Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Պետք է մեր սիրուն հայրենիքի փրկիչները լինենք կամ նրա գերեզմանափորները»

«Պետք է մեր սիրուն հայրենիքի փրկիչները լինենք կամ նրա գերեզմանափորները»
16.04.2022 | 09:29

Այսօր ծավալուն նյութերի ժամանակը չէ, հասկանում եմ, միաժամանակ ավելորդ չեմ համարում մի փոքրիկ հատված ներկայացնել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի մասին իմ հեղինակած ծավալուն ուսումնասիրությունից, հիշեցնելու համար պարզապես, որ մենք առաջին անգամ չէ, որ ծանր երկընտրանքի առջև ենք հայտնվում:

Հայկ Մարտիրոսյան

Մինչ Երևանում և այլուր հայկական շրջանակները ջանքեր էին թափում ազգային փրկության համար, տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում կատարվեցին անցքեր, որոնք է՛լ ավելի ծանրացրին հայ ժողովրդի կացությունը: 1918թ. հունվարի 30-ին գեներալ Մեհմեդ Վեհիբի հրամանատարությամբ գործող 50.000-ոց թուրքական բանակը, օգտվելով ճակատից ռուսական զորքի լիակատար հեռացումից և խախտելով Երզնկայի զինադադարը, անցավ հարձակման: Ամբողջ Արևմտահայաստանն ընկավ թուրքերի ձեռքը, որոնք նոր ոճիրներ գործեցին հեռանալ չհասցրած հայ բնակչության նկատմամբ: Հետապնդելով նահանջող փոքրաքանակ հայկական զորամասերին՝ թուրքական զորքերը շարժվեցին դեպի Արևելյան Հայաստան: Միջազգային հարաբերություններում ևս գործընթացները զարգանում էին ի վնաս հայ ժողովրդի շահերի:

Երկարատև բանակցություններից հետո, 1918 թ. փետրվարի 18-ին Բրեստ - Լիտովսկի պայմանագրով Խորհրդային Ռուսաստանը Թուրքիային զիջեց Արևմտյան Հայաստանը, Կարսի և Բաթումի մարզերն ու Արդահանի օկրուգը: Ոչ մի լավ հեռանկար չէին խոստանում նաև Թուրքիայի և Անդրկովկասի ներկայացուցիչների միջև սկսված բանակցությունները: ՈՒ չնայած Մեհմեդ Վեհիբը Անդրկովկասյան կառավարությանն առաջարկել էր սկսել հաշտության բանակցություններ, թուրքական զորքը շարունակում էր առաջ շարժվել: Մարտին նրանք վերցրին Էրզրումը, ապա Կարսն ու Սարիղամիշը: Սարիղամիշի անկման լուրը շանթահարեց հայ ժողովրդին, հատկապես Երևանի բնակչությանն ու զորամասերին: Քաղաքում աննախադեպ իրարանցում էր: Հասարակության տարբեր խավերի մասնակցությամբ տեղի էին ունենում խորհրդակցություններ, ժողովներ, որոնց միակ նպատակն էր նահանգում արագ ու վճռական գործող ուժեղ իշխանության ստեղծումը՝ ի դեմս դիկտատորության:

Մարտի 24-ին Երևանում գումարված զինվորականության և ժողովրդական զանգվածների բազմամարդ ժողովում Արամն ընտրվեց դիկտատոր: Ժողովրդի առջև ունեցած ելույթում Արամը պատրաստակամություն հայտնեց ուժերի ներածին չափով ծառայել հայրենիքին և շարունակել անզիջում պայքարը հայրենիքի հանդեպ իրենց պարտքը թերացողների դեմ: Անդրադառնալով Չոլախ Գևորգի գնդակահարությանը՝ նա անվարան հայտարարեց, որ այդպես է վարվելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կխանգարեն ընդհանուր գործին ու կխաթարեն հասարակական անդորրը: Արամը լավ էր հասկանում, որ միայնակ ոչնչի հասնել հնարավոր չէ, որ հայրենիքի փրկությունը կախված է ժողովրդի հավաքական կամքից ու կարևորում էր վերջինիս պատրաստակամությունը՝ նվիրվելու ընդհանուր գործին, ուստի փորձում էր բարձրացնել նրա խանդավառությունը: «Դուք պիտի իմանաք, որ ես անոյժ եմ առանց ձեզ: Հերոսը ինքը ժողովուրդն է և եթէ ժողովուրդը պատրաստակամութիւն ունի աշխատել ու փրկել հայութիւնը վերահաս կործանումից, ապա իմ ու ինձ նման շատերի աշխատանքը ապարդիւն չի անցնի»:

Դիկտատորի պաշտոնը ստանձնելուց օրեր անց, 1918 թ. մարտի 28-ին Արամը ժողովրդին դիմեց մի կոչով, որը միաժամանակ գործունեության համապարփակ ծրագիր էր՝ միտված ռազմաճակատի, ինչպես նաև նահանգում ամուր իշխանության և կարգուկանոնի ամրապնդմանը, անիշխանական երևույթների սանձահարմանը: Գոտեպնդված իր հանդեպ ցուցաբերված բացառիկ վստահությունից, Արամը հերթական անգամ փորձում էր ազդել հասարակության յուրաքանչյուր անդամի, առաջին հերթին՝ զինվորականության գիտակցության և ինքնասիրության վրա: Նա շեշտում էր. «Հայրենակիցնե՛ր, հասարակական շարժման յաջողութիւնը գերազանցապէս կախւած է զոհաբերութիւնից և կարգապահութիւնից: Զոհեցէք ձեր անհատականը, ձեր ոյժերի և ստացւածքի մաքսիմումը, քանի դեռ հնարաւորութիւն կայ փրկելու ընդհանուրը, այլապէս դուք և ձեր կարողութիւնը, ձեր կայքերն ու դրամը, ձեր կանայքն ու երեխաները կտրորւեն ներս խուժող թշնամու ձիերի սմբակների տակ... Հայ զինւորներ, նամանաւանդ հայ սպաներ, վերջին խօսքս ձեզ եմ ուղղում, տոգորւեցէք վայրկեանի գերագոյն ոգով: Հայրենիքի փրկութիւնը ձեր ձեռքին է: Դուք, սպաներ ու զինւորներ, կամ պէտք է մեր սիրուն հայրենիքի փրկիչները լինէք կամ նրա գերեզմանափորները: Գործի դիմենք, վերջ տանք սին խօսքին ու ժողովներին: Թշնամին՝ հրէշային ախորժակներով, առաջանում է, հուժկու գրոհով պէտք է քշենք նրան հայրենի սահմաններից: Ցոյց տանք աշխարհին, որ Հայը ազատ, անկախ ապրելու իրավունք ունի: Այժմ կամ երբէք»:

Արամի գլխավորությամբ նահանգի իշխանության մարմինների, ռազմական գործիչների՝ գեներալ Մովսես Սիլիկյանի, Դրոյի և այլոց գործադրած ջանքերը պսակվեցին հաջողությամբ: Ստեղծվեց 10-12-հազարանոց զինուժ: Հաջողվեց հանդարտեցնել ադրբեջանցիների հակապետական շարժումները նահանգի զգալի մասում, ապաշրջափակել ռազմաճակատը թիկունքի հետ կապող մայրուղիները, մեղմել պարենային խնդիրը, զսպել դասալքությունն ու ավազակաբարո ուժերին: Այլ էր իրավիճակը Կովկասի քաղաքական կենտրոնում և ռազմաճակատում: Թուրքական զորքերն ապրիլի 1-ին առանց դիմադրության գրավեցին Բաթումը, որից հետո վրացիները ադրբեջանցիների հետ վճռեցին վերջ տալ պատերազմին, ընդունել Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը և Անդրկովկասը անկախ հայտարարելու Թուրքիայի պահանջը: 1918 թ. ապրիլի 9-ին Սեյմը հռչակեց Անդրկովկասի անկախությունը: Սեյմի դաշնակցական ֆրակցիան բանաձևին միացավ առանց ոգևորության, երկար տատանումներից հետո միայն՝ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում չգտնելով այլ ուղի: Հայ քաղաքական շրջանակների համար ստեղծվել էր բարդ կացություն, չմիանալ հարևաններին՝ նշանակում էր միայնակ մնալ թուրքական վտանգի հանդիման, միանալ՝ նշանակում էր համակերպվել տարածքային կորուստների հետ, խորացնել անհող գոյակցությունը հակադիր շահեր հետապնդող հարևանների հետ: Երկրամասի իրավական անջատումը Ռուսաստանից չէր բխում հայության շահերից: Թուրքիան իրավական հիմքեր ստացավ նոր նվաճումներ կատարելու համար, քանի որ այդուհետ նա գործ էր ունենալու ոչ թե Ռուսաստանի, այլ նրանից անջատված երկրամասի հետ: Այլևս նա որևէ պայմանագրային պարտավորություն չուներ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ առավել ևս Անդրկովկասի հանդեպ: Իրադարձությունների այդօրինակ զարգացումից վրացական շրջանակները փորձեցին իրենց շահերը պաշտպանել հայության դեմ ուղղված խարդավանքների միջոցով: Ապրիլի 11-ին Անդրկովկասի նորընտիր վարչապետ Չխենկելին և զինվորական նախարարի պաշտոնակատար Օդիշելիձեն, առանց տեղեկացնելու Թիֆլիսի հայ ղեկավար շրջաններին, Հայկական կորպուսի հրամանատար գեներալ Թովմաս Նազարբեկյանից պահանջեցին Կարսը հանձնել թուրքերին ու զորքերը հետ քաշել Բրեստ-Լիտովսկի պայմանագրով սահմանված նոր սահմանագիծ: Կարսը հանձնեցին, սակայն թուրքերը չբավարարվեցին դրանով: 1918թ. մայիսի 11-ին, Բաթումում սկսված հաշտության բանակցություններում, թուրքական պատվիրակության նախագահ Խալիլ բեյը Անդրկովկասի պատվիրակներին ներկայացրեց պայմանագրի նոր նախագիծ, որով պահանջվում էր իրենց հանձնել Երևանի նահանգի զգալի մասը, Ախալքալաքի, Ախալցխայի գավառները և հայերի համար կենսական նշանակություն ունեցող Ալեքսանդրապոլ-Կարս, Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղագծերը: 1918թ. մայիսի 15-ի վաղ առավոտյան թուրքական հրամանատարությունը վերջնագրային ձևով զորավար Նազարբեկյանից պահանջեց հանձնել Ալեքսանղրապոլն ու հայերի համար կենսական նշանակություն ունեցող Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթգիծը՝ այդ գծից հայկական զորքերը հեռացնելով 25 կմ: Չսպասելով պատասխանի և վերջնագրի ժամկետի լրանալուն՝ թուրքական զորքերն անցան հարձակման և մայիսի 15-ի գիշերը գրավեցին Ալեքսանդրապոլը:

Ճանապարհը դեպի Հայաստանի սիրտ՝ Արարատյան դաշտ, բաց էր: Թշնամին գրավեց Երևանից ընդամենը 30 կմ հեռու գտնվող Սարդարապատ կայարանն ու գյուղը: Թուրքական ներխուժման ահավոր վտանգն անմիջականորեն կախվեց Էջմիածնի և Երևանի վրա: Ամբողջ սրությամբ դրվեց հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը: Այլևս նահանջելու տեղ չկար, նահանջը նշանակում էր կործանում: Թշնամու առաջխաղացումը տեղիք տվեց մեծ իրարանցման և ուղեկցվեց բազմահազար հայ բնակչության նոր գաղթով դեպի Երևան: Հոսքն այնքան մեծ էր, որ ծանրաբեռնվել էին Երևան տանող բոլոր ճանապարհները: Էջմիածնի մոտ ծովածավալ բազմության կուտակման հետևանքով փակվել էին ելքի և մուտքի ճանապարհները: Երևանի նահանգում առկա էր պարենի, դեղորայքի, վառելիքի, մարդկային տարրական գոյության համար ամեն ինչի սուր պակաս: Շարունակական պարտություններն ու հայրենիքի մեծագույն մասի կորուստը բարոյալքել էր հայկական զորքին: Բախտորոշ այդ պահին Արամը ի հայտ բերեց զարմանալի սառնասրտություն: Զորավար Սիլիկյանի հետ ունեցած հեռախոսազրույցում, անկարելի համարելով զորքերի հետագա նահանջը և Երևանն էլ ավելի մեծ վտանգի ենթարկելը, Արամը հանձնարարեց վերջ տալ հետագա նահանջին, պահպանել դիրքերը և վստահեցրեց, որ երկու օրվա ընթացքում զորավարին կտրամադրի այդ բանի համար անհրաժեշտ ամեն ինչ՝ մարդկային ուժ, զենք-զինամթերք և թիկունքի աջակցությունը:

Թշնամուն վճռական հակահարված հասցնելու վերաբերյալ որոշումն ընդունվել էր այդ օրերին զորահրամանատարության մասնակցությամբ Երևանում կայացած գաղտնի խորհրդակցության ժամանակ, այն բանից հետո, երբ Արամը վճռականորեն հայտնել էր բանակի կարիքները կատարելապես բավարարելու պատրաստակամության մասին: Մայիսի 19-ի երեկոյան գումարված Ազգային խորհրդի նիստում հարց բարձրացվեց Երևանը թշնամուն հանձնելու, Նոր Բայազետի լեռները նահանջելու և այնտեղից դիմադրական մարտեր մղելու մասին: Ըստ Ավետիս Ահարոնյանի՝ Արամն ամենայն վճռականությամբ բացառեց անձնատվությունը՝ նշելով. «Ոչ մի նահանջ ոչ մի գծի վրա: Նահանջ Երևանից՝ կնշանակի խաչ քաշել մեր ամբողջ գործունեութեան և մեր ապագա քաղաքական մուրազներուն վրա, բոլորդ պիտի մնաք և մեռնիք: Երևանը չենք դատարկի, եւ պէտք է կռուենք, դիմադրենք թշնամուն մինչեւ վերջին մի կաթիլ արիւնը, մինչեւ վերջին գնդակը»: Մայիսի 21-ի երեկոյան Երևանի քաղաքային ժողովարանի ամառային շենքի հրապարակում կայացած հանրահավաքում Արամը հանդես եկավ ելույթով:

«Կրկնութիւններ անելու այժմ տրամադիր չեմ և ժամանակ էլ չկայ ճառերով զբաղւելու: Ես եկել եմ յայտնելու ձեզ, որ թշնամին գրաւել է Սարդարաբադը և շարժվում է դէպի էջմիածին: Մեզ մնում է մի բան, կամ զէնք վերցնել ու դուրս գալ թշնամու առաջ և կամ կոտորւել ոչխարի պես... Ով ուզում է ապրել, առանց րոպէ կորցնելու, թող վերցնի զէնքը, վերցնի նաև երեք օրւայ պաշար ու իսկույն ևեթ դիմէ ուսուցչական սեմինարիայի շէնքը՝ ցուցակագրւելու և այնտեղից ճակատ ուղարկւելու համար: Ես իմ ասելիքս վերջացրի, այժմ ձեզ է մնում անելիքը»:

Դիտվել է՝ 10751

Մեկնաբանություններ