Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«Տարածաշրջանում տեղի է ունենում հայ էթնոսի զտում, որին երանությամբ սպասում են մեր ոխերիմ «բարեկամները»՝ Ադրբեջանն ու Թուրքիան»

«Տարածաշրջանում տեղի է ունենում հայ էթնոսի զտում, որին երանությամբ սպասում են մեր ոխերիմ «բարեկամները»՝ Ադրբեջանն ու Թուրքիան»
27.02.2009 | 00:00

«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԵՂԵԼ ԵՆ Ե՛Վ ԼԱՎ, Ե՛Վ ՎԱՏ ԳՈՐԾԵՐ, ԲԱՅՑ ԱՅՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ, ՈՐԻՆ ԲՈԼՈՐՍ ՍՊԱՍՈՒՄ ԷԻՆՔ, ՉՏԵՍԱՆՔ»
…և ոչ միայն մշակույթի մասին
Հանրապետությունում առկա քաղաքական, իրավական, տնտեսական խնդիրներն են արծարծվում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի գիտխորհրդի անդամ, ԵՊՀ-ում դոկտորական կոչում շնորհող մասնագիտական խորհրդի անդամ, բանասիրության դոկտոր, գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆԻ հետ հարցազրույցում:
«ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ Է ԵՐԿԻՐ ՂԵԿԱՎԱՐՈՂ ՄԱՐԴՆ ԱՅՍ ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐ ՀԱՏՎԱԾՆԵՐԻՆ ՏԱՐԲԵՐ ԿԵՐՊ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ»
-Դեռևս 5-րդ դարում, ըստ մեր պատմահոր, մենք «փոքր ածու» էինք, բայց ունեինք հիշատակության արժանի գործեր: Եթե այս տեսանկյունից դիտարկենք Հայաստանի անկախության շրջանը, լա՞վ, թե՞ վատ գործերը կգերակշռեն:
-Դժվար է ինձ համար այդ հարցին պատասխանելը, որովհետև կյանքիս մեծագույն մասն ապրել եմ Խորհրդային Միության տարիներին ու զբաղեցրել պատասխանատու պաշտոն: Կարոտախտից դրդված չէ, որ հիշատակում եմ այդ տարիները, պարզապես այդ շրջանում իսկապես շատ արժեքավոր գործեր եմ արել: Անխոս, անկախության շրջանում եղել են և՛ լավ, և՛ վատ գործեր, բայց այն հիմնական արդյունքը, որին բոլորս սպասում էինք, չտեսանք: Ոչնչացվեց գրեթե 2000 գործարան: ՈՒնեինք տնտեսություն, Միության մեջ հզորությամբ երրորդ էլեկտրաարդյունաբերությունը՝ Ռուսաստանից և ՈՒկրաինայից հետո, որոնք հասցվեցին զրոյական մակարդակի: Հիշում եմ այն տարիները, երբ Կոմայգու մոտ երկար շարքերով հերթ էին կանգնում 25-տոննանոց կամազները, որոնք իբրև թե լոմ էին կրում Իրան, այնինչ իրականում դրանք միանգամայն սարքին մեքենաներ էին, որ դուրս էին տարվում մեր հանրապետությունից: Այդպես մետաղազրկվեց, երկաթազրկվեց այս երկիրը: Իսկ 98-ից հետո սկսված շրջանում, որ ընդունված է համարել լավագույն տարիներ, մենք ունեցանք խորհրդանշական մի «բնակարան», որտեղ մի սենյակում մարդիկ ապրում էին ողորմելի պայմաններում, կարիքի ու չարիքի մեջ, իսկ մյուս սենյակում հրճվանք էր ու խրախճանք: Առաջին հերթին նկատի ունեմ այս Հյուսիսային կոչված պողոտայի կառուցումը, որով ոմանք պարծենում են: Ես չեմ հասկանում, թե ինչպե՞ս կարող է երկիր ղեկավարող մարդն այս երկրի տարբեր հատվածներին տարբեր կերպ վերաբերվել: Միայն Գյումրիում 4000-ից ավելի տնակաբնակներ կան: Բարձրահարկ, էլիտար շենքերով մի փողոց կառուցելու վրա միլիարդներ են ծախսվում, երբ մարդիկ աղետի գոտում գտնվում են թշվառ վիճակում: Սա ինձ համար անհասկանալի է:
«ԴՐՍԻՑ ՉԷ, ՈՐ ՄԵԶ ՊԻՏԻ ԽՐԱԽՈՒՍԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԿԱՄ ԿԱՆԽԵԼ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ ԱՌԿԱ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ»
-Ինչպես մեզ իրազեկեցին, սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանը զբաղվում էր կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով, և դժվար չէ կռահել, որ նրա սպանության շարժառիթը մասնագիտական գործունեությունն է: Ի՞նչ եք կարծում, կաշառակերների և դրանց դեմ պայքարող օրինապահների հակամարտության մեջ, ի վերջո, ո՞վ է հաղթելու:
-Ես այդ պայքարը մինչև վերջերս չէի տեսնում: Վերջին ամիսներին լսում եմ, որ այդ ուղղությամբ իբրև թե ինչ-որ աշխատանք է կատարվում: Ազգային ժողովի վերահսկիչ պալատը հայտարարություն է անում Սյունիքում կամ այլ տեղերում հայտնաբերված հափշտակությունների մասին, մեղադրվողներն էլ աճապարանքով այդ գումարները հավաքում, տանում-մուծում են ու արդարանում, թե իրենց անհիմն էին մեղադրում: Այդուհանդերձ, ես սա համարում եմ դրական երևույթ, բայց չգիտեմ, թե ինչ ընթացք ու ավարտ կունենա: Եթե կրի համատարած բնույթ, չլինեն արտոնյալ անձեր, հիմնարկություններ, կազմակերպություններ, որոնք դուրս կմնան վերահսկողությունից, լավ է: Իհարկե, չեմ ցանկանում, որ արհեստականորեն միջամտեն մարդկանց գործին, խանգարեն աշխատանքի բնականոն ընթացքին: Հեռվից էլ տեսանելի է, թե հատկապես ո՛ր կազմակերպություններն են կոռումպացված, և դժվար չէ դրանք հայտնաբերելը: Ճիշտն ասած՝ ինձ համար մշտապես զարմանալի է եղել նաև դրսի վերաբերմունքը: Մեզ մոտ կոռուպցիայի դեմ պայքարելու համար արտասահմանյան կառույցներն ինչ-որ գումարներ են տրամադրում: Այսինքն՝ գումար են տալիս մարդկանց, կաշառում են, որպեսզի սրանք զբաղվեն կաշառակերությունը բացահայտելու գործով: Կաշառակերության դեմ պայքարելու շահագրգռությունը պիտի լինի ներսից, ոչ թե դրսից ստացած փողերի դրդմամբ: Դրսից չէ, որ մեզ պիտի խրախուսեն բացահայտել կամ կանխել մեր երկրի ներսում առկա բացասական երևույթները:
«ՄԵՐ ՄԵԾԵՐԸ ՇԱՏ ԻՄԱՍՏՈՒՆ ՄՏՔԵՐ ԵՆ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ, ԲԱՅՑ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ԴԺԲԱԽՏԱԲԱՐ, ՉԻ ՀԻՇՈՒՄ ԴՐԱՆՔ»
-18-րդ դարի հասարակական-քաղաքական գործիչ Շահամիր Շահամիրյանը «Որոգայթ փառաց» գրքում գրել է. «Իբրև կատարյալ մարդ, մենք պետք է մեզ համար ընտրենք վարք, կարգ ու օրենք՝ մեր կյանքի ընթացքի համար և մեր փոփոխական բնությունը լծորդենք անշարժ օրենքին, որպեսզի, եթե ըստ մեր բնության խառնվածքի՝ կյանքում ժամանակ առ ժամանակ մեր միտքը հակում հանդես բերի դեպի անբան անասուններին հատուկ արարքները, մեր օրենքի շղթաներն ու կապանքները կապկպեն ու սաստեն մեր բնությունը և օրենքով դատապարտեն»: Այս և սրանից էլ առաջ մշակված սահմանումներն օրենքի, օրինապաշտության մասին արդիական են նաև այսօր, ինչո՞ւ, սակայն, սրանց կիրառումը չի դառնում օրինաչափություն:
-Մեր մեծերը շատ իմաստուն մտքեր են արտահայտել, բայց ժողովուրդը, դժբախտաբար, չի հիշում դրանք: Իհարկե, Շահամիր Շահամիրյանը՝ որպես մեր առաջին սահմանադրության հիմնադիր, շատ ուսանելի բաներ է գրել: Բայց ես մեկ այլ օրինակ բերեմ: 1840 թվականին գերմանացի ազգագրագետ Ավգուստ Հաքսթաուզենը եկավ Հայաստան, շփվեց Աբովյանի, մեր մյուս մեծերի հետ և փորձեց հասկանալ մեր ժողովրդին, նրա կենցաղավարությունը, ազգային առանձնահատկությունները: Իր հուշերում նա գրում է, որ հայ վաճառականներից մեկին հարցրել է, թե ինչպիսի՞ մարդ է իր ղեկավարը, վաճառականը պատասխանել է, թե զարմանալի, տարօրինակ մարդ է, ինչպես փորձում է, ինչ քայլերի դիմում է, չի կաշառվում: Վաճառականը զայրանում է, որ իր ողջ հնարամտությամբ, փողի ուժով չի կարողանում կաշառել ղեկավարին ու օտար մարդու մոտ դժգոհում, բամբասում է նրանից: Ես կուզենայի, որ մեր այսօրվա ղեկավարները լինեին այդպիսին, ու մեր վաճառականները սրտանց դժգոհեին, բողոքեին նրանցից՝ թեկուզ օտարների առաջ: Կարևորն այն չէ, թե մի տականք ինչից է դժգոհում, կարևորն այն է, որ մենք ունենանք այնպիսի մի մարդ, որ ղեկավարի ժողովրդին ու դուրս բերի այս տիղմից: Մենք ունեցել ենք այդպիսի ղեկավարներ, օրինակ՝ Յակով Զարոբյանը: Ես պարծենում եմ, որ նրա հետ աշխատանքային առնչություններ եմ ունեցել: Նա իր կապերը, իր դիրքը գործադրում էր ի նպաստ մեր ժողովրդի: Նա 1964 թվականին ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ և մեր ժողովրդին շնորհավորեց երեքմիլիոներորդ քաղաքացու ծննդյան առթիվ: Երանի թե մեր այսօրվա նախագահն էլ մի օր ելույթ ունենա և շնորհավորի մեզ երեք միլիոներորդ քաղաքացու ծննդյան առթիվ:
-Մենք հիմա երեք միլիոն չկա՞նք:
-Իհարկե, չկանք:
-Բայց վիճակագրությունն այլ բան է ասում:
-Մեր պաշտոնական վիճակագրությանը ես չեմ վստահում: Չեք տեսնո՞ւմ, որ մեր գյուղերը դատարկվել են, մարդիկ արտագաղթել են: Վերջերս էլ ավելի շատ են լքում երկիրը: Անգամ Հարավային Կովկաս կոչված տարածաշրջանի մակարդակով է դա նկատելի: Տարածաշրջանում տեղի է ունենում հայ էթնոսի զտում, որին երանությամբ սպասում են մեր ոխերիմ «բարեկամները»՝ Ադրբեջանն ու Թուրքիան: Նրանք աչալրջորեն հետևում են, թե ինչպես է հայազրկվում այս տարածաշրջանը, և սպասում են, որ մի օր այս դատարկված հողը մնալու է իրենց, ինչպես եղել է առաջներում, ինչպես եղել է 1915-16 թվականներին Արևմտյան Հայաստանում:
-Այն ժամանակ մենք չունեինք պետականություն, հիմա, փառք Աստծո, ունենք: Ինչո՞ւ պիտի հողը հանձնվի օտարներին:
-Հանձնվելը գրված ծրագիր չէ: Բայց երբ ժողովուրդը հեռանում է, երբ մարդկանց աչքը դուրս է՝ Ռուսաստան, Ամերիկա, Եվրոպա, երբ մեծ թվով «գրին քարտեր» են խաղարկվում, ու անհասկանալի կերպով խաղարկությանը մասնակցող 50-ից ավելի երկրների քաղաքացիներից հատկապես հայերն են շահում այդ քարտերը (այստեղ ևս, ըստ իս, գործում է հայ վաճառականի կաշառք տալու հնարամտությունը), ուրիշ հեռանկար ես չեմ տեսնում:
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՆԸՆԴՀԱՏ ԽՈՍՈՂ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐԻՑ ԴՐԱ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄԸ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ ԷՐ ՉԱՓԱՎՈՐ ԳՏՆՎԵԼ ԵՎ ԲԱՆԸ ՉՀԱՍՑՆԵԼ ԶՈՀԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒՆ»
-Հետևո՞ւմ եք «7»-ի գործով դատավարությանը, մարտի 1-ի տարելիցի կապակցությամբ ինչ-որ սպասելիքներ ունե՞ք այս դատավարություններից:
-Մեր դատարանների հետ որևէ հույս չեմ կապում, որովհետև դրանք բազմիցս ապացուցել են, որ այն կառույցները չեն, այն արդարադատ մարմինները չեն, որոնցից կարելի է որևէ լավ բան սպասել: Ինչ վերաբերում է մարտի 1-ին, դա ահավոր բան էր: Ցեղասպանության մասին անընդհատ խոսող և ուրիշներից դրա դատապարտումը պահանջող պետությունը պարտավոր էր չափավոր գտնվել և բանը չհասցնել զոհեր ունենալուն: Ճշմարտությունը բացահայտելու համար մենք պիտի կատարվածը համեմատենք այլ պետություններում կատարվող նմանատիպ միջադեպերի հետ: ՈՒ համեմատելիս տեսնում ենք, որ ուրիշ որևէ երկրում նման դեպքերն այնպիսի ողբերգական ընթացք չեն ստանում, ինչպես եղավ մեզ մոտ: «Չերյոմուխայի» օգտագործման մասին վերջին մեկնաբանությունները, որ լսեցի մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Նիկոյանի ելույթից, վկայում են մեր պատկան մարմինների վերին աստիճանի տգիտության մասին: Ինչպե՞ս կարելի է այդ զենքով կրակել մարդու գանգին:
-Ի վերջո, ի՞նչ հանցանքի համար են դատում այդ մարդկանց: Զոհերի իրավահաջորդները բազմիցս հայտարարել են, որ իրենց հարազատները նրանց կողմից չեն սպանվել, առողջ բանականությունն էլ հուշում է, որ Արցախի համար իրենց կյանքը զոհասեղանին դրած մարդիկ չէին կարող «Ռոբերտո» կամ «Երևան city» ավերել-թալանել: ՈՒրեմն, ո՞րն է այդ մարդկանց հանցանքը:
-Դատում են առանց պատճառի: Կատարվել է ինչ-որ բան, եղել է տասը զոհ՝ հենց այնպես: Երբ ռազմաճակատում են զոհվում, թեկուզ պատահական գնդակից, դա հասկանալի է: Բայց երբ խաղաղ ժամանակ մայրաքաղաքում են զոհեր լինում, ուղեղումս չի տեղավորվում: Ինչպե՞ս կարելի է նման բան թույլ տալ: Մարդիկ միտինգ էին անում, ինչ-որ բաներ էին խոսում: Է՜, թող անեին, ի՞նչն էր խանգարում: Տասն օր արել էին, ևս հինգ օր թող անեին: Մինչև սահմանադրական դատարանի կողմից ընտրությունների արդյունքների հաստատումը պիտի հավաքվեին, հետո խաղաղվեին: Ի՞նչ կարիք կար բանը հասցնել այդպիսի ողբերգության: Ընտրություններին հաջորդող այդ 100 օրը նախատեսված է, որ նախորդ նախագահն իշխանությունը սահուն կերպով փոխանցի հաջորդին, ոչ թե նրա համար է, որ սարքվի այնպիսի սոդոմ-գոմոր, որից նոր նախագահը չիմանա՝ ինչպես գլուխ հանել:
-ՈՒզում եք ասել, որ մարտի 1-ը ՀՀ երկրորդ նախագահի «նվե՞րն» էր Սերժ Սարգսյանին:
-Ես այդպես եմ կարծում:
«ԵՐԲ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՊԱՀՈՎԵԼ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ, ՍՏԵՂԾԵԼ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ, ԳՈՆԵ ՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱ, ՈՐ ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԳԼՈՒԽԸ ՊԱՀԵՆ»
-Ճի՞շտ եք համարում հազարավոր անհատ տաքսու վարորդներին իրենց մի կտոր հացը վաստակելու հնարավորությունից զրկելու վճիռը՝ տնտեսական այս ճգնաժամի պայմաններում:
-Երբ պետությունը չի կարողանում մարդկանց ապահովել աշխատանքով, ստեղծել աշխատատեղեր, գոնե պետք է թույլ տա, որ իրենք իրենց գլուխը պահեն: Ամբողջ հանրապետությունում զգալի թիվ են կազմում վարորդները՝ թե՛ աղետի գոտում, թե՛, առավել ևս, Երևանում: Ի՞նչ տարբերություն, գիծը որևէ օլիգարխի՞ է պատկանում, թե՞ անհատ մարդն է աշխատում ու սահմանված հարկը մուծում պետությանը: Անհատ վարորդների դեպքում պահանջում են, որ մեքենան տասը տարուց ավելի հին չլինի: Իսկ ո՞վ է ստուգել, թե գծերի տերերն ինչ մեքենաներ են բանեցնում: Քանի՞ անգամ է Երևանի փողոցներում վթար եղել հենց այդ մեքենաների անսարքության, չափից ավելի ուղևորներ վերցնելու հետևանքով: Ո՞վ է այս բաների մասին մտածել, որ այսօր մեր համապատասխան մարմիններն ամբողջ թափով զբաղված են անհատ վարորդների հարցով ու որևէ շեղում իրենց ընդունած որոշումից չեն ուզում թույլ տալ: Ինչո՞ւ են դանակը հասցնում ոսկորին: Այսքան դժվարին պայմաններում, արտագաղթի մեծ չափերի պարագայում մարդիկ են գտնվում, որոնք չեն ուզում լքել իրենց երկիրը, ուզում են մնալ և աշխատել: Սրանց էլ ա՞յս ձևով են ստիպում հեռանալ երկրից:
-Վերջերս լույս տեսավ Ձեր «Խորենացին և 5-րդ դարը» աշխատությունը: Ի՞նչ ստեղծագործական ծրագրերով եք զբաղված ներկայում:
-Պատրաստվում եմ գրել աշխատություն Եղիշեի մասին, շարունակում եմ թարգմանություններ անել գերմաներենից, ցանկանում եմ տպագրել բանաստեղծություններիս ժողովածուն, հավանաբար, «Վերհուշ» վերնագրով:
Զրուցեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3225

Մեկնաբանություններ