ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Հայաստանի բոլոր պաշտոնյաները փոփոխության ենթակա են, մնայունը հայրենիքն է»

«Հայաստանի բոլոր պաշտոնյաները փոփոխության ենթակա են, մնայունը հայրենիքն է»
08.05.2018 | 00:35

Մեր երկրի վերջին իրադարձությունները ստիպեցին Հայաստանը դիտել տարբեր երկրների համեմատությամբ, ավելի սևեռվել ազգային գիտակցության, ազգային արժեքների վրա: Շատ ավելի ընդգծվեց, որ մեր երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր ցնցում ծանր է անդրադառնում արտերկրում բնակվող մեր հայրենակիցների վրա: Հայաստանը, գրեթե մեծամասնության հոգում, ուղեղում կայուն հենարան է: Եթե այն ամուր է, իրենք էլ են դրսում ամուր: Բացահայտում չէ , որ բոլորիս մտահոգությունները, դրսում թե հայրենիքում, բացի առօրյա խնդիրներից, նույնն են. մենք ունենք գերագույն արժեք՝ Հայրենիք, բոլորիս մտահոգում են հայրենիքի զարգացումը, մեր հայրենիքում մեր երեխաների կայուն ապագան, հայրենիքից արտագաղթի կանխումը, հայրենիքի սահմանների պաշտպանությունը: Հայաստանը՝ մեր հայրենիքը, որտեղ բնակչության իշխող մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներն են, շատ տարբեր է բազմամշակույթ, տասնյակ ազգերով բնակեցված երկրներից: Տարբեր են նաև երևույթների դրսևորումները: Հայրենիքում կարող ես բողոքի ձայն բարձրացնել, հայրենիքում տիրոջ իրավունքով կարող ես պահանջել, հայրենիքում կարող ես եղբայրներիդ ու քույրերիդ քո բողոքին միանալու կոչ անել: Սակայն արտերկրում պատկերը բոլորովին այլ է:

Առավել ևս, եթե նկատի ունենանք այն երկրները, որոնք խիստ վերաբերմունք ունեն նմանատիպ ցնցումների նկատմամբ: Այս երկրներում բնակվողները` հատկապես օտարերկրացիները, փորձում են հնարավորինս չբարձրաձայնել իրենց անհանգստացնող խնդիրները, հնարավորինս աննկատ մնալ, անհանդուրժողականության տրամադրություն չստեղծել: Յուրաքանչյուր օտարերկրացի պարտավոր է չխախտել այդ երկրի անդորրը, միայն իր հնարավորությունների սահմանում աջակցել երկրի զարգացմանը: Հակառակ դեպքում, նրանք կարող են կանգնել ընտրության առջև, եթե պայմաններն իրենց չեն բավարարում, լավագույն դեպքում կարող են վերադառնալ իրենց հայրենի երկիր, որտեղ միշտ չէ կյանքն այնքան բարեկեցիկ, որքան իրենց ապրած երկրում: Իսկ եթե նրանց պահվածքը դիտվի որպես պետության անվտանգության սպառնալիք, կարող են օրենքով պատժվել: Այս ընտրությունը երբեմն մարդկանց լուռ և օրինապահ է դարձնում: Մարդիկ նախընտրում են աշխատել, բարեկեցիկ ապրել, կազմակերպել իրենց խաղաղ համայնքային կյանքը:


Աշխարհի տարբեր անկյուններ ում հայ համայնքների ներկայացուցիչները բողոքի ցույցեր կազմակերպեցին և իրենց աջակցությունը հայտնեցին հայաստանյան «թավշյա հեղափոխության» մասնակիցներին: Սակայն այս ակցիաներին ԱՄԷ-ի հայ համայնքը չմիացավ: Պատճառն այն չէր, որ անտարբեր էր կատարվող իրադարձություններին: Այս երկրի յուրաքանչյուր բնակիչ տեղյակ է, որ ԱՄԷ-ում արգելված են բողոքի ցույցերը, նույնիսկ խաղաղ հանրահավաքները: Թեև այս ընթացքում գտնվեցին հայ համայնքի ներկայացուցիչներ, որոնք սոցիալական ցանցերում Հայաստանում բնակվող իրենց քույրերին ու եղբայրներին միանալու և նրանց աջակցելու կոչեր արեցին: Սակայն պետք չէ մոռանալ, որ նույնիսկ նմանատիպ կոչերն են արգելված և պատժելի: Իհարկե համայնքի ներսում հնարավոր առիթի դեպքում քննարկվում են հայրենիքում կատարվող իրադարձությունները, մարդիկ բարձրաձայնում են իրենց մտահոգությունները: Այս ընթացքում Աբու Դաբիում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը ոգեկոչող միջոցառում տեղի ունեցավ, որի բանախոսը Պետրոս Պետերճիկյանն էր: Օրվան նվիրված դասախոսության ընթացքում բանախոսը չշրջանցեց վերջին իրադարձությունները, իր տեսանկյունից մանրամասն վերլուծեց Հայաստանի ներքաղաքական խնդիրները, ինչպես նաև ներկայացրեց իր առաջարկները, թե ինչպես կարելի է այդ խնդիրները լուծելու արդյունքում Հայ դատի ուղղությամբ հաջողությունների հասնել. «Ի վերջո, Հայ դատի պահանջատիրական երթում նվաճումներ արձանագրելը, որպես օրինական իրավատեր ներկայանալը և այս առնչությամբ հասուն քաղաքականություն կիրարկելը ենթադրում են կառուցել հզոր Հայաստան և ունենալ զորավոր Արցախ: Հզոր Հայաստան կառուցելն առաջին հերթին պայմանավորված է Հայաստանի քաղաքացիների ընկերատնտեսական իրավիճակի բարելավումով»:

Նա իր խոսքում ընդգծեց, որ այսօր առաջնահերթ և անհետաձգելի պահանջ է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման խոչընդոտների և բացթողումների անհապաղ վերացումը. «Իշխանություններն ինքնասրբագրումի պատասխանատվությամբ և պետական գործադիր լծակներով, իսկ ընդդիմությունն իր կառուցողական մատնանշումներով, առաջարկներով և գործելու պատրաստակամությամբ իրար ամբողջացնելով շուտով պետք է վերացնեն այդ բոլոր չարիքները, որոնք սպառնում են մեր ժողովրդի անվտանգությանը և գոյատևմանը՝ զերծ պահելով մեր ներքաղաքական կյանքը բոլոր ցնցումներից և արտաքին ազդեցություններից»: Իր ելույթի ավարտին բանախոսը կոչ արեց արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին չհետաձգել ՀՀ քաղաքացիություն ստանալը. «Այս մեկը հրամայական պահանջ և ազգային անվտանգության խնդիր է, բարոյական պարտավորություն է մեր ժողովրդի զավակների համար: Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը նաև պարտավորություններ և ծառայություններ է ենթադրում: Թող Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը հատկանշի այդ պարտավորությունները և ծառայությունները»: Ոգեկոչման երեկոյին ներկա էր նաև ԱՄԷ-ում ՀՀ արտաքին և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, որը, դիմելով ներկաներին, ասաց. «Այսօր, երբ մենք բոլորս հավաքվել ենք հիշելու մեր սրբադասված նահատակներին, պիտի նաև հպարտանանք, որ այդ նահատակների երրորդ սերունդը կարողանում է աշխատել այս վայրերում և հատկապես Ծոցի այս հիասքանչ երկրում՝ ունենալով մեկ հոգևոր և մշակութային կենտրոն: Ես կարծում եմ` շարունակական է լինելու մեր ժողովրդի հպարտությունը»:

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին` նշեց. «Եթե իմ սերնդին, երբ մենք երիտասարդ էինք, մեր մեծերը քննադատում էին, ասելով` դուք մարդ չեք դառնա, դուք ապագա չունեք, մենք այսօր տեսանք մի հիանալի սերունդ, որն իսկապես ապագա ունի և հավատում է իր երկրին, իր պետությանը և իր վաղվա օրվան: Ես որպես դեսպան և որպես քաղաքացի, շատ հպարտ եմ երկրիս նախագահի համարձակ քայլի համար, երբ Արմեն Սարգսյանը միայնակ ժամանեց Հանրապետության հրապարակ և հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ , հետո իսկապես պետական մտածողության քայլ կատարեց պաշտոնաթող նախագահ և այժմ արդեն պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանը: Քսանհինգ տարի է անցել անկախությունից: Պետք է հպարտանալ, որ մեր մեջ սկսել է արթնանալ պետական մտածողությունը, որովհետև միայն պետության մասին մտածողը, միայն ժողովրդի, ազգի հարատևության մասին մտածողը կարող էր ներկա Սահմանադրության լայն հնարավորություններ ունենալու պայմաններում գնալ հրաժարականի քայլի: Կարծում եմ, որ դա պիտի գնահատենք և հասկանանք, որ յուրաքանչյուրիս համար կարևորը պիտի լինի ոչ թե պաշտոնը, այլ պետությունը և ժողովուրդը: Այսօր Հայաստանում, Սփյուռքում և Արցախում բոլորը սպասողական վիճակի մեջ են, բայց հուսադրող վիճակ է, որովհետև որևէ կողմ «ի զեն» կոչ չարեց, ընդհակառակը, բոլորը կոչ էին անում և հայտարարում, որ պետք է միայն խաղաղ բանակցությունների միջոցով գտնել ընդհանուր եզրը, որովհետև ճգնաժամը խորանալու դեպքում սա խնդիր է առաջացնելու բոլորիս համար:

Ամբողջ հայ ժողովուրդը այս հորձանուտը մտել է միասին: Եթե ձեռք ձեռքի դուրս չգանք, հորձանուտը քշելու է բոլորիս, կարևոր չէ` ով որտեղ կլինի: ՈՒրեմն, հիշելով մեր նահատակներին, անպայման պահենք մեր պետությունը, որ մեր պետության դեմքը համարձակություն և ուժ ներշնչի բոլորին»:
Ներկաներին իր խոսքն ուղղեց նաև ԱՄԷ-ի և Կատարի կաթողիկոսական փոխանորդ գերաշնորհ տեր Մեսրոպ եպս. Սարգիսեանը: Նրա կարծիքով Հայ դատի հաջողության ուղղությամբ բավական չեն միայն «ճառերը», հիշատակի միջոցառումները, հուշակոթողներ կանգնեցնելը, անհրաժեշտ է կոնկրետ պահանջատիրական քայլեր ձեռնարկել: Եվ որպես օրինակ նշեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դատը: Հիշեցնենք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը 2015 թ. ապրիլի 28-ին դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով պատմական Սիս քաղաքում գտնվող կաթողիկոսարանի և եկեղեցուն պատկանող կալվածքները. «Մենք պետք է Անկարայի սրտում մեր դատը պաշտպանելու, մեր իրավունքներն ուզելու քաջություն ունենանք»:


Եզրափակելով իր ուղերձը` նա ավելացրեց. «Անհնար է չխոսել Հայաստանի ներկայիս կացության մասին: Հայաստանի Հանրապետությունը անհատներով չի պայմանավորված, Հայաստանում գործող նախկին թե ներկա բոլոր վարչապետները, նախագահները, բոլոր պաշտոնյաները փոփոխության ենթակա են, մնայունը հայրենիքն է, մնայունը պետությունն է: Եվ ինչ էլ լինի, ինչ իրավիճակում էլ գտնվի Հայաստանը, մենք զորավիգ պետք է լինենք Հայաստան պետությանը, մեր հայրենիքին, հողի ամրապնդմանը, Արցախի ազատագրմանը, նրա հողերի պահպանմանը: Ինչպես միշտ եղել ենք Հայաստանի կողքին, այնպես էլ կանք ու պիտի լինենք ուրախության և դժվարության պահերին»:

Համասփյուռ Գրիգորյան
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 20109

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ