Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-2

Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-2
24.10.2024 | 11:35

(սկիզբը՝ այստեղ)

Անշուշտ, կարևոր, գնահատելի ու դրվատելի է, որ Թեհրանը հանդես է եկել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» անթույլատրելիության վերաբերյալ, դեմ արտահայտվել տարածաշրջանում սահմանների ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության:
Ինչպես արդեն հայտնի է, Իրանի արտգործնախարար Աբաս Արագչին X- ի (նախկին Թվիթերի) իր էջում համեմատաբար վերջերս գրել է , որ «հարևանների տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների փփոխություն բացարձակապես անընդունելի են և կարմիր գիծ են հանդիսանում Իրանի համար»։
«Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը ոչ թե սոսկ նախապատվություն են, այլ մեր ազգային անվտանգության հիմնասյունը: Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից մեր հարևանների տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների փփոխություն բացարձակապես անընդունելի են և կարմիր գիծ են հանդիսանում Իրանի համար»,– գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն X- ում։
Անհասկանալի է, սակայն, թե պարոն Արագչին ինչու է հիշատակել նաև հյուսիսը՝ այն դեպքում, երբ Ռուսաստանի կողմից վստահաբար չի եղել ու չկա Հայաստանի տարածքային ամբողջականությանն ուղղված որևէ սպառնալիք, սահմանների վերագծման որևէ պահանջ կամ նույնիսկ առաջարկ, ինչի մասին Իրանի արտգործնախարարը չէր կարող չիմանալ:
Մնում է ենթադրել, որ Իրանի արտգործնախարարն իրանական կողմին հայտնի պատճառով, բայց վերոնշյալ պատրվակումներով դեմ է արտահայտվել ոչ միայն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», այլև նույնիսկ Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով ավտոճանապարհի բացմանը, թեև դրանից սահմանների որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն, հարևանների տարածքային ամբողջականությանն ուղղված որևէ սպառնալիք կամ սահմանների վերագծում չի բխում:
Իրանի ԱԳ նախարարի օգնական, Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն նույնպես, ըստ Իրանի IRNA պետական լրատվական գործակալության, Իրանի անունից աջակցություն է հայտնել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և դեմ արտահայտվել միջազգայնորեն ճանաչված սահմանների ու աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության։ Ըստ այդմ, Թեհրանում Դեմիրչիլուի և ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովի հանդիպմանը կողմերն ընդգծել են տարածաշրջանի բոլոր երկրների շահերին և օրինական մտահոգություններին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը։ Դիվանագետները մտքեր են փոխանակել Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ և նշել ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկրների փոխադարձ շահերի հարգման կարևորությունը, որոնք, ըստ նրանց, երաշխավորում են կայուն խաղաղությունն ու տարածաշրջանային համագործակցությունը։
Բնականաբար, հարց է առաջանում՝ եթե ռուսական կողմը նույնպես ընդգծել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին և օրինական մտահոգություններին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը, նշել ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկրների փոխադարձ շահերի հարգման կարևորությունը, ապա Դեմիրչիլուն ինչո՞ւ է, ըստ հայաստանյան ընդդիմադիր ԶԼՄ- ներից մեկի հրապարակման, իր բողոքը հայտնել «Զանգեզուրի միջանցքին» Ռուսաստանի աջակցության, այսինքն՝ չեղած, գոյություն չունեցող բանի դեմ… Մնում է ենթադրել, որ Իրանի արտգործնախարարի օգնականի կողմից իրականում այդպիսի բողոք չի եղել:
Կեղծիք, հերյուրանք, ավելին՝ հրեշավոր զրպարտություն են բոլոր խոսակցությունները, հրապարակումները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» Ռուսաստանի աջակցության վերաբերյալ, քանի որ իրականում այդպիսի աջակցություն չի եղել, չկա, ՌԴ- ն ինքն է քանիցս հանդես եկել հիշյալ միջանցքի բացման դեմ:
Ռուսաստանի պաշտոնյաներից միայն փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն առնվազն երկու անգամ (առաջինը՝ 2021թ. նոյեմբերի սկզբին Նիկոլ հայադավի հետ հանդիպման ժամանակ), ինչպես նշել ենք հոդվածի նախորդած մասում, շեշտել է , որ տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հետ կապված լուծումները, առաջին հերթին, հիմնվում են նրա վրա, որ «ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են»:
2022թ. սեպտեմբերի վերջին «Ռոսիյսկայա գազետա»– ին տված հարցազրույցում նույն Օվերչուկը հայտարարել է. «Սկզբունքը հետևյալն է. «ճանապարհի նկատմամբ ինքնիշխանությունն իրականացվում է այն երկրի կողմից, որի տարածքով անցնում է ճանապարհը»: Սա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է հայկական տարածքով, ապա դա հայկական ճանապարհ է, եթե ադրբեջանական, ապա ադրբեջանական։
Ռուսաստանը միշտ աջակցել է կողմերի ինքնիշխանության սկզբունքին և հստակ կանգնած է երեք երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9- ի և 2021 թվականի հունվարի 11- ի հայտարարությունների դիրքերում: Դա նշանակում է, որ փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում որևէ «արտատարածքային միջանցքի» մասին, որը որևէ կերպ կխախտեր կողմերից որևէ մեկի ինքնիշխանությունը, խոսք չի գնում և չի կարող գնալ»:
Ընդհանրապես, ՌԴ պաշտոնական որևէ շրջանակ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման օգտին երբևէ չի խոսել կամ գրել, հակառակը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանը «միջանցք» տերմինաբանությունը չի կիրառում և փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խումբը չի քննարկել որևէ ճանապարհ միջանցքային տրամաբանությամբ։
Ինչպես արդեն հայտնի է, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն համեմատաբար վերջերս չհայտարարված այցով գիշերն Իրան էր ժամանել Դամասկոս կատարած այցից հետո։ Շոյգուի իրանյան այցի հետ կապված հրապարակումներում նշված է, որ Իրանի և Ռուսաստանի միջև կարևոր երկկողմ համաձայնագիրը գրեթե պատրաստ է ստորագրման, և Շոյգուի այցը նպատակ ունի ավարտին հասցնել դրա ստորագրման հետ կապված ընթացակարգերը։ Տրամաբանական չէ՞ ենթադրելը, որ եթե Ռուսաստանի և Իրանի միջև խնդիր լիներ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված ՌԴ դիրքորոշման շուրջ, ապա Իրան Շոյգուի վերոնշյալ այցը և ստորագրման համար կարևոր երկկողմ համաձայնագրի (ենթադրելի է՝ նաև ռազմական, ռազմատեխնիկական ոլորտին առնչվող) նախապատրաստումը չէին լինի:
Ավելին. Սերգեյ Շոյգուն Իրանի իր պաշտոնակցի՝ Իրանի ազգային անվտանգության Բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ ս. թ. սեպտեմբերի առաջին կեսին կայացած հանդիպման ժամանակ, Իրանի Mehr լրատվական գործակալության տեղեկացմամբ , հայտարարել է. «Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի վերաբերյալ Թեհրանի հետ նախորդ պայմանավորվածություններին, և Մոսկվայի քաղաքականությունն այս առումով ամենևին չի փոխվել»։
Իրանի Ազգային անվտանգության Բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն սեպտեմբերի 10- ին էր Թեհրանից մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու BRICS-ի անդամ երկրների անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը։
Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող ավտոճանապարհի (ընդգծում ենք՝ ոչ թե միջանցքի, այլ ավտոճանապարհի, որոնց էական տարբերությունները բացատրել ենք հոդվածի նախորդած մասում) առնչությամբ Ռուսաստանի ամբողջ ուզածն այն է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի 2020թ. նոյեմբերի 9- ի և 2021թ. հունվարի 11- ի հայտարարություններում տվյալ ավտոճանապարհի առնչությամբ գրվածը դառնա իրականություն ու դրանից որևէ շեղում չլինի: Իսկ Նիկոլ հայադավի ստորագրած, այսինքն՝ նրա համաձայնությունը ստացած, նոյեմբերի 9- ի եռակողմ հայտարարության մեջ հիշյալ ավտոճանապարհի վերաբերյալ գրվածը՝ արտահայտված հայտարարության 9- րդ կետով, բառացիորեն հետևյալն է.
«Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:
Քանի որ խոսքը Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինների կողմից իրականացվելիք վերահսկողության մասին է, ապա հասկանալի է, որ խոսքը միայն սահմանային և անձնագրային հսկողության մասին է: Դա չի վերաբերվում այնտեղ մաքսային հսկողությանը, ոստիկանության իրավասությանն ենթակա գործառույթներին, որոնցով կամ որոնց ամբողջությամբ կխախտվեր Հայաստանի ինքնիշխանությունը: Մեղրիում, Հայաստանի և Իրանի սահմանին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայությունը տարիներ շարունակ նույն սահմանային և անձնագրային հսկողությունն է իրականացնում, ինչը Հայաստանի և Իրանի իշխանությունների կողմից երբևէ չի համարվել Հայաստանի ինքնիշխանության խախտում:
Հենց վերոնշյալը նկատի ունենալով է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ռոսիյսկայա գազետա»- ին տված հիշյալ հարցազրույցում ընդգծել. «Գործնականում այդ սկզբունքի իրականացումը նշանակում է, որ ապաշրջափակված կամ նոր կառուցված ճանապարհներով Ադրբեջանից Հայաստանի տարածք մուտք գործելու համար կիրականացվեն սահմանային և անձնագրային հսկողության այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք, ասենք, Իրանից Հայաստան մուտք գործելիս։ Նույն կերպ անձնագրային հսկողություն կլինի նաև Հայաստանից Ադրբեջան մուտք գործելիս»։
Չի ասվում, բայց լիովին հասկանալի է, թե ՌԴ- ն ինչու է դեմ 2020թ. նոյեմբերի 9- ի և 2021թ. հունվարի 11- ի հայտարարություններում գրվածից Նիկոլ հայադավի ուզած ու, կարծում ենք, Արևմուտքի և (կամ) թուրք- ադրբեջանական տանդեմի կողմից թելադրված ու նենգ նպատակներ հետապնդող շեղմանը. որովհետև այն լինելու թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի ազգային անվտանգության ու շահերի դեմ:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս իրավացիորեն ասաց, որ նոյեմբերի 9- ի հայտարարության 9- րդ կետը սաբոտաժի է ենթարկում ՀՀ իշխանությունը: Նիկոլ հայադավը և իր ոհմակը հայտարարելով, որ պատրաստ են կապ ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև, միաժամանակ նշել են, որ քննարկում են ճանապարհի վերահսկողության հարցում դրսից պահնորդական կազմակերպության ներառման հարցը։ Այսինքն՝ հրաժարվում են Նիկոլի ստորագրած հիշյալ փաստաթղթերում Հայաստանի վարչապետի հանձնառությունից, ըստ որի, «Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:
Դե վերոնշյալից Նիկոլի հրաժարումը բնավ զարմանալի չէ, գաղտնիք չէ, որ նա հայտնի գցողներից է, բայց, բնականաբար, հարց է առաջանում՝ Նիկոլն ինչո՞ւ է ուզում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմիններին փոխարինել արտերկրյա (կասկածից դուրս է, որ արևմտյան կամ Արևմուտքի լակեյ որևէ պետության) պահնորդական ինչ- որ կազմակերպությամբ… Այս մասին պահեստազորի գնդապետ, քաղաքական վերլուծաբան և ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի պարզաբանումները՝ հաջորդիվ:
(շարունակելի)


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5300

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ