Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Մեր ապերոյական, տղայական ողորմելի քաղաքականությամբ փչացնում ենք հայի տեսակը»

Մեր ապերոյական, տղայական ողորմելի քաղաքականությամբ փչացնում ենք հայի տեսակը»
27.03.2009 | 00:00

«ՄԵՆՔ ՇԱՏ ԵՆՔ ԱՆՓՈՒՅԹ ՄԵՐ ՀԱՆԴԵՊ, ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ»
…և ոչ միայն մշակույթի մասին
Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ներկայանում է մեր իրականության մեջ առկա բացասական երևույթների նկատմամբ իր բավականին խիստ գնահատականներով, բայց և հայի հզոր ինքնության ու վաղվա նկատմամբ լավատեսությամբ առլեցուն:
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ»

-Ըստ Հայ առաքելական եկեղեցու ժամանակացույցի՝ հայտարարված է Մեծ պահքի շրջան: Ինչպե՞ս եք վերաբերվում պահք հասկացությանը և դրան հետևողներին:
-Պահք պահողներին վերաբերվում եմ այնպես, ինչպես իրենք են վերաբերվում իրենց ազատությանը, հոգևոր պահանջմունքներին: Անձամբ ինքս ազատ մարդ եմ և չեմ կարող կաշկանդումների մեջ մտնել, բայց ովքեր գտնում են իրենց մեջ այդ ուժը և մտնում Մեծ պահքի սահմանափակումների մեջ, նրանց հարգանքի արժանի մարդ եմ համարում:
-Իսկ քրիստոնեական չափանիշներն առհասարակ ի՞նչ արժեք ունեն Ձեզ համար:
-Շատ բարձր եմ գնահատում դրանք: Բարձրագույն բարոյականություն է քրիստոնեությունը, որը վայրենի ժամանակներում բերեց Սեր, Գութ, Հարազատություն, Եղբայրություն, Ազնվություն և այլ թանկ արժեքներ: Եվ մենք պիտի այդ բաներն այսօր պահպանենք:
«ՄԵՐ ՍԵՐՄՆ ԱՆԸՆԴՀԱՏ ՀՈՍՈՒՄ Է ԴՈՒՐՍ»
-Մարտի մեկի հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, թե դրսի աշխարհը Ռոբերտ Քոչարյանին ընկալում է հոկտեմբերի 27-ի, Սերժ Սարգսյանին՝ մարտի մեկի արյունահեղությունների հեղինակներ: Ադրբեջանական քարոզչամեքենան էլ չի հոգնում մեզ ագրեսորի վարքագիծ վերագրելուց: Ըստ Ձեզ, առաջին քրիստոնեական երկիր Հայաստանն իրո՞ք որպես արյունահեղությունների ու բռնությունների գոտի է ներկայանում աշխարհին:
-Չկա ավելի հզոր ազգ, քան հայ ազգը, որն անընդհատ իր արյունը տալիս է բոլոր մեռնող ազգերին՝ ռուսներին, եվրոպացիներին, ամերիկացիներին: Հայ ազգն աշխարհի ազգն է: Մենք պարզապես չունենք այդ գիտակցությունը: Մեր սերմն անընդհատ հոսում է դուրս: Գնում են ու գնում… Ի՞նչ ծրագիր է դրված մեր ժողովրդի մեջ: Վիլյամ Սարոյանի պես մեծագույն հայն ասում էր. «Ամեն մարդ հայ է», «ՈՒր որ կերթաս, պոռա Հայաստան»: Ամեն մարդ հայ է այն իմաստով, որ մի քանիսից մեկի մեջ անպայման հայի սերմ կա: Պարզապես այդ սերմը պիտի հավաքվի-գա, այս երկիրը դարձնի կայացած, հզոր: Դարձնի մեզ համար այնպիսի հայրենիք, որ չամաչենք մենք մեզնից և այլևս չարտագաղթենք:
-Չե՞ք մտահոգվում, որ Ձեզ կարող են մաքսիմալիզմի մեջ մեղադրել:
-Դերենիկ Դեմիրճյանն ասում էր. «Հայի չափը չափազանցն է»: Այնպես որ, եթե ես չափազանցում եմ, ուրեմն հայի տեսակ եմ: Ինչ վերաբերում է նախորդ հարցում հիշատակված քաղաքական դեմքերին և փաստերին, ասեմ, որ երբեք չեմ խուսափել դրանց մասին իմ կարծիքը բացահայտորեն արտահայտելուց: Քաղաքական պայքարը քաղաքական պայքար է, և քաղաքականությունը մարդկային կյանքի բոլոր բացասական լիցքերն իր մեջ կրում է: Քաղաքական պայքարի ընթացքում միջոցների մեջ ընտրություն չեն անում: Բայց, անկախ ամեն ինչից, չպետք է արյուն հոսեր: Ինչ ուզում է անեն, միայն հայի արյուն չթափվի: Այնինչ թափվել է: Եվ դրա համար պատասխանատուներ կան ու ժամանակի առջև պիտի պատասխան տան: Չեմ կարծում, թե մարտի մեկը պիտի կապել Սերժ Սարգսյանի անվան հետ: Նախորդ մեր նախագահի օրոք է եղել դա, և չպիտի լիներ: Ամոթ բան է, որ հայ մարդը հայ մարդուն սպանում է: Այնքան գրական հակառակորդներ ունեմ, որոնք ավելի վտանգավոր են, քան քաղաքական հակառակորդները: Բայց մտքովս չի անցել երբևէ վնասել նրանց: Ընդհակառակը, փորձել եմ համոզել, բացատրել, բանավիճել: Իսկ եթե այդ պահին չի հաջողվել, նրանք հետագայում իմ գրածների վրա սովորել ու դարձի են եկել:
«ՄԵԶ ՆԵՐԱՐԿԱԾ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԸ ԿՈՐԾԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ»
-Ի՞նչ եք կարծում՝ իշխանություն-ընդդիմություն պայքարը քաղաքականից սոցիալականի վերածվելու նախադրյալները համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժա՞մը չի ստեղծում:
-Մտածում եմ՝ ի՜նչ թշվառ ու խեղճ է ապրում մեր ժողովուրդը: Սոցիալական բևեռացումը դարձել է ակնհայտ չարիք: Հարուստներն ինչքան ուզում են, թող հարստանան, դա իմ աչքին չի երևում: Թող հարստանան ու եթե այս երկրի համար մի բան անելու են, անեն: Բայց ներքևի շերտի թշվառացումն ինձ շատ վտանգավոր ու ծանր է թվում: Մտավորականներս էլ մի լավ վիճակում չենք, բայց այն խեղճ թշվառներին որ տեսնում եմ, ուղղակի աչքերս լցվում են: Չգիտես՝ անկարողությունի՞ց է, թե՞ ճիշտ չկողմնորոշվելուց, որ այս վիճակում են: Հազարավոր երիտասարդներ փախան արտասահման ու իրենց ծնողներին թողեցին... ո՞ւմ հույսին: Փրկությունն այն է, որ սոցիալական ներքևի շերտը գոնե նվազագույն ապահովություն ունենա: Վերևիններն ինչ ուզում են, թող անեն: Թող միլիարդատերեր դառնան: Բայց ներքևի շերտը պետք է պահպանել: Տանելի մի սահմանագիծ է անհրաժեշտ:
-Ո՞վ պիտի պահպանի: Ո՞ւմ ձեռքին են լծակները:
-Ասեմ՝ պետությա՞ն, անհատների՞, մտավորականների՞… Այնուամենայնիվ, պետության: Պետությունը պիտի դա անի: Պետական լծակները պիտի գործեն: Պարզապես հիմա ամեն ինչ ապապետականացրել ենք, աստիճանաբար ապազգայնացնում ենք ու ապահայկականացնում: Դարձել ենք համաշխարհային քաղաքակրթության կրողներ. Եվրոպան ու Ամերիկան են մեր չափանիշները: Եվ մեզ ներարկած այս բացասական ազդակները կործանում են հայ ժողովրդին: Մենք՝ որպես ժողովուրդ, կանգնած ենք չկայանալու եզրին՝ արդեն քանի՜ տարի: Միջնադարում մեր քաղաքները՝ Անին, Վանը, Կարինը, Երզնկան, մյուսները, ունեին 50-100 հազար բնակիչ: Հիմա մենք պիտի հզոր երկիր լինեինք, Ֆրանսիայի պես երկիր: Ամբողջ պատմական Հայաստանը մնաց օտարի ձեռքին ու դարձավ, այսպես կոչված, Թուրքիա, որի էթնո հիմքը, ցեղային հիմքը հայերն են: Հիմա այնքա՜ն հայեր են վերականգնում իրենց հայությունը: Սա բարդ խոսակցության նյութ է: Եվ ես մնում եմ լավատես: Մեր ժողովուրդը, մեր ազգային տեսակը կարևոր ծրագիր ունի համայն աշխարհում, և մենք պիտի մեզ առավելագույնով վերարտադրենք, իրացնենք, ու դա, վերադառնալով, Հայաստան ձևավորի: Մի մեծ ու հզոր հայրենիք: Իմ ջահել տարիներին երազիս մեջ Մեծ Հայաստան էի տեսնում՝ Վան մայրաքաղաքով, ապրում էի այդ երազներով…
«ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՄԵՐԸ ՉԼԻՆԵՆ, ԹՈՒՐՔԻ ՀԵՏ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ»
-Գիտենք, թե ինչ հակամարտության մեջ են Ռուսաստանը և Վրաստանը: Սակայն ռուսներն ընդգծված մեծարանքով են վերաբերվում վրաց արվեստագետների վաստակին՝ նույնիսկ հակառակ նրանց կամքի (հիշենք Կիկաբիձեի շքանշանը): Մասնավորապես, վերջերս «Կուլտուրա» հեռուստաալիքով Իոսելիանիի հոբելյանն էր նշվում, Աբուլաձեին նվիրված մեծ հաղորդում հեռարձակվեց, ցուցադրվեց նրա «Ցանկությունների ծառը» ֆիլմը: Ի՞նչ եք կարծում, հակամարտելու մեջ այսպես քաղաքակիրթ լինելը կարո՞ղ է դրսևորվել նաև հայ-թուրքական հարաբերություններում, ու, ասենք, թուրքերը երեք տարի անց Կարսում նշեն Չարենցի 115-ամյակը:
-Ռուսները դիվանագետ են, ուզում են ասել, որ վրացիներն իրենցն են, իրենց ժողովուրդն են, ու մի օր ռուսը վերադառնալու է Վրաստան: Այս քաղաքակիրթ շերտը պահում են ու Սաակաշվիլի կոչվածի քթին էլ անընդհատ խփում: ՈՒ պիտի խփեն: Սաակաշվիլին այսօր Վրաստանում հայերի հանդեպ այն քաղաքականությունն է իրականացնում, ինչ թուրքերը 19-րդ դարի 80-90-ականներից մինչև 1915 թվականը: Բառացիորեն նույն բանն է կատարվում: Աշխարհում ոչ միայն քաղաքական, տարածքային, տնտեսական պայքար է, այլև մշակութային պայքար, մշակութային ազդեցության գոտիների պայքար: Մենք՝ որպես ժողովուրդ, ինքներս մեզ ճիշտ չենք ներկայացնում այս ոլորտում: Մեր մշակութային արժեքների այսօրվա վիճակը ողբալի է: Մահ է: Անցյալ տարի Մոսկվայում հայկական մշակույթի օրեր էին, ու ես հեռուստատեսությամբ հետևում էի մեր երաժիշտների ելույթին: Ահավոր ցածր, ամոթալի մակարդակ էր: Գլուխս կախել ու մտածում էի. «Երնեկ էս Պուտինը մի գործ ունենար ու վեր կենար-գնար դահլիճից, չլսեր էս համերգը»: Մենք հասել ենք դրան: Ոչ թե չունենք լավը, այլ մեր ապերոյական, տղայական ողորմելի քաղաքականությամբ անընդհատ փչացնում ենք հայի տեսակը: Այն բարձրագույն տեսակը, որն աշխարհում անելիք ունի, մենք դարձնում ենք ձորի աղվես, տեղային, պստլիկ, մուկ ու մուկիկ, ապերոյական կերպար: Այսպես մենք կորցնում ենք մեր տեսակի նշանակությունը: Իսկ ինչ վերաբերում է Չարենցի ծննդյան օրը Թուրքիայում նշելուն, ասեմ, որ 2005-ին ես և մտավորական մարդկանց մի խումբ, Կարսում նշեցինք Չարենցի 108-ամյակը: Որոնեցինք Չարենցի տունը: Իհարկե, մեր գտածը հարաբերական մի բան էր, ճիշտ տունը չենք գտել: Եղանք քաղաքապետարանում, հանդիպեցինք քաղաքապետի տեղակալի՝ Աջանան Սիօղլու հետ: Նա ասաց, որ իրենք ուրախ կլինեն գտնել ու վերականգնել Չարենցի տունը, որովհետև դա բիզնեսի աղբյուր է: Բայց դրանից անցել է չորս տարի, ու որևէ տեղաշարժ չկա:
-Տեղաշարժ չկա ո՞ւմ մեղքով: Գուցե մենք է՞լ պիտի նախաձեռնություն հանդես բերեինք:
-Թուրքը մեր ոխերիմ թշնամին է: Հազարավոր տարիների ընթացքում մեր թշնամիները եկան ու գնացին, բայց թուրքը եկավ ու մնաց և հիմա էլ նստած է մեր պատմական հայրենիքի հողերի վրա: Մինչև մեր հայրենի տարածքները մերը չլինեն, թուրքի հետ հաշտություն չենք կայացնելու: Ես էս ողորմելի քաղաքականությունը չեմ ընդունում: Արցախի շարունակությունը Նախիջևանն է, ապա՝ Արևմտյան Հայաստանը, Կարսի մարզը: Դրե՛ք պատմական Հայաստանի պահանջը: Սա մե՛ր հողն է, մե՛ր երկիրն է: 1945 թվականին Ստալինը պիտի ազատագրեր: Չարեց, որովհետև մե՛րն էր: ՈՒրիշը լիներ, կաներ: Մենք չպիտի խեղճանանք, մենք մեծ երկրի ժողովուրդ ենք: Մեզ չչափենք երրորդ մասի մայթին կանգնած ապերոբուլոների կերպարով:
«ՈՉ ԹԵ ԸՆԹԵՐՑՈՂՆ Է ՀԵՌԱՑԵԼ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ, ԱՅԼ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆԹԵՐՑՈՂԻՑ»
-Ինչպե՞ս կբնորոշեք ՀԳՄ-ում տիրող այսօրվա վիճակը:
-Ասե՞մ, թե՞ չասեմ: Չէ՛, ասեմ: Գրողների միությունը խայտառակ վիճակում է, ահավոր վիճակում: 33 տարի ՀԳՄ անդամ եմ, երբեք միությունն այսպիսի վիճակում չի եղել: Գրողների միությունում միշտ եղել է գրական միտք, կարևոր գրական շերտ, որը պահել է գրականության արժանապատվությունը: ՈՒ սրա շուրջ միշտ պտտվել են գրականության մարդիկ, հոնորար են ստացել, փառքի են տիրացել: Այսօր ամեն ինչ խառնված է իրար: Կորցրել ենք գրականության դերի ու նշանակության կարևորությունը մեր ժողովրդի գիտակցության մեջ: Եվ պատահական չէ, որ ոչ թե ընթերցողն է հեռացել գրականությունից, այլ գրականությունը՝ ընթերցողից: Ես սա պնդում ու շեշտում եմ, որովհետև ակնհայտ տեսնում եմ: Մարդկանց մեջ գրական հակումները կան, ցանկությունները կան: Որոշակի մի շերտ կա, որը դեռ որոնում-գտնում է կարդալու բան: Իսկ մենք այնքան ողորմելի գրականություն ենք ստեղծում, որ մարդը հեռանում է գրականությունից: Ի՞նչ կարդա: Գոտկատեղից ներքև ընկած մասերի անվանական, ներկայացուցչական, բառացի բացատրություննե՞րը, թե՞ գռեհիկ հայերենի բոլոր դրսևորումները: Ի՞նչ տանի տուն մարդը, որ երեխան կարդա, ծնողը կարդա: Մեր գրականությունը հեռանում է ազգային արժեքներից: Չարենցի ժամանակ մի՞թե էսպիսի բան կլիներ: Մարդիկ կռիվ տվեցին, կյանքները տվեցին, ամեն ինչ տվեցին, որ պահեն գրականությունը, գրականության ճշմարտությունը: Իսկ հիմա, երբ մեզ գրականությունը պիտի ուղղորդեր, դառնար ժողովրդի միասնության գրավականը, դարձել է երկրորդական, փսլնքոտ մի բան: Որովհետև այն, ինչ տպագրվում-առաջարկվում է, ընթերցողին պետք չէ:
-Այդ դեպքում, որպես գրականագետ, ի՞նչ նյութի վրա եք աշխատում:
-Հիմա գրասեղանիս «Հայ հին և միջնադարյան գրականության պատմություն» 1000-էջանոց գիրքն է, որի մեջ ամփոփված է իմ տասը տարվա կյանքը: Բայց ես, ինչպես այլ հարցերում, այնպես էլ այս դեպքում միասեր չեմ եղել: Այս գիրքը գրելու ընթացքում ուրիշ գրքեր էլ են ծնվել: Գրել եմ «Հայ գրականություն» շարքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ գրքերը: «20-րդ դար: Հայ գրականություն» շարքով լույս են տեսել «Պարույր Սևակ», «Համո Սահյան», «Վահագն Դավթյան» գրքերը, այս տարի՝ Բակունցի 110-ամյակի կապակցությամբ, կհրատարակվի «Ակսել Բակունց» մենագրությունը, նախատեսված են «Գուրգեն Մահարի», «Հովհաննես Շիրազ», «Հրանտ Մաթևոսյան», «Հակոբ Կարապենց» հատորները: Նաև խմբագրում, սրբագրում եմ «Հայոց լեզու և գրականություն» ամսագիրը: Մեր պահոցները լիարժեք ուսումնասիրված չեն: Ես ժամանակին, առաջիններից մեկը լինելով, բացահայտեցի Չարենցի, Բակունցի, Թոթովենցի, Արմենի, Մահարու, Եսայանի և այլոց կենսագրության փակ էջերը: Բայց սա սկիզբն էր, մի փոքր բան էր: Այս աշխատանքով պետք է մի ամբողջ ինստիտուտ, 20-30 հոգուց կազմված գիտաշխատողների խումբ զբաղվեր, որ մշակույթի, պատմության, կուսակցության, տնտեսության ոլորտի աշխատողների ամբողջ պատկերը երևար: Մենք այս իմաստով շատ խղճուկ ենք: Չարենցն ասում է. «Մենք շատ էինք անփույթ մեր հանճարի հանդեպ»: Մենք շատ ենք անփույթ մեր հանդեպ, մեր ազգային արժեքների հանդեպ: Եվ դա գալիս է մեր ղեկավարությունից: Ի՞նչ է նշանակում՝ քնում-արթնանում են, ու մեկը դառնում է միլիոնատեր, մյուսը՝ աղքատ: Այս նույն վիճակը մշակույթի մեջ է:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3408

Մեկնաբանություններ