ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Հայաստանում թուրքական մզկիթնե՞ր կառուցենք, որ իրենք պահպանեն հայկական եկեղեցիները»

«Հայաստանում թուրքական  մզկիթնե՞ր կառուցենք, որ իրենք պահպանեն հայկական եկեղեցիները»
19.03.2013 | 11:50

Ժամանակակից Թուրքիա, ավերվող հայկական եկեղեցիներ, հակաքրիստոնեական մթնոլորտ, հայ-թուրքական հարաբերություններ` մշակութային և այլ ոլորտներում, Ցեղասպանության մոտեցող 100-ամյակ: Վերոնշյալ խնդիրների մասին է մեր զրույցը պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ ԱՐՏԱԿ ՇԱՔԱՐՅԱՆԻ հետ:

-Ձեր իսկ դիտարկմամբ, այսօր Թուրքիայում զարգանում է հակաքրիստոնեական մթնոլորտը` զուգորդվելով թուրք-քրդական հարաբերությունների բարելավմամբ: Սա նո՞ր դրսևորում է, թե՞ պատմությունը կրկնվում է:
-Ցեղասպանությունից առաջ նույնպիսի մթնոլորտ էր, թուրք-քրդական հարաբերությունները լավ էին, իսկ հակաքրիստոնեական մթնոլորտը ահագնանում էր: Ես կարծում եմ` պատմությունը կրկնվելու սովորություն ունի, ուղղակի ամեն ժամանակաշրջանում նորովի է արտահայտվում: Այսօր Թուրքիայում բավականին խնդրահարույց իրավիճակ է: Ադրբեջանական փողերով, թուրքական ցանկությամբ գնում են դեպի հակաքրիստոնեություն, հակահայություն, հակահունականություն: Հարձակումներ են լինում հայկական դպրոցների վրա, հիվանդանոցների, հունական եկեղեցիների, հայ կանանց և այլն, և այլն: Բայց այստեղ կա մի ուրիշ դրսևորում. քրդերը բավական ակտիվորեն բարձրաձայնում են Հայոց ցեղասպանության մասին: Անգամ վերջերս քուրդ առաջնորդներից մեկը ներողություն էր խնդրել 1915-ին հայերին կոտորելու համար, որը բավականին յուրահատուկ զարգացում է: Քրդերը, որ կազմում են Թուրքիայի բնակչության 20-30 տոկոսը, կարող են լինել մեր դաշնակիցը Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում:
-Կա և հակառակ կանխատեսումը. Ցեղասպանության ճանաչման, հողերի վերադարձման դեպքում, անխուսափելի է թվում բախումը քրդերի հետ:
-Դա իմ հիմնական բարձրացրած հարցն է: Մենք պահանջելով Արևմտյան Հայաստանը, չենք պատկերացնում, թե ինչ ենք պահանջում: Գուցե ոմանք քաղաքական գեղեցիկ արտահայտություններ, ամբոխահաճո հայտարարություններ են անում` մասսայականություն վայելելու համար, իմանալով, որ մոտակա ժամանակներում Արևմտյան Հայաստանը հետ ստանալը իրատեսական չէ:
Կարծում եմ` թե՛ Արցախի հարցում, թե՛ Ջավախքի, թե՛ Արևմտյան Հայաստանի, ձեռքբերումներ ունենալու համար, մենք, նախ և առաջ, պետք է սկսենք մեզնից. ժողովրդավարությունը լավացնենք, Հայաստանում ունենանք ոչ թե 3 միլիոն, այլ 8 միլիոն բնակչություն, որ կարողանանք մարսել Արցախում տարած հաղթանակները, հետո արդեն ապագա հողային հնարավոր ձեռքբերումները: Այսօր իսկապես քրդերը բավականին արմատավորված են Արևմտյան Հայաստանում, մասնավորապես` Վանում, Դիարբեքիրում: Նրանք ասում են, որ հայերը մեզ հետ ապրել են այս հողերում: Բայց եթե ինքնորոշման խնդիր լինի, առաջին հերթին կձգտեն սեփական պետություն ունենալ, քան լինել թույլ Հայաստանի Հանրապետության բնակիչը:
-Ստամբուլում հայ կանանց վրա հարձակումների և սպանության դեպքերը տարբեր կերպ մեկնաբանվեցին: Ի՞նչ խնդիր ունի Թուրքիայում ապրող հայն այսօր:
-Հայը դարերով Թուրքիայում անվտանգության տեսակետից եղել է վտանգված: Այսօրվա Թուրքիայի հայությունը պատանդ է Թուրքիայի ձեռքում: Սկսած 40-ականներից, հենց հայ-թուրքական հարաբերությունները սրվել են, առաջին հարվածն իրենց վրա զգացել է Թուրքիայի հայ համայնքը:
Ցեղասպանության ժամանակ ստամբուլահայությունը կոտորածից զերծ է մնացել: Ապրիլի 24-ին ձերբակալել և աքսորել են քաղաքականապես ակտիվ հայությանն ու մտավորականությանը, բայց ձեռներեցներին, գործարանատերերին և հասարակ հայ մարդկանց ձեռք չեն տվել: Դեսպանատան աչքի առջև շատ ակնհայտ կլիներ հոծ բազմությանը ձերբակալելը, ընդհակառակը, նրանք ցույց էին տալիս, որ Ստամբուլի հայերը նորմալ ապրում են, պարահանդեսներ են կազմակերպում և այլն: Ի դեպ, ասում են, որ Կոմիտասի վրա շատ էր ազդել հենց դա: Գալով Ստամբուլ, նա տեսնում է, թե ինչ շքեղ պարահանդեսներ է անցկացնում տեղի հայությունը:
Բայց չի կարելի ասել, թե ստամբուլահայությունը փրկվեց, որովհետև, օգտվելով համաշխարհային պատերազմի խառը իրավիճակից, 1942-ին Թուրքիան ընդունեց «ՈՒնեցվածքի հարկի» մասին օրենքը: Մոտավորապես 50 տոկոս հարկ դրվեց բոլոր հայերի ունեցվածքի վրա (իսկ հայերն այդ ժամանակ Ստամբուլի կենտրոնում ունեին հարյուրավոր, հազարավոր շենքեր), և միանգամից կտրեցին ունևոր հայերի գլուխը, քանի որ եղել են դեպքեր, երբ հայը կարողացել է վճարել հարկը, սակայն թուրք պաշտոնյաները կամայական զրոներ են ավելացրել վճարվելիք գումարի անդորրագրի վրա: Մեծ մասին աքսորել են Էրզրում, տաժանակիր աշխատանքի, յուրացրել հայության սեփականությունը: Իսկ եկեղեցիների ու դրանց հողատարածքների վրա թուրքերը միշտ էլ աչք են ունեցել ու ամեն հարմար առիթի դեպքում բռնագրավել: Դրանից հետո 1955-ին տեղի ունեցավ սեպտեմբերի 6-7-ը, երբ կրկին թուրք խուժանը թալանեց, գնդակոծեց հայերի, հույների խանութները, կրկին մեծ հարված եղավ:
ԱՍԱԼԱ-ի սպանություններից հետո հարվածը հայության վրա էր, արտասահմանյան խորհրդարաններում Ցեղասպանության ընդունման հաղթարշավներից հետո ևս Ստամբուլի հայկական դպրոցներն ու հիվանդանոցներն էին իրենց վրա զգում հարվածը, ֆուտբոլային դիվանագիտությունում չստացվեց մի բան, էլի առաջին հարվածը հայերի դեմ էր:
ՈՒստի հայերը միշտ վտանգված են եղել Թուրքիայում:
Սակայն ժամանակի ընթացքում վախի զգացումն անցել է, նրանք անցել են իրենց սովորական կյանքին: Այսօր կրկին այդ վախի ալիքը բարձրացել է: Մթնոլորտը բավականին թեժ է: Հայերը վախվորած են դուրս գալիս փողոց, աշխատում են երեկոյան ժամերին միայնակ դուրս չգալ և այլն: Ինչ վերաբերում է Հայաստանից գնացած հայերին, նրանք առավել քան վտանգված են: Ստամբուլահայերն ամեն դեպքում Թուրքիայի քաղաքացի են, ունեն իրավունքներ, պետությունը, ոստիկանությունը պարտավոր են նրանց պաշտպանել, գոնե ձևականորեն:
-Հայաստանում թուրքեր չկան, մինչդեռ Թուրքիայի հայությունը համալրվում է նոր հայերով: Թուրքերը հաճախ են ակնարկում սրա մասին, ընդգծելով, որ եթե իրենք այդքան վատն են, ի՞նչ են անում հարյուր հազարավոր հայերը Թուրքիայում:
-Հայաստանում աշխատաշուկայի խնդիր կա: Ստամբուլը մեծ քաղաք է, լայն հնարավորություններով, և այնտեղ հասնելու համար ընդամենը 30 հազար է պետք:
Մոսկվա հասնելու համար պետք է գնել ինքնաթիռի տոմս, որը բավական թանկ է: Հիմա մեծ հոսք կա նաև Հարավային Ռուսաստան, որտեղ սակայն աշխատաշուկան լավը չէ: Բացի այդ, Թուրքիայում կա հայ համայնք, որոնց մոտ աշխատում են հայաստանցի հայերը: Ոչ թե թուրքերն են լավ, այլ աշխատաշուկան: Ինչ վերաբերում է Ստամբուլի հայկական համայնքին, ապա դա նրանց հայրենիքն է, նրանք այնտեղ դարերով են ապրել:
Իսկ Երևանում, նախ, թուրքեր ապրում են, հիմնականում` ձեռներեցներ: Հետո էլ, Երևանը մեգապոլիս չէ, հատուկ պայմաններ չկան, որ թուրքերը գան, աշխատեն, մեծ բիզնես սկսեն: Այստեղ թուրքատյացության խնդիր չկա, ոչ մի թուրք չի կարող բողոքել, որ եկել է Երևան ու նրան ծեծել են կամ սպանել, որովհետև ինքը թուրք է: Երբ մենք ասում ենք Թուրքիայում հայկական եկեղեցիները պետք է պահպանվեն վերանորոգվեն, իրենք ասում են` իսկ Հայաստանում կա՞ թուրքական մզկիթ: Այսինքն, նրանք անհիմն պատրվակ են բերում: Երևանում երբևէ չի եղել թուրքական մզկիթ, որ մենք պահպանենք: ՈՒնենք պարսկական մզկիթ, որը պահպանել ենք, վերանորոգել: Հիմա Հայաստանում թուրքական մզկիթնե՞ր պետք է կառուցենք, որ իրենք պահպանեն հայկական եկեղեցիները:
-Անցյալ դարասկզբին Թուրքիայում ավերվել և թալանվել է 5 հազարից ավելի եկեղեցի, 21-րդ դարում նույն հաջողությամբ թալանվում և ավերվում է 500-ից ավելի եկեղեցի, մի մասը վերածվել է զորանոցների, արհեստանոցների և այլն: Բայց մյուս կողմից էլ, քաղաքական շահի, զբոսաշրջության զարգացման համար Թուրքիան հայկական եկեղեցի է վերանորոգում կամ պատարագի արարողություն է թույլ տալիս` աշխարհի աչքի առաջ: Ինչո՞ւ մենք չենք կարողանում մեր ձայնը հասցնել աշխարհին, իրական պատկերը ներկայացնել, ու ո՞րն է իրական պատկերը:
-Իրական պատկերը հետևյալն է. վերանորոգվում են հիմնականում Վանում, Դիարբեքիրում, այն վայրերում գտնվող եկեղեցիները, որտեղ հայ չի ապրում և եկեղեցին իր բուն նպատակին չի ծառայում: Փոխարենը անուշադրության են մատնված Ստամբուլի և հայաշատ վայրերի եկեղեցիները:
Խնդիրն այն է, որ Թուրքիան կարողանում է լրատվամիջոցների հետ աշխատել, իր շոուն սարքել: Փորձը ցույց է տալիս, որ մեզ դա չի հաջողվում:
Բայց ինչքան էլ քննադատենք Թուրքիան, միաժամանակ գովենք Իրանը, որ հայկական եկեղեցիների հանդեպ առանձնահատուկ լավ վերաբերմունք ունի, ես կոչ կանեի, որ առաջնահերթ քննարկեինք Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող եկեղեցիների հարցը:
-Ո՞ր Թուրքիան է ավելի իրական, այն Թուրքիան, որ սպանեց Հրանտը Դինքի՞ն, թե՞ որ վանկարկում էր` «Ես հայ եմ»:
-Հրանտ Դինքին սպանող Թուրքիան կազմում է Թուրքիայի ավելի քան 90 տոկոսը, այսինքն, «Ես հայ եմ», «Ես Հրանտ Դինք եմ» վանկարկողների թիվը 100-200 հազարից չի անցնում, որը 75-միլիոնանոց Թուրքիայի համար այդքան էլ մեծ թիվ չէ: Ընտրությունները ցույց են տալիս, որ ազգայնականները 60 տոկոսից ավելի ձայն են ստանում: Այսինքն, «Ես Հրանտ Դինք եմ» ասողներն այդքան էլ շատ չեն:
-Հաճախ ենք խոսում վերափոխված Թուրքիայի մասին:
-Իրոք Թուրքիան շատ է փոխվել, բայց Թուրքիան միայն Ստամբուլը չէ, Թուրքիան Անկարան է, Իզմիրը, Վանը, իսկ այդ թուրքիաները շատ տարբեր են Ստամբուլ-Թուրքիայից:
-Թուրքիայի փողոցներում ցուցադրվում է ներկայացում, որտեղ հայ են սպանում: Սա հասարակակա՞ն վերաբերմունքի, թե՞ վերևից հրահրվող քաղաքականության հետևանք է:
-Ամեն տարի Էրզրումում բեմադրվում են նման ներկայացումներ: Դա ի սկզբանե կազմակերպված է եղել վերևից, տասնամյակների ընթացքում դարձել է հասարակական երևույթ: Էրզրումն այսօր ամենաազգայնական շրջանն է, նրանց մոտ միշտ կա մտավախություն, որ Սևրի դաշնագիրը մի օր իրականություն է դառնալու, Էրզումն իրենց ձեռքից վերցնելու են, ինչն ավելի է ուժեղացնում նրանց ազգայնական հույզերը: Եվ, ի վերջո, Էրզրումը Հայաստանին մոտ, սահմանամերձ, ռազմական քաղաք է, բնական է, որ հակահայկականությունն այնտեղ պետք է հասցվի առավելագույնի, որ երբ գա օրը, նրանք այդ հողը կարողանան պահել:
-«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում անցկացվում է հայ-թուրքական կինոպլատֆորմ: Համատեղ ֆիլմեր են ստեղծվում, փոխայցելություններ են լինում: Ի՞նչ են տալիս մեզ նման շփումները, որքանո՞վ են անկեղծ:
-Ես կարծում եմ, որ մշակութային գործիչների, ուսանողների, լրագրողների միջև շփումները հարաբերությունների շփման կրակը (վառ չասեմ) մխացող պահելու համար էական գործոններ են: Դրանք օգնում են նաև, որ թուրք կինոգործիչը կամ լրագրողը այցելեն Եղեռնի հուշահամալիր, ծանոթանան հայերի տեսակետին: Շատերը Հայաստանից գնում են մի քիչ փոխված: Թուրքիայում տարածված է թյուր կարծիք, որ Հայաստանը լի է մուրացկաններով, հայերը կառքերով են տեղափոխվում, մեքենաներ չկան: Լեգենդներ են պտտվում, որ եթե թուրքը Հայաստան գա, հայերն այնքան են ատում նրանց, որ հնարավոր է հրապարակի մեջտեղում այրեն: Երբ այս մարդիկ տեսնում են Հայաստանն ու վերադառնում են Թուրքիա, նրանք ավելի իրատեսական պատկեր են հաղորդում: Բայց, ամեն դեպքում, հայ-թուրքական լիարժեք հարաբերությունների համար տարին մեկ-երկու շաբաթով երկու կինոգործչի հետ աշխատանքը բավարար չէ:
-Ասում են` «Լավ հայը նա է, որի զավակն էլ հայ է»:
Եվս մի ցավոտ հարց. ինչպե՞ս եք վերաբերվում հայի և թուրքի ամուսնությանը, ինչից ոչ միշտ ենք խուսափում:
-Հավանաբար, ցեղասպանության պատճառով ուժեղացել է մեր ինքնապաշտպանական բնազդը, ու մենք օտար ամուսնություններին այնքան էլ կողմ չենք, առավել ևս թուրքի հետ ամուսնությանը: Այստեղ մենք շատ խնդիրներ ունենք: Ես մեծ ցավով եմ մտածում երեխայի ապագայի մասին, որովհետև երեխան թուրքական համայնքում չի ընդունվի, նրան կասեն հայի ծնունդ, հայկական միջավայրում նրան կասեն` թուրքի ծնունդ: Այս դեպքերում կամ թաքցնում են ծնողներից մեկի, հիմնականում կնոջ ազգությունը, կամ մեկնում են արտասահման, որտեղ արդեն երեխան պարսավանքի կարող է արժանանալ հայկական և թուրքական սփյուռքի կողմից:
Այսինքն, հայի զավակի ապագան բավականին խնդրահարույց է: Բայց, մի քիչ շեղվելով, կուզեի քննարկենք` ո՞վ է հայը, ի՞նչ չափանիշների է համապատասխանում, արյա՞մբ է որոշվում, լեզվո՞վ, կրոնո՞վ: Ես գիտեմ մի արգենտինացու, որի միայն տատիկն է հայ, կաթոլիկ է, հայերեն չի խոսում, բայց ասում է` ես հայ եմ: Հիմա ինքը հա՞յ է, թե՞ ոչ: Մի քիչ սրեմ հարցը, Թուրքիայում ապրող այն համշենցիները, որ մուսուլման են, չեն էլ ուզում դառնալ քրիստոնյա, խոսում են հայերեն ու ասում են` հայ ենք, հա՞յ են, թե՞ ոչ: Եթե գան Հայաստան, նրանց կվերաբերվեն որպես հայի՞, թե՞ հետևից կասեն` թուրք:
Չնայած նրանք զտարյուն, մաքրամաքուր, սերնդեսերունդ հայ են: Մենք այդ խնդիրը դեռ ինքներս չենք լուծել` ո՞վ է հայը:
-Ինչպե՞ս եք գնահատում Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կազմակերպվող միջոցառումները:
-Չեմ կարող գնահատել, որովհետև գաղտնիության ներքո է, ինչը, մի կողմից, լավ է, հակաքայլեր չեն հասցնի անել, մյուս կողմից` վախենում եմ, որ սպասելիքները չարդարացվեն: Անգլերենով գրքեր հրատարակվեն, ցուցահանդեսներ արվեն ու վերջ:
Ամեն դեպքում, լիահույս եմ, որ կունենանք գոնե երկու-երեք «Օսկարի» ձգտող, միջազգային չափանիշներին համապատասխանող ֆիլմ, ինչպես որ հրեաների «Դաշնակահարը»: Եթե գոնե մեկ-երկու նման ֆիլմ նկարահանվի (ոչ մեր ուժերով), կարծում եմ, դա կլինի ամենալավ քայլը Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ: Իհարկե, զուգահեռելով գիտական հոդվածների, գիտաժողովների և այլ միջոցառումների հետ:
Բայց լայն ճանաչման, միջազգային մամուլի, հանրության հետ աշխատելու համար մեզ պետք են նման ֆիլմեր: Թուրքիան արդեն նկարահանում է և այս տարի մեծ ֆիլմ է ցուցադրելու, որտեղ կներկայացվեն, թե ինչպես են հայ-ռուսական զորքերը Սարիղամիշի ճակատամարտում ջարդել թուրքերին:
-Այսինքն, իրենք էլ են պատրաստվում 100-ամյակին:
-Բնականաբար, ես կարծում եմ` նրանք շատ ավելի մեծ գումար են ներդրել` հերքելու համար ցեղասպանությունը, տարածելու իրենց հակափաստարկները, միջազգային հանրությանը ցույց տալու համար, թե ինչ լավն են եղել թուրքերը, կամ ինչքան են տուժել ռուսներից, հայերից, անգլիացիներից:
-Կա կարծիք, որ Արևմտյան Հայաստանի հողերը Թուրքիան «անմշակ» է թողնում, որովհետև գիտի, որ վաղ թե ուշ օրինական տերերին են վերադարձվելու: Ի՞նչ կասեք այս մասին:
-Իրենք ոչ թե չեն ուզում օգտագործել այդ հողերը, այլ քրդերն այդ տարածքում շատ են: Այսինքն, քրդերը մեզ ժամանակավոր լավություն են անում:
-«Երկրորդ համաշխարհային պատերազմը բռնկեց այն պատճառով, որ մարդկությունը մոռացավ Առաջին համաշխարհայինը»: Հեմինգուեյն է ասել:
-Մենք չենք մոռանում, բայց վատն այն է, որ դասեր չենք քաղում պատմությունից: Ողբում ենք և վերջ:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2813

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ