության և ճշմարիտ հավատքի հասկացությունները։ Կայսեր աստվածայնության գաղափարն այն առանցքն էր, որն ամրակապում էր պետության ողջ կառուցվածքը։ Գերագույն քուրմ հանդիսացող կայսեր ժխտումը փլուզում էր պետական ողջ համակարգը` տիրակալից վերածելով նրան, մի տեսակ, տնտեսության վարիչի, ում իշխանության շրջանակները սահմանափակվում էին տնտեսության ու ընթացիկ քաղաքականության խնդիրների տնօրինմամբ։ Մեծ հաշվով դա նշանակում էր իշխանությունը հանձնել նրան, ով ինքն էր որոշում ճշմարտության սահմաններն ու տալիս զարգացման գլխավոր ուղղությունները։
Քրիստոնյաներն ամբողջությամբ ընդունում էին կայսեր գերակայությունը պետական և տնտեսական հարցերում, միաժամանակ ամբողջությամբ հրաժարվելով հոգևոր հարցերում նրան գերագույն դատավոր ճանաչելուց։ Իսկ հռոմեական վերնախավը հրաշալի հասկանում էր` ծիսակատարությունները երկրորդական են, գլխավորը հոգևոր ճանաչումն է։ Եկեղեցին էլ, իր հերթին, ոչ մի կասկած չուներ` նման ճանաչումը նշանակում է հոգևոր մահ։ Հայտնվելով ֆիզիկական կամ հոգևոր մահը գերադասելու ընտրության առջև` քրիստոնյաներն ընտրեցին ֆիզիկականը։
Քրիստոնեության դեմ պայքարում Հռոմը պարտվեց։ Երբեմնի հզորագույն կայսրությունը բաժանվեց երկու մասի` արևմտյան և արևելյան։ Արևմտյանը կործանեցին բարբարոս ցեղերը, որոնք էլ այն կիսեցին իրար միջև` հիմնելով մի շարք հեթանոսական թագավորություններ։ Իսկ արևելյան մասը մնաց Հռոմի քաղաքական վերնախավի իշխանության ներքո։ Մ. թ. 330 թվականին Կոստանդին Մեծ կայսրը հիմնեց մի նոր մայրաքաղաք` Բյուզանդիան, ուր տեղափոխեց իր գահը։ Նորաստեղծ հեթանոսական կայսրությունը կանգնած էր ճիշտ նույն հիմքի վրա, ինչ Հռոմը` կայսեր գերակայության գաղափարի։ ՈՒ անմիջապես էլ բախվեց նույն` քրիստոնեության խնդրի հետ։ Բայց, ի տարբերություն Հռոմի, Բյուզանդիայում գտան հարցի յուրատեսակ լուծում։ Տրամաբանությունը շատ պարզ էր. եթե որևէ իրադարձությունից հնարավոր չէ խուսափել, պետք է գլխավորել այն։ Քաղաքական վերնախավը ճանաչեց քրիստոնեությունը որպես պետական կրոն ու արձանագրեց ապշեցուցիչ արդյունք։ Գրեթե նույն պահից սկսած, առանց կայսեր հաստատման, քրիստոնեական և ոչ մի ճշմարտություն օրինական չէր համարվում։ Մի բան, ինչը Հռոմում չէին կարող անգամ երազել։
Քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչելը եկեղեցին համարում է իր աստղային ժամը։ Սակայն դա միաժամանակ սկիզբ դրեց պետության կողմից քրիստոնեության գերեվարմանը, քանի որ պետությունը սկսեց օգտագործել եկեղեցին որպես գործիք իր քաղաքական, տնտեսական և ռազմական նպատակներին հասնելու համար։ Բյուզանդական կայսեր իշխանության սահմանները, բնականաբար, սահմանափակվում էին միայն կայսրության տարածքով, իսկ նրա կողմից չվերահսկվող եկեղեցին այլևս ինքնուրույն չէր։ Արևմտյան միապետերն իրենք էլ քրիստոնեությունն ընդունել էին որպես պետական կրոն, և առկա քաղաքական հակասությունները հանգեցրին եկեղեցական պառակտման` ճիշտ և ճիշտ գոյություն ունեցող սահմանների գծով։
Եկեղեցու արևելյան հատվածը համախմբված էր կայսեր շուրջը, ում գերակայությունը խարսխված էր պետական ռեսուրսների տնօրինման վրա։ Եկեղեցու արևմտյան հատվածը համախմբված էր Հռոմի եպիսկոպոսի շուրջը, ում գերակայությունը հիմնվում էր Հռոմի առաջին եպիսկոպոս Պետրոս առաքյալի հեղինակության վրա։ Ընդհանուր առմամբ, կայսեր պաշտամունքը Արևելքում հավասարակշռվում էր Արևմուտքում Հռոմի պապի պաշտամունքով։ Բյուզանդական կեսարը վեր էր կանգնած արևելյան եպիսկոպոսներից, Հռոմի պապը` եվրոպական կեսարներից։ Երբ քաղաքական հակասությունները հասան իրենց գագաթնակետին, եկեղեցու պառակտումը արևելյան և արևմտյան հատվածների միայն փաստացի արձանագրեց տիրող իրավիճակը։
Մի բան ակնհայտ էր` եկեղեցին պառակտվեց ոչ աստվածաբանական հակասությունների պատճառով։ Պետք է չափազանց միամիտ լինել հավատալու համար, թե 11-րդ դարի սկզբին տեղի ունեցած մեծ պառակտման պատճառը հավատքի խորհրդանիշների տարընթերցումն էր։
Մի պահ շեղվենք թեմայից և վերոգրյալին սերտորեն առնչվող մեկ այլ պատմություն շարադրենք։ 13-րդ դարի սկզբին խաչակիրներն ուղղափառ հավատքի տեր փառահեղ այդ քաղաքը` Երկրորդ Հռոմը, խեղդեցին արյան մեջ` թալանելով այն մինչև վերջ։ Հարվածը մահացու էր Բյուզանդիայի համար, դրանից հետո այն միայն հյուծվում էր ու տկարանում և 15-րդ դարում դարձավ թուրքական արշավանքի զոհ։
Հռոմի պապն իր աջակցությունը խոստացավ բյուզանդական կայսրին` թուրքերի դեմ մղած պայքարում, եթե միայն նրա հոգևոր առաջնորդներն իրենց ստորագրությունները դնեին Հռոմի ներկայացրած պայմանների համաձայն եկեղեցին վերամիավորելու պայմանագրի տակ։ Այլ պահանջների շարքում առկա էր նաև վերը հիշատակված աստվածաբանական վեճերում հակասությունները վերացնելու հարցը։ Կայսրը «խոսեց» հոգևոր պետերի հետ, այնուհետև հրավիրեց ժողով, որը Կ. Պոլսի պատրիարքը հայտարարեց Տիեզերական և զգուշացրեց` ով չենթարկվի ժողովի որոշումներին, կվտարվի եկեղեցուց։ Հիմնական տարաձայնությունը մի քանի դոգմաների շուրջ էր, որոնք, բնականաբար, կողմերը մեկնաբանում էին յուրովի` համարելով այն միակ ճշմարիտը։ Չունենալով ընտրություն` ուղղափառները տեղի տվեցին, և ժողովն ընդունեց Հռոմի պապի բոլոր պահանջները։ Բայց երբ Բյուզանդիայում հուսախաբ եղան իրենց զիջման դիմաց խոստացված ռազմական օգնությունը ստանալու ակնկալիքից` կրկին այդ տարաձայնությունն անհաղթահարելի համարեցին։ Այն աստիճան անհաղթահարելի, որ նախորդ որոշումը համարեցին անօրինական և զգուշացրին` ով ճանաչի այն, կվտարվի եկեղեցուց։ Եվս մեկ անգամ շեշտենք` ոչ թե աստվածաբանական վեճերն էին, որ պառակտեցին քրիստոնեական եկեղեցին, այլ քաղաքական շահերը։ Բյուզանդական նավատորմի հրամանատար Լուկա Նոտառը Կ. Պոլսի անկման առիթով այսպիսի միտք է արտահայտել` «Ավելի լավ է Կոստանդնուպոլսում տեսնել թուրքական չալման, քան պապի տիարան»։ Իմաստը սա էր` ավելի գերադասելի է, որ քրիստոնեությունը մնա որպես կոնսերվացված ճշմարտություն, քան վերածվի դրա հեթանոսական տարբերակին։ Ժամանակը ցույց տվեց նավազի մտավախությունների իրավացիությունը։
Հովհաննես-Պողոս 2-րդ պապի մահից հետո (2005 թ. ապրիլ) և նախքան նոր պապ Բենեդիկտոս 16-րդի ընտրությունը, համաշխարհային մամուլի ուշադրությունը սևեռված էր Սուրբ Մալախիի կազմած մի հին ձեռագրի վրա։ 1139 թվականին իռլանդացի վանական Մալախին այն ժամանակվա Ինոկենտիոս 2-րդ պապին հանձնեց նրա 112 հաջորդների վերաբերյալ մի ցուցակ։ Այնտեղ, սակայն, ոչ թե ապագա քահանայապետերի անուններն էին, այլ նրանց պոետիկ բնութագրերը, գործադրած ջանքերի հավաքական փաստագրումը։ Այդ ցուցակը քաջ հայտնի է Վատիկանին և պարունակում է զարմանալիորեն ճշգրիտ կանխատեսումներ։ Ցուցակում 110-րդը հանդիսացող Հովհաննես-Պողոս 2-րդ պապը Մալախիից ստացել է «De Labore Solis»` «Ծանր աշխատող արև» բնութագիրը։ Ազգությամբ լեհ այդ պապը լիովին արդարացրեց այն։ Հռոմի պապ ընտրվելով` 1978-ին նա ամենաակտիվ մասնակցությունն ունեցավ ԽՍՀՄ-ի փլուզման գործում` ձեռք ձեռքի տված ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ։ Նա շրջագայեց ողջ աշխարհը, մի բան, որ մինչ այդ ոչ մի պապ չէր արել։ Կաթոլիկ եկեղեցու անունից ներողություն խնդրեց բոլոր ժամանակներում իրենց գործած մեղքերի համար` ումից որ հնարավոր էր։ Այդպիսի մի «մեղքի» մասին` ավելի մանրամասն։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ մեղադրանքով 1600 թվականին Հռոմում ինկվիզիցիան խարույկ բարձրացրեց Ջորդանո Բրունոյին։ Չենք կասկածում, որ ընթերցողների բացարձակ մեծամասնությունն այս հարցը հռետորական կհամարի, անմիջապես հակադարձելով, թե նա նահատակվեց հանուն գիտության, դարձավ միջնադարյան մռայլ խավարամտության զոհը։ Շուրջ մեկ տարի առաջ մենք էլ էինք այդպես կարծում, քանի դեռ հայտնի ռուս հեղինակներից մեկի մոտ չէինք կարդացել հետևյալ տողերը. «...Որպես կուրսային աշխատանքի թեմա ուսանողուհին ընտրել էր Ջորդանո Բրունոյի կյանքն ու գործունեությունը և, կարդալով ազատության այդ ջատագովի հարցաքննության արձանագրությունները, ցնցվել մինչև հոգու խորքը։ Պարզվում է` Բրունոյին ներկայացված հիմնական մեղադրանքը նրա կողմից ամենասանձարձակ սեռական այլասերվածություն ու սատանայություն քարոզելու մեջ էր։ Ավելին, հետաքննության ողջ ընթացքում սույն «գիտության նահատակը» այդ ամենով ցուցադրաբար հոխորտում էր։ Հենց դրա համար էլ նրան դատապարտեցին մահվան»։
Արդեն մի քանի դար է, ինչ արևմտյան քրիստոնեությունը վեր է ածվել մի ծածկույթի, որի հետևում իրականացվում է հրեա-մասոնական քաղաքակրթության շինարարություն։ Այդ ծածկույթը մի կողմ նետվեց միայն 20-րդ դարի վերջերին։ 1993-ին կաթոլիկներն ու հրեաները կնքեցին պաշտոնական համաձայնագիր` համագործակցության վերաբերյալ։ Իսկ մինչ այդ նույն Հովհաննես-Պողոս 2-րդ պապն ամբողջությամբ չեղյալ էր համարել մասոնական օթյակներին անդամագրվելու արգելքը, ինչը խստագույնս արգելում էին նախորդ բոլոր պապերը։ Եվ արդեն ամենևին էլ ոչ արտառոց, այլ որպես այդ ամենի տրամաբանական շարունակություն է դիտվում այն, որ նա ինքն էլ 1983-ին անդամակցեց իտալական մասոնական օթյակներից մեկին։ Այսպես կոչված «ազատ աշխարհը» մինչև մեր ժամանակներն է հասցրել քրիստոնեական դավանանքի հանգած մոխիրները միայն, փոխակերպելով այն փողի, ուժի, անբարոյականության, թմրամոլության ու պոռնոգրաֆիայի հանդեպ տածած պաշտամունքի։
Կ. Պոլսի անկումից հետո ուղղափառ հավատքի գլխավոր պահապանը դարձավ ռուս ժողովուրդը, իսկ Մոսկվան ժառանգեց «Երրորդ Հռոմ» անվանումը։ Չորրորդն այլևս չի լինի։
Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2424

Մեկնաբանություններ