«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Իրանի այն քաղաքներում, ուր հայեր են ապրում, նվազագույնը մեկ արժեքավոր շինություն գոյություն ունի»

«Իրանի այն քաղաքներում, ուր հայեր են ապրում, նվազագույնը մեկ արժեքավոր շինություն գոյություն ունի»
07.02.2013 | 18:49

«Իրանահայոց հանրագիտարանը» ներկայացնում է անվանի իրանահայերի կենսագրականները: Գիրքը նախաձեռնել և կազմել է Ժանետ Տիգրանուհի Լազարյանը, պարսկերենից թարգմանել է Ժորժ Աբրահամյանը:

Գրքի 30 բաժիններում, 1604-2012 թվականների ընդգրկումով, ներկայացված են 550 անվանի իրանահայեր` հոգևորականներ, խորհրդարանի պատգամավորներ, Իրաք-Իրան պատերազմի մարտիկներ ու նահատակներ, բարերարներ, բժիշկներ, գրողներ, արվեստագետներ և այլք: Ներկայացված են նաև նմուշներ իրանահայ նկարիչների, ճարտարապետների, քանդակագործների և ոսկերիչների աշխատանքից:
Գիրքը հրատարակվել է ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի աջակցությամբ:
Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական ՄԵՀՐԱՆ ՇԻՐԱՎԱՆԴԸ մեզ հետ զրույցում ասաց, որ «Իրանահայոց հանրագիտարանը» աշխարհի հայերի համար է, այն ուղարկվել է տարբեր երկրներ և համալսարանական հիմք է նրանց համար, ովքեր ուզում են Իրանի և Հայաստանի պատմությունն ուսումնասիրել:
Գրքի շնորհանդեսը կլինի գարնանը, երբ հեղինակը` Ժանետ Տիգրանուհի Լազարյանը, կգա Հայաստան:
Անդրադառնալով մեր հարցին` «Գրախանութներում կլինե՞ն գրքի օրինակներ», մշակույթի կենտրոնի խորհրդականը պատասխանեց, որ գիրքը լույս է տեսել 800 օրինակով, մշակույթի նախարարությունը միգուցե որոշ օրինակներ հատկացնի գրախանութներին, իրենք միայն նվիրում են:
Գրքի ներածական խոսքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը նշում է, որ իրանահայ համայնքի պատմությունն աչքի է ընկնում ոչ միայն այն տեսանկյունից, որ մեր հայրենակիցները օտարադավան Իրանում կարողացել են պահպանել իրենց լեզուն, մշակույթը, հավատը և ավանդույթները, այլև լուրջ ներդրում են ունցել բուն Իրանի մշակութային, կրթական, գիտական, ռազմական, քաղաքական և այլ ոլորտներում: Դեսպանն ընդգծում է նաև, որ գրքի հեղինակը իրանական ամենահին տոհմերից մեկի` Լազարյանների շառավիղ է: «Այս տոհմի ներկայացուցչի նախաձեռնութամբ էր, որ Մոսկվայում ժամանակին կառուցվեց և սկսեց գործել մեծ հռչակ վայելող արևելյան լեզուների ինստիտուտը, որը մեզ ավելի հայտնի է որպես Լազարյան ճեմարան»,- նշում է նա:
Ժանետ Տիգրանուհի Լազարյանը գրքի առաջաբանում գրում է, որ իրանական կառավարությունների` ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ դրսևորած բարյացակամ վերաբերմունքի օրինակ է Իրանի տարածքում գտնվող հայկական հնադարյան եկեղեցիների վերանորոգումը (Ս. Թադեի վանք, Ստեփանոս Նախավկայի վանք և այլն): «Որպես կրոնական հանդուրժողականության օրինակ կարող ենք ներկայացնել նաև այն, որ Թեհրանում կառուցված առաջին եկեղեցին` Թադեոս-Բարդուղիմեոսը գտնվում է պարսկական մեծ բազարի տարածքում,- գրում է նա:- Իսկ Ս. Գևորգ եկեղեցին կառուցված է Թեհրանի Շափուր բազարում: Ի դեպ, այս եկեղեցու երկու կողմում գտնվում է հայկական ծերանոցը, որի մի շենքը նախատեսված է տղամարդկանց, մյուսը` կանանց համար: Հետաքրքրական է, որ շատ պարսիկներ մատաղի արարողությունները կատարում են հենց այս եկեղեցում»:
Ինչպիսի՞ն է իրանահայերի տնտեսական և հայկական կյանքը ներկա ժամանակաշրջանում:
«Ներկայումս իրանահայերն ունեն շուրջ 2000 տնտեսական հիմնարկ, կառավարում են բազմաթիվ գիտահետազոտական հիմնարկներ և կազմակերպություններ,- նշվում է գրքի առաջաբանում:- Իրանահայերը ոչ միայն պահպանել են իրենց ազգային նկարագիրը, այլև ոչ մի ջանք չեն խնայել Իրանի մշակույթի և արվեստի զարգացման գործում: Հայտնի նկարիչներից հիշատակի են արժանի Հակոբ Ջուղայեցին, Բոգդան Սալթանով Աստվածատուրը, ով հրավիրվեց Մոսկվա` Կրեմլի պալատը պատկերազարդելու համար, Անդր Սևրուգինը: Իրանի մշակույթի հռչակավոր դեմքերից են Ղաջարների պալատի հայտնի լուսանկարիչ Անտուան Խան Սևրուգինը, մանրանկարիչ Քլարա Աբգարը, ում անունն է կրում Իրանի թանգարաններից մեկը»:
Հեղինակը նշում է նաև, որ, Հայաստանից բացի, աշխարհի ոչ մի երկրում հայկական ճարտարապետությունն այնպես չի զարգացել, ինչպես Իրանում: Միայն Սպահանի Նոր Ջուղայում 13 գործող եկեղեցի կան: Այդ քաղաքներում, ինչպես և Թեհրանում, կառուցվել են եկեղեցիներ, որոնք ճարտարապետական տեսանկյունից արժեքավոր են և եզակի: Իրանի այն քաղաքներում, ուր հայեր են ապրում, նվազագույնը մեկ արժեքավոր շինություն գոյություն ունի:
Հավելենք նաև, որ վերջին հարյուր տարում Իրանում հայերեն տպագրվել են շուրջ 85 պարբերական և հազարավոր գրքեր:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6110

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ