ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Սպանությունները երկրում ստեղծված իրավիճակի արդյունք են

Սպանությունները երկրում ստեղծված իրավիճակի արդյունք են
31.10.2008 | 00:00

«ԽՈՐՔԱՅԻՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐՅՈՒՆԱԼԻ ԵԼՔԵՐ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ»
Վերջին օրերի աղմկահարույց սպանությունների առնչությամբ իր վերաբերմունքն է արտահայտում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։
-Մի քանի օրվա ընթացքում միմյանց հաջորդած սպանություններն ապացույցը չե՞ն այն իրողության, որ իրավապահներն իրենց տեղում չեն։
-Առավել հավանական եմ համարում այն հանգամանքը, որ երկրում ստեղծված իրավիճակն է նպաստում համանման հանցագործությունների ի հայտ գալուն։ Մակերևութային և իրավական ճնշումները խորքային գործընթացների վրա չեն ազդում։ Այն, ինչը որպես հակասություն է դրսևորվում տարբեր կլանների, ընտրությունների, իշխանության և սեփականության վերաբաշխման արդյունքում, չի սպառվում, դառնում է լատենտ և իրավական կառույցների տեսադաշտից դուրս է մնում։ Այսինքն, մենք գործ ունենք այդ ճնշման մեխանիզմի ընտրովի կիրառման և բացասական հետևանքների հետ։ Ներքին խորքային հակասություններն էլ այսօրինակ արյունալի ելք են ունենում։ Ինձ համար ամենացավոտն այն է, որ հասարակական գիտակցության մեջ աստիճանաբար հաստատվում է վիճահարույց խնդիրներն արյունով լուծելու ճանապարհը, ինչը ոչ մի կերպ մենք չենք կարող կասեցնել, եթե խորքային պատճառները չբացահայտվեն ու չվերացվեն։ Անարդարության հսկայական զանգվածը, որ կուտակված է հասարակական դաշտում, ծնում է այսպիսի այլանդակ երևույթներ։
-Ակնհայտ է, որ սպանություններն իրագործողներն իրենց օրենքից դուրս են համարում, ավելին, շատ անգամ ստանում են նաև իշխանության աջակցությունը։ Ինչպե՞ս հասկանալ` իշխանությունները նմանների դեմ պայքարո՞ւմ են, թե՞ աջակցում։
-Այս դեպքում մենք գործ ունենք իրենց ոչ թե օրենքից դուրս, այլ օրենքից վեր համարող մարդկանց հետ։ Նրանք շատ անգամ կարող են օրենքներն ընտրովի կիրառել իրենց հակառակորդների նկատմամբ։ Այս երևույթները հասարակությանը հայտնի են որպես հակառակորդ կլանների կազմակերպված հանցագործություններ, որոնց դեմ պայքարը պետք է ընթանա իրավական համակարգի մակարդակով։
-Ի՞նչ եք կարծում, կատարվածն ամենից շատ ո՞ր ոլորտի թերացումների ապացույցն է։
-Անհրաժեշտ է, որ մեր պետության բարձրագույն իշխանությունը դրսևորի ուղղորդված քաղաքական կամք` սպասարկման իր բոլոր բաղադրիչներով։ Հակառակ դեպքում կարող ենք անընդհատ ասել, որ մեղավոր են իրավապահները, դատախազությունը, տեղական ինքնակառավարման մարմինները և այլն։ Բայց, վերջին հաշվով, իրավիճակի հաղթահարումը հնարավոր է միայն բարձրագույն իշխանության քաղաքական կողմնորոշմամբ։
-Քաղաքական կողմնորոշում չէ՞ր նախագահի ուղերձը, որում փաստված է. «Երբ առանձին մարդիկ որոշում են հանդես գալ ուժի դիրքերից, որոշում են, որ իրենց կարելի է փողոցում բազուկների ուժով ինչ-ինչ հարցեր լուծել, ապա ինձ համար դա անընդունելի է»։
-Պարբերաբար հասարակությանը պետք է իրազեկել, թե պայքարի այս փուլում ի՞նչ հաջողություններ, անհաջողություններ ունեցանք, և հաջորդ փուլում ի՞նչ գործողություններ են իրականացվելու։ Սա կհանգեցնի հասարակական այն գիտակցությանը, որ հանցագործություններն անխուսափելի պատիժ են ենթադրում։ Հակառակ դեպքում, կարող ենք պարբերաբար դեկլարատիվ հայտարարություններ անել, որոնք երբեք էլ արդյունավետ չեն։ Աստվածաշնչյան լավ խոսք կա. «Բարի ցանկություններով սալարկված է դժոխքի ճամփան»։ ՈՒրեմն, գնահատելի են ոչ թե ցանկությունները, որոնք կարող են լինել բարի ու պայծառ, այլ արարքները, որոնք հաջորդելու են հռչակված ցանկություններին։
-Այս պարագայում ի՞նչ եք ակնկալում երկրի ղեկավարից։
-Ակնկալում եմ անդրադարձ ստեղծված իրավիճակին, գնահատական, ուղղակի կողմնորոշման մանրամասն բարձրաձայնում և դրա առօրյա սպասարկման մասին հասարակությանն իրազեկելու ցանկություն ու կամք։ Հավակնում եմ լսել այն, ինչ կուզենա լսել քաղաքակիրթ հասարակության յուրաքանչյուր անդամ։ Կողմ չեմ, որ հատուկ ջոկատներ ձևավորվեն, որոնք պետք է ժամանակավորապես մեկուսացնեն հանցագործ կլաններին։ Գրեթե բանդիտիզմին մոտեցող հանցագործությունների պայմաններում հասարակության անվտանգությունը դառնում է չափազանց խոցելի։
-Որպես ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ՝ չե՞ք կարծում, որ խորհրդարանն էլ այս հարցին պետք է հետամուտ լինի՝ համապատասխան քայլեր ձեռնարկելով։
-Հարկավոր է գոնե փակ լսումներ իրականացնել՝ ավելի պարզ պատկերացնելու, թե գործընթացն ինչ փուլում է։ Այսպես մենք միայն շփվում ենք մակերևութային, այլ ոչ թե խորքային գործընթացների հետ։
-Սպանությունների վերաբերյալ պաշտոնյաների հնչեցրած պարզաբանումները Ձեզ գոհացնո՞ւմ են։
-Դրանք խորքային բացատրություններ չեն։ Ասում են, որ էսինչ մարդուն սպանել են, ու ոնց որ թե մենք գիտենք, որ վրեժխնդրության, վենդետայի հարց է։ Այդպես չէ։ Հանցագործությունների խորքային պատճառները բացահայտված չեն, ու հիմա մենք պետք է դրանց դրսևորումների դե՞մ պայքարենք։ Այսպես մենք ինչի՞ ենք հասնելու։ Եթե գոյություն ունի թարախային պալար, և մենք անընդհատ թարախը մակերեսից ենք մաքրում, արդյո՞ք այդ պալարը բուժվելու է։
-Կարծում եք՝ չգիտե՞ն խորքային պատճառները։
-Եթե գիտեն, թող ասեն։ Հակառակ պարագայում տպավորություն է ստեղծվում, թե ապրում ենք մի բանդայի շրջանակներում, որտեղ «кто взял палку, тот и хозяин»:
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 4184

Մեկնաբանություններ