ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Օպերայի հայացքի մեջ գրանցված են բոլոր երևանցիները

Օպերայի հայացքի մեջ գրանցված են բոլոր երևանցիները
01.04.2024 | 11:02

Օպերայի շենքը երևանցիների համար Մասիսի նման է. ինչպես Մասիսի հայացքի տակ հայն ապրում է իր ամբողջ կյանքը, նենց էլ՝ Օպերայի հայացքի տակ երևանցին ծնվում, ապրում ու մեռնում է՝ էն տարբերությամբ, որ Օպերայի շենքին կարելի է մոտենալ, ձեռք տալ, ներս մտնել։ Ժամանակին շենքի գագաթին, Նոյան տապանի նման, իջել էր Երևանի գլխավոր ջերմաչափը, ու, Նոյան տապանի նման էլ, շատերը չէին հավատում էդ ջերմաչափին, կարծում էին, որ շատ բարձր ու շատ ցածր ջերմաստիճանները ցույց չի տալիս. հանկարծ կարող է աշխատավոր մարդիկ գործի չգնային՝ պատրվակ բռնելով աշխատանքային օրենսգիրքը, որտեղ, իբր, գրված էր, որ շատ բարձր ու ցածր ջերմաստիճանի դեպքում տնից դուրս գալ չի կարելի, չնայած, ոչ ոք էդ բանը չէր կարդացել։

Օպերայի շենքը քաղաքը չորս մասի է բաժանում, որոնք իրարից էնքան տարբեր են, որ, կարծես, տարբեր քաղաքներ լինեն։ Տարիներ առաջ դա շատ ցայտուն էր, բայց հիմա էլ, մասամբ, պահպանվել է։ Սայաթ Նովայի կողմում, որտեղ Հայֆիլհարմոնիայի ծառայողական մուտքն է, գողտրիկ, խաղաղ, կանաչ մի անկյուն էր։ Էդ մասում համարյա մարդ չէր լինում։ Թվում էր, թե զբոսաշրջիկ ես ու շրջում ես ինչ-որ հնադարյան լքված թատրոնի պատերի տակ։ Բայց ընդամենը մի քանի քայլ էիր անում դեպի Հայֆիլհարմոնիայի գլխավոր մուտքը ու, մեկ էլ, հայտնվում էիր աղմկոտ քաղաքում՝ մեքենաներ, խաժամուժ, մի քիչ հեռվում՝ ավտոբուսի կանգառը, որտեղ միշտ լիքը մարդ կար, իրար հետևից ավտոբուսներ էին գալիս․․․ Կարծես, ուրիշ քաղաք լիներ։ Մի քիչ էլ էիր պտտվում դեպի Պրոսպեկտ՝ դեպի Օպերայի ծառայողական մուտքը, ու էլի քաղաքն անճանաչելիորեն փոխվում էր՝ էլի խաղաղվում էր, լռում, իսկ դիմացի մայթին Կազիրյոկն էր՝ երևանցիների մշակութային հավաքատեղին, որը լրիվ ուրիշ աշխարհ էր։ Հետո՝ էլի մի քիչ պտտվում էիր ու հայտնվում Օպերայի հրապարակում, որտեղ որոշվում էր ամբողջ երկրի ճակատագիրը, իսկ քիչ էն կողմ Սևանի մանրակերտն էր՝ Կարապի լիճը։ Այ տենց, մեր մանկական կոլեյդոսկոպի նման՝ թեթև պտտում էիր ու լրիվ տարբեր նախշ ստանում։

Ինչեր ասես՝ չի տեսել Օպերայի շենքը։ Օպերայի պատերի տակ ես սիրահարվել եմ, հիասթափվել, կռվել, հաշտվել, փիլիսոփայել, համբուրվել, կյանքի կարևոր հայտնագործություններ արել․․․ Հենց ստեղ եմ առաջին անգամ շնչել ազատության օդը, ինձ մտածող մարդ համարել, պայքարի համն առել։ Հինգ-վեց տարեկանից ես, համարյա ամեն օր, Կարապի լիճ էի գալիս, խաղում Օպերայի բակում։ Ավելի ուշ, երբ մի քիչ մեծացա, բոլոր երեկոներս անցնում էին Կազիրյոկում կամ Օպերայի հրապարակում։ Հիշում եմ՝ մի օր Կարենի հետ մեր աղջիկներից մեկի ծնունդին էինք՝ Մասիվում։ Հաճելի միջավայր էր, մի քիչ շատ խմեցինք, շա՜տ մի քիչ շատ․․․ Կեսգիշերն անց էր, իջանք Օպերա. չէինք ուզում՝ էդ վիճակում տուն գնայինք։ Ես դեռ ցերեկը նկատել էի, որ ինչ-որ մեկն Օպերայի բակում՝ ասֆալտին, կավիճով մի քանի մետրանոց ուղիղ գիծ է քաշել՝ չգիտես ինչի համար։ Գնացինք էդ գծի մոտ։ Կարենին ասում եմ՝ ես ստեղ կանգնեմ, իսկ դու էս գծով քայլի, տեսնեմ ուղիղ ե՞ս քայլում։ Սկսեց քայլել, իսկ ես չգիտեմ, թե որ գծին նայեմ։ Բայց երկու գծից էլ շեղվեց առնվազն մի քանի մետր։ Հետո ե՛ս քայլեցի, ինքը նայեց ու ասեց՝ երկուսդ էլ 8 գրելով էիք քայլում։ Հասկացանք, որ դեռ տուն գնալ պետք չի։ Մի երկու ժամ թափառեցինք Օպերայի պատերի տակ, մինչև գիծն էլի մի գիծ դարձավ։

Շենքի ներսն էլ լավ գիտեմ՝ դահլիճը, ճեմասրահները։ Փոքր ժամանակ հաճախ էինք մամայի հետ Օպերա գալիս։ Հատկապես՝ «Անուշ» օպերայի ոչ մի ներկայացում բաց չէինք թողնում։ Մաման անգիր գիտեր «Անուշը», ես էլ։ Հետո, երբ մեծացա, շարունակեցի գալ, բայց ես «Գայանե» բալետի ոչ մի ներկայացում բաց չէի թողնում։ Խաչատրյանի կախարդական ելևէջներն ինձ հիպնոսացնում էին, կտրում էս աշխարհից։ Հետո՝ հիշում եմ, որ շենքի ներսը վերանորոգեցին, ու ասում էին, թե շքեղ պալատի նման է դարձել։ Հատկապես՝ մարմարապատ զուգարանների մասին էին պատմում։ Գնացինք, տեսանք, իսկապես շքեղ ու սիրուն էր, իսկ զուգարանում ափսոսում էիր անել էն, ինչի համար մտել էիր։

Ավելի ուշ Օպերայի կուլիսներին էլ ծանոթացա։ Երբ ուսանող դարձա, մտածեցի, որ հերիք է մամայի վզին նստած ապրեմ։ Ընկերս Օպերայում էր աշխատում՝ բեմի բանվոր։ Ինձ տեղավորեց որպես ռեկվիզիտոր, չնայած, ես բոլորին ասում էի, որ ինկվիզիտոր եմ աշխատում։ Ռեկվիզիտորի գործը դժվար չէր՝ եթե բեմի վրա աթոռ, սեղան, թագ, գավազան էր պետք, դու էիր տանում։ Ասենք՝ ներկայացման ժամանակ տանձ էր պետք։ Ընդմիջմանն իջնում էիր պահեստ, մոմից տանձը վերցնում ու դնում էիր բեմի վրա, իսկ հետո, երբ ելույթ ունեցողներից ոչ մեկին չէր հաջողվում էդ տանձը կծել, վերցնում էիր ամբողջական տանձն ու նորից տանում պահեստ։ Կամ սուսերով պարից առաջ սուսերները գրկում, բերում էիր բեմ։ Պարում էին առանց զոհերի, որից հետո հավաքում էիր սուսերներն ու նորից պահեստ իջացնում։ Ռեկվիզիտորների սենյակը փոքր էր, իսկ բեմի բանվորները շատ էին ու մեծ սենյակ ունեին՝ երկար, մեծ սեղանով։ Ես նրանց հետ էի լինում, բոլորի հետ ընկերացել էի։ Բոլոր սենյակներում ռադիո կար, որից լսվում էր էն ամենն, ինչ տեղի էր ունենում բեմի վրա։ Ընդմիջումը սկսվելուց մի քանի րոպե առաջ ռադիոյով ասում էին, որ պատրաստվենք։ Հենց ընդմիջումը սկսվում էր, մենք բեմ էինք դուրս գալիս, ու ամեն մեկս՝ իր գործն անում։ Բայց Օպերայում շատ ուրիշ տեղեր կան, որ ես ոչ մի անգամ չեմ եղել։ Օրինակ՝ ծառայողական մասի վերևի հարկերում չեմ եղել, որտեղ, երևի, գրիմանոցներն են, առանձին սենյակները։ Էդ պատուհաններից միշտ լսվում էր ինչ-որ տենորի կամ սոպրանոյի բարձր երգը։ Ֆիլհարմոնիայի ծառայողական մասում, ընդհանրապես, չեմ եղել։

Ութսունականների վերջերին Օպերայի հայացքի տակ ձևավորվեց մեր անկախ պետականությունը։ Մի օր Օպերայի հրապարակում օդի մեջ ազատության կայծեր բռնկվեցին՝ տարօրինակ կայծեր, որ գայթակղում, հիպնոսացնում էին։ Էդ կայծերը շատ արագ դարձան բազմահազար հանրահավաքներ, վեր պարզած բռունցքներ, վանկարկումներ, երթեր․․․ Հետո դրանք դարձան պետություն, սահմանադրություն, պատերազմ, դիվանագիտություն։ Հենց Օպերայի պատերի տակ ծնվեց էն երկիրը, որը հետո կոչվեց Հայաստանի Հանրապետություն։

Իմ կյանքում եղել են տարիներ, երբ ես Օպերայից հեռու եմ եղել՝ ուրիշ երկրներում։ Էդ տարիներին ես հաճախ երազում տեսնում էի Օպերան։ Բայց հիմա եկել եմ, ու Օպերան կողքիս է։ Հիմա ես ամեն օր Օպերայի մոտով անցնում եմ, բայց չեմ նկատում։ Օպերան վաղուց իմ մի մասն է. ինչպես սրտիդ զարկերը չես լսում, բայց գիտես, որ տեղում է, նենց էլ Օպերան չես նկատում, բայց գիտես, որ տեղում է։ Ու քանի Օպերան իր տեղում է, ես էլ եմ իմ տեղում։ Հետո ես կմեռնեմ-կգնամ, իսկ Օպերան էլի կմնա իր տեղում՝ հսկա, ծանր, սարի նման։ Նոր սերունդներ կգան ու էլի Օպերայի հայացքի տակ կապրեն իրենց կյանքը ու, երևի, չեն էլ մտածի, որ Օպերայի հայացքի մեջ, զագսի մատյանի նման, գրանցված են բոլոր երևանցիները, Երևան եկածներն ու Երևանով անցածները։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5501

Մեկնաբանություններ