ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Ալիևի ռազմաշունչ հայտարարությունների հենքում դրված է հոգեբանական և տեղեկատվական շանտաժի տեխնոլոգիան»

«Ալիևի ռազմաշունչ հայտարարությունների հենքում դրված է հոգեբանական և տեղեկատվական շանտաժի տեխնոլոգիան»
31.07.2009 | 00:00

«ԱՇԽԱՐՀԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ ՈՐՈՇԱԿԻ ՊԱՏՆԵՇ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն ԳԱԳԻԿ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
-Պարոն Տեր-Հարությունյան, Կիպրոսի օրինակը բերելով` Դուք նկատի ունեք, որ հնարավոր է նույնքան էլ երկարաձգվի ղարաբաղյան բանակցային գործընթա՞ցը: «Նաբուկոյի» կառուցման պայմաններում հնարավո՞ր է նման բան:
-Առավել ևս` «Նաբուկոյի» կառուցման պայմաններում: Պետք է լավ հասկանալ` Ադրբեջանի դեպքում մենք և միջազգային հանրությունը գործ ունենք գազանավթային փուչիկի հետ: Ադրբեջանի ոչ ինքնուրույնությունը, որն ամրագրված է, մասնավորապես, այսպես կոչված, «չկայացած երկրներին» վերաբերող միջազգային վարկանիշային ցուցակներում, մեծավ մասամբ պայմանավորված է ոչ այնքան Թուրքիայի նկատմամբ «կրտսեր եղբոր» կարգավիճակով, որքան Հարավային Կովկասում «Բրիթիշ Փեթրոլեումի» ներկայությամբ: Այո, նավթային շահերն են գլխավորապես որոշում Ադրբեջանի տեղն աշխարհում։
-«Բրիթիշ Փեթրոլեումը» մի ողջ անգլո-սաքսոնական վեկտոր է և, որպես գլոբալ հարցերի լուծման «առանցք», շատ մեծ դերակատարություն ունի աշխարհում: Հետաքրքիր է` այդ կարգի խոշոր-գլոբալ «հետաքրքրությունների» բաղկացուցիչներ Հայաստանում կա՞ն... Բացի ՊԱԿ-ից: Անկեղծ-անկեղծ:
-Անկեղծ, Հայաստանի կարևորությունը պայմանավորված է նաև նրանով, որ մենք նույն Ադրբեջանի կողքին ենք: Ասենք` Աստված մի արասցե, պատերազմ լինի, պատերազմի պարագայում կարող են խիստ տուժել նաև նավթային այդ հետաքրքրությունները: Վերցնենք զուտ տեսական, հիպոթետիկ այսպիսի մի տարբերակ. ի պատասխան ադրբեջանական ագրեսիայի, մենք ռմբակոծում ենք Բաքուն. այն նույն նավթի գործոնի պատճառով լուցկու նման կբոցավառվի, չէ՞, ինչն էլ դոմինոյի էֆեկտով կտարածվի «Բաքու-Ջեյհանի», նույն «Նաբուկոյի» վրա և այդպես շարունակ:
-Դաշնակցական թեզեր եք առաջ քաշում, պարոն Տեր-Հարությունյան: Միևնույն ժամանակ շատ փայլուն ձևով շրջանցում եք հարցադրումը. մենք որևէ տեղ զբաղեցնո՞ւմ ենք անգլո-սաքսոնական և «այլական» վեկտորներում, բացի ՊԱԿ-ից:
-Իհարկե: Այսպիսի մի նկատառում. վերջերս Միացյալ Նահանգների մամուլում շատացել են հայկական գործոնին նվիրված հոդվածները, ինչը շատ հետաքրքիր է: Տպավորությունն այնպիսին է, որ նույն Թուրքիայի, Լիբանանի հետ խնդիրներում մենք, իսկապես, դառնում ենք խիստ կարևոր դերակատար: Ըստ ամենայնի, աշխարհը հասկացել է մեկ բան` հայությունն իսկապես որոշակի դերակատարում ունի գլոբալ զարգացումներում և կարող է լուծել խնդիրներ, որոնք այլ պարագաներում հնարավոր չէր:
Երկու խնդիր կա, որոնք, հայությանը դարձնում են գլոբալ գործոն: Առաջինը ցեղասպանությունն է. այսինքն` մենք որոշակի առումով Թուրքիայի գլխին մահակ ենք հանդիսանում և այս խնդիրը մշտապես շահարկել ու շահարկում է Միացյալ Նահանգները Թուրքիայի հետ իր հարաբերություններում: Նույն համատեքստում մենք որոշակի ֆորպոստ ենք (ես չեմ վախենում այս ձևակերպումից) թուրք-ադրբեջանական առաջխաղացման համար. նույն ԱՄՆ-ի, նույն Ռուսաստանի, նույն Մեծ Բրիտանիայի, անգամ Չինաստանի համար: Վերջերս ես զրուցում էի մի չինացու հետ։ Ինձ հետաքրքրեց հետևյալ փաստը. զրույցի ընթացքում նա ասաց` դա այն Հայաստա՞նն է, որը չի թողնում Թուրքիան միանա Ադրբեջանի և մնացածների հետ` պանթուրքիստական համախումբ ստեղծելու նպատակայնությամբ: Այսինքն` աշխարհը ճանաչում է Հայաստանը որպես որոշակի պատնեշ: Սա նշանակում է, որ Ռուսաստանի համար ևս մենք շատ անմիջական նշանակություն ունենք, որովհետև եթե չլինի հայկական հենարանը, ապա ռուսները կարող են ընդհանրապես Հարավային Կովկասով չզբաղվել:
-Վատ չէր լինի: Այնուհանդերձ, որքանո՞վ ենք մենք կիրառում Ձեր մատնանշած «հայոց» գլոբալ ռեսուրսները:
-Այնքանով, որքանով վարում ենք հավասարակշռված քաղաքականություն: Այնքանով, որքանով թույլ չենք տալիս, որ մեզ կուլ տան:
-Դա՞ է մեր գերխնդիրը, որ կարողանանք թույլ չտալ մեզ կուլ տան:
-Դա մեր գերխնդիրներից մեկն է: Երկրորդ գերխնդիրն է` զարգանալ, հզորանալ, է՛լ ավելի ինքնուրույնանալ:
-Կարողանո՞ւմ ենք:
-Գիտե՞ք, «Նաբուկոյին» և մնացածին պետք չէ շատ լուրջ մոտենալ։ Մի այսպիսի փաստ ասեմ. ողջ արաբական աշխարհը միասին (եթե նավթի էքսպորտը հանես) ավելի քիչ արտահանում է իրականացնում, քան փոքրիկ Ֆինլանդիան:
-Ինչպե՞ս կարող ենք «հանել», երբ նավթն այնտեղ ռեալ «խաղացող» գործոն է և այն էլ` ինչ գործոն: Մի քիչ հիպոթետիկ է ստացվում:
-Ես շարունակեմ. ողջ արաբական աշխարհում տարեկան լույս է տեսնում ընդամենը մի քանի հարյուր գիրք:
-Կարող է մտածվա՞ծ քաղաքականություն է, և իրենց «բմբուլ պետք չէ»:
-Ավելի վատ, որ մտածված քաղաքականություն է. ի վերջո, առանց հոգևոր-մտավոր ներուժի մարդը, մաքսիմում, կարող է շահիդի նման գնալ և իրեն պայթեցնել:
-Եվ, այնուհանդերձ, բաց մնաց հարցը. մենք մասնակցություն ունե՞նք համաշխարհային գլոբալ պրոցեսներին, համաշխարհային կառավարողները, ի դեմս մեզ, տեսնո՞ւմ են լուրջ խաղացողի:
-Մոտ հինգ տարի առաջ Հենրի Քիսինջերը, որը համարվում է (եթե Ձեր տերմինոլոգիայով խոսենք) «համաշխարհային կառավարության» դերակատարներից մեկը, ասում էր` այսուհետ գլոբալացումը գնալու է ռեգիոնալիզացիայի միջոցով: Այսինքն` տարածաշրջաններում ընթանալու են զուգահեռաբար «ընդլայնման» և «բյուրեղացման» գործընթացներ, որից հետո այդ նույն ռեգիոնները որոշակի քաղաքական և տնտեսական տրամաբանությամբ փոխհարաբերվելով` առաջացնելու են գլոբալ նոր հարթություն, որը և պետք է ղեկավարի համաշխարհային կառավարությունը (վերջին միտքը Քիսինջերի հետ հարցազրույց վարող լրագրողինն է): Իհարկե, աշխարհում կան բազմաթիվ ակումբներ:
-Հայաստանում նո՞ւյնպես:
-Ես չեմ հանդիպել, սակայն կարծում եմ, որ Հայաստանը ևս ինչ-որ դիրքորոշում ունի, չի կարող չունենալ:
-Էլիտայի՞ մակարդակում:
-Ես չեմ կարող բացառել, որ ինչ-որ հայ միլիարդատերեր (պարտադիր չէ, որ լինեն ՀՀ-ից) անդամ լինեն նման ակումբների. ինչո՞ւ ոչ:
-Իշխողներն էլ ոնց որ խեղճ ու կրակը չեն:
-Այո՜, և դա վատ չէ, որովհետև եթե ընթանում է ինչ-որ գործընթաց, ապա անհրաժեշտ է այդ գործընթացներին ինչ-ինչ մասնակցություն ունենալ: Սա, ի դեպ, ազգային անվտանգության հիմնադրույթներից է։ Տուժում են նրանք, ովքեր չեն գիտակցում և չեն մասնակցում գործընթացներին: Ես չգիտեմ` մերոնք արդյոք մասնակցո՞ւմ են, թե ոչ, բայց եթե մասնակցեին, վատ չէր լինի:
-Բա մեր ազգային նկարագի՜րը, բա մեր մենթալիտե՜տը:
-Այն ձևով, ինչպիսին դա մենք երբեմն հասկանում ենք, այն արդեն հնացած ու չաշխատող է: Մեր ազգային նկարագիրը գլոբալ զարգացումներին ադեկվատ զարգացման կարողությունն է, մենք պետք է կարողանանք այս ընթացքում ավելի մրցունակ և արդյունավետ դառնալ` առաջ մղելով հայ ստեղծագործական միտքը: Ցավոք, մենք երբեմն կորցնում ենք ստեղծագործ հանրության կերպարը:
-Վերադառնում ենք օրվա խնդրին: Ի՞նչ վիճակում է այսօր ղարաբաղյան հիմնահարցը` վերջին մոսկովյան հանդիպումից հետո:
-Եթե կարելի է անկեղծ, ապա խնդրի նկատմամբ ունեմ երկու մոտեցում. իմ անձնական կարծիքով` նման խնդիր չկա, և իմ հոդվածներում էլ ես գրում եմ` ԼՂՀ կարգավիճակի հետ կապված խնդիրներ: Որովհետև կա ԼՂ Հանրապետություն (ի դեպ, բավականին կայացած), որն իր խնդիրը լուծել է, իմա` ունի անվտանգության գոտի, բանակ, իշխանություն և շատ հարցերում, իրոք, ավելի առաջադեմ է, քան շուրջը եղող երկրները: Ղարաբաղում, ի դեպ, կարողանում են պահել իրենց ազգային նկարագիրը, որպես ստեղծագործ-աշխույժ ներուժ ունեցող հանրություն, և այդ առումով ես խնդիրը լուծված եմ համարում: Այլ հարց է ԼՂՀ միջազգային ճանաչման հիմնախնդիրը, որը, անշուշտ, պետք է ինչ-որ ժամանակ ինչ-որ լուծում գտնի: Գիտե՞ք ինչ, այս կարգի խնդիրները լուծվում են մեկ տարբերակով. վերցնենք Կոսովոն. ինչքան էլ խոսեն ինքնորոշման մասին, ինչ էլ որ ասվի, չլիներ ՆԱՏՕ-ն, չլիներ Միացյալ Նահանգները, Կոսովոն, ոնց կար Հարավսլավիայի շրջան, էդպես էլ կմնար:
-Ասում են` նարկոթրաֆիքի «ամենաուժեղ» ճանապարհներն անցնում են հենց Կոսովոյով, դրա համար էլ չէր կարող` հենց «էդպես էլ մնալ», ու գլոբալ խաղացողները պետք է թաթները, մեղմ ասած` ձեռքները, դնեին այդ տրանզիտի վրա:
-Այո, և դա բոլորը շատ լավ գիտեն:
-Իսկ Ղարաբաղո՞վ:
-Ոչ մի նարկոթրաֆիք այնտեղ չկա. բացարձակ, դա ադրբեջանական տեղեկատվական պրոպագանդայի առասպելներից է: Նարկոթրաֆիքի կենտրոնն Աֆղանստանն է. այնտեղ, որտեղ թալիբներն են, ամերիկացիները, և որի մասին կա հիշատակում, թե ամերիկյան ռազմական տրանսպորտային ինքնաթիռներն օգտագործվում են նարկոտիկների մաքսանենգության գործում:
-Հիմա` ի՞նչ. բարիշեցի՞ն ԱՄՆ-ն ու Ռուսաստանը` Աֆղանստանի, իմա` նարկոթրաֆիքի «վրա»:
-Ես չեմ կարծում, որ այս խնդրում համաձայնություն կա: Ի դեպ, ռուսական վերլուծաբանները, քաղաքական գործիչները բազմիցս նշել են` «նարկոտիկի» դաշտերի տարածքը, Աֆղանստան ամերիկյան ներխուժումից հետո, ավելացել է շուրջ 40 անգամ:
-Դառնանք մեր «աննարկոտիկ» դարդին. երկրորդ գործոնը որ՞ն էր` Կոսովոյից բացի:
-Հաջորդը Հարավային Օսիան և Աբխազիան են: Ռուսաստանը ճանաչեց նրանց անկախությունը, կարևոր չէ` մնացածներն ընդունեցին, թե չընդունեցին այն: Ռուսական զորքը կանգնե՞ց սահմանին. վերջ:
-Այդ դեպքում Ղարաբաղո՞ւմ ինչ զորք է կանգնելու: Խաղաղապահների՞:
-ԼՂՀ-ում մեր գլխավոր երաշխիքը մեր բանակն է, որը կանգնած է իր դիրքերում: Մենք ունենք դաշնակիցներ: Ռուսաստանը: Մենք ունենք գործընկերներ, օրինակ` Միացյալ Նահանգներ, Եվրոպա և Իրան։ Այս ռեսուրսը միշտ պետք է օգտագործել` ապահովելու ՀՀ-ի և ԼՂՀ-ի անվտանգությունը: Ասեմ նաև` ԼՂՀ կարգավիճակի խնդրի լուծումը դեռ շատ հեռու է: Մադրիդյան սկզբունքներն ընդամենը դրույթներ են, որոնց մշակմանը, ի դեպ, երբեմն նույնիսկ չեն մասնակցում հակամարտող կողմերը:
-Կրակովում դրանք մոդեռնիզացվեցին: Ի՞նչ կարգի մոդեռնիզացիայի մասին է խոսքը: Տպավորությունն այնպիսին է, թե փորձ է արվում հրաժեշտ տալ «մադրիդյանին» և սկսել, պայմանականորեն ասած` «կրակովյան սկզբունքների» փուլը:
-Նոր սկզբունքների մասին ոչինչ չեմ կարող ասել, իսկ «մադրիդյան սկզբունքներում» մի դրական բան կար. ընդունվում էր ԼՂՀ սուվերենիտետը ինչ-որ «պրոցեդուրայից» հետո, մնացած դրույթներն ու անգամ այդ «պրոցեդուրան», հասկանալիորեն, վիճելի են, որոշ դեպքերում` անգամ անընդունելի, քանի որ դեռ պարզ չէ, թե դրանց տակ ինչ է հասկացվում:
-Շատ է խոսվում պատերազմի մասին:
-Միշտ պետք է պատրաստ լինել պատերազմի: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ Ի. Ալիևի ռազմաշունչ հայտարարությունների հենքում դրված է հոգեբանական և տեղեկատվական շանտաժի տեխնոլոգիան։ Ի դեպ, այս համատեքստում նկատեմ նաև, որ 2012-ից հետո Ադրբեջանի նավթադոլարներն էապես նվազելու են. գնահատականներն են այդպիսին: Սա կարևոր գործոն է, և ինչ-որ տեղ կարելի է հասկանալ ադրբեջանցիների շտապողականությունը։ Բոլոր դեպքերում, ես կարծում եմ, մոտ ապագայում ղարաբաղյան խնդրի դիվանագիտական-քաղաքական լուծումներ չեն լինի, և, ինչպես ասում էր մեծ դիվանագետ Թալեյրանը, պետք է «բանակցե՜լ-բանակցե՜լ-բանակցե՜լ»:
Զրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 2183

Մեկնաբանություններ