ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Այս երկիրը լավ վերաբերվեց մեզ». Շարլ Ազնավուր (1924-2018)

«Այս երկիրը լավ վերաբերվեց մեզ». Շարլ Ազնավուր (1924-2018)
07.01.2023 | 10:41

1939 թվական: Պատերազմ: Թերթերն այդ են գրում: Ռադիոն ծանրաբարո է: Մարդիկ միանգամից փոխվել են: Բոլորը մի տեսակ ճզմված տեսք ունեն: Խանութների առաջ հերթեր գոյացան: Ոչ մի բանի պակաս չենք զգում, բայց լուրեր են շրջում, որ շուտով յուղը, շաքարը, սուրճն ու մյուս մթերքները կտրվեն միայն քարտերով: Մայրս, հայրս, Աիդան ու ես պատուհանների ապակիները կապույտ ներկեցինք:

Հեռավոր պայթյուններից ապակիների ամրությունը ապահովելու համար խաչաձև թերթեր կպցրեցինք: Ուսուցողական ահազանգ լսելուն պես մտնում ենք նկուղները: Ամենուրեք գերմանացիների գազանությունների մասին են խոսում: Ապաստարանի պատին կպցրած հայտարարությունն ազդարարում է. «Լռեցեք, զգուշացեք, թշնամու ականջները ձեզ են լսում»:

Լռում ենք, զգուշանում, օդը լի է կասկածանքով: …Մի օր տուն վերադառնալով, կես-հպարտ, կես-վշտոտ ձայնով հայրս ասաց.

-Հավաքագրվեցի: Բոլորիս աչքերին արցունքներ երևացին, նույնիսկ հորս:

-Ինչո՞ւ արեցիր այդ,-հարցրեց Աիդան:

-Քեզ ո՞վ էր խնդրում,-ասաց մայրս:

-Ոչ ոք, ճիշտ է, բայց այս երկիրը լավ վերաբերվեց մեզ: Սիրով ընդունեց և ապրելու հնարավորություն տվեց: Գլխներիս վրա ծածկ ունենք, երեխաները դպրոց են գնում…Դժվար ժամանակ է, որ պետք է երախտահատույց լինենք մեր նոր հայրենիքին: Բացի այդ, ես կամաչեի առոք-փառոք ման գալ մի քաղաքում, որտեղ ոչ մի տղամարդ չի մնացել: Ու մի օր էլ կեսօրից հետո ծանուցագիր եկավ: Հայրս հավաքեց ճամպրուկն ու վերցրեց իր գործիքը. Պատերազմ լիներ, թե չլիներ, միևնույն է, նա չէր ուզում բաժանվել իր թառից: Գորշ ու ճնշող մի երեկո մենք նրան ճանապարհ դրեցինք մինչև կայարան:

(«Ազնավուրը Ազնավուրի մասին», «Հայաստան» հրատ., Եր., 1976, թարգմ. Սուրեն Բուրսալյան)

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 20902

Մեկնաբանություններ