ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Անջելան լավ գիտի, որ հայ է»

«Անջելան լավ գիտի, որ հայ է»
03.02.2017 | 01:04

Անջելա Սկուդելլա Բալբաքի Սահակյանը վեց ամիս առաջ է ընդունվել ռուս մարմնամարզիկ, սպորտի վարպետ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Քսենյա Ջալագանիայի 2015 թ. հիմնադրած Դուբայի գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական հերթափոխի դպրոց:

Ի զարմանս ծնողների, ընդամենը մի քանի ամիս մարզվելուց հետո Անջելան, մարզիչների հորդորով, մասնակցել է Դուբայի միջազգային երիտասարդական գեղարվեստական մարմնամարզության մրցույթին՝ գրավելով երրորդ տեղը: Մենք զրուցեցինք Անջելայի մայրիկի՝ ծնունդով հայաստանցի Լուսինե Սահակյանի հետ: Նրա խոսքով՝ երկար փնտրտուքից հետո են ընտրել գեղարվեստական մարմնամարզությունը: Անջելան ավելի շատ հակված է եղել դեպի բալետը, սակայն չի հաջողվել բարձր մակարդակի բալետային դպրոց գտնել Դուբայում, ուստի մայրը ցանկացել է գոնե համադրել բալետը և սպորտը: Ամռանը, տեսնելով օլիմպիական հերթափոխի դպրոցի հայտարարությունը և հետևելով հարևանների խորհրդին, երեխան մասնակցել է դպրոցի կազմակերպած ընտրությանը, սակայն մինչ մասնակցությունը ծնողները երկմտելու պատճառ են ունեցել:


«Դժվար է նրանց մոտ ընկնելը, նույնիսկ մի քանիսի երեխաներին չէին ընդունել: Սկզբում մտածեցինք, որ փորձելն իմաստ չունի: Ամուսնուս հետ խորհրդակցելով՝ որոշեցինք փորձել: Ի զարմանս մեզ, Քսենյա Ջալագանիան ասաց, որ Անջելան պոտենցիալ ունի, ոսկորները ճկուն են, կառուցվածքը՝ փափուկ, այնպես որ, այն է, ինչ պետք է: Նրանց զարմացրեց, որ երեխան մարմնամարզությամբ ընդհանրապես չի զբաղվել: Մի խոսքով, վեց հարյուր աղջիկների շրջանում անցկացված ընտրական փուլից հետո ընտրված աղջիկներից մեկն էր, ինչը մեզ համար զարմանալի և հաճելի էր»,- պատմեց Անջելայի մայրը:


Իսկ մեզ հետաքրքրում էր՝ ծնողները կցանկանայի՞ն, որ Անջելան դառնար պրոֆեսիոնալ մարմնամարզուհի: Սպորտը մեծ զոհողություններ, նվիրում, աշխատասիրություն է պահանջում, երբեմն նույնիսկ ճակատագրական կարող է լինել մարդու համար: Մեր հարցին պատասխանելուց առաջ Լուսինեն պատմեց Անջելայի առաջին դժվարությունների և դրանք համառորեն հաղթահարելու մասին: Սկզբնական շրջանում պարապմունքները բավական ցավոտ են եղել երեխայի համար, նեղսրտել է, բողոքել, իսկ երբ ծնողներն առաջարկել են այլևս չմասնակցել մարզումներին, արտասվել է և ասել, որ ցանկանում է շարունակել: Մայրը կարևորում է երեխայի որոշումը, սերը սպորտաձևի նկատմամբ և ոգևորությունը: Նաև խոստովանեց, որ երկար են մտածել նրա՝ պրոֆեսիոնալ մարմնամարզուհի դառնալու մասին:
«Գիտեմ, որ հետագայում դա կարող է զոհողությունների հետ կապված լինել, բայց կյանքում ցանկացած քայլ կատարելիս մենք ինչ-որ զոհողությունների ենք գնում: Կարծում եմ՝ հարթ ճանապարհ չի լինում, բոլոր ուղիներն էլ կապված են զոհողության հետ»,- ասաց տիկին Լուսինեն:


Դուբայի գեղարվեստական մարմնամարզության միջազգային երիտասարդական մրցույթում երրորդ տեղը գրավելը Անջելայի առաջին սպորտային հաջողությունն է, որն անսպասելի է եղել թե՛ իր, թե՛ ծնողների համար: Լուսինեն հուզմունքով պատմում է, որ մրցանակային տեղերը հայտնելու ժամանակ դստեր անունը երեք անգամ հայտարարել են, և իրենք դեռ չեն գիտակցել, որ խոսքն Անջելայի մասին է:


Մայրը հիշում է, որ մրցույթից առաջ Անջելան շատ է հուզվել, վախեցել է, որ ելույթի ժամանակ չի հիշի պարը, վարժությունների հերթականությունը, իսկ հետո, ծնողների խոսքերից հուսադրվելով, նույնիսկ մտածել է իր և ընկերուհիների հնարավոր հաղթանակի մասին, սակայն չի պատկերացրել, թե ինչ են իրենցից ներկայացնում մրցանակային տեղերը:
«Հաղթանակի գիտակցությունը եկավ միայն այն պահին, երբ կանգնեց պատվո հարթակին: Չէր հավատում, որ մեդալ է ստացել: Մեկ օր հետո նոր միայն գիտակցեց, որ երրորդ տեղն է զբաղեցրել: Խոստացավ հաջորդ անգամ ավելի լավ աշխատել և ավելի գեղեցիկ ելույթ ունենալ: Ասում է՝ ես գիտեմ, թե ինչու երրորդ տեղը զբաղեցրի, որովհետև վարժություններից մեկի ժամանակ ծնկներս մի քիչ ծալում էի»:


Ծնողներին զարմացրել է մի քանի օրվա ընթացքում երեխայի գիտակցության աճը, ինչպես է մտքում վերլուծել իր ելույթը, ինչպես է կարողացել օբյեկտիվորեն նկատել իր սխալները, պատրաստ է ուղղելու դրանք և հաջորդ անգամ ավելի լավ ելույթ ունենալու: Լուսինեն վստահեցրեց, որ առաջին տեղը զբաղեցրած իր ընկերուհիների նկատմամբ նախանձի զգացում Անջելան չունի, ուրախ է բոլորի հաջողություններով:


Հուսանք, որ մարդկային այսպիսի դրական հատկանիշներով, համառությամբ, աշխատասիրությամբ օժտված Անջելան գեղարվեստական մարմնամարզության ասպարեզում մեծ հաջողությունների կհասնի, ինչպես նաև մի օր հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: Լուսինեի խոսքով՝ իր կյանքի ամենաերջանիկ օրը կլինի դա:


«Ես իմ աղջկան մեծացնում եմ հայրենասեր: Շատ հայերեն երգեր գիտի, հայերեն է սովորում, Հայաստանը, հայկական մշակույթը մեր սրտում մեծ տեղ ունեն: Անջելան լավ գիտի, որ հայ է: Շատ զգայուն ենք այդ հարցում: Մայրիկս էլ մեզ հետ է ապրում և մեծ լումա ունի նրա կրթության հարցում: Ամուսինս էլ հրաշալի հայր է և բոլորովին դեմ չէ դստեր ընտրած ուղուն, ճիշտ հակառակը, նա ոչ մի հարցում չի խոչընդոտում, Անջելայի հաջողություններում մեծ ներդրում ունի»:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 19961

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ