Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Թվեր» գիրքը

«Թվեր» գիրքը
04.08.2009 | 00:00

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԸ
«ՈՒրեմն, ինչ-որ գրվեց, գրվեց, որ համբերությամբ և գրքերի պարգևած մխիթարությամբ հույս ընդունենք» (Հռոմ. 15. 4)։
Եբրայական ավանդության մեջ սույն Գիրքը ըստ իր բնագրի առաջին բառերի, կոչվում է «Վայ Եդաբբեր» («Եվ ասաց») ու նաև «Բեմիդբար» («Անապատում»)` ըստ գրքի բովանդակության և առաջին գլխի առաջին համարի հաջորդ արտահայտության։ Ռաբունական ավանդության մեջ գիրքը կոչվեց «Սեֆեր միսպարիմ»` «Հաշվառումների գիրքը»` ըստ որոշ գլուխների բովանդակության, ուր նկարագրվում են մի քանի մարդահամարներ։ Նույն պատճառով էլ հունական, լատինական և հայկական բնագրերում գիրքը խորագրվեց «Numeri»` «Թվեր»։
ԻՍՐԱՅԵԼՆ ԱՆԱՊԱՏՈՒՄ
«Թվեր» գրքի բնագրերի մեծ մասը վերաբերում է Իսրայելի` Պաղեստինը հարավից ու հարավ-արևելքից շրջապատող անապատում անցկացրած քառասնամյա ժամանակահատվածին։
Պատմաբանների համար դժվար է ըմբռնել այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած անցքերը։
Ժողովրդի ծնունդը, մանավանդ մեկուսացված տեղանքում, սովորաբար ոչ մի հետք չի թողնում դրացի ժողովուրդների արձանագրություններում։ Եգիպտական բնագրերն ու նյութական մշակույթի հետքերը մեզ հնարավորություն են ընձեռում սոսկ հետևելու Իսրայելի ժողովրդի շարժումներին, որոնք կիսաանապատում կատարված տեղաշարժերի ընդհանուր արդյունքում երկրորդ հազարամյակի ընթացքում հասան Պաղեստին։ Իսրայելի անցյալը, սակայն, ցեղերի հիշողության մեջ թողել է հաստատուն ու մնայուն հիշողություններ` հաղթանակներ (ԻԱ և ԼԱ), պարտություններ (Ի 21 և ԻԱ 1), զանազան դեպքեր (ԺԱ 1-3, ԻԵ 1-6), երկպառակություններ ցեղերի միջև (ԺԴ 23-26, ԺԶ 1, ԼԲ 6), նույնիսկ անցած ճանապարհների մանրամասներ (ԻԱ 10-20, ԼԳ 1-49), որոնք, անտարակույս, համընկնում են բեդվինների երթևեկած ուղիներին անգամ նորագույն ժամանակներում։
Սուրբ Գիրքը ջանում է հանրագումարային իմաստ հաղորդել այն ժամանակաշրջանին, որի ընթացքում Իսրայելը սկսեց ձեռք բերել իր բացառիկ` նմանը չունեցող տեղն ու ինքնությունը։ Անապատում բնակվելն Իսրայելի համար արտոնյալ կրոնական փորձության վայր էր, որի արժեքը պահպանվեց բոլոր գալիք սերունդների համար։ Այս ժամանակաշրջանն առավելապես նկարագրվում է որպես բարձրագույն իդեալ, որին վերադառնալու համար անհրաժեշտ է ջանքեր գործադրել գոնե մասամբ վերապրելու այն։ Աստվածաշունչն այս` իր տեսակի մեջ բացառիկ ժամանակահատվածի համար տալիս է մի շարք մեկնություններ. օրինակ` Օսեեի մեկնությունը (նշանադրության ժամանակը, Օսեե Բ 16-25, նաև Երեմ. Բ 2-3), Երկրորդ օրինացի մեկնությունը (դաստիարակության ժամանակը, Բ Օրենք Ը 2-6), Եզեկիելի մեկնությունը (անհավատարմության ժամանակը, Եզեկ. Ի)։ Իսկ ինչ վերաբերում է «Թվեր»-ին, ապա սա միակ գիրքն է, որ ընդգրկուն կերպով է արծարծում այս թեման, ընդ որում, մասնավորապես, առանձնացնում է երեք պահ։
1) Իսրայելն անապատով ընթացող ժողովուրդ էր` առանց այնտեղ մշտական բնակություն հաստատելու։
2) Մեկուսացած ժողովուրդ էր` հեռու ամեն տեսակ ազդեցություններից։
3) Կազմավորման փուլում գտնվող ժողովուրդ էր, որի առաջ ծառացել էին լուծում պահանջող բազմաթիվ էական խնդիրներ։
ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
«Թվեր» գիրքը կազմված է պատմությունների շղթայից, որոնք «Ելք»-ի իրադարձությունների շարունակությունն են։ Իսկ այդ կարևորագույն իրադարձությունները մեծ մասամբ ժողովրդի կյանքում ողբերգական ճգնաժամերի պատճառ դարձան։ Դրանցից առաջին երկուսը նկարագրված են «Ելք»-ում` (Ելք ԺԷ, ԼԲ)։ Իսկ «Թվեր»-ում ճգնաժամերը տասից ավելի են` երկուսը` ԺԱ գլխում են, մեկը` ԺԲ 12, մեկը` ԺԳ-ԺԴ, երկուսը կամ երեքը` ԺԶ-ԺԷ, մեկը` Ի 2-13, մեկը` ԻԱ 4-9, մեկը կամ երկուսը` ԻԵ գլխում։ Ժողովուրդն անդադար մերժում է իրեն ահ ու սարսափ պատճառող չվերթի շարունակությունը, քանզի կորցրել է հավատը դրա օգտակարության հանդեպ։ Եվ ոչ միայն կասկածանքով է նայում իր հոգևոր առաջնորդներին ու նրանց հրամաններին, այլև իրեն իսկ վերաբերող Աստծու ծրագրին։ Հոգևոր առաջնորդներն ու Ինքն Աստված ստիպված ոչնչացնում են այդ համառ ժողովրդի բազում անդամների և կործանում մի ամբողջ սերունդ։ Սակայն աստվածային խորհուրդն այդուհանդերձ պիտի իրականանար հաջորդ սերնդի միջոցով, և ժողովուրդը պիտի հասներ Ավետյաց երկիր։
Այս նպատակն իր շուրջն է ամփոփում ողջ պատմությունը։ Եվ չնայած այն բանին, որ փորձերն անհաջողության մատնվեցին (ԺԴ 39-45 և Ի 14-21), իսկ անապատը դիակներով ծածկվեց (ԺԴ 29 և ԻԶ 65), այնուամենայնիվ, ժողովուրդը շարժվում էր դեպի Ավետյաց երկիր, (ԼԳ) և Հորդանանի կողմերի նվաճումը դառնում է Քանանի երկիր հաղթական մուտքի սկիզբը։
Քառասնամյա դեգերումը անապատում հրեաների համար ոչ միայն ֆիզիկական առումով կոփման, այլև, ու նախ և առաջ, բարոյական դաստիարակության դպրոց էր։ Իսկ օրենքն իր ողջ խստությամբ մի խորհուրդ ուներ, այն է` աստիճանաբար դարձնել հրեաներին սինայական օրենսդրության նախանձախնդիր կատարողներ։
ՄՈՎՍԵՍ
Թվում է, թե այս երկար չվերթն անհնարին կլիներ առանց Մովսեսի, որի նկարագիրն աչքի է ընկնում կենսունակությամբ ու առինքնող դիմագծերով, որոնք ի հայտ են բերում նրա անկեղծ ու կատարյալ հավատարմությունը բարդ ու դժվարին գործին։ Աղոթքների շնորհիվ նա քանիցս փրկվում է իր դեմ ապստամբած ժողովրդից (ԺԲ 13, ԺԴ 13-19, ԺԶ 22, ԺԷ 10-13)։ Այս աղոթասեր մարդու և Տիրոջ միջև հաստատվել էին բացառիկ բարեկամական հարաբերություններ (ԺԲ 6-8), այս հանգամանքի շնորհիվ Մովսեսը համարվում է առաջինը բոլոր մարգարեների մեջ։
Նա հոգևոր հսկա էր, մեծ խելքի, անհուն բարության ու հեզ սրտի տեր, մեծ օրենսդիր ու սուրբ մարգարե։
«Իսրայելում այլևս Մովսեսի նման մարգարե չեղավ։ Նա մի մարդ էր, որին Տերը երես առ երես ճանաչեց։ Եգիպտացիների երկրում փարավոնի, նրա պաշտոնյաների հանդեպ կատարվող Տիրոջ առաքած բոլոր նշաններն ու զարմանահրաշ գործերը, նրա ամբողջ երկրի հանդեպ եղած մեծամեծ նշանները Մովսեսը իսրայելացիների առջև կատարում էր ամուր ձեռքով և հզոր բազուկներով» (Բ Օրենք ԼԴ 10-12)։
Սակայն Մովսեսն օրենքի կրոնի ներկայացուցիչն էր սոսկ, որով հատկորոշվում է առավել կատարյալ շնորհի կրոնի նախապատրաստական փուլը։ ՈՒստի և նա իր գործն ու իր օրենքը չէր համարում վերջնական, այլ ուղղակի կերպով իր մարգարեական հայտնության մեջ կանխատեսում է մեկ ուրիշ, ավելի Մեծ Մարգարեի մասին, Ով կփոխարինի նրան շնորհի նորկտակարանյան կրոնի բարի լուրով։ «Քո եղբայրների միջից քո Տեր Աստվածն ինձ նման մարգարե պիտի մեջտեղ հանի,- ասում էր Մովսեսն իր ժողովրդին,- նրան կլսեք» (Բ Օրենք ԺԸ 15)։ Դա նկատի ուներ աշխարհի Փրկիչը, երբ ասաց. «Մովսեսն Իմ մասին է գրել» (Հովհ. Ե 46)։ Իր կյանքով ու գործունեությամբ Մովսեսը, որպես մարգարե, օրենսդիր և հինկտակարանյան եկեղեցու առաջնորդ, հանդիսացել է Մեծ Մարգարեի ու նորկտակարանյան եկեղեցու Գլխի` Տեր Հիսուս Քրիստոսի նախօրինակը։
ԱՍՏԾՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
Մարդահամարները և միջոցառումները (Ա, Դ և ԻԶ գլուխները), չվերթի հրամանները (Ժ 13-32) կամ վրաններում իջևանելը (Բ գլուխը), պատմությունները` այս ամենը նպաստում են խիստ կենդանի կերպով ուրվագծելու Աստծու ժողովրդի իդեալական պատկերը։ «Ելից» գրքի տեքստերը ենթադրում են, որ կարգերի հիմնումը ավարտվել է մինչև Սինայից հեռանալը։ Իսկ գրքի աստվածաբանությունն արդարացնում է դրանց գոյությունը բազում գաղափարներով։ Սահմանափակվենք ընդամենը մի քանիսի հիշատակումով։
1) Ըստ գրքի տեքստերի, Իսրայելը զենք կրող ժողովուրդ չէ, ոչ էլ ազգ, որն անձնատուր է եղել քաղաքական ու միջազգային կյանքին, այլ մի համայնք է, որի կյանքը հիմնված է աստվածապաշտության վրա։
2) Այս հասարակության մեջ ամեն ինչ ուղղակի կերպով և մանրամասնորեն ենթարկվում է Տիրոջ հրամաններին, և մենք իրավունք ունենք ասելու, որ Իսրայելում իշխողն Աստծու խոսքն է։
3) Իսրայելն ընթացող ժողովուրդ է, որին բնակվելու բերեցին Քանան։ Չկա տեքստ, ուր հիշատակվեր սրբարանի` մի որևէ տեղում հաստատվելու մասին, քանզի, ըստ ծրագրի, նա պիտի բեդվինական կյանք վարեր։ Ոչ մի վայրի ու անշարժ Տաճարի չտրվեց Տիրոջ ներկայությունը ըմբոշխնելու իշխանություն։ Իսրայելի Աստված Ինքն է կամենում լինել որոշակի տեղում` խորանում, որը գտնվում է բանակատեղի կենտրոնում կամ ընթացող ժողովրդի մեջ։
Այս մշտական ներկայությունը միաժամանակ թե՛ հանգստություն և թե՛ սարսափ է ներշնչում։ Հնարավո՞ր է արդյոք, որ Սուրբ Աստված բնակվի մեղավորների հետ, և վերջիններս չկործանվեն։ Ղևտացիների ու քահանաների կարգման նպատակն այս վտանգի չեզոքացումն է։ Այս հոգևոր այրերը, որոնք հատուկ այդ նպատակով էին ընտրվում, վարագույրի դեր էին կատարում ժողովրդի և աստվածային ներկայության միջև (Ա 53, ԺԷ 11)։ Եվ միայն նրանք էին ի զորու քավելու մեղքերը, որոնց պատճառով համայնքին Աստծու զայրույթն էր սպառնում (Ը 19, ԺԶ 46)։ Այս երկու գործառույթների (առանց որոնց ժողովուրդը չէր գոյատևի) շնորհիվ են արդարացվում քահանաների ու ղևտացիների արտոնությունները (ԺԶ 3-8, ԺԸ 8-19)։
«Ծննդոց» գրքի օրինակով այստեղ ևս շեշտը դրվում է օրհնյալ ժողովրդի ճակատագրի համապարփակության վրա (ԻԲ և ԻԴ գլուխներ) և կանգնեցվում են կարևոր ուղենիշներ` նախապատրաստելով Դավթի պատմության պատանեկան շրջանի թագադրումը։
«ԹՎԵՐ» ԳԻՐՔԸ ԵՎ ՄԵՐ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ
«Թվեր» գիրքն իրենից ներակյացնում է թե՛ սուրբ ժողովրդի իդելական պատկերը և թե՛ բացարձակապես իրական, ճշմարիտ պատմություն նրա գոյության առաջին փուլի մասին։ Այս երկու առանձնահատկությունների շնորհիվ ապահովվում է գրքի մշտական օգտակարությունը։ Աստծու ժողովուրդն ամեն պահ կարող է գտնել իդեալական նկարագրի չափօրինակը, ինչը բնավ չի նշանակում, որ նա պետք է կուրորեն հետևի այդ կարգերին, որոնք իրականում արտահայտում են Իսրայելի բարձրագույն նպատակը, այլ կարող է նրա մեջ գտնել սկզբունքներ, որոնց հիման վրա կկառուցի իր բովանդակ կյանքը։ Եկեղեցին ևս շարունակում է «Թվեր» գրքի կարիքը զգալ, որպեսզի հիշի, որ ինքն ընթացող ժողովուրդ է, մարգարեների ժողովուրդ, որին շարժում է Աստծու խոսքը, ժողովուրդ, որ նվիրագործված է Տիրոջը պաշտելու համար։
Կազմավորման փուլի մեջ գտնվող ժողովուրդն Աստծու հրամանների դեմ ընդվզելու և ապստամբելու արդյունքում ճանաչեց Աստծուց ելած նախազգուշացումները, իսկ մարգարեներն ու սաղմոսներն անապատի ժամանակաշրջանի իրադարձությունները նկատում են որպես հիմնական տունկ (Եզեկ. 16,20,23, Սաղմ. ՀԷ 17-40, Ձ 12-17, ՂԴ 8, ՃԵ 16-33 և այլն)։ Նույն կերպ է վարվում նաև Պողոս առաքյալը, երբ կորնթացիների ուշադրությունը հրավիրում է «Ղևտական» և «Թվեր» գրքերի պատմությունների վրա. «Եվ այս բոլորը իբրև օրինակ պատահեց նրանց հետ, բայց որպես խրատ գրվեց մեզ համար» (Ա Կորնթ. Ժ 11)։ Այո՛, եկեղեցին մեր օրերում կարիք չունի իր պատմությունը «Թվեր»-ի իրադարձությունների մեջ տեսնելու, սակայն Իսրայելի` անապատում ապրած բազում ճգնաժամերը ոչ այլ ինչ են, եթե ոչ օրենքների հետևանք, որոնք, թվում է, օգտակար են Աստծու խոսքի շուրջ հավաքված հավատացյալների համար։ Այս ճգնաժամերին վերաբերող «Թվեր» գրքի մտածողությունը, հավանաբար, եկեղեցուն կօգնի լավագույնս դիմակայել դրանց, որոնց միջով նա, իր հերթին, պետք է անխուսափելիորեն անցնի։ Գրքի տեքստերում հանդիպող կարգերի այս տեսակը հենված է ժողովրդի մեղքի հանդեպ տածած սուր ապրումների վրա։ Ժողովրդի ապստամբություններն այս մեղավոր վիճակի վկայությունն են, որոնք մշտագո իրողություն են ու քրոնիկական հիվանդություն։ Այն, ինչ պարզորոշ կերպով ցանկանում է մեզ հաղորդել «Թվեր» գիրքը, այս մեղավոր ժողովրդի ընտրության գաղափարն է. ժողովուրդ, որը կոչված է հանուր մարդկությանը օրհնություն բերելու և Աստծուն հնարավորություն է տալիս ներկա գտնվելու մարդկանց մեջ։ Եկեղեցին շարունակելու է զգալ այս գրքի խոսքերն ու խրատները լսելու կարիքը, որպեսզի հավատարիմ մնա սրբության նկատմամբ իր կոչմանը` առանց անտեսելու այն մեղավոր իրականությունը, որի մեջ ապրում են իր գրկում հավաքված մարդիկ։
Տպագրության պատրաստեց
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2947

Մեկնաբանություններ