Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հայագիտությունը «Մշակութային արժեքների վերադարձը փոխհատուցման ամենակարևոր պահանջն է»

Հայագիտությունը «Մշակութային արժեքների վերադարձը փոխհատուցման ամենակարևոր պահանջն է»
30.03.2023 | 22:45

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի սրահներից մեկում պահվում է աշխարհում ամենախոշոր հայերեն ձեռագիրը՝ Մշո Ճառընտիրը, որը ծնունդ է առել Երզնկայի Ավագ վանքում՝ 1200-1202 թթ.: Գրիչ Վարդան Կարնեցու և Ստեփանոս ծաղկողի աշխատասիրությամբ ստեղծված մագաղաթյա հսկան հայտնի է իր ճոխ, վառ ու ինքնատիպ լուսանցազարդերով, իսկ գլխազարդերը շքեղ գորգեր են հիշեցնում: Մշո Ճառընտիրի կենսագրությունը հար նման է մեր ժողովրդի ճակատագրին: Սրահի աշխատակցուհին այցելուներին ներկայացնում է, թե պատմության ընթացքում որքա՜ն փոթորիկներ են անցել նրա գլխով:

Նույն 1202 թ. ձեռագիր մատյանը հափշտակում են թշնամիները: Միայն գրքապաշտ ժողովրդի ու միաբանների ջանքերով հավաքվեց թուրք դատավորի պահանջած այն 4000 արծաթ փրկագինը, որի շնորհիվ մագաղաթյա հսկան վերադարձավ երկամյա գերությունից:
Ձեռագիրը սկզբում ունեցել է 660 թերթ: Դարերի ընթացքում մի քանի տասնյակ էջեր անհետ կորել են, 17 թերթ հայտնվել է Վենետիկում, 1-ը՝ Վիեննայում: Եվս երկու թերթ 1918 թ. անջատվել և հանգրվանել էր Ռուսաստանում, որոնք վերադարձվեցին 1977-ին: Սակայն Մշո Ճառընտիրի կյանքի ամենաողբերգական էջը 1915-ի Ցեղասպանությունն էր, երբ վանեցի կանայք մագաղաթյա հսկային թուրք զավթիչներից փրկելու համար բաժանեցին երկու մասի, որոնք բազում փորձությունների միջով անցնելով ՝ տարբեր ճանապարհներով հասան Թիֆլիսի Հայոց Ազգագրական Ընկերություն, ապա՝ Երևան:
Համայն հայության մայրաքաղաքում ձեռագիր մատյանի երկու կեսերը կարոտով փարվեցին իրար ու դարձան մահվանը հաղթած ու վերածնված հայ ժողովրդի խորհրդանիշը:
Այսպես, դարեր ի վեր ձեռագիր մատյանները եղել են մեր ժողովրդին պատուհասած աղետների ականատեսն ու վերապրողը, այդ թվում՝ 1915-ի Ցեղասպանության: Շատերը փրկվել են, իսկ հազարավորների ճակատագիրն անհայտ է: Որքա՞ն հնագույն մատյաններ են կորել կամ ոչնչացել: Ի՞նչ ճանապարհով է հնարավոր վերադարձնել աշխարհի տարբեր անկյուններում հանգրվանած մեր ազգային գանձերը: Այս հարցերի շուրջ մենք զրուցել ենք Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Մայր ցուցակի և ձեռագրագիտության բաժնի վարիչ, գլխավոր ավանդապահ ԳԵՎՈՐԳ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

-Հայկական ձեռագիր մատյանների կորուստներ շատ են եղել՝ թե՛ բնական , թե՛ անբնական ճանապարհով: Բնականն այն է, որ երկար օգտագործելուց հետո գիրքը հնացել և մաշվել է: Ժողովուրդը նույնիսկ կատարել է ձեռագիր մատյանների թաղում՝ այն կարգով, ինչ մարդկանց դեպքում: Իսկ անբնական ճանապարհը քոչվոր ցեղերի արշավանքներն ու ավարառություններն են: Այս մասին մեզ հայտնում է Ստեփանոս Օրբելյան պատմիչը. նա գրում է, որ 1170թ.-ին սելջուկները գրավել են Բաղաբերդը, այրել և ցիրուցան են արել 10.000 ձեռագիր հատոր: Հեշտ չէ արտաբերել այս թիվը, որովհետև Մատենադարանում այժմ կա 11.278 ձեռագիր: Եվ այստեղ խոսքը մի ամբողջ մատենադարանի մասին է: Խնդիրը բերելով նոր ժամանակներին՝ նշեմ, որ հայկական ձեռագիր մատյանների ամենամեծ կորուստը եղել է 1890-ական թթ. համիդյան ջարդերի և 1915-ի Ցեղասպանության ընթացքում: Մամուլում կամ գրականության մեջ բազում փաստեր վկայում են այն մասին, որ դեռևս 1915-ից առաջ ճշգրիտ հաշվարկներով 9.000 ձեռագիր մատյանների ճակատագիրն անհայտ է: Դրանից բացի հայտնի է, որ ամեն մի քահանա, հոգևորական ձեռքի տակ պետք է ունենար 10-15 գիրք՝ Ժամագիրք, Սաղմոսարան, Շարակնոց, Հայսմավուրք, Մաշտոց… Տրամաբանորեն հաջորդ փաստն այն է, որ Արևմտյան Հայաստանի ամենափոքր բնակավայրում գո՛նե մեկ քահանա պետք է լիներ, կային եկեղեցիներ: Եվ նրանց ունեցած գրքերը պետք է լինեին ձեռագրեր: Նկատի ունենալով այս հանգամանքը՝ կարող ենք ասել, որ վերը նշված 9.000 ձեռագրերը շատ փոքր մասն են միայն: Արևմտյան Հայաստանում գտնվող ձեռագրերի մեծ մասը դեռ չէին հասցրել նկարագրել, ինչը երկարատև ու բարդ աշխատանք է: Հետևաբար ենթադրելի է , որ եղել է ավելի քան 30.000 ձեռագրերի կորուստ: Դա մոտավորապես հավասար է այսօր ամբողջ աշխարհում պահվող հայկական ձեռագրերին, որոնց թիվը մոտ 31.000 է:
-Պարո՛ն Տեր-Վարդանյան, ինչպես գիտենք 1915-ի Ցեղասպանությունից հետո կոտորածներ եղան նաև Շուշիում և հայաբնակ այլ վայրերում ևս: Ի՞նչ է հայտնի այդ պատմական վայրերի հայկական ձեռագրերի մասին:
-Այո՛: Նշեմ միայն մեկ օրինակ: Շուշեցի Առաքել Բահաթրյանի մոտ կային 80 հնագույն ձեռագրեր: Իսկ եկեղեցիների ձեռագրերի քանակն ահռելի էր: Բոլորն էլ անդառնալի կորսվեցին: Նույնը եղավ նաև Ագուլիսում:
-Հայկական ձեռագիր մատյանները մեր ժողովրդի հետ սփռվել են աշխարհով մեկ, սակայն Ցեղասպանությունը վերապրածների ժառանգները այսօր էլ մեր գանձերը վերադարձնում են Մատենադարանին: Որքա՞ն մատյաններ են հայրենադարձվել վերջին տարիներին:
-Դժվար է հաշիվ կատարելը: Բայց 1960-80-ական թթ. կարելի է համարել Մատենադարանի հավաքածուների աշխարհատարած համալրման տարիներ: Այդ ժամանակ Սփյուռք դարձած հայության առաջին սերնդի ներկայացուցիչները մոտենում էին իրենց կյանքի մայրամուտին: Եվ, տեսնելով, որ իրենց ժառանգները ՝ հատկապես թոռները, արդեն հեռացած, կտրված են հայկական իրականությունից, նրանք իրենց հետ Եղեռնից փրկված համայնքային մասունքները նվիրում էին Հայաստանի հաստատություններին՝ մի մասը Մատենադարանին, մյուսն էլ՝ Մայր Աթոռի նորակառույց Մատենադարանին: Այդ տարիներին մեր ձեռագրերի համալրման տարեկան պատկերը շատ խոսուն թիվ էր կազմում ՝ 100-150 միավոր: Նույնը երևի տեղի էր ունենում Էջմիածնում: Հենց այս ժամանակաշրջանում մեր ամենախոշոր նվիրատվությունը մենք ստացանք նյույորքաբնակ Հարություն Հազարյանից՝ ծագումով կեսարացի, մորթու առևտրական, ով մեզ հանձնեց 390 ձեռագիր՝ մեծ մասը արաբատառ, մյուսները՝ հայերեն: Նրանք բոլորն էլ փրկվել են Արևմտյան Հայաստանից: Այդ ձեռագրերից մեկը 1643 թ.-ի Կանոնագիրք է, որը պատկանել է Սեբաստիայի Ս. Նշան վանքին և ներկայացված է մշտական ցուցադրության:
Մեկ այլ հայորդի՝ ծագումով երզնկացի Հարություն Քյուրդյանը (1901-1978 թթ.), հավաքել էր 300 հայերեն ձեռագրեր, որոնք իր կյանքի վերջում կտակել է Վենետիկի Մխիթարյան Միաբանությանը: Նրանք ևս Ցեղասպանությունից փրկված ձեռագրեր են: Այդ ձեռագրերի նկարագրությամբ անձամբ ես եմ զբաղվել և կարող եմ ասել, որ հաճախ հայտնի է, թե նրանցից յուրաքանչյուրը որ վանքին է պատկանել:
-Իսկ ի՞նչ աշխարհագրություն են ընդգրկում փրկված ձեռագրերը:
-Մեծ եղեռնից փրկված ձեռագրերի աշխարհագրությունը նույնանում է այն բնակավայրերի հետ, ուր ապրել է հայ մարդը՝ թե՛ Պատմական Հայաստանում, թե՛ գաղթօջախներում:
-Ձեր հարցազրույցներից մեկում Դուք նշել եք, որ չեք բացառում թուրքական թանգարաններում հայկական ձեռագրերի գոյությունը: Մատենադարանը երբևէ փորձե՞լ է դիմել թուրքական թանգարաններին դրանք վերադարձնելու համար:
-Մենք դա կարող ենք փորձել, եթե լինեն միջպետական հարաբերություններ, այլապես բացասական պատասխան կստանանք: Եթե թուրքերն այնքան ցինիկ են, որ հայտարարում են, թե իրենց արխիվները բաց են ,իսկ հայերինը՝ ոչ, ապա շատ հանգիստ կարող են ուրանալ, որ իրենց մոտ հայկական ձեռագրեր կան: Մինչդեռ մենք ճշգրիտ փաստեր ունենք , որ այդ ձեռագիր մատյանները ոչ թե ոչնչացել են, այլ տարել են անհայտ ուղղությամբ: Այս մասին ականատեսները հիշատակություններ են թողել: Նրանցից մեկը գրում է, որ 1895 թ. Վան-Վասպուրականի աղետի ժամանակ թուրքերը գտել են ձեռագրերի թաքստոցները, բարձել են մեքենաներն ու տարել: Իսկ թե ու՞ր՝ հայտնի չէ:
Մեկ փաստ ևս. Անկարայում ունեինք Ս. Աստվածածին կամ Կարմիր առաջնորդանիստ վանք, որն այն ժամանակ գտնվում էր քաղաքից դուրս: Այստեղ կար 250 ձեռագիր, որոնցից 50-ը այժմ գտնվում է Թուրքիայի ՆԳՆ արխիվում: Այս մասին վկայել է մի օտարազգի ականատես: Եվ ես կարծում եմ, որ այդ գանձերը վերադարձնելու ուղղությամբ պետք է աշխատեն հայ մարդիկ, ովքեր տիրապետում են միջազգային իրավունքին: Նրանք պետք է կարողանան միջազգային դատական ատյանների միջոցով ընկնել ճիշտ հետքի վրա և փորձել խնդիրը լուծել: Մշակութային արժեքների վերադարձը փոխհատուցման ամենակարևոր պահանջն է:
-Պարո՛ն Տեր-Վարդանյան, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բռնի իսլամացած հայերի մոտ ևս պահվում են հնագույն հայկական ձեռագրեր: Ծրագիր կա՞ նրանց հետ աշխատանքներ տանելու և այդ արժեքները վերադարձնելու համար:
-Նման գործընթացի սկիզբը պետք է լինի դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Այստեղ զգալի դեր կարող է ունենալ Պոլսո Հայոց Պատրիարքությունը: Եվ, եթե Թուրքիայի հետ հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, մեր ձեռագրերի փնտրտուքի աշխատանքները դարձյալ պատրիարքության օժանդակությամբ պետք է կատարվեն:
-Պատմությունը վկայում է, որ թշնամական հարձակումների ժամանակ, ինչպես նաև 1915-ին ժողովուրդը փրկում էր մեզ համար ամենաթանկ բանը՝ Գիրքը: Ինչպե՞ս են այս փաստին արձագանքում օտարները:
-Մեր օտարազգի գործընկերները մեծ մասամբ հիացմունք են արտահայտել: Մենք էլ պետք է նույնը անենք, քանի որ մեր նախնիները, անգամ իրենց երեխաներին թողնելով, վերցրել ու փրկել են գրքերը: Գիրքն էլ փրկել է հայ մարդուն: Մի հայտնի պատմություն կա սվինահար Մաշտոցի մասին. 1909 թ. թուրք զինվորները սվինահար են անում այնթապցի քահանային, բայց չեն կարողանում սպանել: Քահանայի ծոցագրպանում դրված Մաշտոցը ծակվում է և փրկում նրա կյանքը:
-Ըստ Ձեզ որո՞նք պետք է լինեն մեր անելիքները Ցեղասպանության ժամանակ կորած ձեռագիր մատյանները գտնելու և Մատենադարան վերադարձնելու համար:
-ՈՒղղակի պետք է ծրագրված և համակարգված աշխատանքներ կատարել՝ քաղաք առ քաղաք, գրադարան առ գրադարան, ինչպես նաև բոլոր արխիվներում:
-Որպես մտավորական՝ ի՞նչն եք համարում հայ ազգի հարատևման գաղտնիքը: Եվ ո՞րն է Ձեր պատգամը Ցեղասպանության 100-րդ տարելիցը նշող մեր ժողովրդին՝ հատկապես նոր սերնդին:
-Ստեղծել և ստեղծագործել. սա է եղել մեր ժողովրդի հիմնական գիծը: Պետք է միշտ աշխատել և ստեղծել: Անցյալը չմոռանալով՝ առաջ նայել: Հաճա՛խ առաջնորդվել անցյալի դասերով: Հարկավոր է միշտ հիշել, որ թե՛մարդիկ, թե՛ ժողովուրդները չեն փոխում իրենց էությունն ու բնավորությունը: Արիստակես Լաստիվերտցու «Պատմություն»-ը կարդալով՝ տեսել եմ, որ հայն այն ժամանակ էլ նույնն էր, ինչ հիմա: Դա վերաբերում է նաև թուրքին: Եվ ես կուզենամ, որ մեր ժողովուրդը դյուրահավատ չլինի:

Զրույցը`
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3554

Մեկնաբանություններ