Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«Դերասանի մասնագիտությունն է միայն, որ թույլ է տալիս օրվա մեջ գոնե 2-3 ժամ անկեղծ լինել»

«Դերասանի մասնագիտությունն է միայն, որ թույլ է տալիս օրվա մեջ գոնե 2-3 ժամ անկեղծ լինել»
20.02.2009 | 00:00

«ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԹԱՏՐՈՆ ՉՀԱՃԱԽՈՂՆԵՐՆ ԵՆ ԱՍՈՒՄ` ԹԱՏՐՈՆ ՉԿԱ»
Վաստակավոր դերասան ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ աշխատում է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Կարևորելով բոլոր ներկայացումները, այնուամենայնիվ, առանձնացնում է «Հիսուս Նազովրեցին» և «Համլետը»։ Խաղացել է քառասունից ավելի հեռուստաներկայացումներում։ Հանդես է եկել կինոյում («Ճերմակ աղավնի», «Հին աստվածներ», «Տեր ողորմյա», «Քրմուհի»...)։ Շուրջ 30 տարի բեմում է։ Երբևէ ստեղծագործական դադար կամ անգործ, ազատ շրջան չի ունեցել։ «Նույնիսկ երբ արտերկիր եմ գնում ուրիշ գործերով, անհարմարավետություն եմ զգում, չեմ հասկանում` ի՞նչ պետք է անել և ինչի՞ համար։ Ցավոք, մարդիկ քիչ են հաճախում թատրոն, և շատերն իմ զբաղվածությունը որոշում են հեռուստաէկրանին ինձ տեսնել-չտեսնելով»,- ասում է նա։
Ի դեպ, սիրված դերասանին հեռուստադիտողը հնարավորություն ունի այժմ արդեն տեսնելու հանրային հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող «Լքյալները» հեռուստասերիալում։

-Պատմեք Ձեր անցած բեմական ճանապարհի մասին։
-Երբեք չեմ երազել, չեմ ձգտել դեպի բեմ, կարելի է ասել` դեպքերն ու ճակատագիրն են ինձ թատրոն բերել։ Թատերական ինստիտուտ եմ ընդունվել արդեն բազում դերեր խաղալուց հետո։ Մոտ երեսուն տարի առաջ էր։ Արմեն Խանդիկյանը «Համլետ» էր բեմադրում և ինձ հրավիրեց որպես օրիգինալ ժանրի արտիստ` դերասանական խմբում մասնակցելու ներկայացմանը։ Բայց այնպես եղավ, որ մի քանի ամիս հետո առաջարկեցին Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն» պիեսում գլխավոր դերը։ Սկզբում նույնիսկ չէի համաձայնում, մտածում էի` ինչպե՞ս պետք է համատեղեմ աշխատանքս։ Ես կրկեսային քոլեջի առաջին շրջանավարտներից էի։ Աշխատում էի որպես օրիգինալ ժանրի արտիստ և մտքովս չէր անցնում, որ իմ թատերական ճանապարհն արդեն կանխորոշված է։
-Կինո, թատրոն, հեռուստատեսություն. ի՞նչ կասեք այս երեք աշխարհների մասին։
-Թատրոնն ամենակարևորն է, և այդպես է ոչ միայն ինձ համար։ Առաջինը, այն պարզ պատճառով, որ ապահովում է կենդանի շփում հանդիսատեսի հետ։ Կինոն ստեղծվում է կտրտված տրամադրությունները, զգացմունքներն իրար միացնելու, ամբողջացնելու շնորհիվ։ Ի վերջո, կինոն աշխարհով մեկ ընկած տարածք է ման գալիս` ինչ-որ բան ցուցադրելու համար, թատրոնը տարածքի վրա պատկերում է աշխարհը։ Տարիներ առաջ ամեն երեքշաբթի կապույտ էկրանին հեռուստաներկայացում էր, ուր ամենաշատ նկարահանվող դերասաններից եմ եղել։ Հույս ունեմ, որ կվերականգնվի հեռուստաթատրոնը, ինչը կարևոր է մեր քաղաքի, հեռուստադիտողի, դերասանների համար։ Առայժմ դրանց փոխարինում են սերիալանման շարքերը։
-Թատրոնն այսօր բավարարո՞ւմ է հանդիսատեսի պահանջարկը։
-Մեր թատրոնը` այո։
-Հաճախ անճաշակությունը, գռեհկաբանությունը պատճառաբանվում են լսարանի պահանջարկով...
-Իսկապես, կա նման «առևտուր», ինչին ես միանշանակ դեմ եմ։ Շատերն ասում են` ցույց ենք տալիս վատը, որպեսզի խուսափենք դրանից, այսինքն` դա այն է, ինչը չի կարելի։ Սա սխալ մոտեցում է։ Ասելիքը պետք է մատուցվի արվեստի լեզվով, հնարավորինս ճաշակով, ոչ թե տուրք տալով փողոցային ժարգոնին ու անորակությանը։
-Ժամանակակից դրամատուրգիայի պակաս կա՞ այսօր։
-Ցանկալի կլիներ, որ դրամատիկական գործերն ավելի շատ լինեին։ Թեև ունենք լավ դրամատուրգներ` Պերճ Զեյթունցյան, Գուրգեն Խանջյան և ուրիշներ։
-Ասում են` անտեսվում են լավ գործերը։
-Չեմ կարծում, որ լավ գործը սեղանին մնա։
-Ինչպե՞ս եք վերաբերվում հեռուստատեսությունը ողողած հայկական սերիալներին։
-Հարցն այն է, թե ինչպես և ինչի համար են դրանք մատուցվում։ Կա ցանկություն մեկ քայլ առա՞ջ գնալու, թե՞ նպատակը միայն լսարան գրավելն է։ Այս ամենը հեռուստադիտողը պարզորոշ տեսնում է։ Թեկուզ հարյուր սերիալ էլ լինի, կարելի է պտտել ալիքներն ու ընտրություն կատարել։
-Ինչպե՞ս համաձայնեցիք նկարահանվել սերիալում։ Չե՞ք կարծում, որ դա կարող է վատ անդրադառնալ Ձեր վարկանիշի վրա։
-Ես հաճախ եմ հեռուստատեսային նախագծերին մասնակցելու հրավերներ ստանում, այդ թվում` հեռուստասերիալներում նկարահանվելու բազմաթիվ առաջարկներ։ Այդ մասին չի խոսվել, որովհետև հրաժարվել եմ։ Վստահորեն կարող եմ ասել, որ ես այն դերասաններից չեմ, որոնք նկարահանվում են նկարահանվելու համար։ Իմ գործունեության մեջ սերիալում հանդես գալը ոչինչ չի կարող ավելացնել կամ պակասեցնել։ ՈՒղղակի ինձ հետաքրքրեցին «Լքյալների» սցենարը, նպատակը և տարվող աշխատանքները։ Իսկ մասնագիտական զբաղվածությանը, ինչպես գիտեք, երբեք դեմ չեմ եղել։ Ինչևէ, սերիալը նոր է եթեր հեռարձակվում, տա Աստված, որ ստեղծագործական խումբն արդարացնի սպասելիքները։
-Երիտասարդ դերասաններին, մի կողմից, հեռուստասերիալներն ինքնադրսևորման հնարավորություն են տալիս, բայց կա նաև մտավախություն, որ կարող են սխալ ուղղությամբ շեղել նրանց ճանապարհը։
-Ո՛չ կօգնեն, ո՛չ կխանգարեն, ո՛չ էլ կշեղեն։ Եթե կա շնորհք, ճիշտ ճանապարհը կհարթվի ինքն իրեն։ Շատերն արագ հայտնի են դառնում, արագ էլ հեռանում ասպարեզից, որովհետև պակասում է հենց այդ ներքին, ի վերուստ տրված շնորհը։
-Ամեն դեպքում, թատրոնը կարևո՞ր դպրոց է դերասանի համար։
-Անպայման։ Ինչի՜ մասին է խոսքը։ Նույնիսկ համեմատել չի կարելի։
-Կա՞ այսօր «լավ թատրոն», «լավ հանդիսատես», թե՞ այս բնորոշումները մնացել են անցյալում։
-Մեր ներկայացումները շատ լավն են, այսինքն` ներկայանալի են։ Թատրոն չհաճախողներն են հիմնականում ասում` թատրոն չկա։ Պարզապես բացակայում է թատերական մթնոլորտը։ Մամուլը, հեռուստատեսությունը չեն լուսաբանում թատերական կյանքն ինչպես հարկն է։ Դրա համար էլ մեր մասին խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում։ Մյուս կողմից էլ դերասանի մասնագիտությունը խեղաթյուրել են։ Ամեն մեկին կարող են վերցնել ու դերասան դարձնել։ Բայց դրա մասին ես ինքս էլ քիչ եմ խոսում, որովհետև ժամանակավոր բնույթ ունի։ Մեր մասնագիտությունը լուրջ, դժվար աշխատանք է և անընդհատ ուսումնասիրություն է պահանջում։ Ես այն համեմատում եմ դեղահաբի հետ։ Չափաբաժինը կամ պարունակությունը խախտելու դեպքում կարող է ոչ թե օգնել, այլ վնասել։ Ահա այս մասին քիչ է խոսվում, քիչ է գրվում։ Օրինակ, ասում են` հանդիսատեսը զմայլված էր դերասանի խաղով, ուրեմն` այդ դերասանը մտածելու բան ունի։ Հանդիսատեսը չպետք է ժամանակ ունենա զմայլվելու, նա պետք է ուշքի գա և վերլուծի ներկայացումը, դերասանի խաղը` տուն գնալու ճանապարհին միայն։ Սրանք շատ նուրբ հարցեր են։ Դերասանը չպետք է իր վրա գրավի հանդիսատեսի ուշադրությունը։ Պատկերը պետք է ամբողջական լինի ռեժիսորի, դրամատուրգի, դերասանների համատեղ աշխատանքով։ Սա է դրամատիկ թատրոնի ճիշտ կառուցվածքը։ Իհարկե, կան ժանրեր, որ նախատեսված են մեկ դերասանի համար, բայց դա էլ վաղուց արդեն խախտվել է։ Շատերը խոսում են` չտարբերելով մեկը մյուսից։
-Դերասանի խաղը տարեցտարի հասունանում է, հղկվում, բայց երբեմն, ոմանք բարձունքի ճանապարհին, պարզապես դադարում են խաղալ։ Փաստորեն, նկարչի, գրողի նման դերասա՞նն էլ կարող է կորցնել ինչ-որ բան ասելու իր տաղանդը։
-Նման դեպքերում արվեստագետի համար ասում են` սպառվել է։ Համոզված եմ, որ բեմը թողնելու պատճառները տարբեր են։ Եթե անկեղծ` չեմ սիրում «դերասան» բառը։ Արտիստն ուրիշի խոսքերը չի կրկնում, նա համահավասար ստեղծող է։ Բեմում ամենակարևորն անկեղծությունն է։ Իսկ եթե պարզապես կրկնում ես ուրիշի բառերը, կարող ես անկեղծ էլ չլինել։ Ես ծայրահեղ անկեղծ եմ իմ բոլոր ներկայացումների ժամանակ։ Եթե քեզ հուզում է ինչ-որ բան, եթե դու համաձայն ես կամ համաձայն չես այս աշխարհի շատ ու շատ ճշմարտությունների հետ, եթե ասելիք ունես, կերպարը, բառերն ընդամենը պատրվակ են, միջոց` արտահայտելու քո զգացողությունները։ Միակ մասնագիտությունը, որ թույլ է տալիս օրվա մեջ գոնե երկու-երեք ժամ անկեղծ լինել, որքան էլ զարմանալի թվա, թատրոնի դերասանի մասնագիտությունն է։ Ամեն րոպե, վայրկյան մարդիկ խաղում են։ Դերասանը, թաքնվելով իր մարմնավորած հերոսի կերպարի տակ, կարողանում է առավելագույնս անկեղծ լինել։ Երբեք ոչ մեկի մոտ դու չես ասի այն, ինչ ասում ես կերպարի միջոցով։ Եթե ձեռքդ սեղանին պետք է խփես, չես խփի։ Չես կարող փողոցում բղավել` մի՛ շնացիր, մի՛ սպանիր, ինչպես դա անում ես ներկայացման մեջ։ Բեմում ես միայն բառեր չեմ ասում։ Ես անկեղծ եմ։
-Հնարավո՞ր է բեմ բարձրանալ, երբ տխուր ես կամ հուսահատված։
-Դա էլ մեր մասնագիտության բացասական կողմն է։ Եթե նկարիչը ստեղծագործելու տրամադրություն չունի, կարող է չնկարել։ Դերասանն ընտրություն չունի։ Բայց տրամադրության ազդեցությունը հանդիսատեսը չպետք է զգա։ Դրա համար էլ երկու իրար նման ներկայացում չի լինում։ Հարյուր անգամ կարող ես խաղալ նույն դերը, հարյուր անգամ էլ` տարբեր։
-Կյանքում ինչպիսի՞ն եք։
-Չգիտեմ... Կամ այդքան չեմ անկեղծանա։
-Երեք արվեստագետ` մեկ ընտանիքում. Հրաչյա Հարությունյան, Սյուզան Մարգարյան, Սիրուշո։ Սա լա՞վ է, թե՞, այնուամենայնիվ, դժվար է։ Ստեղծագործական տարաձայնություններ հաճա՞խ են լինում։
-Պատկերացրեք` ոչ։ Եթե չենք օգնում, չենք էլ խանգարում իրար։ Բացի այդ, երեքս էլ այնքան զբաղված ենք, որ քիչ ենք հանդիպում։ Տարաձայնությունների համար ժամանակ չի մնում։ Անգամ ներկայացումներիս պրեմիերաներին կինս ու աղջիկս երբեմն ներկա չեն լինում` երկրում չլինելու պատճառով։
-Հուզվո՞ւմ եք, երբ Սիրուշոն բեմում է։
-Անկեղծ ասած, քանի դեռ փոքր էր, կայացման ճանապարհին, շատ էի անհանգստանում։ Այսօր ես սովորում եմ իմ աղջկանից։ Խոսքը միայն բեմի մասին չէ, նաև` կյանքում... Ապրի իմ աղջիկը։
-Ձեզ հարազատների ներկայությունը դահլիճում ավելի շատ օգնո՞ւմ է, թե՞ խանգարում։
-Խանգարում է, բայց միայն ես եմ դա զգում։ ՈՒ չեմ կարող ասել` ինչու։ Որոշ զգացողություններ հնարավոր չէ բացատրել։ Թեև կան մարդիկ, որ յուրաքանչյուր հարցի պատասխանն ունեն։
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 3924

Մեկնաբանություններ