ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հարստությունն անիմաստ է, եթե չի հասնում կարիքավորներին

Հարստությունն անիմաստ է, եթե չի հասնում կարիքավորներին
02.03.2018 | 13:25

Այլ երկրներին օգնելը յուրաքանչյուր պետության պարտքն է: Այդպես է ԱՄԷ-ում, որտեղ գումարի և այլ միջոցների հավաքագրումը վերահսկում է պետությունը: Դրանք իրականացնում են պետության և ԱՄԷ-ում հավատարմագրված կազմակերպությունները:
Ինչ վերաբերում է էմիրաթցիներին, նրանք դրական են վերաբերվում կարիքավոր, աղետներից, պատերազմներից տուժած երկրներին օգնություն տրամադրելուն: Գուցե չդժգոհելու պատճառներից մեկն էլ այն է, որ էմիրաթցիների կյանքը պետությունը հնարավորինս բարեկեցիկ է դարձրել, բացի այդ, էմիրաթցիները գիտակցում են, որ միջազգային օգնությունը դրական ազդեցություն ունի ԱՄԷ-ի վարկանիշի վրա, իսկ վերջինս շատ կարևոր է հենց իրենց համար: Ընդունված կարծիք կա, որ ԱՄԷ-ի հիմնադիր և առաջին նախագահ Շեյխ Զայեդ Բին Սուլթան Ալ Նահյանի ամենակարևոր ժառանգությունը նվիրաբերելու, օգնելու պատգամն է՝ ուղղված սեփական ժողովրդին:

Ի դեպ, մինչ ԱՄԷ-ի հիմնադրումը նա ստեղծել է «Աբու Դաբիի զարգացման հիմնադրամը», որը, բացի ներքին խնդիրներ լուծելուց, կարողացել է միջոցներ հատկացնել միջազգային հումանիտար կառույցներին: Հավելենք, որ հիմնադրման օրից «Աբու Դաբիի զարգացման հիմնադրամը» մի շարք զարգացող երկրներում ֆինանսավորել է ենթակառուցվածքների զարգացման նախագծեր: Նրա գործունեությունն ուղղված է եղել նաև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանմանը, զարգացող երկրներում տնտեսական և սոցիալական զարգացման աջակցությանը: ԱՄԷ-ի զարգացման և միջազգային համագործակցության նախարար Շեյխա Լուբնա Ալ Քասիմին իր սեմինարներից մեկում, անդրադառնալով ԱՄԷ-ի համար այս կարևոր խնդրին, նշել է, որ ամեն անգամ նվիրատվության մասին խոսելիս պետք է հիշել Շեյխ Զայեդին: Նա կամեցողության ծառեր է տնկել, որոնց պտուղներն այսօր աշխարհն է քաղում: Նախարարի համոզմամբ` նվիրատվության պատրաստակամությունը բխում է իրենց հավատքից, այն էմիրթացիների բնավորության գիծն է և նրանց ԴՆԹ-ի մասնիկը: Նրա խոսքով` ԱՄԷ-ն ուրիշներին օգնելու պատմական պարտավորություն ունի. «Շեյխ Զայեդը կարծում էր, որ հարստությունն անիմաստ է, եթե չի հասնում մարդկանց, ովքեր դրա կարիքն ամենաշատն ունեն, անկախ այն բանից, թե աշխարհի որ անկյունում են ապրում և ինչ կրոն են դավանում»:


Իր գոյության քառասունվեց տարիների ընթացքում ԱՄԷ-ն մշտական ուշադրության կենտրոնում է պահել միջազգային օգնությունը, որը նրա արտաքին քաղաքականության անբաժան մասն է: Բացի մարդասիրական նկրտումներից, սա նաև այլ կարևոր նպատակ ունի՝ միջազգային մակարդակում ԱՄԷ-ի կարգավիճակի, զարգացող երկրների հետ տնտեսական կապերի ամրապնդումը, ինչպես նաև երկկողմանի հարաբերությունների ամրապնդումը գործընկեր երկրների հետ: Դրան նույն սեմինարում անդրադարձել է նաև Շեյխա Լուբնան: Նա հավելել է, որ ԱՄԷ-ի միջազգային օգնության քաղաքականությունը ընդգրկում է տարբեր ոլորտներ՝ կրթություն, առողջապահություն (հղի կանանց, երեխաների խնամք, վարակիչ հիվանդությունների վնասազերծում), ինչպես նաև բնապահպանության ոլորտ (շրջակա միջավայրի և կենսաբազմազանության պահպանություն):
Նշենք, որ բացի «Աբու Դաբիի զարգացման հիմնադրամից» և հետագայում ԱՄԷ-ում հավատարմագրված կազմակերպություններից, 2016 թ. հիմնադրված ԱՄԷ-ի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունն է զբաղվում միջազգային օգնությամբ:


Վերջին տարիներին միջազգային օգնություն տրամադրելու տեսանկյունից ԱՄԷ-ն բավական բարձր ցուցանիշների է հասել: Փարիզյան «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» համաձայն` ԱՄԷ-ն, իր հարստության համեմատ, բոլոր երկրներից ավելի շատ է միջոցներ տրամադրում միջազգային օգնությանը: Օրինակ, որպես միջազգային օգնություն, 2014-ին տրամադրել է ՀՆԱ-ի 1,17 %-ը, իսկ 2016-ին ՝ 1,12 %, ինչը գերազանցել է ՄԱԿ-ի սահմանած չափը՝ 0,7 %-ը:


Ինչպես հայտնի է, ԱՄԷ-ն կարիքավոր երկրներին հումանիտար օգնություն է տրամադրում դրամաշնորհների, օգնության և վարկերի տեսքով: Դրանք ուղղված են տվյալ երկրների կառավարություններին կամ որևէ կոնկրետ կազմակերպության: Երկրներն ընտրելիս ուղղորդվում են մի քանի սկզբունքով՝ տրամադրված միջոցները պետք է ուղղվեն առողջապահության, կրթության ոլորտներին, տարբեր ենթակառուցվածքների զարգացմանը, երկրում աղքատության մակարդակի նվազեցմանը, բնական աղետների հետևանքները վերացնելուն, փախստականների և ներքին տեղահանվածների հետ տարվող աշխատանքներին: Ընդգծենք, որ ԱՄԷ-ի ղեկավարությունը մի մոտեցում է մշակել՝ տրամադրվող միջազգային օգնությունը չպետք է կախված լինի շահառու երկրի քաղաքականությունից: Այս տարիների ընթացքում ԱՄԷ-ի տրամադրած միջազգային օգնության ծրագրում ընդգրկված են եղել Եգիպտոսը, Սուդանը, Աֆղանստանը, Իրաքը, Հորդանանը, Պակիստանը, Սիրիան, Եմենը:


Պատերազմներից տուժած երկրները նույնպես ԱՄԷ-ի ուշադրության կենտրոնում են: Դրանց թվում է նաև Լիբիան: 2016-ի մարտի 30-ին ինքնաթիռն ԱՄԷ-ի Կարմիր մահիկ կազմակերպության միջոցով ավելի քան 30 տ հումանիտար օգնություն է տեղափոխել Լիբիայի Բենգազի քաղաք: Դրանից ամիսներ հետո ՝ սեպտեմբերի 18- ին, ԱՄԷ-ից ավելի քան 100 տ հումանիտար օգնություն է ուղարկվել ՈՒգանդա՝ Հարավային Սուդանի փախստականներին օգնելու համար:
ԱՄԷ-ի միջազգային օգնությունից լայնորեն օգտվել է նաև Եգիպտոսը: 2015 թ. մարտի 13-ին ԱՄԷ-ն Եգիպտոսին 4 մլրդ դոլար է տրամադրել, որից 2 մլն դոլարը պետք է որպես ավանդ դրվեր Եգիպտոսի Կենտրոնական բանկում, իսկ մյուս մասը տրամադրվեր Եգիպտոսի տնտեսության զարգացմանը: Մեկ տարի անց` ապրիլի 22-ին ԱՄԷ-ն պարտավորվել է Եգիպտոսին տնտեսության աջակցության համար 4 մլրդ դոլարի օգնություն տրամադրել (14,7 մլրդ դրհամ):


Առողջապահության ոլորտին վերաբերող միջազգային օգնության առումով կարևոր է 2015 թ. հուլիսի 11-ին ԱՄԷ-ի կողմից միջոցների տրամադրումը Պակիստանի երեխաներին, որոնք ապահովվել են պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութով: Միջազգային օգնության ցանկը կարելի է ընդլայնել:
Վերջին պաշտոնական տեղեկությունների համաձայն, ԱՄԷ-ի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը մշակել է երկրի կողմից տրամադրվող միջազգային օգնության համար հինգ տարվա ռազմավարություն` մանրամասն ներկայացնելով այն ոլորտները, որոնք ուշադրության կենտրոնում են: 2017-2021 թվականների միջազգային օգնության ռազմավարության հենասյուներն են կանանց պաշտպանությունը, տրանսպորտային և քաղաքային ենթակառուցվածքների զարգացումը, տեխնիկական համագործակցությունը:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 19421

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ