«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

ԱՆՋԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ

ԱՆՋԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ
15.12.2009 | 00:00

Վերջին օրերին Թուրքիան կրկին ալեկոծվեց փողոցային բողոքի գործողություններից ու ցույցերից։ Ավելին, երկրի բազմաթիվ շրջաններում դրանք վերածվեցին լուրջ համակարգային և անգամ զինված հակադրության։
Երկրի հարավ-արևելքում գտնվող քաղաքներից մեկում անկարգություն հրահրողները պարզապես փողոցում փորձեցին լինչահարել երկու ոստիկանի։ Սիլվան քաղաքում դեմքերը շարֆերով փաթաթած հարյուրավոր երիտասարդներ փողոցներում ավտոդողեր էին այրում ու քարերով հարվածում ոստիկանությանը։ Մի շարք այլ բնակավայրերում քրդական շարժման ակտիվիստները գնդակոծում էին իրավապահ ուժերին ճայթռուկներով և բենզինով լի շշերով, ընդ որում, նախօրոք ջարդուփշուր անելով փողոցային դիտախցիկները։ Բնութագրական է նաև այն, որ «փողոցային մարտերը» չանցան առանց մարդկային զոհերի։ Քուրդ ապստամբները Սեմիդինլի բնակավայրի մոտ ծանր վիրավորեցին թուրքական բանակի երեք զինվորի, իսկ Թոքատ քաղաքում ՔԲԿ-ի ռազմական թևն իր վրա վերցրեց թուրքական զինվորականների վրա հարձակման պատասխանատվությունը (այդ ակցիայի ժամանակ զոհվել էր 7 թուրք սպա)։ Հայտարարության համաձայն, ՔԲԿ-ի տեղական կառույցը գործել է սեփական նախաձեռնությամբ, առանց բարձրագույն հրամանատարության հրամանի, սակայն միաժամանակ նշվում է, որ կազմակերպության կանոնադրությունը չի արգելում տեղական ստորաբաժանումների «նախաձեռնության դրսևորումը»։ Այդ խմբավորման զինյալներին, որոնց գլխավորում էր ոմն Բաշկալե` Մահիր մականունով, թուրք իրավապահներն ու ռազմական հետախուզությունը հայտնաբերել չկարողացան։
ՈՒշագրավ է, որ քրդերի ակտիվացման այս նոր փուլը, ինչպես ավանդաբար, այս անգամ չի առնչվում միայն թուրք-իրաքյան սահմանային շրջաններին։ Այս անգամ գործողությունների թատերաբեմը գրեթե ողջ Թուրքիան է` ծայրամասերից մինչև Ստամբուլի բարեկեցիկ թաղամասերը։ Քրդական պրոբլեմի սրացման «առաջին զանգը» հնչեց Էրդողանի ԱՄՆ կատարած այցելության օրերին։ Այն ժամանակ Թուրքիայի վարչապետը հայտարարեց, թե «ահաբեկչությունը չունի ոչ կրոն, ոչ էլ ազգություն», և փորձեց պայմանավորվել ամերիկացիների հետ Հյուսիսային Իրաքում տեղակայված ՔԲԿ-ի զինյալների դեմ համատեղ պայքարի վերաբերյալ։ Սակայն հակադրությունը ձնագնդի պես սկսեց մեծանալ հատկապես այն բանից հետո, երբ Թուրքիայի Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 11-ին որոշում կայացրեց քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության գործունեության կասեցման մասին։ Թուրքիայի Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները քննարկման ընթացքում հանգեցին եզրակացության, որ կուսակցությունն «առնչություն ունի քրդական ծայրահեղականությանը և փաստացի հանդիսանում է արգելված ՔԲԿ-ի քաղաքական թևը»:
Դատարանի որոշմամբ` կուսակցության 37 առաջատար գործիչների արգելվեց քաղաքականությամբ զբաղվել առաջիկա հինգ տարիներին։ Իր հերթին, Թուրքիայի գլխավոր դատախազությունը պահանջեց կասեցնել այդ նույն կուսակցության 221 ակտիվիստների գործունեությունը` մեղադրելով նրանց «երկրի փլուզմանը նպաստող գործունեության» համար։ Դրանից հետո, ինչպես և սպասելի էր, Թուրքիայի խորհրդարանում «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության 21 պատգամավորները, իբրև բողոքի նշան, վայր դրեցին իրենց մանդատները։ Կուսակցության առաջնորդ Ահմեդ Թյուրքը հայտարարեց, թե մոտ ժամանակներս կստեղծվի նոր քրդամետ կուսակցություն, որի կազմում կընդգրկվեն այսօր արգելված կազմակերպության ներկայացուցիչները։
ԱՄՆ-ի և Եվրամիության արձագանքն այս իրադարձություններին չհապաղեց և միանգամայն համարժեք էր կատարվածին։ Արևմուտքը մտահոգություն հայտնեց կուսակցության գործունեությունը կասեցնելու առնչությամբ, կոչ ուղղեց Թուրքիայի կառավարությանը` «առավելագույն զսպվածություն դրսևորել երկրում քաղաքացիական ազատությունները սահմանափակելու պարագայում և շարունակել ջանքերը, որպեսզի երկրի բոլոր քաղաքացիները կարողանան ամբողջությամբ օգտվել այդ իրավունքներից»։ Իսկ նման երաշխիքները գործնականում բոլորովին այլ բան են նշանակում։ Գործընկեր պետության պահվածքի կապակցությամբ մտահոգություն հայտնեց նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, հատկապես ընդգծելով, որ «այդպիսի կուսակցության գոյությունն անհրաժեշտ է Թուրքիային` ժողովրդավարական զարգացման ճանապարհով ընթանալու համար»։ ՈՒշագրավ է նաև այն, որ այդ իրադարձություններից քիչ առաջ և բավական անսպասելի Եվրոպայի խորհուրդն անհանգստություն արտահայտեց թուրքական քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի իրավունքների ոտնահարման կապակցությամբ։ Վերջինիս թուրքական արդարադատությունն արդեն երկար տարիներ պահում է Մարմարի ծովում գտնվող Իմիրլի կղզու բանտում` խիստ մեկուսացման մեջ։ Համապատասխանաբար այս հարցն էլ դարձել է քրդերի հրապարակային արդիական կարգախոսներից մեկը, ընդ որում, ոչ միայն Թուրքիայի ներսում։
Անշուշտ, քրդերի 25-ամյա պայքարի ընթացքում աշխարհը վաղուց է վարժվել քրդական շարժման պերմանենտ բռնկումներին և թուրք-քրդական պայքարի արյունոտ տեսարաններին։ Սակայն ներկայիս իրադարձություններն ունեն մի քանի խիստ կարևոր առանձնահատկություններ։ Ընդամենը շաբաթներ առաջ Էրդողանի կառավարությունը հպարտությամբ հայտարարում էր, թե որդեգրել է «քրդական փոքրամասնության ինտեգրման նոր կուրս»։ Ըստ այդ հայտարարության, Թուրքիայի իշխանություններն աշխատանքներ են սկսել ներքին բարեփոխումների մի ամբողջական փաթեթի վրա, որն իբր կոչված էր գործընթացը հանգեցնելու քրդերի զինաթափմանը։ Ենթադրվում էր, որ 1950-ից թուրքերեն անվանումներ ստացած տարբեր քրդական բնակավայրերի կվերադարձվեն նախկին անվանումները, նույնիսկ հնարավոր էր համարվում մասնավոր ալիքով քրդերեն հեռուստատեսային ու ռադիոհաղորդումների հեռարձակումը, չէր բացառվում, որ «զգուշությամբ» կկիրառվեն այնպիսի քայլեր, ինչպիսիք են, օրինակ, սահմանադրությամբ քրդերի գոյության ճանաչումը Թուրքիայում և քրդերեն լեզվով ուսուցումը պետական դպրոցներում։ Պաշտոնական Անկարան հասկացրեց քրդական կողմին, որ նույնիսկ պատրաստ է Իրաքյան Քրդստանի վարչական կենտրոն կամ մայրաքաղաք Էրբիլեում բացել հյուպատոսություն, ինչին ի պատասխան իրաքյան քրդերն առաջարկեցին պայմաններ ստեղծել Թուրքիայից Իրաք փախած 11 հազար քրդերի վերադարձի համար, որոնք առայսօր ապրում են Հյուսիսային Իրաքի փախստականների ճամբարներում։ Ավելին, լուրեր էին շրջանառվում, թե ծրագրված է Թուրքիայի, Իրաքի և ԱՄՆ-ի պաշտոնյաների մասնակցությամբ բանակցություններ այս ամսվա կեսերին` հենց փախստականների վերադարձի խնդիրը լուծելու նպատակով։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեսիր Աթալայը նույնիսկ կանխատեսեց, թե 2009-ի հոկտեմբերին ՔԲԿ-ի տասնյակ անդամներ վայր կդնեն զենքը և կհանձնվեն, նույնիսկ շանս կա «համոզելու կազմակերպությանը լիովին զինաթափվել կես տարվա ընթացքում»։
Այժմ այս բոլոր բարի մտադրություններն ու լավատեսական կանխատեսումները, փաստորեն, սին դուրս եկան։ Թեպետ բոլորովին դժվար չէր կանխագուշակել, որ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության կասեցումը, որն իր գոյության չորս տարիների ընթացքում հաջող գործունեություն էր ծավալում նաև Թուրքիայի խորհրդարանում, չէր կարող համապատասխան արձագանքի չարժանանալ։ Այդ գործողությունը, ակնհայտորեն, հակառակ էր հայտարարված գործընթացներին և չէր կարող չառաջացնել Թուրքիայի ներկայիս բնակչության շուրջ 20 տոկոսը կազմող քրդերի դժգոհությունը։ Բնականաբար, առաջանում է հարց, թե ինչո՞ւ թուրքական խորամանկ քաղաքական մեքենան սկսեց գործել այսքան անտրամաբանական ու անհամարժեք քայլերով։ Սակայն այս հարցի պատասխանն էլ կա, և, հավանաբար, իրավացի են Թուրքիայի վարչապետին բնութագրող փորձագետները, որ Էրդողանը քաղաքականություն է կառուցում` ելնելով առավելագույն պոպուլիզմից։ Էրդողանի և նրա կուսակցության ժողովրդականությունն ու դավանած իսլամական սկզբունքներն առանձնապես դուր չեն գալիս Թուրքիայում առայսօր լուրջ ազդեցություն ունեցող ազգայնականներին ու քեմալականներին։ Քրդական կուսակցության կասեցման գործընթացին, ամենայն հավանականությամբ, մասնակից են նաև Թուրքիայի զինվորական շրջանակները, որոնք գրեթե ամբողջությամբ ազգայնական գաղափարներ են դավանում և մի քանի ամիս առաջ արդեն իսկ դեմ էին հանդես եկել քրդական հարցը ժողովրդավարական ուղիով կարգավորելու Էրդողանի նախաձեռնությանը։
Միաժամանակ Թուրքիան սպեցիֆիկ սոցիալ-քաղաքական փոփոխություններ է ապրում։ Վերջին տարիներին երկրում քննադատական վերաբերմունք է ձևավորվել արևմտամետ քաղաքականության նկատմամբ, որը, «նոր քեմալականների» բնորոշմամբ, միայն նպաստում է ՔԲԿ-ի ահաբեկչական գործունեությանը և «անջատականության սպառնալիքի մեծացմանը»։ Անշուշտ, կրակի վրա ուղղակի յուղ լցրեց Հյուսիսային Իրաքում քրդական փաստացի անկախ պետության արագ ձևավորման գործընթացը, և այն հանգամանքը, որ ՔԲԿ-ի զինյալներն այդ տարածքում իրենց զգում են ինչպես սեփական տանը։ Թուրքական քաղաքական գործիչներն ու զինվորականներն առայսօր չեն կարողանում մոռանալ 2003-ի հուլիսի 4-ի իրադարձությունները, երբ ամերիկյան զինվորները քուրդ զինյալների օգնությամբ գերի վերցրին 14 թուրք զինվորականի և 13 քաղաքացիական անձանց` մեղադրելով նրանց Քիրքուկի նահանգապետի սպանության մեջ։ Այդ ամենը Թուրքիայում բացասական տրամադրություններ ստեղծեց ԱՄՆ-ի և եվրոպական երկրների նկատմամբ` որպես իմպերիալիստական տերությունների, որոնք ձգտում են մասնատել Թուրքիան։
Մյուս կողմից էլ, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ քրդերի աննախադեպ ակտիվացումը Թուրքիայում հենց Արևմուտքի «պատասխանն է» Անկարայի ուռճացված հավակնություններին։ Եվ թեկուզ առայժմ թուրքական քրդերին աջակցող հիմնական օղակը մնում է Իրաքյան Քրդստանը, իրավիճակը կարող է փոխվել, ու քրդերը ձեռք կբերեն նոր բացահայտ դաշնակիցներ` ի դեմս արևմտյան տերությունների, եթե Թուրքիան շարունակի իրեն ինքնուրույն խաղացող երևակայել տարածաշրջանում` Օսմանյան կայսրության ժառանգորդը լինելու մտայնությամբ։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1563

Մեկնաբանություններ