Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Հաշվետվություն են տալիս իրենց ստեղծագործական «զինանոցի» գրեթե ողջ արժևորված պարունակությամբ

Հաշվետվություն են տալիս իրենց ստեղծագործական «զինանոցի» գրեթե ողջ արժևորված պարունակությամբ
25.08.2009 | 00:00

ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Վերանորոգման պատճառով մայրաքաղաքի մշակութային կյանքի ընթացքից ակամա օտարված Նկարչի տունը կրկին արվեստասեր հանրության հաճախացող այցելությունների սիրված վայր է դարձել վերջին շրջանում։ Իրար հաջորդող անհատական և խմբակային ցուցահանդեսներով իրենց ստեղծագործական արվեստանոցների ուշագրավ աշխատանքներն են ներկայացնում կերպարվեստասերների հասարակական գնահատությանը ներկայիս գործող արվեստագետները։ Մինչ Նկարչի տան վերաբացումը հանրության հետ իրենց տարարվեստ կարողությունների շրջանակներում անուղղակի երկխոսության մեջ մտնելու մասնակի հնարավորություն գտնելով Ազգային պատկերասրահում, «Նարեկացի» արվեստի միության և «Ակադեմիայի» կամերային սրահներում, «Մոսկվա» կինոթատրոնի և Կամերային թատրոնի ճեմասրահներում, Ժողարվեստի թանգարանում (մի խոսքով` հավանական-անհավանական մարդաշատ մշակութային օջախներից շատերում)` հիմա նրանք հիմնականում Հայաստանի նկարիչների միությանն անդամակցող հարյուրավոր ստեղծագործողներ, ըստ էության, մանրակրկիտ ու ամփոփ հրապարակային հաշվետվություն են տալիս իրենց ստեղծագործական «զինանոցի» գրեթե ողջ արժևորված պարունակությամբ։
ՔԱՐԵՂԵՆ ՀՈԲԵԼՅԱՆ. «ՔԱՈՍԻՑ` ՀԱՐՄՈՆԻԱ...»
Գուցե թե գեղանկարչականների գերակայությամբ էր, որ կազմակերպված ցուցահանդեսների թանձրացած համապատկերում պրոֆեսիոնալ և հետաքրքրասեր այցելուների տարերային միասնությամբ առանձնացավ ճանաչված քանդակագործ ՍԱՄՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻՆԸ։
«Ինչպիսի վարպետություն, տարբեր բնական նյութերի «հոգին» պեղելու բացառիկ օժտվածություն,- Նկարչի տան մեծ ցուցասրահի լռության մեջ արձագանքվում էր այցելուների անմիջական տպավորությունից, ասես, ինքնաբուխ պոռթկացող հիացմունքը։- Քանդակի այսպիսի ցուցահանդես շատ վաղուց չէր տեսնվել մեզանում»։ Տեսած լինելով այս արվեստագետի որոշ գործեր Ազգային պատկերասրահում, մեր անվանի մեծերի տուն-թանգարաններում` ցուցասրահ ոտք դնելուն պես տարվում եմ նրա գծանկարների զարմանալի արտահայտչականությամբ, ճկուն մտածողության ու վարպետ ձեռքի միաձույլ խորիմաստությամբ։ Մասնագիտական երկաստիճան կրթություն ստանալով գեղարվեստի ուսումնարանում և գեղարվեստաթատերական ինստիտուտում` նա 12 տարի քանդակ ու գծանկար է դասավանդել վերջինիս ուսանողներին։ Սերունդ կրթելով` ինքն էլ, անշուշտ, հմտացել է։
Պատահական չէ, որ ինստիտուտ ընդունվելուն պես մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում և արտասահմանում, արժանացել բազում պատվավոր մրցանակների Տաշքենդում («Հավասարակշռություն», 1984), Երևանում («1915 թվական», 1985), Թբիլիսիում («Մեղեդի», 1986), Ռիգայում («Տագնապ», 1988)։ Երիցս մրցանակվել է Ռավեննայում` իր բրոնզաձույլ քանդակներով ճանաչում գտնելով Դանթեի հայրենիքում ևս։ Նրա տարաչափ ու տարանյութ քարե կերտվածքներին այսօր կարելի է հանդիպել աշխարհի մոտ երկու տասնյակ անկյուններում։ Մանրաքանդակներում Սամվել Ղազարյանը նույնքան հմտորեն է տիրապետում քարին, բրոնզին, հրակավին, փայտին, մետաղին ու մարմարին, որքան մոնումենտալ մեծածավալ քանդակներում։ Ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված այս ցուցադրությունում նկատելի են նրա ստեղծագործական հետաքրքրությունների ինչ-ինչ վերափոխումները նաև։ Մանրադետալ հղկվածությամբ պրպտուն հայացքս իրենց վրա են գամում բրոնզաձույլ «Երաժիշտները», ծիրանենուց կերտված հմայիչ կինը, արձանացած Դերենիկ Դեմիրճյանն ու Մարտիրոս Սարյանը։ Ապրած օրերի խորհրդանշական խտացումների («Ժողովուրդ», «Քաղաքական գործիչը», «Իշխանություն»...) ենթիմաստին իրազեկվելով հեղինակային պարզաբանումներով միայն` հանրագումարային այս ստեղծագործական նկարագրում գերադասելի եմ գտնում առանց հավելյալ բացատրությունների շարքային այցելուին Ղազարյանի արվեստագիտական կշիռը հավաստող մի քանի տասնյակ մանր ու մեծ քանդակները, առանց բացառության բոլոր գծանկարները։ Վերացականության երախայրիքները, առավել բնորոշ ստեղծագործության վերջին շրջանին, անհամեմատ նվազ ուշադրության ու գնահատության են արժանանում։ Ոչ միայն իմ սուբյեկտիվ տպավորությամբ։ Ինտելեկտուալ հարուստ պաշար ու հղկված վարպետություն ունեցող հասուն արվեստագետի ներկան դրանցով, կարծես, որոշակի շեղում է ցուցանում ակնհայտորեն կայացած անցյալից` առայժմ ընդհանուրի մեջ որակ չկազմելով։ Նաև փոքր-ինչ հակասելով գեղագիտական դավանանքին, իր իսկ ձևակերպած, յուրատիպ կողմնորոշման ուղեցույցին այցելուի. «Տիեզերքի և Քանդակի արարման ուղին նույնն է` Քաոսից Հարմոնիա...»։
ԱՆԻՄԱՑԻՈՆ ՖԻԼՄԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ
Մանկուց մերվելով արվեստանոցի «նիստուկացին», ներկերի յուրահատուկ բուրմունքին` Ավետիսը, իհարկե, նախ` ենթագիտակցաբար, ապա, բնատուր շնորհի ի հայտ գալով, մտածված պիտի որոներ սեփական երևակայության թռիչքը կտավի վրա անդրադարձնող իր արտահայտչամիջոցները։ Մասնագիտական կրթությունը ստանալով Երևանի գեղարվեստի ուսումնարանի «փայտի փորագրություն», այնուհետև Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի «գեղանկար» բաժիններում` վստահաբար զբաղվեր անհատական ձեռագրի հստակեցմամբ։ Դեռևս ուսումնառության տարիներին արված աշխատանքների հմտացող ինքնատիպությամբ նկատվելով` ավարտելուն պես ընդգրկվել է Հայաստանի նկարիչների միության մեջ։ Մերօրյա արվեստագետի համար բացառիկ բարեբախտությունն ԱՎԵՏԻՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, կարծես, ի վերուստ է շնորհվել։ Ընդամենը չորս տարում երեք անհատական ցուցահանդես է ունեցել` պատիվ ունենալով ցուցադրվելու Վենետիկի Սան Վիդալ պատկերասրահում (2008)։ ՀՀ, ԱՄՆ և ՌԴ մասնավոր հավաքածուներում արդեն կարելի է գտնել երիտասարդ նկարչի աշխատանքները ճանաչված անունների գործերի հարևանությամբ։
Երեսնամյա հոբելյանը յուրովի նշանավորող վերջին ցուցահանդեսում ներկայացրած աշխատանքները դիտելիս անզեն աչքով որսում եմ դրանց հեղինակի հոգեհարազատությունը Ֆրանսուա Ռաբլեի գրոտեսկային աշխարհընկալմանը։ Նաև Ջոնաթան Սվիֆթի հետ ունեցած աղերսները չեմ հասցնում ճշգրտել, քանի որ նորահայտ նկարիչն անկեղծորեն խոստովանում է Ռաբլեին անծանոթ լինելը։ Իրականության հրաշապատում երգիծահայաց վերարտադրության գունեղ պատկերներն ինձ վրա թողնում են նոր ստեղծվող անիմացիոն ֆիլմի էսքիզների տպավորություն։ «Հարևանուհի Արուսը», «Ակապելլան», «Իմ քաղաքի ծաղրածուն», «Ծեր թագուհին», «Պարտեզում», «Հեռուստացույցի առջև»... Բոլորը, անկախ սյուժետային ինչ-ինչ տարբերություններից։ Պարզորոշ է սկսնակ արվեստագետի վերաբերմունքն իր շրջապատի, ժամանակի բարքերի նկատմամբ։ Հաղթահարելով արտահայտչամիջոցների զգալի միօրինակությունը, հարստացնելով կենսափորձն ու ընդլայնելով մտահորիզոնը` Ավետիս Խաչատրյանն իր վրձնահպումների խոհազգացական ներգործությունը կարող է հասցնել անհրաժեշտ խորության` տպավորվելով իր գործերին հաղորդակցվողների մտապատկերում ոչ թե սոսկ արվեստի արհեստին որոշակի տիրապետելու ունակությամբ, այլև դրա շնորհիվ գայթակղող կտավների խորունկ իմաստավորվածությամբ։ Եվ միանգամայն հնարավոր կլինի փուլային ստեղծագործական անցումը` պարզ մանկական ընկալումից դեպի առավել հասուն երիտասարդականը։
ԿՅԱՆՔԻՑ ԿՏՐՎԱԾ ՀԵՔԻԱԹԻՆ ՀՅՈՒՐ
Նկարչի տան երկրորդ հարկի ցուցասրահում մի քանի տասնյակ գեղանկարչական աշխատանքներով իր ստեղծագործական նկարագրին է ծանոթացնում Հայաստանին ու Արարատին երևանյան մեն-մի այցելությամբ 1966-ից մեկընդմիշտ կապված, կարնեցիներից սերող ՎԻԿՏՈՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։ Արվեստի բոլոր տեսակներով հավասարապես հրապուրված` նա Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետն ավարտելուց հետո շուրջ 25 տարի նկարչական ձևավորումներ է արել հայկական հեռուստատեսությունում` 1993-ից դառնալով գլխավոր նկարիչը։ Հարստացնելով կենսափորձը տարբեր մասնագիտության տեր մարդկանց հետ փոխշփումներով` հիմնական աշխատանքին զուգահեռ սկսել է վրձնել ներքին կուտակումները, որոնց արգասիքներով էլ այժմ անհատապես ներկայանում է կերպարվեստասեր հանրությանը։ Ռեալիստական և խորհրդանշական դիմանկարներում, բնապատկերներում ու կոմպոզիցիոն կտավներում ակնառու է պրոֆեսիոնալ ձիրքը, գունագծային լուծումների վարպետությունը։ Հիմնականում կենսասիրությամբ են աչքի ընկնում նկարչի բոլոր գործերը։ Կարծես լույս է հորդում «Փակ դուռ», «Զբոսայգում», «Եվա», «Ես երթա՞մ», «Անապական», «Հմայք» նկարներից։ Նույնիսկ` ձմեռային բնապատկերներից, «Գողգոթա», «Միայնակ Ադամը», «Ընտանիք» տրտմախոհ գործերից։ Բայց դրանց մեծամասնությունը գեղարվեստական լուսանկարչությանն է ավելի մերձենում։ Ակնհայտ դեկորատիվ մտածողությամբ արված լինելով` գրեթե հույզեր ու խոհեր չի արթնացնում։ Ոչ էլ ներքին մեղեդի, չնայած հեղինակը հավաստում է, որ ստեղծագործում է երաժշտության ուղեկցությամբ։ Ինչ-որ անհասկանալի երանավետության, ժամանակների բարդ վայրիվերումներից անմասն գոհունակության ընդհանուր տպավորություն են ստեղծում Հովհաննիսյանի գեղարվեստական ստեղծագործությունները։ Ասես դրանց հեղինակը ոչ թե մեր ժամանակակից արվեստագետն է` հարուստ կենսափորձով կուտակված ասելիքով, իր ապրած օրերի բարդ բովանդակության հանդեպ ունեցած հստակ վերաբերմունքով, այլ նկարելու ձիրքով օժտված պատահական մի Ռոբինզոն, որին ապաստանած անմարդաբնակ թվացող կղզում հեքիաթային Ոսկի քաղաքն է... Ակամա քեզ զգում ես կյանքից կտրված հեքիաթին հյուրընկալված։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2419

Մեկնաբանություններ