Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

«Կան բաներ, որոնք կրակից են, պետք է այրվել` ըմբռնելու համար ճշմարտությունը»

«Կան բաներ, որոնք կրակից են, պետք է  այրվել` ըմբռնելու համար ճշմարտությունը»
16.04.2013 | 14:13

Հայ և պարսիկ ժողովուրդների դարավոր հարևանությունը, ինչպես և կարելի էր ենթադրել, հարթ չի եղել իր ընթացքի տարբեր շրջափուլերում: Քաղաքական, կրոնական, տնտեսական բազում խոչընդոտներ խաթարել են կողք կողքի ապրող հինավուրց մեր ազգերի խաղաղ գոյությունը: Ասվածի ամենախոսուն արտահայտությունը 5-րդ դարից մեզ ժառանգված պատմիչ Եղիշեի և դրան նորօրյա շունչ հաղորդած Դերենիկ Դեմիրճյանի Վարդանանց պատմությունն է` Ավարայրի հերոսական ճակատամարտով: Սակայն ժամանակն իր անկասելի ընթացքի մեջ է, և մարդիկ, ազգությունները կամա-ակամա տրվում են այդ ընթացքին, փոխում իրենք իրենց ու ժամանակը:
Այսօրինակ մի փոփոխության արձանագրություն կարելի է համարել Էմմա Բեգիջանյանի թարգմանությամբ հայ ընթերցողին ներկայացված իրանցի ժամանակակից 8 հեղինակի 15 պատմվածքներն ամփոփող «Ոտնահետքեր ծովափին» և պարսիկ ընթերցողին ներկայացված հայ ժամանակակից 16 հեղինակի 22 պատմվածքներն ամփոփող «Ծիածան» ժողովածուները: Այս փաստը լավագույնս ապացուցում է, որ աշխարհի, կյանքի, մարդու գեղագիտական, մշակութային ընկալումները ջնջում են չըմբռնումի, օտարության, տարակարծությունների սահմանները:
Նախ առավել ընդհանուր գծերով ներկայացնենք հայ ընթերցողին քիչ հայտնի պարսիկ արձակագիրների գործերը:
Ժողովածուն բացվում է Զահրա Զավվարյանի «Նա երկնային էր» պատմվածքով: Այն պայմանականության և ճշգրիտ փաստի միջև տարուբերվող մի պատմություն է ներկայացնում, որն իր տարուբերումի ընթացքի մեջ է առնում ոչ միայն պատմվածքի հերոսներին, այլև մեզ` ընթերցողներիս: Սիրելի կնոջը` Մարիային, կորցրած հերոսը փորձում է ինքն իր համար պարզել կատարվածը: Նրա ծովափնյա խրճիթում հայտնված իրական թե տեսլական կինը կարծես դառնում է առեղծվածի բացահայտման ճանապարհ, գաղտնիքը բացող բանալի:
Սակայն հարցերն այնքան բարդ են, բազմաշերտ ու խճճված, որ իր հերոսի շուրթերով հեղինակը եզրահանգում է. «Ձեզ մի տանջեք: Կան բաներ, որոնք կրակից են, պետք է այրվել` ըմբռնելու համար ճշմարտությունը»:
Ջամշիդ Խանյանի «Միշտ նույն խաղը, նույն ժամին» պատմվածքը մի ցնցող պատմություն է որդեկորույս ծնողների` ոչ մի կերպ չամոքվող վշտի մասին: Ամեն օր ճիշտ նույն տեղում, նույն ժամին, զենքը ձեռքին հողին ծալապատիկ նստած իրենց որդու` Հոջաթի լուսանկարի առաջ նրանք խաղում են նույն խաղը` նույն թատրոնը` առանց հոգնության, առանց բաց թողնելու որևէ մանրամասնություն: Կորած որդուն գտնելու հույսը նրանց մեջ առկայծում է յուրաքանչյուր անգամ նորովի ու մարում նույնքան դժվար` հաջորդ օրը կրկին բոցկլտալու անխախտ հեռանկարով: Սա մարդկային էության խորքում խլրտացող ապրումների ֆիզիկական արտապատկերումն է ասես, որ չի կարող անտարբեր թողնել երբևէ ինչ-որ թանկ կորուստ ապրած որևէ մարդու` անկախ ազգային, կրոնական, ռասայական պատկանելությունից:
Եթե այս պատմվածքում պատերազմի թեման ակնարկվում է զենքով լուսանկարված տղայի տեսքով, ապա Աքբար Սալեհիի «Թղթածաղիկներ» պատմվածքն իր ողջ ռեալիզմով երևակում է պատերազմի ահասարսուռ դեմքը: Թշնամուց ազատագրված տարածքի բնակիչները ցնծության մեջ են, տոնում են երկար սպասված հաղթանակը, սակայն մարդկային ճակատագրերի վայրիվերումները շարունակվում են նաև մարտից հետո: Դեռ ուշացած մի փամփուշտ պիտի խլի ևս մի մարդկային կյանք, դեռ վրիժառության մոլուցքով կուրացած` զոհվածի ընկերը պիտի արձակի պատասխան կրակոցը, ու դեռ պիտի երևակվեն մեռած զինվորի գրպանում պահված լուսանկարչական ապարատի լուսանկարները, որոնցում դրանց տերը ձեռնածություններ է անում կանանց ու տղամարդկանց դիակների մոտ: Ասել է թե` պատերազմում չկան հաղթողներ ու պարտվողներ, բոլորն են զոհ, ու ամենուր է դժոխքը:
Սակայն կյանքի դաժան փիլիսոփայությունը չի ընդհատվում պատերազմների ավարտով: Պատերազմները շարունակվում են և առօրյա, թվացյալ խաղաղ ժամանակներում:
Այսպես, Թահերե Իբոդիի «Կրակին յուղ լցնողը», «Մոխրագույն» պատմվածքներում կենցաղային հենքի վրա հյուսվող սյուժեները վեր են հանում մարդկային փոխհարաբերությունների, բազում փորձությունների բովով անցնող կանանց հոգեբանական բեկումների համապատկերը: Եվ հատկանշական է, որ թարգմանիչը տվյալ միջավայրի, դրա հերոսների նկարագիրն ամբողջացնելու նպատակով մի անսպասելի ու կարևոր հնարքի է դիմում. իր տեքստում գործածում է բարբառային տարրը: Եվ անում է դա ոչ միայն այս պատմվածքում:
«Ոտնահետքեր ծովափին» պատմվածքի վերնագիրը դարձել է վերնագիր ողջ ժողովածուի համար, իհարկե` ոչ պատահաբար: Սա, թերևս, ասելիքի, մարդկային հույզերի ու փոխհարաբերությունների դիտարկման առումով ամենաընդգրկունն է ողջ գրքում:
Հարազատների կորուստ, մխիթարումների փորձեր, ինքնախոշտանգումի պատկեր, ոտքերի տակից փախչող ավազե գետին, որի վրայից ծովի ալիքները պարբերաբար լվանում-տանում են բոլոր հետք-հիշողությունները: Բայց այս մարդկային մեծ դրաման դեռ ունենալու է շարունակություն, լուսավոր շարունակություն: Ծովում խեղդված ամուսնու և դստեր դիակի առջև ողբացող կինը հասցնում է «ուրախացնել» ջրահեղձ ամուսնուն. «…շուտով հայր ես դառնալու»: Եվ կյանքի շարունակականության առարկայական հավատով եզրափակվում է պատմվածքը. «Տանից մինչև ծովափ` փափուկ ավազների վրա, ինձանից մնացել էին իմ ոտնահետքերը»: Ամենակուլ ծովը, որ անխնա ավերում-քշում էր ավազե մակերեսին նկարվող ամեն մի պատկեր, փաստորեն, չի քշել կնոջ ոտնահետքերը: ՈՒրեմն կա ինչ-որ կայուն, անխարխուլ պատվար, որի վրա պիտի հենվի իր մեծ կորուստը սգացող կնոջ հետագա գոյությունը:
Գրական երկերի թարգմանությունից զատ, Էմմա Բեգիջանյանը համառոտ ներկայացրել է նաև հեղինակներից շատերին, վկայակոչել նրանց ստեղծագործական կյանքի կարևորագույն փաստերը, մի հանգամանք, որ օգնում է մեզ ոչ միայն դառնալու այդ հեղինակների գրականության ընթերցողը, այլև տեսնելու այդ գրականության հետևում կանգնած մարդուն, ընկալելու նրա տեսակը, կենսակերպն ու կենսուղին:
Սա այն դեպքերից է, երբ գրականությունը, մշակույթը դադարում են սոսկ այդպիսին լինելուց և իրենց առաքելությունը տեղափոխում են քաղաքական, դիվանագիտական հարթակ: Գրքի նախաբանում կարդում ենք ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի նախկին խորհրդական Մոհամմադ Ռեզա Շաքիբայի խոսքը, որը ասվածի վկայությունն է. «Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ կեղեքիչ գերտերությունները տնտեսական, քաղաքական և անգամ գրական ու լեզվական գերիշխանությամբ սահմանափակել են այլ երկրների ու ազգերի մշակութային և գրական ակտիվ գործունեությունը: Գրական ստեղծագործությունների ու աշխատանքների թարգմանությունները կարող են բարձրացնել մարդկանց ճանաչողության մակարդակը այլ ազգերի ու երկրների մշակույթի ու քաղաքակրթության մասին»:
Եթե հայ ընթերցողը դեռ երկու տարի առաջ էր բախտ ունեցել ճանաչելու և հարազատանալու Զահրա Զավվարյանին, Թահերե Իբոդիին, Ջամշիդ Խանյանին, Աբդոլմաջիդ Նաջաֆիին, Սեյեդ Մեհդի Շոջային, Մոջթաբա Ռահման Դուստին, Զարիֆե Ռույինին, Աքբար Սալեհիիին, ապա այսօր արդեն հայ գրողներին ճանաչելու հնարավորություն է ընձեռված նաև պարսիկ ընթերցողներին:
Էմմա Բեգիջանյանի նախաձեռնությամբ հայ հեղինակներին պարսկերեն թարգմանությամբ ներկայացնելը թե՛ հայ, թե՛ պարսիկ գրասերների համար կարևորագույն գրական իրողություն է:
Իրանցի ընթերցասերները կարող են իրենց մայրենի լեզվով կարդալ Հրանտ Մաթևոսյանին, Աղասի Այվազյանին, Պերճ Զեյթունցյանին, Ալիս Հովհաննիսյանին, Հովիկ Վարդումյանին, Հրաչյա Մաթևոսյանին, Էլդա Գրինին, Ռուբեն Հովսեփյանին, Վահագն Գրիգորյանին, Գուրգեն Խանջյանին, այլոց: Վստահ լինելու համար, որ մեր ազգային գրական հարստությունն իր ողջ պերճանքով է ներկայացել օտար ընթերցողին, մեջբերենք Ալիս Հովհաննիսյանի գնահատականը Էմմա Բեգիջանյան թարգմանչի արժանիքներին. «Էմմա Բեգիջանյանին, բացի գեղագիտական նուրբ ճաշակից, տրված է մի բացառիկ առավելություն ևս` նա թե՛ պարսկերենին, թե՛ հայերենին տիրապետում է կատարելապես, մի բան, որ ներկայիս եզակի թարգմանիչների մենաշնորհն է»: Եվ ասենք, որ թարգմանչին այսպիսի գնահատականի արժանացնելու հարցում Ալիս Հովհաննիսյանը միակը չէ:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3006

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ