ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Պերֆեկցիոնիստ Տերտերյանը, ֆիլհարմոնիկի չուզողներն ու ֆալշ նվագող իսպանացիները

Պերֆեկցիոնիստ Տերտերյանը, ֆիլհարմոնիկի չուզողներն ու ֆալշ նվագող իսպանացիները
19.03.2013 | 12:10

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի շուրջ ամենատարբեր խոսակցությունները չեն դադարում։ Նախ խոսվում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հեռացման մասին, նշվում են դիրիժորների անուններ, ովքեր պետք է փոխարինեն նրան։ Թոփչյանին է վերագրվում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հետ ստվերային համագործակցության փաստը։ Վերջերս էլ կոնսերվատորիայի պրոռեկտոր, երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը (Ավետ Տերտերյանի որդին) խիստ քննադատության ենթարկեց Թոփչյանի՝ ֆիլհարմոնիկ նվագախումբն արտասահմանցի ցածրակարգ երաժիշտներով համալրելու փաստը, ովքեր, ասում են, շատ ավելի բարձր են վարձատրվում, քան տեղացի երաժիշտները։ Ըստ որոշ լուրերի՝ այս հանգամանքը դժգոհության ալիք է բարձրացրել նվագախմբի ներսում։ Ավելին, ըստ Ռուբեն Տերտերյանի՝ վերջերս նվագախումբ հրավիրված իսպանացի գալարափողահար Էնրիկ Կամարասա Ցիֆրեսը համերգներին աչքի է ընկել ֆալշ կատարմամբ։ Տերտերյանի ասածը նաև փաստում է ինքը՝ Թոփչյանը, որն «Իրատես de facto»-ին տված իր հարցազրույցում, ինչպես նաև ֆեյսբուքյան էջում համաձայնել է, որ իսպանացին «կիքսեր» է ունենում։
Նվագախմբում առկա խնդիրների և Ռուբեն Տերտերյանի գնահատականների մասին զրուցեցինք ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին գալարափողահար ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ։


-Պարոն Տեր-Մինասյան, վերջերս Ռուբեն Տերտերյանը «168 ժամին» տված հարցազրույցում մեծ վերապահումով էր արտահայտվել ֆիլհարմոնիկ նվագախումբ հրավիրված իսպանացի գալարափողահարի և ֆլեյտահարի մասնագիտական որակների մասին։
-Պարոն Տերտերյանի տված գնահատականները, կարծում եմ, բացարձակապես անտեղի են։ Նախ՝ իսպանացի երիտասարդ գալարափողահարը հրավիրվել է իմ խնդրանքով, որից ես շատ գոհ եմ։ Երկրորդ՝ ես մեկ տարի ամբողջ Հայաստանով մեկ փնտրել եմ գալարափողահարի, որ կարողանար իմ տեղը նվագել, դժբախտաբար, չեմ կարողացել գտնել։ Իսկ միայնակ աշխատել սիմֆոնիկ նվագախմբում որպես առաջին գալարափողահար, շատ ծանր է։ Բարեբախտաբար, Էնրիկեն համաձայնեց։ Իրեն էլ է դժվար։ Պատկերացրեք, շատ դժվար բան է գտնել մարդու, որ կգա Հայաստան աշխատելու։ Դուք ինքներդ էլ երևի մեծ հաճույքով կմեկնեիք այստեղից՝ աշխատելու։ Ես առողջական խնդիրներ ունեմ և ուրախացա, որ Էդուարդ Թոփչյանը կարողացավ գտնել իսպանացի գալարափողահարին, ով շատ համակրելի անձնավորություն է՝ պատրաստ օգնելու բոլորին։ Ծրագիր կար, որ պետք է ես նվագեի, սակայն լուրջ խնդիրներ առաջացան, և փորձերից 1 օր առաջ Էնրիկեին ասել են, որ առաջինն ինքը պետք է նվագի։ Իմանալով, որ ես խնդիրներ ունեմ, պատրաստակամ նստել ու նվագել է։ Մեզ մոտ դա ընդունված է։ Գուցե Ռուբեն Տերտերյանը պերֆեկցիոնիստ է և ցանկանում է մեր նվագախումբը տեսնել աշխարհում առաջին հորիզոնականում։ Հույս ունենանք, որ նա չուզողություն չի անում, թեև նրա կողմից ես նման բան չնկատեցի։ Ափսոս, որովհետև նա շատ լավ կոմպոզիտորի որդի է։ Կոնսերվատորիայի և սիմֆոնիկ նվագախմբի միջև կռվի պատճառն այն է, որ մենք ցանկանում ենք լավ երաժիշտ ստանալ, բայց, ցավոք, անցած 20 տարիներին մենք ծանր դրության մեջ ենք գտնվել։ Երկրի վիճակն այնպիսին է, որ մի քիչ լավ նվագողը Հայաստանից գնում է։ Մեզ համար մեծ խնդիր է լավ կատարողներ գտնելը։ Նվագողների մեր խումբը բարձրակարգ է, և այն աշխատանքը, որ անում ենք Էդուարդ Թոփչյանի հետ սիմֆոնիկ նվագախմբում, բավականին բարդ է։ Այն պայմանները, աշխատավարձերը, որ մենք ունենք և դրա դիմաց կատարած մեր աշխատանքն անհամեմատելի են։
-Մամուլը պարբերաբար գրում է ֆիլհարմոնիկ նվագախմբում տիրող վատ մթնոլորտի մասին։
-Սուտ է։ Խնդիրներ նվագախմբի ներսում երբեք չեն եղել ու չեն լինի։ Մենք կարող ենք քննարկումներ ունենալ երաժշտության շուրջ, այդպիսով մենք երաժշտություն ենք սարքում, բայց դա միայն փորձերի ժամանակ է և վերաբերում է զուտ երաժշտական կոնցեպցիային։
-Հետևաբար, այդ խոսակցություններն ի՞նչ հիմքեր ունեն։
-Պայմանավորված են Հայաստանում չուզողության բարձր աստիճանով, այլ բացատրություն չկա։ Խոսքերից աղքատ եմ, գուցե նվագելով ավելի հեշտ պատասխանեի այդ հարցին։
-Ասում են՝ իսպանացի գալարափողահարը ֆալշ է նվագում։ Դուք՝ որպես գալարափողահար, ի՞նչ կասեք այդ մասին։
-Իսպանացի այդ երիտասարդը շատ լավ դպրոց է անցել, ինքը հիասքանչ ձայնարտադրում ունի։ Յուրաքանչյուրն ունի նվագելու իր ոճը, և երբեք պետք չէ համեմատել մի սոլիստին մեկ ուրիշի հետ։ Այդ տղան շատ լավ է նվագում, նա լավ պրակտիկա է անցել Իսպանիայում։ Էնրիկեն մոտ 8 տարվա առաջին գալարափողահար է։ Դա հանաք բան չէ, այն էլ՝ արտասահմանում։ Բացի այդ, շատ լավ գործիք ունի ձեռքին։ Ես կուզեի, որ մեր չուզողների խումբը հավաքվեր, մի քիչ փող դներ ու մեզ համար նոր գործիքներ գներ։ Ա՛յ, պետք է գրվի այն մասին, որ մենք գործիքներ չունենք, մեզ անհրաժեշտ է պետական աջակցություն, մենք այնքան աշխատավարձ չենք ստանում, որ սեփական գործիք ձեռք բերենք։ Ես հիմա նվագում եմ մի խայտառակությունով, որին ամոթ է նույնիսկ գործիք անվանել։ Գրելու թեման դա պետք է լինի։

Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2764

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ