38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ուժային լուծման և փողի արանքում

Ուժային լուծման  և փողի արանքում
10.06.2008 | 00:00

Հայաստանի նախագահի սանկտպետերբուրգյան այցն ավարտվեց։ Եթե ուշադիր դիտարկենք անցկացված հանդիպումները, կարելի է արձանագրել երկու միտում։

Առաջինը, որ Ռուսաստանը թերևս ավելի, քան երբևէ, դարձել է Հայաստանի հիմնական արտաքին քաղաքական գործընկերը։ Այս իրողությունն է հաստատում այն, որ մարտից ի վեր Հայաստանի նախագահը երկրորդ այցն է կատարում նույն երկիր։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումը կարելի է գնահատել ոչ միայն որպես հայ-ռուսական հարաբերությունների շարունակություն, այլև այն իրողության հաստատում, որ Հայաստանի նկատմամբ ամերիկյան ներկայիս քաղաքականության արդյունքում Մոսկվան Երևանի համար վերածվել է հիմնական արտաքին քաղաքական հովանավորի։ Հայաստանի արտաքին քաղաքականության ճկունության տեսակետից սա, իհարկե, ցանկալի փաստ չէ, սակայն առայժմ այդպիսին են իրողությունները։ Դա է հաստատում նաև այն հանգամանքը, որ Հայաստանի նախագահի՝ այդ պաշտոնում ընտրվելուց ի վեր թվով երրորդ անընդմեջ և այս անգամ պաշտոնական այցը դարձյալ, ամենայն հավանականությամբ, լինելու է դեպի Մոսկվա՝ հավանաբար այս ամսվա կեսերին։

Սակայն, անշուշտ, Սերժ Սարգսյանի պետերբուրգյան հանդիպումներից կարևորագույնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առաջին հանդիպումն էր։ Կարևոր՝ առաջին հերթին այն իմաստով, որ Հայաստանում ողջ նախընտրական գործընթացի ժամանակ և մարտի 1-ի իրադարձություններից անմիջապես հետո դրսևորված Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքում առաջին անգամ փոփոխություն նկատվեց։ Հիշեցնենք, որ Երևանում հայտնի դեպքերից անմիջապես հետո Բաքվի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հրադադարի ռեժիմի խախտում՝ թեթև հրետանու կիրառմամբ։ Այս իրողությունը, ինչպես նաև Բաքվից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունները Հայաստանում ու դրսում էլ ստեղծել էին որոշակի տպավորություն, թե Ադրբեջանի նախաձեռնությամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը միանգամայն հավանական է։

Պետերբուրգյան հանդիպումը գոնե մասամբ վերացրեց այդ մտահոգությունը. դա նկատելի էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բավականին ոգևորված մեկնաբանություններից։ Ինչպես Ռուսաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչներ Յուրի Մերզլյակովն ու Բեռնար Ֆասիեն, այնպես էլ հատկապես ԱՄՆ ներկայացուցիչ Մեթյու Բրայզան շատ գոհ էին, որ կողմերը համաձայնության հանգեցին անցած տարվա բանակցությունների ընթացքում ձևավորված մադրիդյան առաջարկությունների շուրջ բանակցությունները շարունակելու վերաբերյալ։ ՈՒշագրավ էին նաև արտգործնախարարների լավատեսությունն ու բանակցությունը շարունակելու ակտիվ պատրաստակամությունը։ Ինչպես լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանեցին Էդուարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը, նախագահների առանձին հանդիպումից հետո իրենք ցուցում են ստացել շարունակել բանակցությունները նախկին ձևաչափով։

Այսպիսով, ադրբեջանական կողմի վերջին ամիսների կարծր դիրքորոշման մեջ թեկուզ ոչ մեծ, բայց որոշակի փոփոխությունն ակնհայտ է։ Ինչի՞ հետևանք կարող է լինել այս հանգամանքը։ Անշուշտ, միամիտ կլինի կարծել, թե Բաքուն հանկարծ որոշեց հաշվի նստել վաղուց կայացած իրողությունների հետ։ Հետևապես պատճառը պետք է փնտրել համաշխարհային էներգետիկ շուկայում ընթացող վերջին զարգացումներում։ Նավթի գները համաշխարհային շուկայում աննախադեպ աճ են արձանագրում, կան կանխատեսումներ, որ առաջիկա մեկ-երկու տարում մեկ բարելի գինը կհասնի 200 ԱՄՆ դոլարի։ Բնականաբար, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը կառուցած բրիտանական և ամերիկյան ընկերությունները 4 մլրդ դոլար ծախսել են ոչ նրա համար, որ հետո հանկարծ Ադրբեջանի ղեկավարության քմահաճույքով ստեղծվի անվերահսկելի իրավիճակ, և ծավալվեն լայնամասշտաբ ռազմական գործողություններ այն դեպքում, երբ նավթամուղն անցնում է ռազմական հակամարտության շփման գծից 20-30 կմ հեռավորության վրա։ Գրեթե նույն տարածության վրա է գտնվում Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի խողովակաշարը։ Պատերազմական գործողությունների ժամանակ միանգամայն բնական է, երբ պատերազմող կողմերը ձգտում են շարքից հանել ոչ միայն հակառակորդի կենդանի ուժն ու զինտեխնիկան, այլև կարևորագույն կոմունիկացիաները, ռազմական, արդյունաբերական և կարևոր նշանակության այլ օբյեկտները, եթե անգամ դրանք գտնվում են խոր թիկունքում։

Ընդհանրապես, երբ սկսվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումը, Հայաստանում այդ կապակցությամբ ձևավորվեց երկու հիմնական դիրքորոշում։ Քաղաքական ուժերի և գործիչների մի մասը համարում էր, որ ռազմավարական սխալ է կատարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ձգձգելու առումով, ինչի հետևանքն էլ եղավ այն, որ հիշյալ նավթամուղը, իսկ հետագայում նաև գազամուղը կառուցվեցին Հայաստանի տարածքը շրջանցելով։ Այս թեզի կողմնակիցների համոզմամբ, Հայաստանը դրանով զրկվեց լծակից, որով կստիպեր Բաքվին և Անկարային՝ իր հետ հաշվի նստելու։ Հիշյալ տեսակետի ջատագովները պնդում էին, որ այս նախագծերի իրականացման արդյունքում Ադրբեջանը լուրջ ֆինանսական դիվիդենտներ կստանա, կվերազինի բանակը և, այլևս որևէ զսպող հանգամանք չունենալով, ուժով կլուծի Ղարաբաղի հարցը։

Երկրորդ տեսակետի կողմնակիցները պնդում էին, որ ավելի լավ է Հայաստանը մասնակցություն չունենա հիշյալ էներգետիկ նախագծերի իրագործմանը, սակայն պահպանի ազատությունը ղարաբաղյան հարցում, նույնիսկ ամենաարմատական դիրքորոշում որդեգրելու հաշվին։ Միաժամանակ, այս դիրքորոշման ջատագովները համոզմունք էին հայտնում, որ միջազգային էներգետիկ-տրանզիտային ծրագրերի իրագործումն Ադրբեջանի և Վրաստանի տարածքով կմեծացնի Բաքվի կախվածությունն այդ ծրագրերի իրական տերերից, որոնք ոչ մի դեպքում թույլ չեն տա իրավիճակի ապակայունացում և ռազմական գործողությունների վերսկսում։ Որքան էլ Ադրբեջանի համար կարևոր է Ղարաբաղը վերադարձնելը, ամերիկյան և բրիտանական ընկերությունների համար ավելի կարևոր է նավթի և գազի անխափան մատակարարումն ապահովելը։

Այսօր, զարմանալիորեն, երկու թեզերի կողմնակիցների կանխատեսումներն էլ արդարացել են։ Փաստ է, որ Բաքուն նավթադոլարների հաշվին էապես մեծացրել է իր ռազմական բյուջեն։ Բայց հենց այդ դոլարները վճարողներն էլ Ադրբեջանին կտրականապես արգելում են դիմել իրավիճակի ապակայունացման որևէ քայլի։ Եթե նկատի ունենանք, որ արևմտյան ընկերությունների համար Բաքու-Թբիլիսի-Ջեյհանն ընդամենը նախնական նախագիծ էր, և այսօր արդեն ծրագրեր կան Ռուսաստանը շրջանցելու նպատակով կենտրոնասիական գազն ու նավթը Ադրբեջանի տարածքով Արևմուտք արտահանելու ¥«Նաբուկո» ծրագիրը և այլն¤, ապա ակնհայտ է, որ Բաքվին խաղաղության հարկադրելու Արևմուտքի մարտավարությունն առաջիկա տարիների կտրվածքով լինելու է շարունակական։ Ոչ ոք թույլ չի տա վտանգել այդպիսի կարևորագույն նախաձեռնությունները մի քանի հազար քառակուսի կիլոմետր տարածքի համար։ Վաշինգտոնում, Լոնդոնում կամ Բրյուսելում այդքան էլ չեն կարևորում, թե Ղարաբաղն ում հողն է կամ ում վերահսկողության տակ է գտնվում։ Ահա այստեղ էլ պետք է փնտրել Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքի որոշակի մեղմացման պատճառները։

Սա, իհարկե, բնավ չի նշանակում, թե Հայաստանը ձեռքերը գլխի տակ դրած կարող է հանգիստ քնել։ Ռազմական գործողություններ ծավալելու հնարավորությունից զրկված լինելը Ադրբեջանն անցած տարիներին միշտ փորձել է փոխհատուցել այդ նույն նավթադոլարները դիվանագիտության մեջ ներդնելով։ Եվ բոլորովին պատահական չէ, որ ԱՊՀ-ի մասը կազմող, սակայն իրականում արդեն առանձին ռազմաքաղաքական բլոկի վերածված ՎՈՒԱՄ-ի կողմից տարաբնույթ հակահայկական նախաձեռնություններ են հանդես բերվում տարբեր ատյաններում։ Եթե նույնիսկ Բաքուն պետերբուրգյան վերջին հանդիպման արդյունքում ինչ-որ չափով վերադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափի շրջանակ, դա բոլորովին չի նշանակում, թե այսուհետ հրաժարվելու է ՄԱԿ-ում, Եվրոպայի խորհրդում և այլ ատյաններում Ղարաբաղի հարցը բարձրացնելու և իր համար նպաստավոր բանաձևեր ընդունել տալու մարտավարությունից։ Այս գիծն Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ լինելու է շարունակական։ Բաքուն ելնելու է այն իրողությունից, որ եթե Ղարաբաղի հարցն այսօր հնարավոր չէ լուծել ուժային ճանապարհով, ապա պետք է փորձել այն լուծել փողի ուժով։ Պատմությանը նման դեպքեր հայտնի են, ուստի Հայաստանի համար կազմակերպված, ուժեղ և ամենակարևորը՝ դինամիկ զարգացում ունեցող պետություն դառնալու խնդիրն ավելի քան առաջնային է։

Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 8785

Մեկնաբանություններ