38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Թմրամոլին հիվանդ դարձնում է հիվանդ հասարակությունը

Թմրամոլին հիվանդ դարձնում է հիվանդ հասարակությունը
21.10.2008 | 00:00

ՉԱՐԻՔ, ՈՐԸ ՆԱԵՎ ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆՆ Է ՍՊԱՌՆՈՒՄ
Թմրամոլությունը հոգեկան և վարքագծային խանգարում է, որը պայմանավորված է հոգեակտիվ նյութերի կիրառմամբ։ Թմրանյութ օգտագործողները մեծ մասամբ ակնկալում են երկու արդյունք՝ նախ թուլանալ, մոռանալ կենսական դժվարությունները, ապա ճաշակել նոր, մինչ այդ անծանոթ հույզեր, որոնք գրգռում են երևակայությունն ու ստեղծագործական ունակությունները։
Ինչպես նշում է հոգեբույժ-հոգեվերլուծող, հոգեվերլուծության հետազոտման և ուսուցման հայկական միության նախագահ ԱՐԱ ՉԱԼԻԿՅԱՆԸ, հաճախ առաջին անգամ թմրանյութ սկսում են օգտագործել հետաքրքրությունից։ Կան մարդիկ, ովքեր գենետիկական հակվածություն ունեն թմրանյութերի, ալկոհոլի նկատմամբ։ Եվ նրանց շատ հեշտ է ընդգրկել թմրամոլության մեջ։ Առաջին ծանոթությունը թմրադեղի հետ կարող է դառնալ վճռական, որը հաճախ բնակչության մեջ (հատկապես՝ պատանիների, երիտասարդների շրջանում) կազմակերպում են թմրաբիզնեսով զբաղվողները։
Թմրանյութը կամ ալկոհոլը մարդու մեջ առաջացնում են իրականության պատրանքային ընկալում։ «Թմրադեղերը միանման չեն ազդում, բայց մարդուն հիմնականում հնարավորություն են տալիս մտովի ունենալ և անել այն, ինչն իրական կյանքում ի զորու չէ իրականացնելու։ Մարդիկ, բախվելով իրականությանը (երբեմն դաժան ու դժվար), ստանում են բազմաթիվ հոգեկան տրավմաներ։ Եվ այդ տրավմաներից դուրս գալու հիվանդագին միջոցներից մեկն էլ թմրանյութը կամ ալկոհոլն է։ Դրանք օգնում են թոթափել ընկճվածությունը, գոնե ժամանակավորապես։ Այսինքն, կարելի է ասել, թմրանյութը, ալկոհոլը «դրական» դեր են կատարում։ Ցավոք, այդ դրական դերը կատարում են ժամանակավորապես և բավականին մեծ, հաճախ անդառնալի ավերածություններ անելով»,- նշում է հոգեբույժը։
Թմրանյութի օգտագործումը կտրում է մարդուն իրականությունից։ Նաև այդ պատճառով է, որ թմրամոլները հաճախ մուգ ակնոցներ են կրում, ներփակված են։ Նրանց ընկալմամբ այս աշխարհն իրենց նեղացրել է, իրենց չի ընդունել։ Եվ հաճախ մեղավորը ոչ թե թմրամոլներն ու ալկոհոլամոլներն են, այլ նրանց ճակատագրերը խեղող հասարակությունը։ Արտաքին ազդակներից կախվածության մեջ գտնվող մարդիկ այն թույլ օղակներն են, որոնք խայծը կուլ են տալիս։ Նրանք դեռ մանկությունից իրենց շրջապատող մարդկանցից ավելի նրբազգաց են, շուտ վիրավորվող։ Այսինքն՝ նրանց պաշտպանական մեխանիզմները թույլ են եղել և, չկարողանալով դիմադրել ու պաշտպանել սեփական անձը, այն պարուրել են թմրանյութով՝ անզգայացնելով իրենց, որպեսզի արտաքին ազդակները չկարողանան վնասել։
Հայտնի է, որ թմրամոլը մեծ չարիք է հասարակության համար։
Ա. Չալիկյանի կարծիքով՝ եթե ժամանակին այդ մարդուն օգնեին ամրացնել սեփական անձը կամ հակազդել արտաքինից եկող բացասական ազդակներին, նա կարիք չէր ունենա դիմելու թմրանյութի. «Ի վերջո, մարդիկ լավ օրից չեն դիմում թմրադեղերի։ Ինքը ներսից ունի խնդիրներ, որոնց լուծման ճանապարհը չի տեսնում։ Եվ այդ մարդկանց մեղադրելու փոխարեն ցանկալի է գտնել օգնության ձևերը։ Պետք է գտնել թմրամոլության արմատները և ոչ թե մեղադրել դրանց զոհերին»։ Հոգեբույժի համոզմամբ՝ թմրամոլությունը հիվանդություն է, և թմրամոլին հիվանդ դարձնում է հիվանդ հասարակությունը։ Մինչդեռ հիվանդ հասարակությանը բուժելու ուղղությամբ ոչինչ չի արվում։ Այդ չարիքի արմատները հենց հասարակության մեջ են, իսկ հասարակությունն ատամներով պաշտպանում է իր հիվանդածին էությունը, որովհետև սնվում է նրանից։ Եթե չլինեն թմրամոլներն ու ալկոհոլամոլները, թմրաբիզնեսը կամ ալկոհոլային խմիչքների շուկան չէր զարգանա։ Հասարակությունը պարբերաբար (երբեմն նաև միտումնավոր) ռմբակոծում են հեռուստասերիալներով, այլասերող ամենատարբեր հաղորդումներով, կեղծ «դեմոկրատիա» տարածելու կոչերով։ Հետաքրքիր է, որ այս երևույթն ավելի շատ տարածված է ոչ թե այն երկրներում, որոնք համարվում են թմրանյութերի արտադրման և արտահանման կենտրոն, այլ զարգացած պետություններում։ Ըստ մասնագետի՝ այնտեղ, որտեղ ընտանեկան արժեքները, մարդկային կապերը, ավանդույթներն ամուր են, «քաղաքակրթությունը» դեռ չի թափանցել, նման արատավոր երևույթները քիչ են տարածված։
«Թմրամոլությունը չարիք է, որը նաև երկրի անվտանգությանն է սպառնում, և բացառված չէ, որ այն Հայաստանում տարածում են որոշ ուժեր, որպեսզի կախվածության մեջ գտնվող մարդկանց միջոցով կարողանան իրենց ծրագրերն իրականացնել։ Թմրանյութը, ժամանակավոր մոռացնելով մարդու չբավարարված իղձերը, իջեցնում է հոգեկան լարումը, միևնույն ժամանակ տեղի է ունենում գիտակցության արգելակում։
Իսկ երբ գիտակցությունը մթագնում է, այնտեղ, որտեղ ավելի նուրբ շերտեր կան, ենթագիտակցությունն ակտիվանում է։ Ստեղծագործողները, գիտակցությունը թմրեցնելով, արգելակելով, հանում են ենթագիտակցության ներսում գտնվող հույզերն ու ինֆորմացիան, որոնք դրսևորվում են պատկերների, երաժշտության միջոցով»։
Ա. Չալիկյանի կարծիքով՝ թմրամոլությունից դուրս գալ հնարավոր է, եթե անձի դեգրադացիա, քայքայում տեղի չի ունեցել. «Կան թմրանյութերի տեսակներ, որոնք անձը քայքայում են։ Օրինակ, հաշիշը կարող է առաջացնել շիզոֆրենիայի նման հաշիշային փսիխոզներ։ Եվ դրանք շատ դժվար են բուժվում, հաճախ նաև անբուժելի են։ Կան թմրանյութեր, որ անձի դեգրադացիա չեն առաջացնում։ Դրանք բավականին թանկարժեք են և ավելի բարձր խավի մարդկանց են հասանելի»։
Այս հիվանդությունը հիմնականում ախտահարում է 20-50 տարեկան մարդկանց, մինչդեռ հայտնի է, որ հասարակության տնտեսական բարեկեցությունը, ինչպես նաև մարդկանց վերարտադրողականությունն ապահովում են հենց այս տարիքի մարդիկ։
Ոչ ոք չպետք է իրեն համոզի, որ մի անգամ կօգտագործի թմրադեղ և վերջ։ Այդպես սկսում են բոլոր թմրամոլները։ Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ նույնիսկ մեկ ներարկման հետևանքներն անշրջելի են և հանգեցնում են սարսափելի ու դժվար բուժելի հիվանդության։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 8200

Մեկնաբանություններ