ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Մեզ հետ չի կարելի նախապայմանների լեզվով խոսել»

«Մեզ հետ չի կարելի նախապայմանների լեզվով խոսել»
04.08.2009 | 00:00

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆ ԱՅԼԵՎՍ ՃԱՆԱՊԱՐՀ ՑՈՒՅՑ ՉԻ ՏԱԼԻՍ
Աստծո անցած յոթ օրում Հայաստանում ու աշխարհում ամեն ինչ իր հունով էր առաջ գնում, չհաշված այն իրողությունները, որոնք եթե թվարկենք, կհասնենք մյուս շաբաթին...
Հուլիսի 31-ին ավարտվեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի լիազորությունները, և հոլանդացուն այդ պաշտոնում փոխարինեց դանիացի Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որն ութ տարի եղել է Դանիայի վարչապետը` երեք ընտրություններում անընդմեջ հաղթելով:
Միայն թվեր։ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով` համաշխարհային ճգնաժամի ընթացքում պետությունները ծախսել են 11 տրիլիոն դոլար, այդ գումարի մի մասը կհաջողվի հետ բերել, բայց շատ երկրներում արդեն 2009-ին կմեծանա բյուջետային դեֆիցիտը: ԱՄՀ-ի փորձագետները զարգացած երկրների աջակցությունը ֆինանսական համակարգերին գնահատել են 9,2 տրիլիոն դոլար, զարգացող երկրներին` 1,6 տրիլիոն: Մեծ Բրիտանիայում բյուջետային դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 11,6 տոկոսը, ԱՄՆ-ում` 13,5, Ճապոնիայում` 10,3, Ռուսաստանում` 5,5, Եվրոպայում` 4,8: ԱՄՀ-ը կանխատեսել էր, որ աղքատ երկրների վարկային պահանջարկը 2014 թ. 17 միլիարդ դոլարի կհասնի: Հիմնադրամը որոշել է մինչև 2011 թ. զրոյացնել հակաճգնաժամային վարկերի դրույքներն այդ երկրների համար:
Իսիկ Կուլ. այս հասցեն ուներ ՀԱՊԿ-ի անդամ երկրների վեհաժողովը, որին մասնակցում էին անդամ բոլոր պետությունների` Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ՈՒզբեկստանի ղեկավարները, բայց անվանվեց ոչ պաշտոնական: Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիևը «առավելագույն անկեղծ և կառուցողական» որակեց վեհաժողովը, որտեղ քննարկվեցին ՀԱՊԿ-ի գոտու անվտանգության, կրոնական անջատողականության և ահաբեկչության դեմ պայքարի, տեղեկատվական անվտանգության հարցեր: Հայաստանի համար` ի՞նչ: Այնքանով, որքանով: ՀԱՊԿ-ի անդամ երկիր է, ուրեմն` ամեն ինչ էլ վերաբերում է իրեն: Հանդիպման միակ առանձնահատկությունը. Կուրմանբեկ Բակիևը նոր էր վերընտրվել նախագահ, ինչպես ընդունված է` արդար, թափանցիկ ու ժողովրդավարական ընտրություններով, որի արդյունքների հետ, ինչպես դա էլ ընդունված է, ոչ բոլորն են համաձայն լինում:
Անցած շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բախտը բերել էր լճերի առումով, ոչ միայն Իսիկ Կուլի, այլև հուլիսի 30-ին Սևանի ափին եղավ, որ սփյուռքահայ երիտասարդներին ասի` եկեք տուն: Թեպետ եկողները չեն հարցնում` «Գա՞նք», չեկողներն էլ չեն սպասում «Տուն եկեք»-ին, բայց երբ դու առաջին անգամ լինում ես նախնիներիդ հողում, երբ ջահել ես այնքան, որ աններելի է չսխալվելը, ու հույզերն են գերակշռում տրամաբանությանը օրինաչափորեն, հաճելի է երկրիդ նախագահի շուրթերից լսել` «Արի տուն», առավել ևս, որ հետո արդեն նրան չես հանդիպի ու չես հարցնի` եկա, հետո՞: Բայց դրանք երկրորդական խնդիրներ են, շատ ավելի արդիականները կան: Մասնավորապես` հայ-թուրքական հարաբերությունները, որոնց վերաբերող իրադարձություններն այս շաբաթ այնքան շատ էին, որ թվում էր` հարաբերությունների կայացման ժամկետ օգոստոսի 1-ն է տրվել, և, ուսանողական սկզբունքով, ամեն ինչ վերջին օրերին ու ժամերին է արվում: Բնականաբար, հանդիպելով սփյուռքահայ երիտասարդներին, նախագահը պիտի պատասխաներ նրանց հարցերին: Եվ պիտի պատասխաներ անկեղծ ու շիտակ, ինչպես վայել է նախագահին: Բայց նախագահի պաշտոնն այնպիսին է, որ նրա յուրաքանչյուր խոսքը չափված ու կշռված պիտի լինի, որովհետև լսվում է ոչ միայն այնտեղ, ուր ասվում է, այլև այնտեղ, ուր ուղղվում է: Թուրքիայից եկած երիտասարդի հարցին պատասխանելով` ՀՀ նախագահն անկեղծ ու շիտակ ասաց.
«Մեկ տարվա ընթացքում Հայաստանն ու Թուրքիան բանակցություններ են վարել, համաձայնել երկու փաստաթղթի շուրջ, սակայն դրանից հետո Թուրքիայի որոշ քաղաքական ուժեր փորձում են պայմաններ առաջադրել և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կապել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների հետ»: «Մենք ընդունում ենք, որ Թուրքիան մեծ երկիր է, ընդունում ենք նրա դերը թե՛ տարածաշրջանում, թե՛ ամբողջ աշխարհում, սակայն մենք` հայերս, ինքնուրույն պետություն ենք, և մեզ հետ չի կարելի նախապայմանների լեզվով խոսել: Ցանկացած կոշտ քայլ առաջ է բերում հակաքայլեր»: Եթե փորձենք վերականգնել իրադարձությունների ընթացքը` հասկանալու, թե ինչ կոշտ քայլ է և ինչ հակաքայլ է բերելու, պիտի արձանագրենք` գնացքը կամ ռելսերից դուրս է եկել, կամ կանգ է առել, կամ էլ ուղևորներն այլ փոխադրամիջոց են նախընտրել: Մեր պարագայում գնացքը, թերևս, ռելսերից դուրս գալով, կանգ է առել, ուստի ուղևորները հարկադրված են այլ փոխադրամիջոց որոնել: Իսկ դա ընդամենը նշանակում է` ճանապարհային քարտեզն այլևս ճանապարհ ցույց չի տալիս: Հայաստանն իր կողմից նախատեսվող քայլերն արել է և պատասխան քայլերը չի ստացել: Հոկտեմբերի 14-ին ՀՀ նախագահը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով Բուրսա կմեկնի, եթե բացված լինի սահմանը: Եթե սահմանը չի բացվելու ու փակվելու, ապա արդեն վաղուց պիտի նախապատրաստական աշխատանքները սկսված լինեին, իսկ Թուրքիան ժամանակի զգացողություն բոլորովին չի դրսևորում, եթե չասենք, որ դրսևորում է իրական անտարբերություն` երևութական շահագրգռվածության քողի տակ: Ապրիլին այդ հարաբերություններն ապրեցին իրենց պիկը, որից հետո Թուրքիան առնվազն մեկ տարով կորցրեց հետաքրքությունը` արդեն մայիսին պայմանավորվածություններից մեկ քայլ հետ անելով և նախապայման առաջադրելով Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը, որի արագությունն Անկարային ապահովում է սահմանը չբացելու ևս մի քանի տարի: Իհարկե, ամեն ինչ այդքան միանշանակ չէ, և տասնյակ «եթե»-ներ կան, որոնք սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կենսական են դարձնում ամենևին էլ ոչ առաջին հերթին Հայաստանի համար: Համենայն դեպս, հուլիսի 27-ին ընդունելով Սերբիայի նախագահ Բորիս Տադիչին, համատեղ մամլո ասուլիսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուղղակի ուլտիմատում տվեց` լարելով ժամացույցը. «Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան խաղին քիչ ժամանակ է մնացել, որին ներկա գտնվելու հրավեր ունեմ Թուրքիայի նախագահ պարոն Աբդուլլահ Գյուլից: Ներկա իրողությունների պայմաններում, անշուշտ, մենք ակնկալում ենք շուտով ականատեսը լինել կառուցողական քայլերի, որոնցով մեր գործընկերները կփորձեն համապատասխան միջավայր ապահովել Հայաստանի նախագահի պատասխան այցի համար: Այսինքն` Թուրքիա կմեկնեմ, եթե արդեն իսկ ունենանք բաց սահման կամ գտնվենք Հայաստանի ապաշրջափակման նախաշեմին»: Այսինքն` կամ ճանապարհային քարտեզը սկսում է գործել, կամ Թուրքիան պատճառաբանում է` ինչո՞ւ ձախողեց պայմանավորվածությունը: Իսկ որ այդ հարցն օրախնդիր է դառնալու, օվկիանոսից այն կողմ 82 կոնգրեսականներ կարող են վկայել: Հուլիսի 30-ին նրանք նամակ են հղել նախագահ Բարաք Օբամային` հիշեցնելով, որ Թուրքիան չի կատարում Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու ստանձնած պարտավորությունը: Արձանագրելով, որ Թուրքիան դադարեցրել է ճանապարհային քարտեզի կենսագործումը, կոնգրեսականները նախագահին հիշեցրել են նաև 2009 թ. ապրիլի 22-ին պետքարտուղարության հայտարարությունը, որ ԱՄՆ-ը ողջունում է երկկողմ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի և Թուրքիայի հայտարարությունը. «ԱՄՆ-ը երկար ժամանակ սատարել է ու պաշտպանում է իր դիրքորոշումը, որ հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում»: Կոնգրեսականները նախագահ Օբամային վերհիշեցրել են նաև ապրիլքսանչորսյան իր ուղերձը. «Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փոխարեն վարչակազմը որոշեց ուշադրությունը կենտրոնացնել այս նոր հայ-թուրքական ճանապարհային քարտեզի վրա: «Ես նույնպես վճռականորեն աջակցում եմ Հայաստանին ու Թուրքիային երկկողմ հարաբերությունները կարգավորելու հարցում,- գրեցիք Դուք,- շվեյցարական կառավարության հովանու ներքո երկու երկրները պայմանավորվածություն են ձեռք բերել կարգավորման շրջանակների ու ծրագրերի հարցում: Ես հավանություն եմ տալիս այդ առաջընթացին և կոչ եմ անում նրանց իրականացել իրենց խոստումները»: «Հայաստանի կառավարությունը հավատարիմ է մնում այդ ճանապարհային քարտեզին և վաղուց արդեն առաջարկում է Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծել առանց որևէ նախապայմանի, Թուրքիայի հրապարակային հայտարարություններն ու գործողությունները, սկսած ապրիլի 24-ից, կտրականապես հակադրվում են այդ համաձայնությանն ու ԱՄՆ-ի այն դիրքորոշմանը, որ կարգավորումը պետք է առանց նախապայմանների լինի»։ Այս իրողությունը ևս արձանագրելուց հետո կոնգրեսականները նախագահին հիշեցրել են Էրդողանի` մայիսի 13-ի հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանում. մինչև օկուպացիայի ավարտը սահմանները կմնան փակ, նաև հունիսի 17-ին Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի եզրակացությունը, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացում մարտավարական հետքայլ է արել: «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան, փորձելով խոչընդոտել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, համաձայնելով ճանապարհային քարտեզին, մտադիր չէ այն կատարել»: Կոնգրեսի անդամներն Օբամային առաջարկում են տարանջատել հայ-թուրքական հարաբերությունները և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործընթացը: Նրանք հույս են հայտնում, որ վարչակազմի նոր պայմաններն ու հատկացված ռեսուրսները կարող են օգտագործվել Հայաստան-Թուրքիա համագործակցության` «առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում զարգացման համար, և նախկինի պես վճռականորեն աջակցում են Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու Ձեր քաղաքականությանը»` նամակն ավարտել են կոնգրեսականները:
Դե, այսքանից հետո հուլիսի 30-ին Հանրապետության հրապարակում ինչպե՞ս չկազմակերպվեր ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 15-ամյակի և 2009 թ. ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը` համարյա շքերթը, որին, իհարկե, մասնակցել է ՀՀ նախագահը և ողջույնի խոսք ասել: Հարկավ, ողջույնի խոսքն ուղղված էր սաներին` հոբելյարներին, բայց և այլ հասցեատեր ուներ: Ի՞նչ եք կարծում` ո՞ւմ են ուղղված այս բառերը. «Հայոց բանակը պատվով է շարունակելու իր սրբազան առաքելությունը, մնալու է մեր պետության ու ժողովրդի անվտանգության հուսալի պաշտպանը, մնալու է տարածաշրջանային խաղաղության ու կայունության առանցքային և անփոխարինելի բաղադրիչը։ Այսօր մենք ուժեղ ենք, ուժեղ ենք, քան երբևէ, մեր բանակն ամուր է, արդիական և ունակ` լուծելու ցանկացած խնդիր։ Նա պատվով է բռնել ո՛չ միայն պատերազմի, այլև խաղաղության քննությունը՝ մարմնավորելով ողջ հայության հաղթական ոգին։ Մեզ պատերազմով սպառնացողներին մենք հիշեցնում ենք աստվածաշնչյան խոսքը. «Սուր բարձրացնողը սրից կընկնի»։ Այս բառերի անհերքելի ճշմարտացիությունն իրենց կյանքով ու մաքառումով վերահաստատել են մեր ժողովրդի լավագույն զավակները՝ մեր հայրերի սերունդը, մեր սերունդը, իմ սերունդը։ Թող ոչ ոք չկասկածի` հարկ եղած դեպքում նույնը կլինի նաև այսօր»:
Երեք իրադարձություն` Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ համատեղ մամլո ասուլիսը, սփյուռքահայերի հետ հանդիպումը Սևանում, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 15-ամյակի և 2009 թ. ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը, ամբողջացնում են հայ-թուրքական հարաբերությունների հայկական կողմի գնահատականը: Այս անգամ գնդակը ոչ միայն Թուրքիայի դաշտում է, այլև դարպասում, որովհետև, ակնհայտորեն, այս փուլում Հայաստանն այլևս անելիք չունի մինչև հոկտեմբերի 14: Անելիք չունի նույնիսկ այն պարագայում, երբ Թուրքիան հասցնի անել իր միակ հակաքայլը` սահմանը բացելուց առաջ պահանջի ճանաչել այդ սահմանը, այսինքն` Կարսի պայմանագիրը, որ նշանակում է Թուրքիայի տարածքի ճանաչում, ուրեմն և` հրաժարում հողային հնարավոր պահանջից: Սա Թուրքիայի սիրելի խաղաքարտն է, որը, իր կարծիքով, կարող է օգնել հաղթանակով ավարտել նույնիսկ դժվարին դրության մեջ հայտնված խաղում: Բայց սա նախապայման է, որին դեմ է ոչ միայն Հայաստանը, այլև հայ-թուրքական հարաբերությունների կայացման ջատագով ԱՄՆ-ը:
ԵՎ, իհարկե, շաբաթվա մեջ սենսացիա էլ պիտի լիներ, գոնե տեղական նշանակության: Հիմք ընդունելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Կրակովի հանդիպումից հետո ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նախկին արտգործանախարար Վարդան Օսկանյանին շնորհակալություն են հայտնել մադրիդյան սկզբունքների մշակման համար, իսկ շնորհակալություն հայտնում են շոշափելի արդյունքների գրանցման պարագայում, շրջանառության մեջ դրվեց Մոսկվայում հակամարտության կարգավորման համաձայնագրի ստորագրման լուրը: Հիմնավորումը, իհարկե, համոզիչ չէ: Համաձայնագիրը ստորագրվելու պարագայում հազիվ թե գաղտնի մնար. չափազանց կարևոր իրադարձություն է տարածաշրջանի համար, որպեսզի լռության մատնվելու շանս ունենա, ինչ նպատակով էլ դա լինի: Այնուհանդերձ, որքան բացառվում է համաձայնագրի ստորագրումը, նույնքան չի բացառվում ինչ-որ համաձայնության ձեռքբերումը: Հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ արագացված քայլերը լավ տեղավորվում են այդ ուղեգծում:
Իսկ ի՞նչ է եղել Կրակովում: Հուլիսի 25-26-ին համանախագահները Կրակովում քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքները` կատարելով համանախագահ երկրների նախագահների հանձնարարականները: Մեթյու Բրայզա. «2007 թ. մադրիդյան փաստաթղթի ներկայացումից հետո կողմերի արտահայտած տեսակետները քննարկեցինք, ապա հիմք ընդունելով համանախագահ երկրների նախագահների ցուցումները` նախապատրաստեցինք փաստաթղթի նորացված տարբերակը»: Բեռնար Ֆասիե. «Մենք աշխատեցինք մադրիդյան սկզբունքների նորացման վրա` մեր երկրների նախագահների հուլիսի 10-ի հայտարարության համապատասխան: Աշխատանքային քննարկում անցկացրինք և աշխատանքի ավարտին, ինչպես սովորաբար անում ենք, որևէ հայտարարություն չկազմեցինք»: Մեթյու Բրայզան տարածաշրջան կգա այս ամիս, Բեռնար Ֆասիեն` հաջորդ, սեպտեմբերին նրանք նորից կլինեն տարածաշրջանում արդեն Յուրի Մերզլյակովի հետ: Վերջնական տեսքի բերվելուց հետո փաստաթուղթը կներկայացվի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին:
Այս շաբաթ աշխարհից մի բանաստեղծ էլ պակասեց, ու բառերի նրա դասավորությունը մնաց կիսատ, իսկ արդեն գտած ու արդեն գրած բառերը կմնան մեզ հետ: Արմեն Մարտիրոսյանը միացավ մեծամասնությանը, ինչպես ասում են անգլիացիները:
Վեց տարի` 1986-1992 թթ., Ֆիլիպինների նախագահն էր հմայիչ Կորասոն Ակինոն: Հուլիսի վերջին նա մահացավ 76 տարեկանում, և երկրի ժողովրդավարացման ու երկրում կարգուկանոն հաստատելու գործում ունեցած ներդրման համար նրա հիշատակին տասնօրյա սուգ հայտարարեց գործող նախագահ Գլորիա Մակապագալ Արոյոն. «Ժողովուրդը մեծ վիշտ է ապրում նախկին նախագահի կորստից: Մեր սրտերն այս վշտալի ժամերին Կորասոն Ակինոյի ընտանիքի հետ են»:
ՈՒ մինչ այս-մինչ այն` հուլիսն էլ ավարտվեց, ամռան միակ հույսը մնաց օգոստոսը, որ արդեն սկսվել է ու բոլորովին չի խոստանում թեժ ամառ:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2086

Մեկնաբանություններ