Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Մարդ իր մեջ գոնե մի քիչ լույս ու բարություն պիտի ունենա և աչք` Թումանյանի Լուսավոր, Բարի ու Հայրենասիրական Գանձերը տեսնելու համար

Մարդ իր մեջ գոնե մի քիչ լույս ու բարություն պիտի ունենա և աչք` Թումանյանի Լուսավոր, Բարի ու Հայրենասիրական Գանձերը տեսնելու համար
12.04.2024 | 11:11

Պատասխան Avetis Sadoyan-ին:

Ավետիս Սադոյանն իր ֆեյսբուքյան էջում օրեր առաջ Թումանյանի «Զատկի առիթով» հոդվածի վերաբերյալ մի չարախոսություն է գրել, որին ի պատասխան երկու մեկնաբանություն եմ գրել, բացատրելով, որ իմ Թումանյանը բոլորովին «ուրիշ բան է», քան ինքը պատկերացնում ու ներկայացնում է և մի ընկերական խորհուրդ տվեցի` «կարդացեք ֆեյսբուքյան իմ էջի երկու ալբոմների նյութերը, գուցե սկսեք «ուրիշ» Թումանյանին հասկանալ. ալբոմներից մեկը իմ թումանյանագիտական հոդվածների ալբոմն է` «Թումանյանագիտություն», երկրորդը`
«ՀԱՅ ՄԵԾԵՐԸ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ»:
https://www.facebook.com/media/set/...
https://www.facebook.com/media/set/?set=a.249665031794911...
Եթե այս նյութերը չօգնեն Թումանյանի նկատմամբ վերաբերմունքդ փոխելու. խնդրեմ, մեսենջերի ձայնային կապով միացեք, ավելի մատչելի ու հիմնարար կբացատրեմ…
Բարի երթ դեպի Վեր, դեպի Թումանյանի տիեզերական կյանք, դեպի Ճշմարիտը, Գեղեցիկն ու Բարին…»:
Ինչպես հասկացա, նա խորհուրդս անտեսեց, չզանգեց և շարունակեց իր չարամիտ հարցադրումները…Եթե պատասխանեմ նրա բոլոր «պայծառ» մտքերին, չափազանց ծավալուն նյութ կստացվի: Պատասխանում եմ ընդամենը 2 հարցի:

ԱՌԱՋԻՆ
Ավետիս Սադոյանը գրում է (հարց է տալիս).

«Հարցը մնաց բաց՝ ամենայն հայոց բանաստեղծը ինչու՞ չի անրադարձել Հայոց Ցեղասպանությանը
Տաղանդը չի հերիքել, թե՞ հետաքրքիր պատմություններ չկային գաղթի և գաղթականների մասին…»:
Թումանյանը Հայոց Ցեղասպանության հարցին անդրադարձել է և՛ 1915-ից առաջ, և՛ 1915-ին, և՛ 1915-ից հետո
1913-ին Թումանյանը գրել է (հատված հոդվածից).

«Եվ ահա տաճկահայ ժողովուրդն իր հարցով նույնպես եղել է եվրոպական պետությունների հակամարտության դժբախտ զոհերից մինը, և անպայման ամենադժբախտը։
Ամենադժբախտը, որովհետև գտնվում էր Թուրքիայի սրտում, ամենադժվար ու ամենավտանգավոր տեղում, և Թուրքիան նրան բաց պիտի թողներ միայն իր վերջին շնչի հետ։
Եվ նա՝ Թուրքիան, դիմել է, դիմում է ու կդիմի ամենահրեշավոր միջոցների՝ վերջ դնելու էդ ժողովրդին իր հարցի հետ միասին, հայի հայրենիքի ու ազգային իրավունքների խնդիրը միանգամ ընդմիշտ փակելու համար»։
(ԵԼԺ, հ. 7, 1995, էջ 20-21: «Հայկական հարցն ու իր լուծումը»)

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ
ՈՒ վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,
Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով
Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար հազարով...
ՈՒ կըրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից,
Էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից
Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ, Թանդուրեք,
Հայոց աշխարհքի մեծ կերոնները վառեցի մեկ-մեկ,
Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արև,
Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի վերև...
Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նըման,
Կանչեցի թըշվառ էն հոգիներին՝ ցըրված հավիտյան
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ։
— Հանգե՜ք, իմ որբե՜ր... իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ...
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կըմնա...
Աջիցըս Եփրատ, ձախիցըս Տիգրիս՝ ահեղ ձեներով,
Սաղմոս կարդալով՝ անցան, գընացին խոր-խոր ձորերով,
Ամպերն էլ ելան Ձիրավի ձորից, հըսկա բուրվառից,
Ճանապարհ ընկան ծաղկանց սարերից, Հայկական պարից,
Բույլ-բույլ, բուրավետ, շարժվեցին դեպի կողմերը հեռու,
Գոհար ցողելու, ծաղկունք բուրելու, բուրմունք խընկելու
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ...
- Հանգե՜ք, իմ որբեր... իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ...
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կըմնա...
1915 (ԵԼԺ, հ. 1, 1988, էջ 279)

Թումանյանը 1915-ի ցեղասպանությունից հետո գրել է`

ԴԺՈԽՔԻ ՀԱՆԴԵՊ
Հո՜ւշ. հասավ օրը՝ վերջի՜ն, ահավո՜ր։
Սըրով ու հըրով բացվում էն էսօր
Հայոց դըժոխքի դըռներն ամրափակ.
Սարսափի պիտի աշխարհքը համակ,
Եվ մարդն ամաչի գիլից ու շանից,
Որ մարդ է ծընվել՝ մարդու նըմանից։
Ո՜ւհ, ինչքա՜ն մութն է գարշահոտ ու պաղ...
Ինչքան ոսկորնե՜ր, կըմախքնե՜ր անթաղ...
Էլ ի՞նչ կա հեռվում... հեռվի խավարում...
Ով է իմանում... ում աչքն է զորում...
Մեջտեղը մենակ, ժեռուտ բարձունքին,
Կանգնած է մայրը հողմերի տակին.
Որդու արյունը իր ձեռքն են տըվել.
— Խըմիր սուլթանի կենացը դու էլ...
Եվ նա, որ մարդ էր ու մայր էր երեկ,
Այժըմ, էն ժայռին կանգնած կիսամերկ,
Անուժ ու ապուշ խելագար է մի,
Բաժակը ձեռքին, որ պիտի խըմի...
Կանգնած է մենակ, և լոկ մոլեգին
Հողմերն են ոռնում, ու նըրանք չորս դին...
Բայց՝ հո՜ւշ. լռությո՜ւն... մըթին, ահավոր
Երկինք են նայում կըմախքները չոր,
Ու իրենց կարկամ շըրթունքները բաց՝
Խո՜սք են ասելու աշխարհքի դիմաց,
Խոսք, որ չի լըսված դեռևս լուսնի տակ...
Սարսափի պիտի աշխարհ բովանդակ
Եվ մարդն ամաչի գիլից ու շանից
Որ մարդ է ծընվել մարդու նըմանից։
1916

Ծանոթագրության մեջ գրված է.
Ինքնագիր-պատառիկի հաջորդ երեսին կա հեղինակի հետևյալ ծանոթությունը.

«Տղամարդկանց կոտորել են, ջահել կանանց տարել— մնում են պառավ մայրերը, որ հսկում են դաշտում թափված իրենց որդիների դիակներին։ Մի-մի ճյուղ առած հեռու են քշում գիշերը գիշատիչ գազաններին ու ցերեկը թռչուններին, որ չծվատեն, չուտեն նրանց մարմինները»։
«բանաստեղծության մեջ ակնարկված երեխայի արյունը մորը խմեցնելու դեպքը վերջին օրերի իրականությունից է առած»:
Ժամանակակիցներից մեկն իր հուշերում գրում է այս ոտանավորի ստեղծման շարժառիթների մասին. «Լավ հիշում եմ հետևյալ դեպքը... Երբ Մարտիրոս վարժապետը սկսեց պատմել, թե ինչպես մեկ հայ կնոջ ստիպել էին խմել սեփական զավակի արյունը սուլթանի կենացը, Թումանյանը ելավ տեղից և դողդոջ քայլերով մեկնեց նիստից։ Մի ամբողջ շաբաթ նա հիվանդ էր։ Այս դեպքի ազդեցության տակ է գրված նրա մի ոտանավորը, որից հիշողությանս մեջ մնացել են միայն վերջին երկու տողերը.
Եվ մարդն ամաչի շնից ու գելից,
Որ մարդ է ծնած իրեն նմանից...» (Վեմ, 1933, Ա, էջ 21)
(ԵԼԺ, հ.1, 1988, էջ 632-633):

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան,
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
ՈՒ հեռու է մինչև Մարդը իր ճամփան։
Նոյեմբեր, 1918

«ԴԻՄՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Վերջացավ համաշխարհային պատերազմը։ Մոտենում է հաշվեհարդարի ժամը։
Ոչ մի ժողովուրդ այնքան զոհեր չի տվել այս ահեղ պատերազմին, այնքան աղետների չի ենթարկվել այս չորս տարվա ընթացքում, որքան հայությունը։
Մեր հայրենիքի մեծագույն մասը այսօր ավերակ է ու ամայի։ Միլիոնի է հասնում կոտորված հայերի թիվը, իսկ կենդանի մնացածները հալվում ու մաշվում են օտար երկինքների տակ՝ «փախստականի», «գաղթականի» ճակատագրին ենթարկված։
Ամեն մի գիտակից հայ իր սրբազան պարտքը պիտի համարի այսօր ամեն ջանք թափել, որպեսզի հաշտության մոտալուտ վեհաժողովի սեղանի վրա դրված լինի հայության կրած անլուր տառապանքների լիակատար պատկերը և տված հսկայական զոհերի ճիշտ հաշիվը։
Այդ նպատակով Հայ Հայրենակցական միությունների կենտրոնական խորհրդի նախաձեռնությամբ և հայոց կառավարության հավանությամբ կազմվել է մի հատուկ քննիչ Հանձնաժողով, որ և դիմում է այժմ հայ ժողովրդին և աջակցություն խնդրում ամեն մի գիտակից հայից։
Ժամանակը կարճ է, իսկ անելիք գործը՝ վիթխարի, բայց և այնպես Հանձնաժողովի անդամները, առանց տատանվելու, ստանձնեցին իրանց վրա դրված ծանր պարտականությունը՝ վստահ լինելով, որ այսպիսի մի անկրկնելի պատմական րոպե, երբ մի, թեպետև հսկայական, բայց վերջին ճիգ պետք է գործ դնել, որպեսզի մեր արյունաքամ ժողովուրդը, մեր նահատակ ազգը իր արդար դատը շահի և իր դարավոր իղձի իրականացմանն արժանանա, չի գտնվի ոչ մի հայ, որ իր աջակցությունը մերժի այս գերազանցապես գաղափարական և անհրաժեշտ ու անհետաձգելի գործին։
Հայ ժողովրդի մարտիրոսագրության պատմությունը պիտի պատրաստ լինի մինչև հաշտության վեհաժողովի բացումը և համենայն դեպս շատ վաղ, քան նրա փակումը։
Շտապենք։
Ով ուզում է և կարող է թեթևացնել Հանձնաժողովի անհրաժեշտ ահագին ծախքերը՝ թող օր առաջ ուղարկի իր դրամական օժանդակությունը։
Նա, ով նյութեր ունի հավաքած՝ հայության դահիճների գազանությունների մասին, մեր ժողովրդի կրած աղետների ու նյութական վնասների մասին Թուրքիայում թե Կովկասում, թող անմիջապես Հանձնաժողովի տրամադրության տակ դնի այդ նյութերը։
Գազանության զոհերի ու ավերակների լուսանկարների և աղետների լուրջ ուսումնասիրությունների համար Հանձնաժողովը պատրաստ է վճարել բավարար վարձատրություն փոխադարձ համաձայնությամբ։
Լուրջ ուսումնասիրություններ ասելով, Հանձնաժողովը հասկանում է ճշգրիտ վիճակագրական թվերի արժանահավատ վկայությունների և հավաստի տվյալների վրա հիմնված հետազոտություններ։
Հայ ժողովրդի արդար դատի համար պետք չէ ոչինչ, բացի ճշմարտությունից։
Հանձնաժողովը խնդրում է գազանությունների զոհերին և ականատես վկաներին չզլանալ իրանց ցուցմունքները տալու իր քննիչներին։
Կրկնում ենք՝ մի վերջին ճիգ է պահանջվում հայ ժողովրդից։
Թող ամեն մի հայ կատարի իր այդ սուրբ պարտականությունը և կատարի անհապաղ։
Քննիչ Հանձնաժողովի նախագահ՝
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ»
(ԵԼԺ, հ. 7, 1995, էջ 365-367)



ԵՐԿՐՈՐԴ
Ավետիս Սադոյանը գրում է (հարց է տալիս).

«Հայ ժողովուրդը ո՞չինչ դրական չուներ, որ Թումանյանը միայն բացասական, միայն վատ, միայն տխուր բաների մասին է գրել»։

ՄԵՐ ՈՒԽՏԸ
Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
ՈՒ գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։
Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։
ՈՒ թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
ՈՒ մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։
Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։

ԻՄ ԵՐԳԸ
Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։
Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տըվածն եմ տալիս իրեն։
1918 թ.

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ
Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում
ՈՒ իմ սիրտը իմ մտքի հետ անհուններն է թափառում,
Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝
Մղկտում է սիրտս անվերջ քո թառանչից աղեկեզ,
ՈՒ գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՛վ գյուղերից, և՛ շեներից՝ տխո՜ւր, դատարկ ու խավար,
Զարկվա՜ծ հայրենիք,
Զրկվա՜ծ հայրենիք։
Խռնվում են մտքիս հանդեպ բանակները անհամար,
Տրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,
Ու ջարդարար ոհմակների աղաղակով վայրենի,
Ավարներով, ավերներով, խընջույքներով արյունի,
Որ դարձրին քեզ մշտական սև ու սուգի մի հովիտ,
Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժպիտ,
Ողբի՜ հայրենիք,
Որբի՜ հայրենիք։
Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում Աստծու հետ
ՈՒ խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ պիտ ասես աշխարհքին
ՈՒ պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին―
Հույսի՜ հայրենիք,
Լույսի՜ հայրենիք։
Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
ՈՒ երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
ՈՒ պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նո՜ր հայրենիք,
Հզո՜ր հայրենիք․․․
1915

Մարդ իր մեջ գոնե մի քիչ լույս ու բարություն պիտի ունենա և աչք` Թումանյանի Լուսավոր, Բարի ու Հայրենասիրական Գանձերը տեսնելու համար…

Հրայր ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ
«Թումանյանի անկեղծ նվիրյալ» և Ճշմարտության Մարտիկ

Դիտվել է՝ 4247

Մեկնաբանություններ